fbpx

2020

Կենտրոնանալ

Լռությունն իր կտրուկ շեշտը դրել է,
Լցրել սենյակս երգերով իր լալ,
Բայց, Տեր իմ, ինչ հեշտ է գրքեր գրելը,
Ու որքան դժվար է կենտրոնանալ։

Երբ հոգսն է հոգած, ու ժամն է պարապ,
Ու միտքդ խառնող էլ ոչինչ չկա,
Ծնվում է կարծես մի նո՛ր գործ չարած,
Չի գործում ինչ-որ հյուսվածք կամ մկան։

Սկսում է ասես միլիոն միջատ
Երգեր տարաձայն բզզալ քո ներսում,
Աստծո շալակից՝ աստղերից իջած,
Ինքդ քեզանից տող ես աղերսում։

Ու գլխիդ տալիս, ախր քիչ առաջ
Թվաց՝ ուշագրավ բան եկավ մտքիս…
Որոշում թողնել գրողի տարած
Քաղաքն ու փախչել հեռու աղմուկից։

Հեռու պահանջից ու կատարումից,
Ու արարումից հեռու ամենայն,
Ու շնչավորից, որ կապում է ինձ
Սարերից։ Դեպի հեռուն ամենա։

Հուսալով՝ գուցե մենության գրկում,
Հաջողվի ցրված մտքի վերջը տալ,
Ազատվել հազար խոհից կողմնակի,
Եվ կենտրոնանալ, և կենտրոնանալ։

Ես սև

Հենց այսօր էլ հարմար է, ձմեռ,
Քեզ սպասում եմ, թրմել եմ ցավս,
Արի հետս նստիր, լռենք,
Ես դեռ նույն եմ, դու՞ ոնց ես, լա՞վ ես։

Դու դեռ ցու՞րտ ես, դեռ չո՞ր ես, սպիտա՞կ ես,
Ոնց գիտես՝ ես մնում եմ սև,
Շփոթված դեռ սգում ու սիրում եմ,
Ու հղկում եմ տողերս տձև։

Ամենքին դեռ էլի հավատում եմ,
Նվիրվում եմ դյուրին ամենքին,
Ամենքի մեջ դարձյալ որոնում եմ
Ամենքից տարբեր այն մեկին։

Ոչ ցավից անցյալի խրատվում եմ,
Ոչ փորձում եմ փախչել անցյալից,
Անցորդով առաջին փարատում եմ
Մենությունս՝ դեռ ան-ցանկալի։

Ու դեռ սիրտը հազիվ եմ սանձում իմ,
Դեռ կորցնում եմ թիկունք ու թև,
Երանի տալիս քեզ, որ սպիտակ ես,
Ու մնում եմ, ինչպես միշտ, սև։

Չչարանալ

Քեզ մե՛կը ցավ պատճառեց՝ բոլորը չէ,
Մե՛կը դավաճանեց, մյու՛սը խաբեց,
Մե՛կն արեց թևաթավ. փորձիր թռչել՝
Փորձի՛ր չչարանալ մարդկանց հանդեպ։

Օրերն էլ մեզ պիտի դավաճանեն,
Սպառվեն՝ վերածվելով հուշի անդեմ,
Վախը մահվան երբ կգա դռան դեմ,
Փորձի՛ր չչարանալ կյանքի հանդեպ։

Սակավությունը կաշկանդող զգալով ցածի՝
Շուքին Ողորմածի պետք չէ խանդել,
Սիրտդ բա՛ց ընդունիր ընծան հացի,
Փորձի՛ր չչարանալ Աստծո հանդեպ։

Ու թե քեզ հալածի ցավը բաց թողածի,
Ու թե կարծես աշխարհը այս բանտ է,
Թույլ լինելու, նվիրվելու և խաբվելու համար
Փորձի՛ր չչարանալ և քո՛ հանդեպ։

Կրկին արթուն եմ, ընկեր

Ես կրկին արթուն եմ, ընկեր,
Ես անքուն եմ կրկին, սիրելիս,
Ու նորից քո հայացքն եմ հիշել,
Քո հայացքն՝ այստեղից գնալիս։

Ու դարձել եմ դատարկ կաղապար,
Ու լացում է մի բան իմ ներսում,
Իմ սենյակն է կարգին ջեռուցվում,
Իսկ ես միայնակ՝ մրսում։

Մեր օրերն եմ հիշում երջանիկ,
Այդ օրերն եմ հիմա կարոտում,
Ու սպասում՝ հուսալով, այն ժամին,
Երբ պիտի դառնաս նորից տուն։

Հեռացող կյանքը

Ես զգում եմ ինձնից դանդաղ ծորացող,
Հեռացող կյանքը՝
Տառապանքների
Անսահման հեռու
Հանգուցալուծում։

Եվ հանգստության իմ հին տենչանքը
Իրականություն դառանալու անգամ
Հույս չի ներշնչում։

Ա՜խ, երբ հաճախ են
Չար, բութ խոսքերով մարդիկ հարվածում,
Ուզում եմ արա՛գ գոլորշիանա
Անոթներումս լալագին հոսող
Եռացող կյանքը,
Հեռացող կյանքը։

Լուրեր

Չարչիները, հոգիս, մեզ խաբում են,
Համոզում, թե կյանքն է մազից կախված,
Հուսահատները, պարզ է, շտապում են՝
Կատարում գնումներ չմտածված։

Հուսահատները անվերջ վատնում են,
Հուսահատները չեն սպասում վաղվան,
Նրանց լռիկ-մնջիկ ուղեկցում է
Ոչ միտքը, ոչ սիրտը՝ վախը մահվան։

Երբ հուսահատ չկա, բուրդ է բանը
Չարչիների՝ վախուց նեռին ծախված,
Սրանք մոլորեցնում, համոզում են,
Իբր թե մեր կյանքն է մազից կախված։

Իսկ դու եղիր ուշիմ՝ մի հավատա,
Աշխարհն են ողջ սրանք պղծում, կեղծում,
Ականջ արա դու ինձ, կամ ինձպես,
Ով բարին է ստեղծում՝ բանաստեղծում։

Էկրաններից երբեմն կտրվիր,
Ունկնդրելու համար մեզ մոտ արի
«Լուրեր այն մեքենաների մասին,
Որոնք չեն ենթարկվել դեռ վթարի»։

Ես մի ջահել ինքնասպան էի

Ես մի ջահել ինքնասպան էի քո երազում,
Եվ ինձ գողտրիկ գերեզման էր սազում
Ուռենու ստվերի տակ։

Բայց դու որոշեցիր
Հորինել ինձ համար
Գերեզման էլիտար՝
Մարմարե սալիկով,
Չքնաղ լուսաբացով
Եվ էլիտար լացով
Ամեն չորեքշաբթի,
Ժամը չորսին։

Ինձ ստվերնե՜րը պատմեցին քո մասին,
Ես տարված էի վաղուց Աստված գիտե՝ ինչով,
Աշխարհի ողջ հոգսից թաքստոց փնտրելով՝
Անցնում էի մթության ու խավարի միջով։

Պարանը, հիշիր,
Ինքս էի մոմել,
Քո՛ միակ մեղքը
Աթոռը ոտքիս
Տակից հանել էր:

Սպանելը ինձ քո
ձեռքի գործը չէ,
դու չես դա արել։

Պետք չէ զղջալու
գործում ջանքերը
գերակատարել։

Ապրելու համար

Ապրելու համար այս գորշ աշխարհում
Մենք մեր սեփական կյանքն ենք հնարում,
Մենք մի անձնական առասպել ունենք։

Զսպելու համար հուզմունքներն անխիղճ,
Գործում ենք միայն մի փոքրիկ ոճիր՝
Մենք մի լուռ վայրում արտասվել ունենք։

Մե՛ր խաղն ենք խաղում մենք՝
Ո՛չ սևերի, ո՛չ սպիտակների,
Ոչ թշնամուն ենք մատնացույց անում,
Ոչ ի ցույց հանում մեր ընկերներին,
Ու ցավոք սրտի, թե բախտի բերմամբ
Անտեսվել ունենք։

Մենք՝ հիմարներս,
Որ մեր սեփական եսը հորինված,
Դառն, արհամարված,
Պարգևի պես ենք Աստծուց ընդունում,
Տենչում ենք մի բան՝
Կոչվել...

Անզգուշորեն և ամենքին

O, très charmant,
Որ գաղտնիքդ «միմիայն ինձ» վստահեցիր՝
Ողջ աշխարհին վստահելուց հետո միայն։

Ես շոյված եմ,
Թեկուզ և դու շոյում ես շատ անզգուշորեն և ամենքին՝
Իսկական պոռնիկի նման։

Վերջապես քո այդ ժպիտը, dolce vita-ն
Ափսեի վրա ինձ տալը քայլ էր հիմար,
Ա՜խ, պարզապես դու չգիտես, դեռ դհաս ես,
Որ երբեմն մարդիկ գիտեն չհավատալով` հավատալ,
Որ երբեմն մարդիկ գիտեն խորհուրդներ տալ,
Լոկ որպեսզի զգույշ հետևեն՝
Ինչպես են ազդելու դրանք,
Որ երբեմն մարդիկ գիտեն խորհուրդներ տալ՝
Գերազանցությունն իրենց սեփական
Ստուգելու համար։

Քեզ թվացել է, սիրելիս,
Որ բավական է լինել կոկետ,
Քաղցրահունչ ձայնով,
Անգիր իմանալ մի քանի ճոռոմ,
Կարծրատիպ դարձած արտահայտություն
Եվ քեզ կսիրեն,
Քեզ կհավատան։

Բայց ասացի, չէ՞, որ մարդիկ իրենց
Գերազանցությունն ապացուցելով,
Իրենց փորձելով են տարված, հարկավ,
Իսկ դու փորձում ես դա չնկատել,
Իսկ դու դեռ, ավաղ, տհաս ես, my love։

Անընկերակից

Օրս է տխուր, անընկերակից,
Վիճակս մորթած քաշում եմ շշին,
Ու՞ր ես զվռնում, կյանքիս ուղեկից,
Սրտիս հերպեսին դիր կազդուրիչ շիբ։

Էդ ո՞վ պիտի քեզ հորիներ, աղջիկ,
Որ մինչև հիմա դեռ չի հորինել,
Մի՞թե պոեմը կյանքիդ չգրված
Ինձ հակառակվող սև գրողինն է։

Իզուր են մի՞թե իմ մատաղ արած
Տողերն ու օրերն այն մեծաքանակ,
Որ Աստված տեսավ, ծիծաղեց վրաս,
Մատաղս չառավ։

Դու կաս, կամ չկաս, կգաս, կամ չես գա,
Դու ինքդ քեզ ես միշտ էլ հակասում,
Ես իմ հորինած հին կայարանում
Գալուստիդ մետրոն եմ նստած սպասում։

Ու տապակվելով սեփական խելքից
Հին միայնության հավերժ թարմ դարդում,
Ինքս ինձ խոստանում՝ հուսահատվելով,
Նվիրվել սիրուն մի տղամարդու։