fbpx

2013

Քաղաք

Չեկար, արդեն գնում եմ, սպառել եմ սև-հեղուկս,
Գիտեմ, մի օր ասել ես՝ հասնեմ, գրեմ նամակ,
Չեկար, դե խոստանում եմ ջնջել մտքիցս անունդ,
Չեկար ու արժանի չես, խալխի հովի քաղաք։

Նեղված քեզ անիծում եմ, կորցնում նյարդերից քունս,
Երնեկ լիներ անեծքս՝ մնայիր դու անզավակ,
Շրջեիր այգուց այգի ու փնտրեիր օտար որդոց մեջ
Կորցրած հարազատին քո, ծեր ու մենակ քաղաք։

Թուլյ տուր ինձ մեռնել, իմ Վեռլեն

Թուլյ տուր ինձ մեռնել, իմ Վեռլեն,
Հենց էնպես, հենց էսպես` սենց ջահել,
Որ մահվանս հետ մարդիկ մինչև վերջ չհաշտվեն,
Թաղելուց` մինչև վերջ չթաղեն։

Որ դատարկ ամենիս իմաստներ
Կարկատեն ու քանդեն-կարկատեն,
Չհիշեն, որ հիմար էի՝ չունեի գաղտնիքներ,
Ու փնտրեն թող դրանք, ու գտնեն։

Կանչելո՛վ խաչելով իմ հոգին
Ավիրեն՝ խոսքին խոսք չթողնեն,
Շիտակեն, պիտակեն, արկղերում թող կողպեն,
Իբր Ձեզ կտակեն՝ եկողներ։

Ինչն ամոթ է՝ ջնջեն, չհիշեն,
Ընդգծեն՝ ինչ Աստծո տվածն էր,
Ինչ՝ կարծեն թե մնաց անպատճառ կամ կիսատ,
Բաց թողած տառի պես լրացնեն։

Որ ամբոխը սկսի աղոթել՝
Չոքելով սեփական սխալին,
«Մենք ուզում էին ուղղվեր, ներեք մեզ մայրեր,
Որ փորձում ենք ուղղել ձեր բալին»։

Հայհոյողը մտքում հայհոյի,
Թաքցնելով ատամները փտած,
Մարդ ես, մեկ էլ տեսար, գլխին շառ կբերի՝
Հողն հուդա է, խաբար էլ կտա։

Նաև մայրս փնտրի մեղավոր,
«Խելքդ ո՞վ էր կերել, իմ զավակ,
Գուցե ես եմ սխալ, որ քեզ չեմ օրորել,
Ետ արի, կգտնեմ ժամանակ»։

Ու մի տեղ մի պառավ քննադատ,
Կհարբի, կպատմի մյուսին,
«Մտածում էի՝ սա ով էր, կանցներ կգնար,
Բայց հիմա առը թե չեն հիշի»։

Ու որ քույրս, երբ գա գերեզման,
Ծիծաղի․ «Խորամանկ շան տղա,
Քեզ հիշում ու կարդում են, գիտե՞ս։ Հա՜, գիտես,
Չիմանայիր, կյանքիդ հետ չէիր խաղա»։

Ողջ լիներ, քեզ կասեր մարգարեն․
«Ճիշտն այս հին է, ստի չափ հին է՝
Կես եղիր, թե ուզում ես կիսատ մարդիկ քեզ
Իրենց կես պատկերով հորինեն»։

Իմ ուզածն էլ, գիտե՜ս, ամենքի՝
Թող չնչին, միևնույն է՝ սերն է,
Թե կարող եմ էսպես գայթակղել կես-մարդկանց,
Ես ուզում եմ, ինձ թույլ տուր մեռնել։

Շուռ տուր իմ լեռներն, իմ Վեռլեն,
Թե ունես դու մի փոքր հավատ։
Կտեսնես, որ ոչինչ չի դառնում հավերժ,
Եթե չի ունենում վաղ ավարտ։

Անքեզ

Անքեզ՝ առանց մանրէաչափ սիրահյուլե,
Դառնում եմ ես ցավեսպառվող կործանամարդ,
Խառնում եմ ես մտամիջում քրտնաթթուդ
Իմ թքի հետ ու կուլ տալիս սպասումնահատ։

Ցանում եմ իմ հոգեհողում սերմնահոգի՛դ,
Ցատկում եմ ետ, մինչև նախորդ սիրագիշեր,
Լռավրձնով սկսում ցավող աչքերիս տակ
Արցունքների կարոտագիծ աղենշել։

Ու նախատում հնգօրեկան մշտարթունիս՝
Ներաշխարհից միշտ ուշացած հուզանետող,
Հրաժեշտի նենգապահին լույսի պես լուռ
Ու սենց անզուսպ բանահորդող լույսից հետո։

Գրող Դօրիանը պատմում է վիրտուալ տիրությում իր նորարարության և հանրությանը ներկայանալուց հետո ստեղծագործական լռության մասին

23 սեպտեմբերի 2013թ․, Արմենպրես

Հայ ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանը (Գրիգոր Մուրադյան) ընթերցողներին իր ստեղծագործություններն այսուհետև կներկայացնի Chrome դիտարկչի համար նախատեսված «Իմ գրադարակը» հավելման միջոցով, ինչն առաջին անգամ է գրողի կողմից կիրառվում հայաստանյան իրականության մեջ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դօրիանը պատմեց, որ իր կարծիքով, հայ ընթերցողի համար թղթե գրքերից էլեկտրոնայինին անցումն այնքան էլ հեշտ չէ, քանի որ մարդկանց գերակշռող մասը չունի ընթերցման համար նախատեսված սարքեր, կարողանում է օգտվել միայն հիմնական համակարգչային ծրագրերից և կայքերից, չգիտե ինչպես հետևել կայքերին և անմիջապես տեղեկանալ նոր գրքերի մասին, հաճախ էլ չունի ինտերնետի մշտական միացում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Աթարին

Ստում է, այ քեզ բան, ստելուց իր թանկ
Կարծես չունի ոչինչ ամբողջ աշխարհում,
Գիտի էլ՝ նկատում եմ, բերանը փակ
Նայում է աչքերիս, խոսքեր չի ճարում։

Ու մեկ է, ես մի կյանք, մի ամբողջ քոռ կյանք,
Մնում եմ էսպեսին դեռ հավատարիմ,
Կողքիս լինեիր, տեսնեիր սա, կասեիր ինձ, տատ՝
Կպնում է սերը, ա՜խ, նաև աթարին։

Դօրիանը` իր «Երկու հայրերի», նրանց «հեռանալու ու վերադարձի» մասին

6 Սեպտեմբերի 2013, Yerkir.am

Սեպտեմբերի 13-ին dorian.am-ում հասանելի կլինի Դօրիանի նոր պատմվածքը` «Իմ երկու հայրը»: Նույն օրը Դօրիանը կներկայացնի Chrome դիտարկչի համար նախատեսված «Իմ գրադարակը» հավելումը եւ իր էլեկտրոնային գրքերը, ինչպես նաեւ դրանց ընթերցման համար ծրագիրը` մեկ փաթեթի մեջ։ Այն կլինի անվճար եւ հնարավորություն կտա կարդալ Դօրիանի ստեղծագործությունները նաեւ կապի եւ էլեկտրոնային գրքեր կարդալու համար նախատեսված լրացուցիչ ծրագրի բացակայության դեպքում: Ներկայացնում ենք Դօրիանի մտորումը` իր «Իմ երկու հայրը» պատմվածքի հերոսների խոսքերի վերաբերյալ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

«Իմ երկու հայրը» որոշեցի հրապարակել մասամբ գենդերային խնդիրների մասին ծավալված քննարկումների պատճառով». Դօրիան

3 Սեպտեմբերի 2013, Aravot.am

Դօրիան. հայ իրականության մեջ այս անունը թերևս ամենասկանդալային անունների շարքում կարելի է դասել: Մեկ տարի առաջ նրա անունը լսողները ամենուր, գրեթե ամեն տեղ փորձում էին փնտրել նրա կերպարանքը, սակայն երկար ինտրգներից հետո Դօրիանը, նույն ինքը՝ Գրիգոր Մուրադյանը բացահայտվեց, բայց մինչև օրս մնաց անկանխատեսելի և առեղծվածային: Որտե՞ղ է նա և ի՞նչ նոր պատմվածքով է ներկայանալու իր ընթերցողին. այս և մի շարք այլ հարցերի մասին «Առավոտ երիտասարդական»-ը զրուցեց երիտասարդ գրողի հետ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Իմ երկու հայրը

Պատկեր՝ քաղաք թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Իմ երկու հայրը» 2013 ստեղծագործության էջում։

Երկու տղամարդու ընտանիքում մեծացած երիտասարդը չի կարողանում ներել ծնողներին իր մանկության վերքերը։ Պատմվածքը գրված է 2013թ․, խմբագրված՝ 2017թ․։

Ներեք

Ներեք:
Ներեք ինձ ողջ իմ կյանքը,
Ներեք ապրելս ու չապրելս,
Ու ճողոպրելս ապրելուց,
Ներեք ինձ ուղղորդող հոսանքը,
Ներեք այն թանկը,
Որը ստիպել եմ վճարել,
Ներեք այն զանգը,
Որ ոչ մի բան էլ չէր գուժում,
Ու մշուշում
Անգիտակից գիտակցության
Արնաշշուկ խաշոցի մեջ
Լսեք իմ ճիչը,
Թողե՜ք իմ խիղճը
Իմ խղճին,
Թող ինձ կրող փակ արգանդից,
Այն կողմ, անդին,
Ես չտեսնեմ,
Ու արբեցնեմ հոգիս
Պղտոր պտղաջրով մեկի ներսի:
Հազա՜ր մերսի
Ինձ հոգեկուլ ստով մի օր փաթաթողին
Ու էս դողիս,
Էս հուզմունքիս հեղինակին:
Ներեք:
Ներեք ինձ հեռանալս
Աշխարհներից ու մարդկանցից
Ու այն անձից,
Որին որդի ու կամ եղբայր էիք համարում
Ու խավարում
Կենսանման ձեր դժոխքի
Դուք բացառեք իմ մի խավարը՝
Այն ինձ համար է:
Ներեք:
Մետաստազները լինելուս
Ձեր գոյության վրա անխղճորեն իմ տարածելը,
Ու մտածելս
Միայն իմ սեփական շահի մասին:
Ներեք ինձ նաև այն, ինչ չարեցի,
Ու ճարեցիք
Ինձ համար միշտ փոխարինող,
Ներեք իմ նոր
Ու ձեր համար օտար իմ դերը,
Ու մա՜յր, թոռներդ,
Որոնք հազիվ թե ունենաս,
Ինձանից խերը
Երբ, հը՞, էդ երբ ես դու տեսել,
Դու միշտ քեզ հետ
Պահել ես բարուրած խելառությունս:
Ներեք էն քունը,
Որ փախցրել եմ՝ չուզելով,
Ներեք էն հունը,
Որ թույլատրել եմ ինձ տանի,
Ու կենդանի
Թաղել եմ ինքս իմ ջահելությունը:
Ներեք էն թույնը,
Որը ստիպեց կորցնել իմ գինը,
Ներե՜ք իմ հինը,
Նաև պատրաստ եղեք ներել
Ամբո՜ղջ իմ նորը՝
Ես չեմ փոխվի․․․

Չես փոխվում ցավոք

Ամբողջ օրը ցանցում աղմկում է ՀԱԿ-ը`
Նախագահը փոխվեց, լինելու է OK,
Չեմ ուզում էլ լսել, դու ես այն միակը,
Որ ուզում եմ փոխվի, չի փոխվում ցավոք: