fbpx

Չափածո

Մեղքը իմ

Ինձ թվում էր՝ աշխարհն է ողջ սնապաշտ,
Մեղքը իմ դանակ էր՝ դիպավ հացին,
Բայց ես ինքս ինձ հետ էի միայն անհաշտ,
Մեղքը իմ հանաք էր՝ ասի կանցնի։

Իմ փսիխոզը, խնդրում եմ, հոգիս, ներիր,
Մեղքս ինձ դարձրել է գերին պատվի,
Չպահես ինձ անգամ քո մտքի ծերին,
Մեղքը իմ երազ էր՝ ջրին պատմիր։

Քո հանկարծահաս գոյությունը մեղկ

Ես շոշափում եմ աչքերս փակած
Քո հանկարծահաս գոյությունը մեղկ,
Ու լուսացնում են իմ փողոցների
Մթությունը քոռ լապտերներդ շեկ։

Դեռ թմրությունն է իր զգացնել տալիս
Ներկայությանդ վերջին ասեղը,
Երանի աշխարհը մի պահ լռեր
Ու թողներ լսեի սրտիդ բասերը։

Անիծեի, արդեն որերորդ անգամ,
Հոգիս տրտմեցրած մենությունս կենտ,
Եվ հանգիստ խղճով, առանց ծամելու
Քո տեղը կուլ տայի ամոթի թիքեդ։

Անընկերակից

Օրս է տխուր, անընկերակից,
Վիճակս մորթած քաշում եմ շշին,
Ու՞ր ես զվռնում, կյանքիս ուղեկից,
Սրտիս հերպեսին դիր կազդուրիչ շիբ։

Էդ ո՞վ պիտի քեզ հորիներ, աղջիկ,
Որ մինչև հիմա դեռ չի հորինել,
Մի՞թե պոեմը կյանքիդ չգրված
Ինձ հակառակվող սև գրողինն է։

Իզուր են մի՞թե իմ մատաղ արած
Տողերն ու օրերն այն մեծաքանակ,
Որ Աստված տեսավ, ծիծաղեց վրաս,
Մատաղս չառավ։

Դու կաս, կամ չկաս, կգաս, կամ չես գա,
Դու ինքդ քեզ ես միշտ էլ հակասում,
Ես իմ հորինած հին կայարանում
Գալուստիդ մետրոն եմ նստած սպասում։

Ու տապակվելով սեփական խելքից
Հին միայնության հավերժ թարմ դարդում,
Ինքս ինձ խոստանում՝ հուսահատվելով,
Նվիրվել սիրուն մի տղամարդու։

Փնտրիր ինձ

Երբ հոգիդ ծվատում է դանդաղ
Իմ հանդեպ քո կարոտը տրտում,
Անմոռաց անցյալի ցուցադրած
Պատկերներս փնտրիր քո սրտում։

Երբ օրվա ձանձրույթում մոնոտոն,
Խենթությունն ես կայտառ իմ հիշում,
Լինելուս ուրվականը բաց թող
Եվ սկսիր ինձ փնտրել ուրիշում։

Ու երբ ինձ կրկնել ես ուզում՝
Լուծելով չլուծվող մի խնդիր,
Պոետիկ ու խելառ իմ հոգու
Մերկապարը Google-ում դու փնտրիր։

Հուշերովս հոգիդ մայրացրու,
Թող ծնի աներկունք ինձ նորից,
Ես կողքիդ եմ հոգիս, դու միայն
Մի փորձիր ինձ գտնել՝ փնտրիր ինձ։

Աշխարհ, հանվել եմ, լից մեջս

Իմ շուրթերը վաղուց ցամաքած են
Ու կերածս միայն ցամաք հաց,
Երեկվա իմ անմեղ, կույս մտքերը
Դարձել են անխիղճ բախտի քածը:

Ես գլուխը դեռ իմ չեմ կախել,
Էդ ամենը գրո՜ղ է, հեչ է,
Ես պատրաստ եմ էլի բղավել․
Աշխա՜րհ, հանվել եմ, լի՛ց մեջս:

Երեկվա հարվածածդ տեղերը,
Ձեռքդ դի՛ր, դու զգու՞մ ես, դեռ գոլ են,
Եթե դու էդքան առնական ես,
Ես, ուրեմն, կրքո՛տ արվամոլ եմ:

Ես դռան դեմի անտեր շունն եմ,
Դե զարկի՛ր, իմանամ, ո՜վ է տերը,
Ես սիրում եմ ծեծված էս վիճակը,
Երբ ներսիցս հորդում են տողերը:

Խենթությունս, էս ու՞ր ես

Խենթությունս, էս ու՞ր ես, քամ բեք,
Ես չեմպիոն եմ միայն իմ ոճում,
Երբ չկաս, ես երգում եմ այլ երգ,
Գայլերի օրորոցն եմ ճոճում։

Երբ չկաս, ես դառնում եմ տերև՝
Ինձ տանում են խալխի հովերը,
Ես սկսում եմ քիչ-քիչ հավանել
Ուրիշի կրակին ինձ բովելը։

Խենթությունս, էս ու՞ր ես, քամ բեք,
Ես փորձել եմ արդեն շատ դերեր,
Բայց ուզում եմ նորից բոլորին
Տանել ծովը, ծարավ հետ բերել։

Սիրտ անբարեկամ

Աչքերս են թաց, շուրթերս են դողում՝
Սիրտ իմ, քեզ նորից ցավով են բարձել,
Բանաստեղծության ամեն մի տողում
Արցունքի խեղդող կաթիլ է սառցե։

Սիրտ իմ մոլորված, սիրտ անբարեկամ,
Իմ կրծքում կռած վշտերի սրվակ,
Դժբախտ լինելու համար քեզ, ցավոք,
Պետք չէ այլևս հարմար պատրվակ։

Սոլո

Վարագույրի վարսերն է շոյում քամին,
Մելոդիկ իր վալսում տանում-բերում,
Ես մենակ եմ ու ես եմ իմ թշնամին՝
Մնացել եմ նորից իմ հին դերում:

Մոռացել են մարդիկ իմ հասցեն արդեն,
Ոչ ոք դուռն իմ այլևս չի թակում,
Ես ազատ եմ դատարկ խոսքերից, դեմքերից,
Ես ազատ եմ, միայն թե իմ վանդակում:

Ուր ամեն ինչ ծանոթ է ու անծանոթ,
Ուր անգամ հարազատն էլ ինձ խորթ է,
Որտեղ ես քամու հետ վարագույրն եմ շոյում
Ու սպասում եմ՝ ու՞ր է իմ երկրորդը:

Պապարացի

Հավատա, քեզ չի փրկի խաբելը,
Ստելը ինձ,
Ես կխառնեմ իմ բոլոր կապերը,
Կպարզեմ ամեն ինչ։

Ես կծել էի իմ ստորին շրթունքը,
Դրանից հեքիաթ էր դուրս ծորացել,
Ի պատասխան տեսա արտասուքդ…
Որքա՜ն էի ստորացել։

Իմ խաբեբա, իմ սուտասան մուսան
Նստել էր իմ վզին,
Իմ ճակատին այժմ արյունոտ մի սպի կա,
Որը նա չի լիզի։

Բայց և այնպես դու ինձ նույն դրամով
Խնդրում եմ, մի հատուցիր,
Ես կպարզեմ՝ իմ մեջ ապրում է մի թաքուն
Պապարացի։

Ես զանգեցի, ես հանգեցի

Ես զանգեցի, ես հանգեցի,
Ասացիր․ «Խի՞ չգնացիր»,
Փոխարեն ինձ դու հարցնեիր,
Թե խի չեկա։

Բայց դու այնտեղ էիր, ուր գալիս էի,
Ա՜խ, մի՞թե չես սպասում դու ինձ էլ,
Թե՞ ես տեսնում եմ մոռացում,
Իսկ այն չկա։

Ես խորացա իմ կասկածում,
Ես վախեցա` կմոլորվեմ,
Սովոր չեմ ես երկար ու ձիգ ճամփաների,
Ես, ինչպես հին մի հեքիաթում,
Հաց փշրեցի մտքիս ճամփին՝
Մտածելով, թե դա ինձ ետ պիտի բերի։

***

Ա՜խ, դու կորցնում ես քո թևերը,
Թափվում ես վայր փետուր-փետուր,
Դու արդեն անիմաստանում ես,
Օտարանում ես դու, կամ դուք…