2010

Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր

Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր,
Բայց դու վաղուց ես հանել աչքերդ։

Վերելք եմ կոչում ես վայրէջքներս,
Ընկեր եմ կոչում շրջված մեջքերը,
Ժպտում եմ, երբ ինձ ժպտում են շինծու,
Ու ծիծաղում եմ, երբ ծիծաղում են՝
Հեռվից ինձ վրա մատը տնկելով։

Սեր եմ խոստանում յուրաքանչյուրին,
Ու ցանկացածին կոչում սիրելի,
Ու անծանոթին բարև եմ տալիս՝
Լավ բարեկամի նման գգվելով,
Ու երազում եմ, անվերջ լքվելով,
Թե մի օր էլ ես մեկին կլքեմ՝
Ասես դրանով վրեժ լուծելով
Ինձ լքողներից։

Ու գնում եմ ինձ զանազան շորեր,
Որպեսզի ծածկեմ տգեղությունը,
Որում ծածկվում էր իմ գեղեցիկը,
Իմ վճռականը,
Իմ միայնակը,
Իմ անհեթեթը,
Ու քո սիրելին,
Որին ճիշտ սիրել դու գիտեիր միայն։

Որին դու գիտեիր հասկանալ միայն,
Ու անսահմանի սահմանը թաքուն մատնացույց անել,
Որ չկործանվեմ,
Չտգեղանամ,
Որ մարդկայինի կեղտով չաղտոտեմ
Կենդանի՜ հոգիս։
Որ անկշտությամբ կյանքը մակարդեմ
Իմ է՜ն մի թոքին, որը սիրում էիր…
Ու առանց որի փոխում ենք մեր հի՜ն,
Մեր անգիր արած դերերը հիմա
Ես ու էն անտեր դիմանկարը,
Որը պահում եմ փակ կողպեքի տակ։

Ես եմ կործանվում։

Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր,
Բայց դու վաղուց ես հանել աչքերդ,
Բայց դու պաշտում ես կործանումը իմ,
Բայց դու շնչում ես իմ արտաշնչած
Օդը թունավոր,
Բայց դու քայլում ես ինձանից հետո
Արդեն ավիրված արահետներով,
Դու տաքացնում ես մատներդ սառած
Իմ կես-հավատի՝ մեկ քառորդ Աստծո
Պատրույգի վերջին միլիմետրերի
Մարմանդ կրակին,
Բայց դու ապրում ես ոչ այն պատճառով,
Որ քեզ կենսապես պետք է ապրելը,
Այլ որ զուգակցես իմ նմանապես անպետք ապրումին։

Այլապես արդեն դու կծիծաղեիր,
Ու ես ամոթից նորից կկախեի
Պատուհանիցս հանա՜ծ, շպարտա՜ծ
Վարագույրը իմ…

Դօրիան. հանելու՞կ, թե՞ իրական անձ

16 ապրիլի 2010, «Անկախ» շաբաթաթերթ #12 (36)

Համացանցում լավ հայտնի Դօրիանը օրեր առաջ ինքնակամ փակել է Ֆեյսբուքի իր էջը: Այդ լուրը շատ արագ տարածվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ուր նա շատ ակտիվ օնլայն կյանք էր վարում:

Նրա ընկերներից Զարուհի Բաթոյանն ասում է, որ շատ արագ նկատեց Դօրիանի բացակայությունը, որովհետև գրառումներ չէր անում: «Տխրեցի ու մի քիչ էլ չեմ հավատում, որ էլ էջ չի բացելու, – ասում է Զարուհին, – ես նրան որպես մարդ հավանում եմ, սիրում եմ, բայց շատ հաճախ նրա հղումներն ինձ նյարդայնացնում էին, երբ ամեն ինչ ոչ թե իրավունքների պաշտպանության է վերածվում, այլ քարոզարշավի»:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Մարդիկ

Մարդի՜կ, մարդիկ նայեք՝ տեսեք, ես արտասվել եմ,
Ես հայհոյել եմ լավը իմ բախտի,
Դրսում ու առավել ներսումս սաղ թարսվել է,
Նայեք, ուրախացեք հիմար մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ տեսեք՝ զգացեք, ես կոտրվել եմ,
Ես վաճառել եմ տեղը իմ պատվի,
Հանձնել, որ կառուցեն այնտեղ բամբասանքները
Իրենց՝ ցրվեն փոքր ինչ պարապ մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ զգացեք՝ լսեք խղճիս ճիչերը՝
Փորձում եմ բռնել սանձն ինքս իմ կամքի,
Ես ամպերից օրեր առաջ թողել, իջել եմ,
Երկրից եմ պատրաստվում իջնել, չկամ մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ լսեք՝ լռեք, արդեն սպառվել եմ,
Հոգնել եղունգներով կառչել կյանքից,
Շտապեք գնել, քանի դեռ չեն սպառվել տոմսերը
Իմ շոու-թաղումի, դատարկ մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ լռեք՝ մարսեք բոլոր ստերս,
Ձեր ցավը թող մեղմվի իմ “ցավերից”
Էլ չեմ պատմի երբեք ես ձեզ իմ սերը… սե՜րս,
Ու ոնց եմ երջանիկ, դժբախտ մարդիկ։

Քո հանկարծահաս գոյությունը մեղկ

Ես շոշափում եմ՝ աչքերս փակած,
Քո հանկարծահաս գոյությունը մեղկ,
Ու լուսացնում են իմ փողոցների
Մթությունը քոռ լապտերներդ շեկ։

Դեռ թմրությունն է իր զգացնել տալիս
Ներկայությանդ վերջին ասեղը,
Երանի աշխարհը մի պահ լռեր
Ու թողներ լսեի սրտիդ բասերը։

Անիծեի արդեն որերորդ անգամ
Հոգիս տրտմեցրած մենությունս կենտ,
Եվ հանգիստ խղճով, առանց ծամելու
Քո տեղը կուլ տայի ամոթի թիքեդ։

Սոլո

Վարագույրի վարսերն է շոյում քամին,
Մելոդիկ իր վալսում տանում-բերում,
Ես մենակ եմ ու ես եմ իմ թշնամին՝
Մնացել եմ նորից իմ հին դերում:

Մոռացել են մարդիկ իմ հասցեն արդեն,
Ոչ ոք դուռն իմ այլևս չի թակում,
Ես ազատ եմ դատարկ խոսքերից, դեմքերից,
Ես ազատ եմ, միայն թե իմ վանդակում:

Ուր ամեն ինչ ծանոթ է ու անծանոթ,
Ուր անգամ հարազատն էլ ինձ խորթ է,
Որտեղ ես քամու հետ վարագույրն եմ շոյում
Ու սպասում եմ՝ ու՞ր է իմ երկրորդը:

Թող երեսդ ինձ

Թող երեսդ ինձ, ես խոստանում եմ աստառդ չուզել,
Ու թող ինձ քո կյանք, ես խոստանում եմ գնալ վաղ թե ուշ,
Թող նայեմ միայն քո ցուցափեղկին, չմտնեմ խանութ,
Չդառնամ երբեք անիմաստ, անպետք փեշիդ կպած փուշ։

Դեգերեմ մենակ, բայց թող ինձ երբեք գրկած չտանես,
Թող քերեմ հոգուս պատերին կպած խոսքերը վերջին,
Բայց հարկադրաբար չլսես հանկարծ, լուռ ականջ չանես,
Թող շատ չլինեմ երբեք քեզ համար, թող լինեմ «ոչինչ»։

Ափիոնե

Չլքես,
Չթողնես ինձ թեկուզ մի պահ,
Ափիոնե
Գոյությանդ դադար չտաս…

Ես ճախրում եմ արդեն պոկվելով երկրից,
Ես ապրում եմ արդեն հաշվելով զանգերդ,
Չզրկես ինձ հանկարծ հուսալու մեղքից,
Որ անվերջ լսելու եմ սրտիդ զարկերը։

Ես ժպտում եմ արդեն գիշերվա դեմքին,
Զզվեցրած անկողնում նկարում պատկերդ,
Եթե չեմ տեսնելու քեզ երբեք կողքիս,
Ինձ կասես նախորոք, որ հանեմ աչքերս։

Ես խառնում եմ արդեն քնել-զարթնելը,
Ճմրթում եմ այսօրս, սպասում եմ վաղվան,
Եթե վաղը չկա, զգուշացրու ինձ, սերս,
Որ սկսեմ հորինել մեղեդին իմ թաղման։

Ես քայլում եմ այնտեղ, որտեղ զգում եմ սերդ,
Ես նայում եմ այնտեղ, ուր նայում ես դու,
Ինքնասպան են լինում միմիայն թույլերը,
Չլքես ինձ հանկարծ՝ ես մանկուց եմ թույլ։

Ափիոնե
Գոյությանդ դադար չտաս,
Չլքես,
Չթողնես ինձ թեկուզ մի պահ…

Ներսոլոգ

Ներսս ցավում ա, իմ ներսոլոգ,
Ո՞րն ա դեղս,
Քայքայվել եմ,
Չարորակ ուռուցք ա բուսնել տեղս։

Բախտի տվածը էլ չեմ ուզում՝
Բախտից խլածն ա ինձ պետք,
Սիրուն «յառլիկովը» քեզ ըլնի,
Խալխի չլածն ա ինձ պետք։

Քոքը տվել եմ, իմ փայտահատ,
Հոգուս կեսի,
Դրսից ջահել,
Ալևոր եմ արդեն դառել ներսից։

Ճակատիս գրածն էլ չեմ ուզում,
Ջրի բերածն ա ինձ պետք,
Ինձ սիրող մարդու սերը սպանի,
Ուրիշի սիրածն ա ինձ պետք։

Մեղքս գալիս եմ, իմ խղճաբույժ,
Վերքս փակիր,
Ձեռքս կոտրել եմ,
Դու քո ձեռքով թույնս սարքիր։

Գրողների միությունն առանց ընթերցողների և եվրոպական թութակը. ժամանակակից հայ գրականության մասին

02 հոկտեմբերի 2010, REGNUM

Կարծրատիպեր

Հետխորհրդային ժամանակներում Հայաստանում բավականին տարածված է այն հարցը, թե ինչու է հասարակությունը գրեթե դադարել հետաքրքրվել ժամանակակից գեղարվեստական գրականությամբ և դրա հեղինակներով։ Այս թեմայով իրենց պարտքն են համարել հրապարակայնորեն արտահայտվել գրեթե բոլոր գրողները, ովքեր այս կամ այն չափով հասանելիություն ունեն զանգվածային լրատվության միջոցներին։

REGNUM լրատվական գործակալությունը հարցրել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետների 20 ուսանողների, թե հայաստանցի Ժամանակակից գրողներից ով է նրանց հայտնի։ Կարծում ենք, ընթերցողները կարող են հեշտությամբ կանխատեսել հարցման արդյունքները, բայց դրա մասին կխոսենք ավելի ուշ, իսկ առայժմ փորձենք պարզել, թե ովքեր են նրանք, այդ…

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ