fbpx

Կյանքի մասին

Օրը փոխել

Ես օրը, ափսոս, փոխել չգիտեմ՝
Ոչ ձգել, ոչ էլ կարճացնել՝ անցնի,
Մի կախարդական տող էլ չգիտեմ,
Թե վատ օրերը լավ օրեր դարձնի։

Ինձ հայտնի է սոսկ հաջորդությունը՝
Օր ուրախության և օր սգալու,
Ու որ սև դառած, արցունքով թրջած
Օրվանից հետո լավ օր է գալու։

Ես սև

Հենց այսօր էլ հարմար է, ձմեռ,
Քեզ սպասում եմ, թրմել եմ ցավս,
Արի հետս նստիր, լռենք,
Ես դեռ նույն եմ, դու՞ ոնց ես, լա՞վ ես։

Դու դեռ ցու՞րտ ես, դեռ չո՞ր ես, սպիտա՞կ ես,
Ոնց գիտես՝ ես մնում եմ սև,
Շփոթված դեռ սգում ու սիրում եմ,
Ու հղկում եմ տողերս տձև։

Ամենքին դեռ էլի հավատում եմ,
Նվիրվում եմ դյուրին ամենքին,
Ամենքի մեջ դարձյալ որոնում եմ
Ամենքից տարբեր այն մեկին։

Ոչ ցավից անցյալի խրատվում եմ,
Ոչ փորձում եմ փախչել անցյալից,
Անցորդով առաջին փարատում եմ
Մենությունս՝ դեռ ան-ցանկալի։

Ու դեռ սիրտը հազիվ եմ սանձում իմ,
Դեռ կորցնում եմ թիկունք ու թև,
Երանի տալիս քեզ, որ սպիտակ ես,
Ու մնում եմ, ինչպես միշտ, սև։

Չչարանալ

Քեզ մե՛կը ցավ պատճառեց՝ բոլորը չէ,
Մե՛կը դավաճանեց, մյու՛սը խաբեց,
Մե՛կն արեց թևաթավ. փորձիր թռչել՝
Փորձի՛ր չչարանալ մարդկանց հանդեպ։

Օրերն էլ մեզ պիտի դավաճանեն,
Սպառվեն՝ վերածվելով հուշի անդեմ,
Վախը մահվան երբ կգա դռան դեմ,
Փորձի՛ր չչարանալ կյանքի հանդեպ։

Սակավությունը կաշկանդող զգալով ցածի՝
Շուքին Ողորմածի պետք չէ խանդել,
Սիրտդ բա՛ց ընդունիր ընծան հացի,
Փորձի՛ր չչարանալ Աստծո հանդեպ։

Ու թե քեզ հալածի ցավը բաց թողածի,
Ու թե կարծես աշխարհը այս բանտ է,
Թույլ լինելու, նվիրվելու և խաբվելու համար
Փորձի՛ր չչարանալ և քո՛ հանդեպ։

Անցիր, ժամանակ

Անցի՜ր, ժամանակ,
Այս պատերից դուրս թռչող, հեռացող
Ագռավների պես թռիր ու անցիր,
Հիմա ես մենակ
Օրերս լափող ու կենսաքայքայ այս կայարանում
Սպասում եմ կրկին
Կրկին ուշացող իմ ճեպընթացին։

Շտապի՜ր, ժամանակ,
Չէ որ դու միակ իմ բարեկամն ես,
Ում դանդաղելը բնավ չի սազում…
Էլ այս կայարան
Մի բեր ինձ այնքան սիրելի մարդկանց,
Այլ ինձ թևանցուկ տար հարազատ տուն։

Շղթաներ և մոմեր

Վաղը նոր օր է գալու,
Նոր լուսաբաց, նոր գիշեր,
Նոր էջեր է բացելու,
Գրելու է նոր հուշեր։

Ժամերից օղակներ ձուլած՝
Շղթաներ եմ հյուսելու,
Կյանքիս մոմի առաջ նստած՝
Մարելուն եմ սպասելու։

Վատը, գրած սպիտակ թղթին,
Այրելու եմ՝ մոխրանա,
Լավը շղթայից կապելու,
Որ երբեք չմոռանամ։

Ու իմ հալչող մոմի առաջ
Տեսնելու եմ ճրագներ՝
Ոմանք, որ նոր պիտի վառվեն,
Ոմանք, որ արդեն հանգեն։

Բայց բոլորին սպասվում է դեռ
Նոր լուսաբաց, նոր գիշեր,
Շղթաներ՝ ժամերից հյուսած,
Ու մոխիր դարձած հուշեր։

Ինչ անեմ

Ի՞նչ անեմ…
Օրացույցի վառվող էջերի կրակում այրվեմ,
Թե՞ անցյալի բեկորները սրտիս վրա լուռ հավաքեմ
Ու սեփական ացավ ու վշտից ու զայրույթից ես տրաքեմ։

Է՜հ, չգիտեմ…
Գուցե երեկվա դրոշը բռնած դեպի մահը վազեմ,
Ու ժամանակից շփոթված՝ ձեռքերս երկնքին պարզեմ,
Միևնույն է, պետք է մեռնեմ մի օր
Ուզեմ, չուզեմ։

Ի՞նչ անեմ…
Այսքան տարի գրած հուշերս մեկ առ մեկ մաքրեմ, ջնջեմ,
Թե ամեն գիշեր կարդալով՝ նորից հիշեմ ու ինձ տանջեմ,
Չէ՜, միևնույն է տանջվողի ու տառապողի նման չեմ։

Է՜հ, չգիտեմ…
Դեռ ապրել չգիտեմ այնպես, ինչպես կուզեի, որ իմանայի,
Որ հիշելով ցավերը հին՝ հոգոց հանեի, բայց դիմանայի,
Դեռ չգիտեմ չարն ու վատը իմ հուշերի ներաշխարհից
Մաքրել, սափրել,
Է՜հ, ի՞նչ անեմ, որ չգիտեմ այդպես ապրել։

Երկիրը կառնի

Գլխիս տատասկե պսակ է,
Ոտքերիս տակ՝ այրվող ածուխ,
Հոգիս անդունդ է՝ դատարկ է։

Շուրջ բոլորս դաժանություն․
Ապրելն իսկ ինձ համար լավ է,
Իսկ լավ ապրելը՝ ճոխություն։

Վայկյաններն են անգամ անվերջ․
Հիմա կյանքս ձեռքիս մեջ է,
Ձեռքերս՝ կապանքների մեջ։

Տեղ չկա՝ հոգիս սավառնի․
Որքան երկինքը կյանք տվեց,
Նույնքան երկիրը այս կառնի։

Հեռացող կյանքը

Ես զգում եմ ինձնից դանդաղ ծորացող,
Հեռացող կյանքը՝
Տառապանքների
Անսահման հեռու
Հանգուցալուծում։

Եվ հանգստության իմ հին տենչանքը
Իրականություն դառանալու անգամ
Հույս չի ներշնչում։

Ա՜խ, երբ հաճախ են
Չար, բութ խոսքերով մարդիկ հարվածում,
Ուզում եմ արա՛գ գոլորշիանա
Անոթներումս լալագին հոսող
Եռացող կյանքը,
Հեռացող կյանքը։

Ծաղրածու

Ծաղրածու, ցրտերը վրա հասան, 
Կրկեսը փակվեց ու մենակ ես,
Կյանքը թատրոն էր, դու` դերասան,
Իսկ ո՞վ էր, ասա, հեղինակը։

Երբ ներկերն էիր մաքրում դեմքիցդ,
Վերքերդ էիր լվում, քեզ թվաց,
Ու, ահա, մաքրվեց և ժպիտը,
Թախծոտ քո դեմքիդ նկարված։

Հիմարի պես, էլի մի անգամ,
Չարեցիր փրկվելու ոչ մի ճիգ…
Սեփական ձեռքերով` ինքնակամ,
Կտրեցիր թելերդ, խամաճիկ։

Արվեստիս տունը

Ճեմենք միասին վերջերս միայն
Դռները բացած արվեստիս տանը,
Ուզում եմ այսօր վերջ դնել շինծու՝
Հոգուս կարծեցյալ դատարկությանը։

Ահա այս շարքում մի հին իկոնա
Այնքան վաղանցյալ, ոչ վաղ անցյալից,
Գուցե սրբացրած մի չար սատանա,
Որ պտուղ մեկնեց ինձ կենաց ծառից։

Պրոմեթևսն, ահա, գամված ժայռերից՝
Առաջին-վերջին իր մեղքի համար,
Ո՞րն էր հանցանքը՝ կրակ տա՞լը ինձ,
Թե՞ որ սիրտ արեց հուրը գողանալ։

Ու հռչակավոր մի աստվածամայր՝
Վերածննդի թոհ ու բոհն անցած,
Նա, որ հար հանդարտ ծովերի վրա
Անհաշտ իններորդ ալիքը դարձավ։

Նաև կնճռոտ տրոլ ավանգարդ ոճի՝
Իր տգեղությամբ ինքնատիպ քանդակ,
Սա էլ գործել էր մի փոքրիկ ոճիր՝
Կրում է այժմ տատասկե պսակ։

Գլուխգործո՞ց են,  ասա, անպե՞տք աղբ,
Սավառնա՞նք մտքի կռնատ թռչունի,
Ինչ էլ մտածես գործերի մասին՝
Վարպետի համար քիչ արժեք ունի։