Չափածո

Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։

Քեզ մոտ եմ գալիս

Աշնան ևս մի առավոտ,
Կրկին քեզ մոտ եմ գալիս՝
Հայհոյելով ավտոբուսը,
Որ ինձ ճամփա չի տալիս։

Ինչ-որ մեկի պատուհանից
Իմ սիրած երգն է լսվում,
Կանգ եմ առնում այնտեղ մի պահ,
Լուռ, շշուկով արտասվում։

Մոտենում եմ այգուն ծանոթ,
Ուր շնիկիդ էինք թաղում…
Ա՜խ, երանի, երբ մանուկ էինք,
Այս այգում էինք, չէ՞, խաղում։

Նստում եմ նույն ճոճանակին,
Ուր մայրիկս էր տանում,
Ճոճանակն էլ ծերացել է՝
Արդեն հոգոց է հանում։

Եվ տերևներն ակացիայի
Լացում են անձրևի հետ,
Չեմ տխրելու, մտածում եմ,
Չեմ նայելու կրկին ետ։

Բայց նկատում եմ անուններ՝
Փորագրված ծեր ծառին,
Այստեղ է ծնվել սերը մեր՝
Սերը անմահ՝ քո ու իմ։

Ահա և դու… Վերջ երազին՝
Երեկն անցյալ է դարձել,
Պետք է մեր կյանքի օրագրում
Այսօրվա էջը բացենք։

Վիդեո-մարդիկ

Կզբոսնեիր գուցե, բայց արդեն ցուրտ է,
Ուզում ես միայն բազմոցին պառկած
Լսել գույնզգույն վիդեո-մարդկանց
Անամոթ սուտը։

Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անամոթ Սուտը։

Հանգցնես լույսը, ներս թողնես մութը,
Վերցնես մի կտոր նրբերշիկով հաց
Լսես զարդարված վիդեո-մարդկանց
Գեղեցիկ սուտը։

Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Գեղեցիկ Սուտը։

Քնելու համար չափազանց շուտ է,
Սիրտդ հուշում է՝ քիչ էլ արթուն կաց,
Լսիր դասակա՛ն վիդեո-մարդկանց
Ուղղորդող սուտը։

Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Ուղղորդող Սուտը։

Կզբոսնեիր գուցե, բայց արդեն ցուրտ է…

Օրոր

Վաղորդյան, ուշացած օրոր,
Հուսահատ ու դաժան ածելի,
Քնիր, որդյակ իմ, քնիր,
Քունդ անուշ թող լինի։

Գիշերով լսեցի լացը քո
Ու անզուսպ տարփանքի պահին
Քեզ մոտ սլացա հոգով՝
Համբույրներ ծախելով ուրիշին։

Առավոտը եկավ դանդաղ,
Ու ձեռքերս դողում են անվախ,
Հուսահատ ու դաժան ածելին
Քեզ օրոր է երգում, սիրելիս։

Երանի դու երեկ չլացեիր,
Երանի չզգայիր մոր պակաս,
Մեղավոր եմ, որդիս, մեղավոր,
Խնդրում եմ, որ ինձ հասկանաս։

Վաղորդյան, ուշացած օրոր,
Հուսահատ ու դաժան ածելի,
Քնիր, որդյակ իմ, քնիր,
Քունդ անուշ թող լինի։

Սպասել նորից

Սպասել նորից,
Որերորդ անգամ հորինել
Տասն օր ապրելու նախագիծ,
Հուսահատության տարտարոսը խոր
Ծածկել հավատի մաղած ավազով,
Բազմիցս մաղած, թաղած հավատի,
Հավատի նորից հարություն առած։

Ու հաշվել նորից,
Ու մաշվել կրկին,
Կանխատեսումներ անելով դատարկ,
Սրտիս մեջ անտակ՝ օրեր լցնելով
Ու զարմանալով, որ դեռ չի լցվում։

Հպվել շուրթերով նոր նվեր ստացած
Խաչելությանը
Ու սպասել էլի՝ կրկնելով մտքում
Մի գուշակություն նորաձև դառած,
Որ խոստանում է տալ պատասխաններ
Հարցերից առաջ։

Ոչինչ չի փոխվել

Ոչինչ չի փոխվել։

Պարզապես այժմ ես արցունքներս
Պիտի սեփական թևքերով սրբեմ,
Այլ ոչ թե սպասեմ Հրեշտակներից
Ինձ առաջարկվող թաշկինակներին։

Այժմ, պարզապես, էլ պետք չէ սպասել,
Պետք է երազել,
Դառնալ սեփական խենթ մտքի գերին,
Ու դեմքով դառնալ կողմն հրաշքների՝
Հավատալ թեկուզ, թե անապատում
Վարդեր են բուսնում,
Թե կյանք կա լուսնում,
Միայն չլացել,
Չհուսահատվել։

Ոչինչ չի փոխվել։