Խենթությունս, էս ու՞ր ես

Խենթությունս, էս ու՞ր ես, քամ բեք,
Ես չեմպիոն եմ միայն իմ ոճում,
Երբ չկաս, ես երգում եմ այլ երգ,
Գայլերի օրորոցն եմ ճոճում։

Երբ չկաս, ես դառնում եմ տերև՝
Ինձ տանում են խալխի հովերը,
Ես սկսում եմ քիչ-քիչ հավանել
Ուրիշի կրակին ինձ բովելը։

Խենթությունս, էս ու՞ր ես, քամ բեք,
Ես փորձել եմ արդեն շատ դերեր,
Բայց ուզում եմ նորից բոլորին
Տանել ծովը, ծարավ հետ բերել։
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է գրող Դօրիանը։ Ստեղծագործությունը տարածելիս՝ պարտադիր պետք է նշել նաև հեղինակի անունը։ Դօրիանի գրքերը կարող եք գտնել այստեղ, իսկ ստեղծագործությունների ամբողջական ցանկն՝ այստեղ։