2005

Դու

Անթիվ ժամեր՝ անցկացրած
Գեղեցկության սրահում,
Ժամանակդ ես սպանում՝
Այդպես էլ է պատահում։

Սիրահարված հայացքով
Նայում ես հեռախոսին․
«Գուցե հիմա կզանգի»,
Մտածում ես իմ մասին:

Ու դժբախտ հերոսուհին
Քո սիրելի սերիալի,
Անվերջ սիրուց է խոսում՝
Ինձ մոռանալ չի տալիս:

Եվ գրկում ես նկարն իմ՝
Արցունքները շուրթերիդ,
Ու ասում անսպառ հույսով.
«Վաղը բախտս կբերի»:

Աշունն ու դու

Աշնան անզուսպ քամիների հետ
Հեռացար, գնացիր,
Արցունքները իմ իզուր էին՝
Անգամ չնկատեցիր։

Աշնան դեղին տերևների պես
Քշվեցիր, չքվեցիր,
Միայն մի տող ճամփիդ ասիր.
«Ինձ չսիրես, մոռացիր»:

Աշնան տխուր անձրևի պես
Արցունքներս թափվեցին,
Չեմ մոռանա երբեք, ինչպես՝
Անհույս, անխոս լքվեցի:

Լուսնի ստվերը

Լուսնի ստվերը աղոտ՝
Ջրի մակերևույթին,
Գիշերով կանչեց իր մոտ,
Դեպի անհունը մթին։

Եվ ալիքները ճեղքելով՝
Հեռացա ես իմ ափից,
Դեպի անծայր հորիզոնը,
Դեպի լուսինը անբիծ:

Ու ստվերները թփի, ծառի
Ծիծաղեցին նենգ վրաս․
«Մնաս բարով, մեր բարեկամ,
Երևի էլ ետ չգաս»:

Նվիրեցիր ինձ

Նվիրեցիր ինձ ուրիշին,
Ամբողջ սրտով ու անվարձ`
Կորցնելով հավետ,
Կորցնելով անդարձ:

Ու ամեն առավոտ
Անկողնուդ դիմացի
Հայելու մեջ հսկա
Կգտնես քեզ մենակ:

Չի լինի էլ երբեք
Քեզ արթնացնող համբույր,
Մի գավաթ քաղցը սուրճ
Ու մանկական ժպիտ,
Ոչ մեկին էլ լալիս՝
Չես սեղմի դու կրծքիդ,
Եվ նեղության պահին
Չի շշնջա ոչ ոք.
«Կօգնեմ, եղիր անհոգ»,
Ոչ ոք մինչև կանգառ՝
Չի գա ձեռքդ բռնած,
Ու սիրտը չի լցնի,
Երբ կնստես տաքսի…

Ո՞վ պատուհանի մոտ
Ետ գալուդ կսպասի՝
Իր հնամաշ տետրում՝
Նշումներ անելով,
Ո՞վ չի թողնի մենակ
Տխրես երեկոյան
Սերիալներ նայելով...

Սակայն էլ ի՞նչ արած,
Եթե այնպես ստացվեց,
Որ կորցրիր ինձ անդարձ,
Որ կորցրիր ինձ հավետ։

Վալս

Դաշնամուրն է դեռ նվագում
Գիշերային դահլիճում,
Ուր ես ու դու պարում ենք վալս
Ու իրար քայլեր զիջում։

Դաշնակահարն՝ արդեն հոգնած
Հորանջում է աթոռին,
Բայց ես և դու պարում ենք վալս՝
Լուռ տրվելով անդորրին։

Հեռացել են մարդիկ վաղուց,
Մենակ ենք մենք դահլիճում,
Դեռ պարում ու պարում ենք վալս
Ու իրար քայլեր զիջում։

Դաշնակահարն էլ հեռացավ,
Այլևս չի նվագում…
Իսկ ես և դու պարում ենք վալս
Լյուռ ու տխուր սենյակում։