fbpx

Չափածո

Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։

Սատանան

Այնտեղ, ուր սիրում էինք մենք,
Ուր մեր սիրտն էր մեզ տանում,
Բիրտ սատանան էր ապրում
Ու սատանիկներ ծնում։

Մինչ մենք լողում էինք անմեղ
Մեր երազների ձորում,
Չարը հալչում էր սարում
Ու դեպի գետակ ծորում։

Ու մի օր էլ բույն դրեց
Քո հախճապակե սրտում,
Դարձար սառցե արձանիկ
Իմ արևոտ դրախտում։

Դարձար անսիրտ, անզգացմունք,
Բայց չկորցրի հույսս ես,
Է՛լ ավելի սիրեցի,
Եվ չարն հուսահատ հանձնվեց։

Պատռեց կաշին, քայքայվեց,
Դարձավ անմարմին, անդեմք,
Լքեց վայրերը գողտրիկ,
Ուր իրար սիրում էինք մենք։

Ներիր

Ներիր, սխալ եմ, գիտեմ,
Իզուր երեկ տաքացա,
Ասածներիս իմաստը
Ինքս էլ չհասկացա։

Ներիր, հիմար եմ գիտեմ,
Իզուր վրադ գոռացի,
Ներիր, ներիր, խնդրում եմ,
Այլևս մի բարկացիր։

Կորած ցնորք

Կորած ցնորք, ցնդած կորուստ,
Խիզախ վախկոտ, աղքատ հարուստ,
Չքնաղ տգեղ, խելոք հիմար,
Բարի հրեշ, հլու լաչառ։

Ինչ դիմակ էլ, որ դու դնես,
Միևնույնն է նույնն ես ներքուստ
Ու ինձ համար մնում ես միշտ
Կորած ցնորդ, ցնդած կորուստ։

Ով ես դու

Ո՞վ ես դու։
– Չքնաղ երազ՝
Կյանքիդ պես բարդ,
Հոգուդ պես պարզ։

Ինչու՞ եկար։
– Որ ինձ սիրես՝
Փոթորիկի նման կրքոտ,
Կամ քնքուշ՝ մեղմիկ քամու պես։

Ե՞րբ կգնաս։
– Երբ դու մեռնես՝
Բուգերի պես անմահ դառնաս,
Կամ անցողիկ՝ մեր սիրո պես։

Երկիրը կառնի

Գլխիս տատասկե պսակ է,
Ոտքերիս տակ՝ այրվող ածուխ,
Հոգիս անդունդ է՝ դատարկ է։

Շուրջ բոլորս դաժանություն․
Ապրելն իսկ ինձ համար լավ է,
Իսկ լավ ապրելը՝ ճոխություն։

Վայկյաններն են անգամ անվերջ․
Հիմա կյանքս ձեռքիս մեջ է,
Ձեռքերս՝ կապանքների մեջ։

Տեղ չկա՝ հոգիս սավառնի․
Որքան երկինքը կյանք տվեց,
Նույնքան երկիրը այս կառնի։

Նամակ

Հիմա հեռվից եմ գրում,
Հիշում եմ քեզ, կարոտում,
Նույն իսկ տեսնում երազում
Ու քո մասին երազում։

Հիշում օրերի մասին,
Որ ապրեցինք միասին,
Ու տխրության շնչում
Քեզանով եմ շնչում։

Մխիթարում եմ ինձ,
Իբր կտեսնվենք դեռ,
Պատսպարվում ստում
Ու շարունակ ստում։

Եվ դու ասես, մոտիկ ես,
Թվում է կողքիս լինես
Եվ իմ հոգատար գրկում,
Երբ նկարդ եմ գրկում։

Եվ մտքում այդ նկարում
Ինձ եմ կողքիդ նկարում,
Ու ապրում քո սիրում,
Ու միայն քեզ սիրում։

Նայելով դեմքիդ

Մեռնեի երանի՝ նայելով դեմքիդ,
Հայացքդ թախծոտ սեղմեի կրծքիս
Սև վարդի նման ու հետս տանեի։

Արցունքով թրջած մի տխուր ժպիտ
Այրվող ածուխով դրոշմեի կրծքիս
Ու քո ցավը խոր ես հետս տանեի։

Անխնա ցրտից սառած մատներից
Հպումներն անույշ՝ մեղքերիս նման,
Վերջին կրակի պես հետս տանեի։

Եվ հրաժեշտից առաջ մի վերջին
Անգամ աշխարհով մեկ գոչեի, հոգիս․
– Ես տեսա դրախտ մի աստվածային…
… աչքերդ էին։

Քեզ մոտ եմ գալիս

Աշնան ևս մի առավոտ,
Կրկին քեզ մոտ եմ գալիս՝
Հայհոյելով ավտոբուսը,
Որ ինձ ճամփա չի տալիս։

Ինչ-որ մեկի պատուհանից
Իմ սիրած երգն է լսվում,
Կանգ եմ առնում այնտեղ մի պահ,
Լուռ, շշուկով արտասվում։

Մոտենում եմ այգուն ծանոթ,
Ուր շնիկիդ էինք թաղում…
Ա՜խ, երանի, երբ մանուկ էինք,
Այս այգում էինք, չէ՞, խաղում։

Նստում եմ նույն ճոճանակին,
Ուր մայրիկս էր տանում,
Ճոճանակն էլ ծերացել է՝
Արդեն հոգոց է հանում։

Եվ տերևներն ակացիայի
Լացում են անձրևի հետ,
Չեմ տխրելու, մտածում եմ,
Չեմ նայելու կրկին ետ։

Բայց նկատում եմ անուններ՝
Փորագրված ծեր ծառին,
Այստեղ է ծնվել սերը մեր՝
Սերը անմահ՝ քո ու իմ։

Ահա և դու… Վերջ երազին՝
Երեկն անցյալ է դարձել,
Պետք է մեր կյանքի օրագրում
Այսօրվա էջը բացենք։

Վիդեո-մարդիկ

Կզբոսնեիր գուցե, բայց արդեն ցուրտ է,
Ուզում ես միայն բազմոցին պառկած
Լսել գույնզգույն վիդեո-մարդկանց
Անամոթ սուտը։

Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անամոթ Սուտը։

Հանգցնես լույսը, ներս թողնես մութը,
Վերցնես մի կտոր նրբերշիկով հաց
Լսես զարդարված վիդեո-մարդկանց
Գեղեցիկ սուտը։

Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Գեղեցիկ Սուտը։

Քնելու համար չափազանց շուտ է,
Սիրտդ հուշում է՝ քիչ էլ արթուն կաց,
Լսիր դասակա՛ն վիդեո-մարդկանց
Ուղղորդող սուտը։

Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Անվերջ կրկնվող վիդեո-մարդկանց,
Ուղղորդող Սուտը։

Կզբոսնեիր գուցե, բայց արդեն ցուրտ է…

Օրոր

Վաղորդյան, ուշացած օրոր,
Հուսահատ ու դաժան ածելի,
Քնիր, որդյակ իմ, քնիր,
Քունդ անուշ թող լինի։

Գիշերով լսեցի լացը քո
Ու անզուսպ տարփանքի պահին
Քեզ մոտ սլացա հոգով՝
Համբույրներ ծախելով ուրիշին։

Առավոտը եկավ դանդաղ,
Ու ձեռքերս դողում են անվախ,
Հուսահատ ու դաժան ածելին
Քեզ օրոր է երգում, սիրելիս։

Երանի դու երեկ չլացեիր,
Երանի չզգայիր մոր պակաս,
Մեղավոր եմ, որդիս, մեղավոր,
Խնդրում եմ, որ ինձ հասկանաս։

Վաղորդյան, ուշացած օրոր,
Հուսահատ ու դաժան ածելի,
Քնիր, որդյակ իմ, քնիր,
Քունդ անուշ թող լինի։
#1 գրառում #2 գրառում #3 գրառում #4 գրառում