fbpx

Ո՞վ եմ ես, Աստված

Ո՞վ եմ ես, Աստված,
Երբ չլինելուս համար պետք էր լոկ
300 դրամ 20 տարի առաջ։

Ինձ ծնեց գուցե մեկի ուշացած
Վայելքի լկտի անզգուշությունը,
Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ
Մեկի հարամած, խանգարված քունը։

Ոչ մեկ իմ բախտին բաժակ չշրջեց՝
Տեսնելու համար արու՛ եմ, թե՛ էգ,
Իմ էս չընդհատված անգոյությունը
Տեսնես ու՞մ էր պետք։

Ու քանի մեկը հղի էր ինձնով,
Ինձ թվում էր, թե այդ ես եմ հղի`
Չգիտեի, ախր, ինչպես բացատրել
Սրտխառնոցը իմ։

Անխուսափելի կյանքի զգացում էր,
Շտապեցրած մի քիչ, մատուցված հում-հում,
Որ աշխարհ չեկած, արդեն նկատեի`
Լացով են ծնում, լացելով ծնվում։

Ամեն մեկը իր գորշ կյանքն է ողբում,
Ամեն մեկն ունի իր սգո սյունը,
Ինձ էլ երևի բաժին է հասել
Էս աբորտ չարած դժգոհությունը։

Ո՞վ եմ ես, Աստված,
Երբ իմ լինելու համար հերիք էր
19 գրամ 20 տարի առաջ…
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։