Սիրտ իմ

Աչքերս են թաց, շուրթերս են դողում՝
Սիրտ իմ, քեզ նորից ցավով են բարձել,
Բանաստեղծության ամեն մի տողում
Արցունքի խեղդող կաթիլ է սառցե։

Սիրտ իմ մոլորված, սիրտ անբարեկամ,
Իմ կրծքում կռած վշտերի սրվակ,
Դժբախտ լինելու համար քեզ, ցավոք,
Պետք չէ այլևս հարմար պատրվակ։

Սոլո

Վարագույրի վարսերն է շոյում քամին,
Մելոդիկ իր վալսում տանում-բերում,
Ես մենակ եմ ու ես եմ իմ թշնամին՝
Մնացել եմ նորից իմ հին դերում:

Մոռացել են մարդիկ իմ հասցեն արդեն,
Ոչ ոք դուռն իմ այլևս չի թակում,
Ես ազատ եմ դատարկ խոսքերից, դեմքերից,
Ես ազատ եմ, միայն թե իմ վանդակում:

Ուր ամեն ինչ ծանոթ է ու անծանոթ,
Ուր անգամ հարազատն էլ ինձ խորթ է,
Որտեղ ես քամու հետ վարագույրն եմ շոյում
Ու սպասում եմ՝ ու՞ր է իմ երկրորդը:

Պապարացի

Հավատա, քեզ չի փրկի խաբելը,
Ստելը ինձ,
Ես կխառնեմ իմ բոլոր կապերը,
Կպարզեմ ամեն ինչ։

Ես կծել էի իմ ստորին շրթունքը,
Դրանից հեքիաթ էր դուրս ծորացել,
Ի պատասխան տեսա արտասուքդ…
Որքա՜ն էի ստորացել։

Իմ խաբեբա, իմ սուտասան մուսան
Նստել էր իմ վզին,
Իմ ճակատին այժմ արյունոտ մի սպի կա,
Որը նա չի լիզի։

Բայց և այնպես դու ինձ նույն դրամով
Խնդրում եմ, մի հատուցիր,
Ես կպարզեմ՝ իմ մեջ ապրում է մի թաքուն
Պապարացի։

Ես զանգեցի, ես հանգեցի

Ես զանգեցի, ես հանգեցի,
Ասացիր․ «Խի՞ չգնացիր»,
Փոխարեն ինձ դու հարցնեիր,
Թե խի չեկա։

Բայց դու այնտեղ էիր, ուր գալիս էի,
Ա՜խ, մի՞թե չես սպասում դու ինձ էլ,
Թե՞ ես տեսնում եմ մոռացում,
Իսկ այն չկա։

Ես խորացա իմ կասկածում,
Ես վախեցա՝ կմոլորվեմ,
Սովոր չեմ ես երկար ու ձիգ ճամփաների,
Ես, ինչպես հին մի հեքիաթում,
Հաց փշրեցի մտքիս ճամփին՝
Մտածելով, թե դա ինձ ետ պիտի բերի։

***

Ա՜խ, դու կորցնում ես քո թևերը,
Թափվում ես վայր փետուր-փետուր,
Դու արդեն անիմաստանում ես,
Օտարանում ես դու, կամ դուք…

Սևը մեզ մոտ մոդայիկ էր

Սևը մեզ մոտ մոդայիկ էր,
Ու գլխիս սև էր եկել,
Բախտը իմ երկերեսանի
Փորձում էր երես թեքել:

Ու դառնագույն տագնապս կույր
Հայացքն էր ինձանից փախցնում,
Կյանքն ինձ, ինչպես գրկի մանկանն,
Վշտի կրծքով էր իր սնում:

Ու թվում էր լույսը պայթյուն,
Անձրևն՝ հեղեղ, քունը՝ վախճան,
Ձեռքս ձեռքից բաց չէր թողնում
Միայն վախս անդավաճան:

Մեկն ինձ համար արճիճ թափեց.
«Չեմ նախանձում, սևդ է եկել»:
Ես ժպտացի. «Ռեխդ փակիր,
Սևն, ախր, շատ մոդայիկ է»:

Կես բերան

Կես բերան շուլուլիր մորմոքս,
Պատռվել է, սառում եմ, ցուրտ է,
Մրսեցրել եմ հենց էն մի թոքս,
Որով կյանքն էի շնչում ես թեթև։

Կես բերան աչքերիս թոզ փչիր՝
Ավելի լուսավոր է խավարը,
Թող որ ես չիմանամ, թե ինչին,
Սակայն մեկ է սկսեմ աղոթել։

Կես բերան ներարկիր հավատը,
Թե հատվում են երկու զուգահեռ,
Ես մտքում դառնամ մեր կավատը,
Չի լինում, բայց ասեմ. «Ի՞սկ եթե…»։

Թող երեսդ ինձ

Թող երեսդ ինձ, ես խոստանում եմ աստառդ չուզել,
Ու թող ինձ քո կյանք, ես խոստանում եմ գնալ վաղ թե ուշ,
Թող նայեմ միայն քո ցուցափեղկին, չմտնեմ խանութ,
Չդառնամ երբեք անիմաստ, անպետք փեշիդ կպած փուշ։

Դեգերեմ մենակ, բայց թող ինձ երբեք գրկած չտանես,
Թող քերեմ հոգուս պատերին կպած խոսքերը վերջին,
Բայց հարկադրաբար չլսես հանկարծ, լուռ ականջ չանես,
Թող շատ չլինեմ երբեք քեզ համար, թող լինեմ «ոչինչ»։

Դուք լռությունը իմ ներեք

Դուք լռությունը իմ ներեք անաղուհաց,
Օտարացրել է երևի մեզ բաժանումը,
Ես անցյալի ավերակի տակ ձեզ թողած՝
Իմ ներկայի դղյակներում կորցրել եմ քունս։

Եվ մոռացումը իմ ներեք մանուկ, անհաս,
Ա՜խ, գոնե էն սիրուն աչքերիս խաթր…
Թե չէ հոգուս, վաղուց ձեզ կորցրած,
Թվում է, թե կորցրել է իր ղսմաթը։

Մի հունվար էլ առանց ինձ

Մի հունվար էլ առանց ինձ
Ու քեզ նորից կթվա,
Թե ես եմ ձյունել շեմին։

Թե այդ ես եմ օրորում
Սառած ճյուղերը անձայն,
Պատուհանիդ նկարում
Դյութիչ պատկերներ ձմռան։

Կթվա, որ անկրակ՝
Դու ինձանից ես մրսում,
Ու բրդյա ձեռնոցներով
Իմ փաթիլներն ես որսում։

Կտխրես, անշուշտ, գիտեմ,
Ինձ ամենուր կփնտրես,
Ինչպես ես եմ ամեն օր
Պարզ իրերում գտնում քեզ։

Հույզերի անատոմիա

Խաղն էր մեր խաղացված ու հին,
Անծիր սիրո լցված կրքով,
Պահը, ինպես կավատուհի,
Ինձ վաճառեց գիշերը քո։

Եվ աչքերիս մրուրի մեջ
Դու կարդացիր մեղքեր միայն,
Դու կարդացիր դեռ չգրված
Իմ «Հույզերի անատոմիան»։

Ես լճացած քո մտքերին
Մատուցեցի սառույցով հյութ,
Ես տվեցի ցունամիներ
Քո անալյակ, աղի հոգուն։

Եվ հաշվեցիր մտահոգված.
«Խեր, շառ, Աստված»…
Խեր, շառ, էլ ի՞նչ,
Եթե արդեն, ցավոք սրտի, սիրել ես ինձ։

Դու այնտեղ մի տեղ ես

Դու այնտեղ, մի տեղ ես՝ հեռվում,
Ուր ծաղիկները անուշ սգերգով
Թաղում են իրար,
Ես այստեղ նրանց օղորմի եմ տալիս։
Դու այնտեղ ես, որտեղ
Քո ժանեկագործ անձրևանոցին
Տերևե անձրևներ են լալիս,
Որտեղ դու թեթև հպումով ճիտքի
Ոչնչացնում ես
Ասֆալտին նրբին ասեղնագործած
Պատկերն երկնքի։
Դու այնտեղ ես՝ մեռնող մշուշում,
Աշունում լալկան, տերյանյան,
Իսկ այստեղ, իմ հոգու աշունում
Սերերս են կանչում իրենց «Տեր ողորմեան»։

Եթե դու ինձ թողնես

Եթե դու ինձ թողնես անբուժելի մի վերք,
Որը ես չեմ լվա «Ռիվանոլով»,
Իմացիր՝ կթողնես մի ամբողջ տիեզերք՝
Ոչ մի խռովք։

Ու եթե շողերից կենարար արևի
Գոլորշանաս կյանքիցս կամաց-կամաց,
Միայն լույս կսփռես հոգուս ստվերոտ
Ու միգամած։

Քո ներկայությամբ ոգելից արբեցնելուց հետո,
Բացակայությամբդ բուժիչ կապաքինես,
Ու թե կարծես, որ թողեցիր ինձ միայն դառնահամ,
Չմտածես՝ կարևորը, որ միշտ իմ քիմքին ես։