fbpx

2007

Կարոտ

Երբ մի լուռ գիշեր աչքերդ փակես
Եվ ակամայից թռչես, գաս ինձ մոտ`
Կոչիր դա կարոտ․․․

Կամ եթե մի օր հարազատ մեկի
Անունն իմ անվան հետ դու շփոթես`
Կարոտ կկոչես․․․

Ու եթե տխրես` տեսնելով մեկին
Տողեր գրելիս պատուհանի մոտ,
Նորից ու նորից կոչիր դա կարոտ,
Կանչիր, կլսեմ, թեկուզ հեռու եմ․․․

Ձայնը քո թախծոտ կկոչեմ կարոտ։

Անցիր, ժամանակ

Անցի՜ր, ժամանակ,
Այս պատերից դուրս թռչող, հեռացող
Ագռավների պես թռիր ու անցիր,
Հիմա ես մենակ
Օրերս լափող ու կենսաքայքայ այս կայարանում
Սպասում եմ կրկին
Կրկին ուշացող իմ ճեպընթացին։

Շտապի՜ր, ժամանակ,
Չէ որ դու միակ իմ բարեկամն ես,
Ում դանդաղելը բնավ չի սազում…
Էլ այս կայարան
Մի բեր ինձ այնքան սիրելի մարդկանց,
Այլ ինձ թևանցուկ տար հարազատ տուն։

Աշխարհի առաջ

Ես արցունքները ամբողջ մարդկության
Հատիկ առ հատիկ հաշվել գիտեմ,
Ուրիշի ցավից ու տառապանքից
Լուռ, ինքնամոռաց մաշվել գիտեմ,
Եվ ամեն մեկին սրբության նման
Հեզ, խոնարհվելով պաշտել գիտեմ…

Հոգիս պատռելով՝ դուրս եմ գալիս ես աշխարհի առաջ,
Աշխարհը՝ իմ դեմ։

Սպասել նորից

Սպասել նորից,
Որերորդ անգամ հորինել
Տասն օր ապրելու նախագիծ,
Հուսահատության տարտարոսը խոր
Ծածկել հավատի մաղած ավազով,
Բազմիցս մաղած, թաղած հավատի,
Հավատի նորից հարություն առած։

Ու հաշվել նորից,
Ու մաշվել կրկին,
Կանխատեսումներ անելով դատարկ,
Սրտիս մեջ անտակ՝ օրեր լցնելով
Ու զարմանալով, որ դեռ չի լցվում։

Հպվել շուրթերով նոր նվեր ստացած
Խաչելությանը
Ու սպասել էլի՝ կրկնելով մտքում
Մի գուշակություն նորաձև դառած,
Որ խոստանում է տալ պատասխաններ
Հարցերից առաջ։

Ոչինչ չի փոխվել

Ոչինչ չի փոխվել։

Պարզապես այժմ ես արցունքներս
Պիտի սեփական թևքերով սրբեմ,
Այլ ոչ թե սպասեմ Հրեշտակներից
Ինձ առաջարկվող թաշկինակներին։

Այժմ, պարզապես, էլ պետք չէ սպասել,
Պետք է երազել,
Դառնալ սեփական խենթ մտքի գերին,
Ու դեմքով դառնալ կողմն հրաշքների՝
Հավատալ թեկուզ, թե անապատում
Վարդեր են բուսնում,
Թե կյանք կա լուսնում,
Միայն չլացել,
Չհուսահատվել։

Ոչինչ չի փոխվել։

Հեշտ չեն գտնում մուսաներին

Հեշտ չեն գտնում մուսաներին՝
Կորցնում են դյուրին,
Խեղդում մտքերի հորձանքում
Շքեղ féerie-ն։

Ապրում կենարար ներշնչման
Արբեցնող պահեր,
Որոնք, պարզ է դառնում շուտով,
Չէինք կարող պահել։

Գուցե մերն է սխալը հենց,
Մենք ենք մեր գերին,
Որ ստեղծում ենք մեր նմանից
Մեր մուսաներին։

Պանդուխտ եմ

Ես հիմա ոչ մեկի որդին,
Ես հիմա ոչ մեկին եղբայր,
Ինչպե՞ս պիտի ինձ անվանեմ,
Ասա, ինչպես, Աստվածամայր։

Իմ հարազատ տանը կարոտ,
Ես ի՞նչ պիտի հիմի ուխտեմ,
Ես առանց սիրուն Երևան,
Մի՞թե, Տիրամայր, պանդուխտ եմ։

Թե՞ ճամփորդ եմ, որովհետև
Թափառելու տեղ ունեմ,
Եվ է՞լ ինչպես, ասա տեսնեմ,
Ինձ է՞լ ինչպես անվանեմ։

Ես հիմա ոչ մեկի որդին,
Ես հիմա ոչ մեկին եղբայր,
Ոչ օտար եմ, ոչ՝ յուրային,
Ո՞վ եմ ասա, Աստվածամայր։

Հեռացող կյանքը

Ես զգում եմ ինձնից դանդաղ ծորացող,
Հեռացող կյանքը՝
Տառապանքների
Անսահման հեռու
Հանգուցալուծում։

Եվ հանգստության իմ հին տենչանքը
Իրականություն դառանալու անգամ
Հույս չի ներշնչում։

Ա՜խ, երբ հաճախ են
Չար, բութ խոսքերով մարդիկ հարվածում,
Ուզում եմ արա՛գ գոլորշիանա
Անոթներումս լալագին հոսող
Եռացող կյանքը,
Հեռացող կյանքը։

Մի ձեռք

Մենք ապրում ենք վաղուց, 
Բայց չենք էլ ապրում դեռ,
Երբ չգտած մեկին
Շտապում ենք բաց թողնել։

Եվ ձեռնունայն, մենակ
Հետադարձ հայացքով
Նայել ճամփաներին,
Որոնք մենք դեռ երեկ
Անցնում էինք երկուսով,
Ու չտեսնել ոչինչ
Լապտերներից բացի,
Սիրուն, բայց մշտանինջ։

Աղոտ հիշել մեկի
Ձեռքն հոգատար ու ջերմ,
Որ ուղեկցում էր մեզ,
Ու որ կարծում էինք, թե
Միշտ պիտի ուղեկցեր։

Հիշել ու չգնել
Մեր կողքին ոչ ոքի,
Խորհել ու չստանալ
Մի հարցի պատասխան`
Մե՞նք ձեռքն այդ բաց թողինք,
Թե ամենքն է մեզ պես
Նախընտրում հեռանալ։

Մենք վաղուց ենք ապրում,
Բայց չենք կարող ապրել,
Երբ հսկա ճամփեքին
Մեզնից բացի միայն
Շարունակենք տեսնել
Լապտերներ անկենդան,
Ու կարոտել մի ձեռք։

Ես, գիտե՞ս, գիտեմ

Ես, գիտե՞ս, գիտեմ
Կուրորեն հավատալ մեկին՝
Չմոռանալով կասկածները իմ։

Ես, գիտե՞ս, գիտեմ
Արժանիքներից շինել պատվանդան,
Բայց աններելի թերությունների համար
Անդունդը նետել։

Ես, գիտե՞ս, գիտեմ
Սիրելիների պատկերի առաջ
Ծնկած աղոթել,
Բայց ոճիրների համար նույն սիրով
Բանտարկել գիտեմ, շանթարկել գիտեմ։

Գիտեմ քողարկել իմ իմացածը
Եվ մեծարելով մեծարել միայն՝
Տեսնելով և այն,
Որ մեծարանքի արժանիք չկա։

Չգիտեմ միայն, թերևս, մի բան՝
Քեզ դատել, ատել,
Թերություններդ անգամ նկատել։

Ա՜խ, ես չգիտեմ քեզ հետ իմանալ
Ողջ իմացածս՝
Նորս, անցածս…

Դառնում են կողքիդ
Հարցի պատասխան
«Արդյո՞ք»-ն ու «մի՞թե»-ն,
Քեզ հետ ես
Հաստա՛տ
Ոչինչ չգիտեմ։