Թուլյ տուր ինձ մեռնել, իմ Վեռլեն

Թուլյ տուր ինձ մեռնել, իմ Վեռլեն,
Հենց էնպես, հենց էսպես՝ սենց ջահել,
Որ մահվանս հետ մարդիկ մինչև վերջ չհաշտվեն,
Թաղելուց՝ մինչև վերջ չթաղեն։

Որ դատարկ ամենիս իմաստներ
Կարկատեն ու քանդեն-կարկատեն,
Չհիշեն, որ հիմար էի՝ չունեի գաղտնիքներ,
Ու փնտրեն թող դրանք, ու գտնեն։

Կանչելո՛վ խաչելով իմ հոգին
Ավիրեն՝ խոսքին խոսք չթողնեն,
Շիտակեն, պիտակեն, արկղերում թող կողպեն,
Իբր ձեզ կտակեն՝ եկողներ։

Ինչն ամոթ է ջնջեն, չհիշեն,
Ընդգծեն՝ ինչ Աստծո տվածն էր,
Ինչ՝ կարծեն թե մնաց անպատճառ կամ կիսատ,
Բաց թողած տառի պես լրացնեն։

Որ ամբոխը սկսի աղոթել՝
Չոքելով սեփական սխալին,
«Մենք ուզում էին ուղղվեր, ներեք մեզ մայրեր,
Որ փորձում ենք ուղղել ձեր բալին»։

Հայհոյողը մտքում հայհոյի,
Թաքցնելով ատամները փտած,
Մարդ ես, մեկ էլ տեսար, գլխին շառ կբերի՝
Հողն հուդա է, խաբար էլ կտա։

Նաև մայրս փնտրի մեղավոր,
«Խելքդ ո՞վ էր կերել, իմ զավակ,
Գուցե ես եմ սխալ, որ քեզ չեմ օրորել,
Ետ արի, կգտնեմ ժամանակ»։

Ու մի տեղ մի պառավ քննադատ,
Կհարբի, կպատմի մյուսին,
«Մտածում էի՝ սա ով էր, կանցներ կգնար,
Բայց հիմա ա՜ռը թե չեն հիշի»։

Ու որ քույրս, երբ գա գերեզման,
Ծիծաղի․ «Խորամանկ շան տղա,
Քեզ հիշում ու կարդում են, գիտե՞ս։ Հա՜, գիտես,
Չիմանայիր, կյանքիդ հետ չէիր խաղա»։

Ողջ լիներ, քեզ կասեր մարգարեն․
«Ճիշտն այս հին է, ստի չափ հին է՝
Կես եղիր, թե ուզում ես կիսատ մարդիկ քեզ
Իրենց կես պատկերով հորինեն»։

Իմ ուզածն էլ, գիտե՜ս, ամենքի՝
Թող չնչին, միևնույն է՝ սերն է,
Թե կարող եմ էսպես գայթակղել կես-մարդկանց,
Ես ուզում եմ, ինձ թույլ տուր մեռնել։

Շուռ տուր իմ լեռներն, իմ Վեռլեն,
Թե ունես դու մի փոքր հավատ։
Կտեսնես, որ ոչինչ չի դառնում հավերժ,
Եթե չի ունենում վաղ ավարտ։

Քեզ եմ սպասում

Քեզ եմ սպասում
Ու չեմ լսում շուրջս ոչինչ,
Ու տեսնում եմ երազներում
Աչքերդ ջինջ։

Քեզ եմ սպասում
Ու հիշում եմ ժպիտդ լալ,
Որ ստիպում էր
Ակամայից ինձ էլ ժպտալ։

Քեզ եմ սպասում
Ու տենչում եմ կրկին խեղդվել
Քո վարսերի
Մեղմ ու զուլալ ալիքներում։

Դիպչել մաշկիդ,
Համբուրելով շուրթերդ աղի՝
Կրկին ասել,
Որ ես հավերժ քեզ եմ սպասել։

Պատրանք

Սպասում էի, բայց չեկավ,
Մրսում էի փողոցում,
Երգում էի քթիս տակ՝
Քամուն նվագակցում։

Նայում էի անդադար
Դատարկ խաչմերուկին,
Փնտրում անիրական,
Մտացածին մեկին։

Հեքիաթ էի հնարում,
Պատրանքներ անիրավ
Մի աղջկա մասին,
Որ այդպես էլ չեկավ։

Կարլա Բրունի

Քո մտքին թեկուզ կարլ ա, բայց չի բրունի՝
Բրունելը դժվար է, հոգիս,
Ապրելիքն հենց այնպես ապրողի համար
Բրունելը լոկ կարլ է մտքին։

Եթե բախտը ուզել է, որ կին դառնաս՝
Քեզ փորձել է օգնել մայրանալ,
Մայրացիր, փոխանակ սուտ արժեք ծծես,
Որ բրունելդ դառնա մի օր կարլ։

Եթե բախտը տվել է քեզ մեկ կանգառ
Դիմացի ճամփան աչքիդ առ,
Ետ նայես՝ տեսնելու ես միայն պաստառ
Ու բրունես մինչև մահ առանց կարլ։

Եթե բախտը տվել է քեզ մեկ կորիզ
Խնամիր մինչև այն դառնա ծառ,
Հատիկ կորիզով մի շտապիր պարծենալ,
Որ բրունելդ դառնա մի օր կարլ։

Եթե բախտը շրջել է քեզ թարս երես,
Մի փորձիր դու բախտին քացով տալ,
Մտածիր, թե ինչպես պիտի ետ շրջվես,
Որ բրունելդ դառնա մի օր կարլ։

Եթե բախտը տվել է քեզ հինգը շուն
Անշունին դու երբեք ձեռք մի առ,
Այլ թևեր առ ներսումդ, որ վեհ ճախրես
Երբ բրունելդ դառնա մի օր կարլ։

Եթե բախտը տվել է քեզ մեկ ամբոխ,
Ամբոխին ետևիցդ դու տար,
Ամբոխները տանում լոկ դագաղներ,
Չթողնես քեզ տանեն գեթ մի քայլ։

Եթե բախտը տվել է քեզ վատ դպրոց,
Դու սկսիր լավ գրքեր էլ կարդալ,
Ուռուցքներդ բուժիր նախնական փուլում,
Որ բրունելդ դառնա մի օր կարլ։

Քո մտքին թեկուզ կարլ ա, բայց չի բրունի,
Եթե խոսքն անտեսես իմ, հոգիս,
Ասելիքն հենց այնպես լսողի համար
Բրունելը լոկ կարլ է մտքին։

Քնած ես

Քնած ես արդեն մանկան պես,
Մութ է, տխուր քո սենյակում,
Միայն տատիկից մնացած
Զարդատուփն է դեռ նվագում։

Մահճակալիդ անկյունում
Կատուդ է անհոգ քնած,
Որ քիչ առաջ թաթերով
Քո վերմակն էր քաշում ցած։

Վարագույրը մետաքսե
Քամին է լուռ ծածանում,
Երազներդ, թվում է,
Շատ հեռու են քեզ տանում։

Ծաղկամանում երեկվա
Ծաղիկներն են դեռ թոշնած…
Շուտով լույսը կբացվի՝
Պատուհանից իջնեմ ցած։

Հանդիպում

Իմ լալագին տողերին
Պատասխան գրող փերի,
Սպասում եմ, մինչև ճամփան
Քեզ նորից ինձ մոտ բերի։

Որ կոպերիս տակ սառած
Կաթիլներն անգույն, աղի
Ցամաքեն իսկույն՝ զգալով
Ջերմությունը ծիծաղիդ։

Ու ծածկվի հոգիս թեթև
Հանգստության շղարշով,
Որի հանդարտ ստվերի տակ
Դժոխքն անգամ թվա զով։

Մեղքը իմ

Ինձ թվում էր աշխարհն է ողջ սնապաշտ,
Մեղքը իմ դանակ էր՝ դիպավ հացին,
Բայց ես ինքս ինձ հետ էի միայն անհաշտ,
Մեղքը իմ հանաք էր՝ ասի կանցնի։

Իմ փսիխոզը, խնդրում եմ, հոգիս, ներիր,
Մեղքս ինձ դարձրել է գերին պատվի,
Չպահես ինձ անգամ քո մտքի ծերին,
Մեղքը իմ երազ էր՝ ջրին պատմիր։

Քո հանկարծահաս գոյությունը մեղկ

Ես շոշափում եմ՝ աչքերս փակած,
Քո հանկարծահաս գոյությունը մեղկ,
Ու լուսացնում են իմ փողոցների
Մթությունը քոռ լապտերներդ շեկ։

Դեռ թմրությունն է իր զգացնել տալիս
Ներկայությանդ վերջին ասեղը,
Երանի աշխարհը մի պահ լռեր
Ու թողներ լսեի սրտիդ բասերը։

Անիծեի արդեն որերորդ անգամ
Հոգիս տրտմեցրած մենությունս կենտ,
Եվ հանգիստ խղճով, առանց ծամելու
Քո տեղը կուլ տայի ամոթի թիքեդ։

Անընկերակից

Օրս է տխուր, անընկերակից,
Վիճակս մորթած քաշում եմ շշին,
Ու՞ր ես զվռնում, կյանքիս ուղեկից,
Սրտիս հերպեսին դիր կազդուրիչ շիբ։

Էդ ո՞վ պիտի քեզ հորիներ, աղջիկ,
Որ մինչև հիմա դեռ չի հորինել,
Մի՞թե պոեմը կյանքիդ չգրված
Ինձ հակառակվող սև գրողինն է։

Իզուր են մի՞թե իմ մատաղ արած
Տողերն ու օրերն այն մեծաքանակ,
Որ Աստված տեսավ, ծիծաղեց վրաս,
Մատաղս չառավ։

Դու կաս, կամ չկաս, կգաս, կամ չես գա,
Դու ինքդ քեզ ես միշտ էլ հակասում,
Ես իմ հորինած հին կայարանում
Գալուստիդ մետրոն եմ նստած սպասում։

Ու տապակվելով սեփական խելքից
Հին միայնության հավերժ թարմ դարդում,
Ինքս ինձ խոստանում՝ հուսահատվելով,
Նվիրվել սիրուն մի տղամարդու։

Փնտրիր ինձ

Երբ հոգիդ ծվատում է դանդաղ
Իմ հանդեպ քո կարոտը տրտում,
Անմոռաց անցյալի ցուցադրած
Պատկերներս փնտրիր քո սրտում։

Երբ օրվա ձանձրույթում մոնոտոն
Խենթությունն ես կայտառ իմ հիշում,
Լինելուս ուրվականը բաց թող
Եվ սկսիր ինձ փնտրել ուրիշում։

Ու երբ ինձ կրկնել ես ուզում՝
Լուծելով չլուծվող մի խնդիր,
Պոետիկ ու խելառ իմ հոգու
Մերկապարը Google-ում դու փնտրիր։

Հուշերովս հոգիդ մայրացրու,
Թող ծնի աներկունք ինձ նորից,
Ես կողքիդ եմ, հոգիս, դու միայն
Մի փորձիր ինձ գտնել՝ փնտրիր ինձ։

Աշխարհ, հանվել եմ, լից մեջս

Իմ շուրթերը վաղուց ցամաքած են
Ու կերածս միայն ցամաք հաց,
Երեկվա իմ անմեղ, կույս մտքերը
Դարձել են անխիղճ բախտի քածը:

Ես գլուխը դեռ իմ չեմ կախել,
Էդ ամենը գրո՜ղ է, հեչ է,
Ես պատրաստ եմ էլի բղավել․
Աշխա՜րհ, հանվել եմ, լի՛ց մեջս:

Երեկվա հարվածածդ տեղերը,
Ձեռքդ դի՛ր, դու զգու՞մ ես, դեռ գոլ են,
Եթե դու էդքան առնական ես,
Ես, ուրեմն, կրքո՛տ արվամոլ եմ:

Ես դռան դեմի անտեր շունն եմ,
Դե զարկի՛ր, իմանամ, ո՜վ է տերը,
Ես սիրում եմ ծեծված էս վիճակը,
Երբ ներսիցս հորդում են տողերը:

Խենթությունս, էս ու՞ր ես

Խենթությունս, էս ու՞ր ես, քամ բեք,
Ես չեմպիոն եմ միայն իմ ոճում,
Երբ չկաս, ես երգում եմ այլ երգ,
Գայլերի օրորոցն եմ ճոճում։

Երբ չկաս, ես դառնում եմ տերև՝
Ինձ տանում են խալխի հովերը,
Ես սկսում եմ քիչ-քիչ հավանել
Ուրիշի կրակին ինձ բովելը։

Խենթությունս, էս ու՞ր ես, քամ բեք,
Ես փորձել եմ արդեն շատ դերեր,
Բայց ուզում եմ նորից բոլորին
Տանել ծովը, ծարավ հետ բերել։