Չափածո

Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։

Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր

Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր,
Բայց դու վաղուց ես հանել աչքերդ։

Վերելք եմ կոչում ես վայրէջքներս,
Ընկեր եմ կոչում շրջված մեջքերը,
Ժպտում եմ, երբ ինձ ժպտում են շինծու,
Ու ծիծաղում եմ, երբ ծիծաղում են՝
Հեռվից ինձ վրա մատը տնկելով։

Սեր եմ խոստանում յուրաքանչյուրին,
Ու ցանկացածին կոչում սիրելի,
Ու անծանոթին բարև եմ տալիս՝
Լավ բարեկամի նման գգվելով,
Ու երազում եմ, անվերջ լքվելով,
Թե մի օր էլ ես մեկին կլքեմ՝
Ասես դրանով վրեժ լուծելով
Ինձ լքողներից։

Ու գնում եմ ինձ զանազան շորեր,
Որպեսզի ծածկեմ տգեղությունը,
Որում ծածկվում էր իմ գեղեցիկը,
Իմ վճռականը,
Իմ միայնակը,
Իմ անհեթեթը,
Ու քո սիրելին,
Որին ճիշտ սիրել դու գիտեիր միայն։

Որին դու գիտեիր հասկանալ միայն,
Ու անսահմանի սահմանը թաքուն մատնացույց անել,
Որ չկործանվեմ,
Չտգեղանամ,
Որ մարդկայինի կեղտով չաղտոտեմ
Կենդանի՜ հոգիս։
Որ անկշտությամբ կյանքը մակարդեմ
Իմ է՜ն մի թոքին, որը սիրում էիր…
Ու առանց որի փոխում ենք մեր հի՜ն,
Մեր անգիր արած դերերը հիմա
Ես ու էն անտեր դիմանկարը,
Որը պահում եմ փակ կողպեքի տակ։

Ես եմ կործանվում։

Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր,
Բայց դու վաղուց ես հանել աչքերդ,
Բայց դու պաշտում ես կործանումը իմ,
Բայց դու շնչում ես իմ արտաշնչած
Օդը թունավոր,
Բայց դու քայլում ես ինձանից հետո
Արդեն ավիրված արահետներով,
Դու տաքացնում ես մատներդ սառած
Իմ կես-հավատի՝ մեկ քառորդ Աստծո
Պատրույգի վերջին միլիմետրերի
Մարմանդ կրակին,
Բայց դու ապրում ես ոչ այն պատճառով,
Որ քեզ կենսապես պետք է ապրելը,
Այլ որ զուգակցես իմ նմանապես անպետք ապրումին։

Այլապես արդեն դու կծիծաղեիր,
Ու ես ամոթից նորից կկախեի
Պատուհանիցս հանա՜ծ, շպարտա՜ծ
Վարագույրը իմ…

Սրտերը մեզ սիրող

Զույգս, մեզ կարծես թե մոռացել են արդեն,
Սրտերը մեզ սիրող այժմ արդեն պաղ են,
Արի այս կիրակի շրջենք մոլերով մեկ,
Ընտրենք հագուստը, որով մեզ պիտի թաղեն։

Անցյալը մեր թեև խենթ էր, բայց խաբուսիկ,
Սերը օտարների իրական չէ՝ խաղ է։
Զույգս խփեց կոնքիս՝ թե հերիք է, թարգիր,
Մեռնելը հա էլ կա, գիրքդ գրիր, վաղ է։

Կենտրոնանալ

Լռությունն իր կտրուկ շեշտը դրել է,
Լցրել սենյակս երգերով իր լալ,
Բայց, Տեր իմ, ինչ հեշտ է գրքեր գրելը,
Ու որքան դժվար է կենտրոնանալ։

Երբ հոգսն է հոգած, ու ժամն է պարապ,
Ու միտքդ խառնող էլ ոչինչ չկա,
Ծնվում է կարծես մի նո՛ր գործ չարած,
Չի գործում ինչ-որ հյուսվածք կամ մկան։

Սկսում է ասես միլիոն միջատ
Երգեր տարաձայն բզզալ քո ներսում,
Աստծո շալակից՝ աստղերից իջած,
Ինքդ քեզանից տող ես աղերսում։

Ու գլխիդ տալիս, ախր քիչ առաջ
Թվաց՝ ուշագրավ բան եկավ մտքիս…
Որոշում թողնել գրողի տարած
Քաղաքն ու փախչել հեռու աղմուկից։

Հեռու պահանջից ու կատարումից,
Ու արարումից հեռու ամենայն,
Ու շնչավորից, որ կապում է ինձ
Սարերից։ Դեպի հեռուն ամենա։

Հուսալով՝ գուցե մենության գրկում,
Հաջողվի ցրված մտքի վերջը տալ,
Ազատվել հազար խոհից կողմնակի,
Եվ կենտրոնանալ, և կենտրոնանալ։

Քաղաք

Չեկար, արդեն գնում եմ, սպառել եմ սև-հեղուկս,
Գիտեմ, մի օր ասել ես՝ հասնեմ, գրեմ նամակ,
Չեկար, դե խոստանում եմ ջնջել մտքիցս անունդ,
Չեկար ու արժանի չես, խալխի հովի քաղաք։

Նեղված քեզ անիծում եմ, կորցնում նյարդերից քունս,
Երնեկ լիներ անեծքս՝ մնայիր դու անզավակ,
Շրջեիր այգուց այգի ու փնտրեիր օտար որդոց մեջ
Կորցրած հարազատին քո, ծեր ու մենակ քաղաք։

Կարոտ

Երբ մի լուռ գիշեր աչքերդ փակես,
Եվ ակամայից թռչես, գաս ինձ մոտ՝
Կոչիր դա կարոտ։

Կամ եթե մի օր հարազատ մեկի
Անունն իմ անվան հետ դու շփոթես՝
Կարոտ կկոչես։

Ու եթե տխրես՝ տեսնելով մեկին
Տողեր գրելով պատուհանի մոտ,
Նորից ու նորից կոչիր դա կարոտ…

Կանչիր, կլսեմ, թեկուզ հեռու եմ…
Ձայնը քո թախծոտ կկոչեմ կարոտ։

Հեռացիր

Ինձ ասա, էլ ինչի՞ն ես սպասում,
Երբ խոսքերդ արդեն չեն սփոփում,
Հեռացի՛ր, մոռացի՛ր, չտանջես,
Խնայիր նուրբ լարերը հոգուս։

Քեզ հետ օրը թվում է տարի,
Օրը բարդ է թվում, անխնա,
Թե ինչու ես այդքան անարի
Հավաքիր քեզ, խնդրում եմ, գնա։

Երբ մեղքերդ արդեն չես քավի,
Ընդունիր, ձախողվել ես, ուստի,
Ես այսքան դիմացել եմ ցավին,
Դիմանամ գուցե և կորուստիդ։

Գուցե երբ չավիրես ամեն ինչ,
Քեզանից գոնե հուշ կփրկվի,
Կմնա ջերմություն ինչ-որ ջինջ,
Հավաքիր քեզ, միայն թե, չքվիր։

Հրաշքի ես արդեն չեմ սպասում,
Ու խոսքերդ արդեն չեն սփոփում,
Հեռացի՛ր, մոռացի՛ր, չտանջես,
Խնայիր նուրբ լարերը հոգուս։

Օրը փոխել

Ես օրը, ափսոս, փոխել չգիտեմ՝
Ոչ ձգել, ոչ էլ կարճացնել՝ անցնի,
Մի կախարդական տող էլ չգիտեմ,
Թե վատ օրերը լավ օրեր դարձնի։

Ինձ հայտնի է սոսկ հաջորդությունը՝
Օր ուրախության և օր սգալու,
Ու որ սև դառած, արցունքով թրջած
Օրվանից հետո լավ օր է գալու։

Ես սև

Հենց այսօր էլ հարմար է, ձմեռ,
Քեզ սպասում եմ, թրմել եմ ցավս,
Արի հետս նստիր, լռենք,
Ես դեռ նույն եմ, դու՞ ոնց ես, լա՞վ ես։

Դու դեռ ցու՞րտ ես, դեռ չո՞ր ես, սպիտա՞կ ես,
Ոնց գիտես՝ ես մնում եմ սև,
Շփոթված դեռ սգում ու սիրում եմ,
Ու հղկում եմ տողերս տձև։

Ամենքին դեռ էլի հավատում եմ,
Նվիրվում եմ դյուրին ամենքին,
Ամենքի մեջ դարձյալ որոնում եմ
Ամենքից տարբեր այն մեկին։

Ոչ ցավից անցյալի խրատվում եմ,
Ոչ փորձում եմ փախչել անցյալից,
Անցորդով առաջին փարատում եմ
Մենությունս՝ դեռ ան-ցանկալի։

Ու դեռ սիրտը հազիվ եմ սանձում իմ,
Դեռ կորցնում եմ թիկունք ու թև,
Երանի տալիս քեզ, որ սպիտակ ես,
Ու մնում եմ, ինչպես միշտ, սև։

Չչարանալ

Քեզ մե՛կը ցավ պատճառեց՝ բոլորը չէ,
Մե՛կը դավաճանեց, մյու՛սը խաբեց,
Մե՛կն արեց թևաթավ. փորձիր թռչել՝
Փորձի՛ր չչարանալ մարդկանց հանդեպ։

Օրերն էլ մեզ պիտի դավաճանեն,
Սպառվեն՝ վերածվելով հուշի անդեմ,
Վախը մահվան երբ կգա դռան դեմ․
Փորձի՛ր չչարանալ կյանքի հանդեպ։

Սակավությունը կաշկանդող զգալով ցածի՝
Շուքին Ողորմածի պետք չէ խանդել,
Սիրտդ բա՛ց ընդունիր ընծան հացի․
Փորձի՛ր չչարանալ Աստծո հանդեպ։

Ու թե քեզ հալածի ցավը բաց թողածի,
Ու թե կարծես աշխարհը այս բա՛նտ է,
Թույլ լինելու, նվիրվելու և խաբվելու համար
Փորձի՛ր չչարանալ և քո՛ հանդեպ։

14 նամակ մտացածին Լիլիթին

Նամակ 1

Ողջույն սիրելիս՝
Իմ ենթադրական,
Իմ մտացածին,
Իմ անիրական,
Առեղծվածային,
Իմ ցնորական,
Իմ ինքնահնար
Ու իմ շինծու սեր:

Այսօր ցանկացա
Ես այս անհեթեթ,
Անմիտ, անիմաստ
Նամակս գրել
Ու հնարել քեզ:

Եվ քանի որ դու
Ստեղծված չես եղել,
Չես ու չես լինի
Ինձ` մարդուս համար,
Որոշեցի քեզ
Ես Լիլիթ կոչել,
Եվ կույր հավատալ,
Որ դու անձկալի
Ու սիրելի ես,
Որ բաղձալի ես
Ու փափագելի։
Եվ որ ավելի
Հավաստի լինի
Պատմությունս այս,
Ու hարg չծագի,
Թե ինչու քեզ մոտ
Չեմ գալիս ես, այլ
Նամակ եմ գրում,
Որոշեցի, որ
Ասպրես Փարիզում,
Որ դու էլ սիրես
Ու կարոտես ինձ,
Եվ ամեն անգամ
Պատասխան գրես
Անշուք նամակիս։

Եվ այսպես, Լիլիթ,
Համբույրներս քեզ,
Դու իմ պաշտելի,
Երջանիկ երազ,
Խոստանում եմ, որ
Գրելու եմ միշտ,
Ու սպասելու եմ,
Մինչև որ դու գաս:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ