fbpx

Ես, գիտե՞ս, գիտեմ

Դօրիանի «Ես, գիտե՞ս, գիտեմ» բանաստեղծությունը։ Black question mark pazzle on a yellow background.

Ես, գիտե՞ս, գիտեմ
Կուրորեն հավատալ մեկին՝
Չմոռանալով կասկածները իմ։

Ես, գիտե՞ս, գիտեմ
Արժանիքներից շինել պատվանդան,
Բայց աններելի թերությունների համար
Անդունդը նետել։

Ես, գիտե՞ս, գիտեմ
Սիրելիների պատկերի առաջ
Ծնկած աղոթել,
Բայց ոճիրների համար նույն սիրով
Բանտարկել գիտեմ, շանթարկել գիտեմ։

Գիտեմ քողարկել իմ իմացածը
Եվ մեծարելով մեծարել միայն՝
Տեսնելով և այն,
Որ մեծարանքի արժանիք չկա։

Չգիտեմ միայն, թերևս, մի բան՝
Քեզ դատել, ատել,
Թերություններդ անգամ նկատել։

Ա՜խ, ես չգիտեմ քեզ հետ իմանալ
Ողջ իմացածս՝
Նորս, անցածս…

Դառնում են կողքիդ
Հարցի պատասխան
«Արդյո՞ք»-ն ու «մի՞թե»-ն,
Քեզ հետ ես
Հաստա՛տ
Ոչինչ չգիտեմ։

🔥 Նորությունները տեսնելու համար սեղմեք  այստեղ