fbpx

Չափածո

Ես մի ջահել ինքնասպան էի

Ես մի ջահել ինքնասպան էի քո երազում,
Եվ ինձ գողտրիկ գերեզման էր սազում
Ուռենու ստվերի տակ։

Բայց դու որոշեցիր
Հորինել ինձ համար
Գերեզման էլիտար՝
Մարմարե սալիկով,
Չքնաղ լուսաբացով
Եվ էլիտար լացով
Ամեն չորեքշաբթի,
Ժամը չորսին։

Ինձ ստվերնե՜րը պատմեցին քո մասին,
Ես տարված էի վաղուց Աստված գիտե՝ ինչով,
Աշխարհի ողջ հոգսից թաքստոց փնտրելով՝
Անցնում էի մթության ու խավարի միջով։

Պարանը, հիշիր,
Ինքս էի մոմել,
Քո՛ միակ մեղքը
Աթոռը ոտքիս
Տակից հանել էր:

Սպանելը ինձ քո
ձեռքի գործը չէ,
դու չես դա արել։

Պետք չէ զղջալու
գործում ջանքերը
գերակատարել։

Ես արդեն խաչի վրա եմ

Ես արդեն խաչի վրա եմ,
Լիակատար երջանկության,
Էքստազի հասնելու համար,
Մարդիկ, ձեզ մնում է միայն,
Որ ծարաված իմ շուրթերին
Քացախով թաթախած սպունգ տաք։

Սակայն անգամ մահվան մահճում
Ինչ-որ մեկի թեթև ձեռքը չի իջեցնի կոպերը իմ,
Սակայն անգամ լուռ շնթռած իրեն որջում
Ինչ-որ մեկը պիտի բախվի իմ հայացքին։

Հա, ես պիտի լռեմ անգամ,
Երբ վերքերս սկսեք լվալ
Դուք ջրածնի հիդրօքսիդով,
Դառը խոսքերին պատասխան
Ես պիտի տամ միշտ ժպիտով։

Դուք ստոր կամ արդար, ով էլ որ լինեք,
Ծամած-չհաշված կարծիքների դեմ
Սովոր եք հեզ-հեզ գլուխ խոնարհել,
Դուք հարազատ եք լոկ տոն օրերին,
Ճարտարախոս եք, բայց դատարկաբան,
Եվ բարդ ընտրության առաջ կանգնելով`
Պիտի միաձայն գոչեք. «Բարաբբան»։

Բարև, մայրիկ, եկա կրկին

Բարև, մայրիկ, եկա կրկին
Ու փարվեցի քո ջերմ կրծքին,
Գիտես այդժամ թվաց մի պահ,
Թե աշխարհում ոչ ոք չկա
Մեզնից բացի։

Իմ կարոտած հոգուն դարման
Դարձավ անույշ «Բարև, բալան»,
Ու գրկիդ մեջ ծորաց անձայն
Մի մեղեդի երջանկության
Թաքուն լացի։

Դու շոյելով վարսերս շեկ՝
Շշնջացիր. «Որդիս, ներս եկ,
Կարոտել էի դեմքդ լուսե,
Բյուր-անհամար օր եմ սպասել
Վերադարձիդ»։

Հա, ես էլ, մայր, գիտես անշուշտ,
Հոգսն է պահի լափում անկուշտ
Օրերը իմ ու դեռ ավաղ
Շատ կլափի՝ պիտի գնամ,
Եկա այցի։

Արվեստիս տունը

Ճեմենք միասին վերջերս միայն
Դռները բացած արվեստիս տանը,
Ուզում եմ այսօր վերջ դնել շինծու՝
Հոգուս կարծեցյալ դատարկությանը։

Ահա այս շարքում մի հին իկոնա
Այնքան վաղանցյալ, ոչ վաղ անցյալից,
Գուցե սրբացրած մի չար սատանա,
Որ պտուղ մեկնեց ինձ կենաց ծառից։

Պրոմեթևսն, ահա, գամված ժայռերից՝
Առաջին-վերջին իր մեղքի համար,
Ո՞րն էր հանցանքը՝ կրակ տա՞լը ինձ,
Թե՞ որ սիրտ արեց հուրը գողանալ։

Ու հռչակավոր մի աստվածամայր՝
Վերածննդի թոհ ու բոհն անցած,
Նա, որ հար հանդարտ ծովերի վրա
Անհաշտ իններորդ ալիքը դարձավ։

Նաև կնճռոտ տրոլ ավանգարդ ոճի՝
Իր տգեղությամբ ինքնատիպ քանդակ,
Սա էլ գործել էր մի փոքրիկ ոճիր՝
Կրում է այժմ տատասկե պսակ։

Գլուխգործո՞ց են,  ասա, անպե՞տք աղբ,
Սավառնա՞նք մտքի կռնատ թռչունի,
Ինչ էլ մտածես գործերի մասին՝
Վարպետի համար քիչ արժեք ունի։

Ապրելու համար

Ապրելու համար այս գորշ աշխարհում
Մենք մեր սեփական կյանքն ենք հնարում,
Մենք մի անձնական առասպել ունենք։

Զսպելու համար հուզմունքներն անխիղճ,
Գործում ենք միայն մի փոքրիկ ոճիր՝
Մենք մի լուռ վայրում արտասվել ունենք։

Մե՛ր խաղն ենք խաղում մենք՝
Ո՛չ սևերի, ո՛չ սպիտակների,
Ոչ թշնամուն ենք մատնացույց անում,
Ոչ ի ցույց հանում մեր ընկերներին,
Ու ցավոք սրտի, թե բախտի բերմամբ
Անտեսվել ունենք։

Մենք՝ հիմարներս,
Որ մեր սեփական եսը հորինված,
Դառն, արհամարված,
Պարգևի պես ենք Աստծուց ընդունում,
Տենչում ենք մի բան՝
Կոչվել...

Անզգուշորեն և ամենքին

O, très charmant,
Որ գաղտնիքդ «միմիայն ինձ» վստահեցիր՝
Ողջ աշխարհին վստահելուց հետո միայն։

Ես շոյված եմ,
Թեկուզ և դու շոյում ես շատ անզգուշորեն և ամենքին՝
Իսկական պոռնիկի նման։

Վերջապես քո այդ ժպիտը, dolce vita-ն
Ափսեի վրա ինձ տալը քայլ էր հիմար,
Ա՜խ, պարզապես դու չգիտես, դեռ դհաս ես,
Որ երբեմն մարդիկ գիտեն չհավատալով` հավատալ,
Որ երբեմն մարդիկ գիտեն խորհուրդներ տալ,
Լոկ որպեսզի զգույշ հետևեն՝
Ինչպես են ազդելու դրանք,
Որ երբեմն մարդիկ գիտեն խորհուրդներ տալ՝
Գերազանցությունն իրենց սեփական
Ստուգելու համար։

Քեզ թվացել է, սիրելիս,
Որ բավական է լինել կոկետ,
Քաղցրահունչ ձայնով,
Անգիր իմանալ մի քանի ճոռոմ,
Կարծրատիպ դարձած արտահայտություն
Եվ քեզ կսիրեն,
Քեզ կհավատան։

Բայց ասացի, չէ՞, որ մարդիկ իրենց
Գերազանցությունն ապացուցելով,
Իրենց փորձելով են տարված, հարկավ,
Իսկ դու փորձում ես դա չնկատել,
Իսկ դու դեռ, ավաղ, տհաս ես, my love։

Մի դարձրու

Մի դարձրու անմեղ խոսքերը էլ մատի փաթաթան,
Ու եթե սիրտս կոտրել ես, փշուրներն հավաքիր,
Ես հոգնել եմ թափառել մայրամուտից լուսաբաց՝
Զզվեցրել են փողոցները էս անտեր քաղաքի։

Մի դարձրու իմ զգանցմունքները անլվա «պոլի շոր»,
Որ ամեն անցնող-դառնողը իր ոտքերը մաքրի,
Այլ հիմար խասյաթդ անցկացրու ֆիլտրերի միջով՝
Թող դեմքիցդ մաքրվի անլրջության ապակին։

Եվ անունը մի դարձրու իմ քեզ պատվո շքանիշ,
Քանի ինքդ չես դարձել դեռ իմ մարտի վետերան,
Գաղափար ես սևեռուն, թե անմեկնելի ֆետիշ,
Չի խուսափում նահանջելուց քո խելառ հետերան։

Քեզ չտեսնելու համար

Քեզ չտեսնելու համար
Միայն կուրանալ է պետք՝
Հեռանալը չի փրկի։

Քեզ չհիշելու համար
Միայն ուրանալ է պետք՝
Մոռանալը չի փրկի։

Թեկուզ ամեն կիրակի
Ինձ էլ ոչ ոք չի գրկի,
Հույսով չապրելու համար
Իսպառ վերանալ է պետք՝
Միայն լալը չի փրկի։

Անքնություն

Անծանոթիս կողքից, ծոցից սավանների
Դուրս է արել նորից հոգեհման,
Ճոճվում է վառ թողած միակ լույսը շենքի
Երկնքից կախված կանթեղի նման։

Եվ Ծննդյան տոնից, մինչև օրն Հարության
Ցավն, իրեն կանչելիս, բղավում է․ «Ներկա»,
Չիմացյալի հետքով թափառում է հոգիս՝
Չորս ամիս է արդեն գիշերվա գույն ներկած։

Չորս ամիս է արդեն վրձնով անքնության,
Նկարելով անշտապ նոր կնճիռներ, փոսեր՝
Ժամանակը ասես մակագրում է դեմքիս․
«Այստեղ, երբ արցունք կար, շա՜տ արցունք է հոսել»։

Եվ դարձնում է անխիղճ տիրակալն ամենի
Հինգ ժամը գիշերվա հիսունին հավասար՝
Ստիպելով երազել այն օրերի մասին,
Երբ կկոչեմ իրեն նոր անունով՝ անցյալ։

Իսկ մինչև այդ նորից ծոցից սավանների,
Ասում է՝ կհանի դեռ նույն հոգեհման…
Կճոճվի վառ թողած միակ լույսը շենքի
Երկնքից կախված կանթեղի նման։