Բաժանման մասին

Հեռացիր

Ինձ ասա, էլ ինչի՞ն ես սպասում,
Երբ խոսքերդ արդեն չեն սփոփում,
Հեռացի՛ր, մոռացի՛ր, չտանջես,
Խնայիր նուրբ լարերը հոգուս։

Քեզ հետ օրը թվում է տարի,
Օրը բարդ է թվում, անխնա,
Թե ինչու ես այդքան անարի
Հավաքիր քեզ, խնդրում եմ, գնա։

Երբ մեղքերդ արդեն չես քավի,
Ընդունիր, ձախողվել ես, ուստի,
Ես այսքան դիմացել եմ ցավին,
Դիմանամ գուցե և կորուստիդ։

Գուցե երբ չավիրես ամեն ինչ,
Քեզանից գոնե հուշ կփրկվի,
Կմնա ջերմություն ինչ-որ ջինջ,
Հավաքիր քեզ, միայն թե, չքվիր։

Հրաշքի ես արդեն չեմ սպասում,
Ու խոսքերդ արդեն չեն սփոփում,
Հեռացի՛ր, մոռացի՛ր, չտանջես,
Խնայիր նուրբ լարերը հոգուս։

Եթե դու ինձ թողնես

Եթե դու ինձ թողնես անբուժելի մի վերք,
Որը ես չեմ լվա ռիվանոլով,
Իմացիր` կթողնես մի ամբողջ տիեզերք,
Ոչ մի խռովք։

Ու եթե շողերից «կենարար արևի»
Գոլորշանաս կյանքիցս կամաց-կամաց,
Միայն լույս կսփռես հոգուս ստվերոտ
Ու միգամած։

Քո ներկայությամբ ոգելից արբեցնելուց հետո՝
Բացակայությամբդ բուժիչ կապաքինես,
Ու թե կարծես, որ թողեցիր ինձ միայն դառնահամ,
Չմտածես՝ կարևորը, որ միշտ իմ քիմքին ես։

Բաժանում

Բաժանումն անկասկած լինելու է՝
Ճիշտ ամսին, օրը ճիշտ, ճիշտ ժամին,
Ճամպրուկներ, արցունքներ, «Իմ տաքսին է»,
Օդային համբույր անարժանին։

«Լռությունն, հեռախոսն ու խաչբառը, -
Ես կասեմ, - ավելի հարազատ են»,
Ու նորից երկրորդիս կսպասեմ.
Գազանները վայրի ազատ են։

Բաժանում

Չար, անխնա բախտ՝ նենգ ու բանսարկու,
Ինչու ես այսպես դու ինձ հետ վարվում,
Ես նոր սկսեցի սիրել այս կյանքում,
Բայց նո՞ր բաժանել սովորեցիր դու։

Հապա էլ ինչու՞ մանկան պես անմիտ,
Որ նոր սովորած բառն է կրկնում,
Իմ սիրամորմոք սրտի համար ես
Հար ու անդադար կրկնում. «Բաժանում»։

Վերջին մերձավորս

Ինչ ճյուղիցս պոկվեց, ընկավ վերջին մերձավորս,
Չի դիմանում հոգիս տոպրակի մեջ կաշվե,
Հայր մեր, ինձ գոնե մոտավոր ասա մահվան օրս,
Որ սկսեմ անհամբեր ես օրերը հաշվել։

Որ սկսեմ անտարբեր լինել տառապանքիս հանդեպ,
Դադարեմ գուշակել՝ ինձ ինչ է պակասում,
Որ անխուսափելի ազատումին միայն սպասեմ,
Ինչպես, երբ մանուկ էի, Նոր Տարուն էի սպասում…