Բարև, մայրիկ, եկա կրկին Ու փարվեցի քո ջերմ կրծքին, Գիտես այդժամ թվաց մի պահ, Թե աշխարհում ոչ ոք չկա Մեզնից բացի։ Իմ կարոտած հոգուն դարման Դարձավ անույշ «Բարև, բալան», Ու գրկիդ մեջ ծորաց անձայն Մի մեղեդի երջանկության Թաքուն լացի։ Դու շոյելով վարսերս շեկ՝ Շշնջացիր. «Որդիս, ներս եկ, Կարոտել էի դեմքդ լուսե, Բյուր-անհամար օր եմ սպասել Վերադարձիդ»։ Հա, ես էլ, մայր, գիտես անշուշտ, Հոգսն է պահի լափում անկուշտ Օրերը իմ ու դեռ ավաղ Շատ կլափի՝ պիտի գնամ, Եկա այցի։
Արվեստիս տունը
Ճեմենք միասին վերջերս միայն Դռները բացած արվեստիս տանը, Ուզում եմ այսօր վերջ դնել շինծու՝ Հոգուս կարծեցյալ դատարկությանը։ Ահա այս շարքում մի հին իկոնա Այնքան վաղանցյալ, ոչ վաղ անցյալից, Գուցե սրբացրած մի չար սատանա, Որ պտուղ մեկնեց ինձ կենաց ծառից։ Պրոմեթևսն, ահա, գամված ժայռերից՝ Առաջին-վերջին իր մեղքի համար, Ո՞րն էր հանցանքը՝ կրակ տա՞լը ինձ, Թե՞ որ սիրտ արեց հուրը գողանալ։ Ու հռչակավոր մի աստվածամայր՝ Վերածննդի թոհ ու բոհն անցած, Նա, որ հար հանդարտ ծովերի վրա Անհաշտ իններորդ ալիքը դարձավ։ Նաև կնճռոտ տրոլ ավանգարդ ոճի՝ Իր տգեղությամբ ինքնատիպ քանդակ, Սա էլ գործել էր մի փոքրիկ ոճիր՝ Կրում է այժմ տատասկե պսակ։ Գլուխգործո՞ց են, ասա, անպե՞տք աղբ, Սավառնա՞նք մտքի կռնատ թռչունի, Ինչ էլ մտածես գործերի մասին՝ Վարպետի համար քիչ արժեք ունի։
Արևոտ մի օր
Արևոտ մի օր եմ ես ուզում հիշել,
Երբ ալևոր թախիծն իմ թաքցրած՝
Բարևով կայտառ կդիմավորեմ
Կարևոր ու այնքան սիրելի մարդկանց:
Ապրելու համար
Ապրելու համար այս գորշ աշխարհում
Մենք մեր սեփական կյանքն ենք հնարում,
Մենք մի անձնական առասպել ունենք։
Զսպելու համար հուզմունքներն անխիղճ,
Գործում ենք միայն մի փոքրիկ ոճիր՝
Մենք մի լուռ վայրում արտասվել ունենք։
Մե՛ր խաղն ենք խաղում մենք՝
Ո՛չ սևերի, ո՛չ սպիտակների,
Ոչ թշնամուն ենք մատնացույց անում,
Ոչ ի ցույց հանում մեր ընկերներին,
Ու ցավոք սրտի, թե բախտի բերմամբ
Անտեսվել ունենք։
Մենք՝ հիմարներս,
Որ մեր սեփական եսը հորինված,
Դառն, արհամարված,
Պարգևի պես ենք Աստծուց ընդունում,
Տենչում ենք մի բան՝
Կոչվել...
Անզգուշորեն և ամենքին
O, très charmant, Որ գաղտնիքդ «միմիայն ինձ» վստահեցիր՝ Ողջ աշխարհին վստահելուց հետո միայն։ Ես շոյված եմ, Թեկուզ և դու շոյում ես շատ անզգուշորեն և ամենքին՝ Իսկական պոռնիկի նման։ Վերջապես քո այդ ժպիտը, dolce vita-ն Ափսեի վրա ինձ տալը քայլ էր հիմար, Ա՜խ, պարզապես դու չգիտես, դեռ դհաս ես, Որ երբեմն մարդիկ գիտեն չհավատալով` հավատալ, Որ երբեմն մարդիկ գիտեն խորհուրդներ տալ, Լոկ որպեսզի զգույշ հետևեն՝ Ինչպես են ազդելու դրանք, Որ երբեմն մարդիկ գիտեն խորհուրդներ տալ՝ Գերազանցությունն իրենց սեփական Ստուգելու համար։ Քեզ թվացել է, սիրելիս, Որ բավական է լինել կոկետ, Քաղցրահունչ ձայնով, Անգիր իմանալ մի քանի ճոռոմ, Կարծրատիպ դարձած արտահայտություն Եվ քեզ կսիրեն, Քեզ կհավատան։ Բայց ասացի, չէ՞, որ մարդիկ իրենց Գերազանցությունն ապացուցելով, Իրենց փորձելով են տարված, հարկավ, Իսկ դու փորձում ես դա չնկատել, Իսկ դու դեռ, ավաղ, տհաս ես, my love։
Մի դարձրու
Մի դարձրու անմեղ խոսքերը էլ մատի փաթաթան, Ու եթե սիրտս կոտրել ես, փշուրներն հավաքիր, Ես հոգնել եմ թափառել մայրամուտից լուսաբաց՝ Զզվեցրել են փողոցները էս անտեր քաղաքի։ Մի դարձրու իմ զգանցմունքները անլվա «պոլի շոր», Որ ամեն անցնող-դառնողը իր ոտքերը մաքրի, Այլ հիմար խասյաթդ անցկացրու ֆիլտրերի միջով՝ Թող դեմքիցդ մաքրվի անլրջության ապակին։ Եվ անունը մի դարձրու իմ քեզ պատվո շքանիշ, Քանի ինքդ չես դարձել դեռ իմ մարտի վետերան, Գաղափար ես սևեռուն, թե անմեկնելի ֆետիշ, Չի խուսափում նահանջելուց քո խելառ հետերան։
Քեզ չտեսնելու համար
Քեզ չտեսնելու համար
Միայն կուրանալ է պետք՝
Հեռանալը չի փրկի։
Քեզ չհիշելու համար
Միայն ուրանալ է պետք՝
Մոռանալը չի փրկի։
Թեկուզ ամեն կիրակի
Ինձ էլ ոչ ոք չի գրկի,
Հույսով չապրելու համար
Իսպառ վերանալ է պետք՝
Միայն լալը չի փրկի։
Անքնություն
Անծանոթիս կողքից, ծոցից սավանների
Դուրս է արել նորից հոգեհման,
Ճոճվում է վառ թողած միակ լույսը շենքի
Երկնքից կախված կանթեղի նման։
Եվ Ծննդյան տոնից, մինչև օրն Հարության
Ցավն, իրեն կանչելիս, բղավում է․ «Ներկա»,
Չիմացյալի հետքով թափառում է հոգիս՝
Չորս ամիս է արդեն գիշերվա գույն ներկած։
Չորս ամիս է արդեն վրձնով անքնության,
Նկարելով անշտապ նոր կնճիռներ, փոսեր՝
Ժամանակը ասես մակագրում է դեմքիս․
«Այստեղ, երբ արցունք կար, շա՜տ արցունք է հոսել»։
Եվ դարձնում է անխիղճ տիրակալն ամենի
Հինգ ժամը գիշերվա հիսունին հավասար՝
Ստիպելով երազել այն օրերի մասին,
Երբ կկոչեմ իրեն նոր անունով՝ անցյալ։
Իսկ մինչև այդ նորից ծոցից սավանների,
Ասում է՝ կհանի դեռ նույն հոգեհման…
Կճոճվի վառ թողած միակ լույսը շենքի
Երկնքից կախված կանթեղի նման։
Ռետրո պոետներին
Էլ երբեք չես երգի էքս-գուսան,
Ես ձեռքիցդ առնում եմ սազդ,
Հավաքում եմ տողերս սիրուն
Տողերիդ վրա, ինչպես փազլ։
Իմ մասին է արդեն էս կինոն,
Ցուցադրիր քո համեստ ֆլեշ-բեքը,
Ու երբ ինձ ես տեսնում պոդիումում,
Թաքցրու քո փասա-փուսեքը։
Եվ հիշիր հավերժ վիցե-հանճար
Ես գուցե եսասեր եմ ու խենթ եմ,
Բայց փոխվել են խաղի կանոնները՝
Ամեն ինչ որոշում է բրենդը։
Թե կարող ես, զբաղվիր յոգայով,
Մարզիր գերզգայուն քո նյարդերը,
Չգժվես հանկարծ աուտսայդեր,
Որ էսպես պայթեցնում եմ չարթերը։
Դու ստիպված ես լռել՝ հաղթեցի
Բախտիս հետ կնքած իմ գրազը,
Էլ երբեք չես երգի էքս-գուսան,
Ես ձեռքիցդ առնում եմ սազը։
Սև կատուն
Ամանոր էր, փորձանքը հեռու էր կարծես,
Ես քայլում էի անշտապ դեպի տուն,
Մտածում էի՝ գիշերն ինչ կինո կնայեմ,
Երբ ճամփան իմ կտրեց սև կատուն։
Շուռ եկավ ու սառեց՝ աչքերիս նայելով,
Սպասելով մինչև վախն ինձ լափի,
Սպասելով, որ հասցնեմ լիովին նվիրվել
Մոտալուտ տանջալի սարսափին։
Ու կարծես նենգ ժպտաց՝ քթի տակ մռռալով
Անողոք, չարագույժ մի անեծք,
Ձգելով շուրթերի վարագույրը դժգույն՝
Ժանիքները խայթող բեմ հանեց։
Ու գլուխը ճոճեց՝ ցույց տալով իբր ո՜չ,
Չփորձես քո ճամփան դու փոխել,
Ինչ եղել է՝ եղել է անվերադարձ,
Բախտը քոնն է, բախտից չե՜ն փախել։
Սարսափած էի, ճարս ի՞նչ էր, էլ ի՞նչ անեի,
Վախն ուժեղ է, բայց հո՞ չի փրկի,
Հուսահատ նայեցի Տեր Աստծո կողմ՝ երկինք,
Սատանու դեմ իջա այդ ծնկի։
Գրկեցի նրան պինդ ու կրծքիս սեղմեցի,
Որ զարկերը սրտի իմ լսի,
«Ի՜նչ լավ օր է, – ասի, – ինչ պուպուշն ես դու,
Շնորհավոր նոր տարիդ, փիսիկ»։
Ո՞վ եմ ես, Աստված
Ո՞վ եմ ես, Աստված,
Երբ չլինելուս համար պետք էր լոկ
300 դրամ 20 տարի առաջ։
Ինձ ծնեց գուցե մեկի ուշացած
Վայելքի լկտի անզգուշությունը,
Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ
Մեկի հարամած, խանգարված քունը։
Ոչ մեկ իմ բախտին բաժակ չշրջեց՝
Տեսնելու համար արու՛ եմ, թե՛ էգ,
Իմ էս չընդհատված անգոյությունը
Տեսնես ու՞մ էր պետք։
Ու քանի մեկը հղի էր ինձնով,
Ինձ թվում էր, թե այդ ես եմ հղի`
Չգիտեի, ախր, ինչպես բացատրել
Սրտխառնոցը իմ։
Անխուսափելի կյանքի զգացում էր,
Շտապեցրած մի քիչ, մատուցված հում-հում,
Որ աշխարհ չեկած, արդեն նկատեի`
Լացով են ծնում, լացելով ծնվում։
Ամեն մեկը իր գորշ կյանքն է ողբում,
Ամեն մեկն ունի իր սգո սյունը,
Ինձ էլ երևի բաժին է հասել
Էս աբորտ չարած դժգոհությունը։
Ո՞վ եմ ես, Աստված,
Երբ իմ լինելու համար հերիք էր
19 գրամ 20 տարի առաջ…
Շփումների կամասուտրան
Արդեն արել է «դավադիտ» Ներկայությունդ ցանկասեր Միայնությանը իմ ֆրիգիդ։ Կարծես դարձել է քոռ դրվածք` Որտեղ որ չպիտի լինես, Այնտեղ էլ, անկասկած, դու կաս։ Շրջվել մեջքով՝ Ինձանից գոհ Հորինեցի խուսափելու գերազանց դիրք։ Բայց չգիտեի՝ Դու ես գրել «Շփումների կամասուտրան»` կեղտոտ մի գիրք։
Այժմ կարդում են




