fbpx

14 նամակ մտացածին Լիլիթին

Նամակ 1

Ողջույն սիրելիս՝
Իմ ենթադրական,
Իմ մտացածին,
Իմ անիրական,
Առեղծվածային,
Իմ ցնորական,
Իմ ինքնահնար
Ու իմ շինծու սեր:

Այսօր ցանկացա
Ես այս անհեթեթ,
Անմիտ, անիմաստ
Նամակս գրել
Ու հնարել քեզ:

Եվ քանի որ դու
Ստեղծված չես եղել,
Չես ու չես լինի
Ինձ` մարդուս համար,
Որոշեցի քեզ
Ես Լիլիթ կոչել,
Եվ կույր հավատալ,
Որ դու անձկալի
Ու սիրելի ես,
Որ բաղձալի ես
Ու փափագելի։
Եվ որ ավելի
Հավաստի լինի
Պատմությունս այս,
Ու hարg չծագի,
Թե ինչու քեզ մոտ
Չեմ գալիս ես, այլ
Նամակ եմ գրում,
Որոշեցի, որ
Ասպրես Փարիզում,
Որ դու էլ սիրես
Ու կարոտես ինձ,
Եվ ամեն անգամ
Պատասխան գրես
Անշուք նամակիս։

Եվ այսպես, Լիլիթ,
Համբույրներս քեզ,
Դու իմ պաշտելի,
Երջանիկ երազ,
Խոստանում եմ, որ
Գրելու եմ միշտ,
Ու սպասելու եմ,
Մինչև որ դու գաս:

Նամակ 2

Բարևներով իմ ջերմ
Ու բյուր ողջույններով
Գրում եմ քեզ կրկին,
Իմ սիրելի Լիլիթ:

Ու քանի որ ամենն
Իմ այս պատմության մեջ
Ինքս եմ հոջինել,
Թող որ մարտը լինի,
Թեկուզ սեպտեմբերի
Տասնհինգն է հիմա:
Եվ մարտի կեսերին
Երևակայական
Փետրվարյան ձյունն է
Բարկ արևից հալչում:

Որոշեցի գրել,
Որովհետև վաղուց
Սիրտս քեզ չեմ բացել
Ու սեր չեմ բացատրել։
Պատել է ինձ անգութ
Ու կսկծալի կարոտ,
Լալիս եմ աղեկեզ՝
Ու ձգտում եմ քեզ մոտ,
Եվ աչքերն եմ հիշում
Քո բյուրեղյա, լազուր,

Մաքուր, վճիտ ու ջինջ,
Զուլալ ու անաղարտ,
Ինչպես խորունկ լճեր՝
Հանելուկ հատակով։
Վարսերդ ածխագույն,
Որոնք ալիք-ալիք
Իջնում էին ուսերիդ`
Անխղճորեն ծածկում
Նուրբ թովչանքը դրանց...

Կարճ ասած, չգիտեմ
էլ ինչ պատմեմ Լիլիթ,
Հոգին իմ կարևեր՝
Սպասում է նամակիդ:

Նամակ 3

Լիլիթ, ինչու՞ չես գրում
Ու պատասխան չես տալիս,
Կասկածներիս խավարում
Հիմար մտքեր են գալիս:

Ու քանի որ չգիտեմ,
Ինչպես կարող եմ հիմա
Լռությունդ բացատրել,
Որոշեցի հնարել
Մի երրորդ անձ, մի հրեշ,
Որ մխրճվեց կյանքիդ մեջ
Ու քո սիրուն հավակնեց։

Եվ մեր կյանքը վերածվեց
Մի ֆիլմի ողբերգական,
Այդ սատանու պատճառով,
Որին կկոչեմ Արման։
Ու թեկուզ անունը այդ
Գերադասում եմ իմին,
Բառարանում անձնական,
Որը նույնպես ստեղծեցի,
Թարգմանել եմ այն, որպես
Ամբարտավան ու գոռոզ,
Ինքնագոհ ու մեծամիտ,
Ինչպես ինքս եմ ասում`
Քնձռոտ ու վավաշոտ խոզ:

Ինչպես նաև ապերախտ,
Երախտամոռ, ամբարիշտ,
Արբշիռ, վարյագ ու լկտի,
Անպատկառ ու աներես,
Անպարկեշտ, անզգամ, լպիրշ:

Թեկուզ փոքր ինչ շատ եղավ
Խոսել այդ իժի մասին,
Որը կողքիդ է հաստատ`
Խառնվել է երազիս,
Ու խոսքերով կեղծավոր
Գրավել է քեզ հիմա,
Ստիպել, որ ինձ մոռանաս:

Բայց ես պիտի դեռ երկար
Պախարակեմ, ստորացնեմ,
Վարկաբեկեմ, զրպարտեմ,
Եվ պատվազրկեմ դրան,
Որ ինձ այսօր ենթարկեց
Sվայտանքների անխիղճ:

Բայց եթե դեռ հիշում ես
Դու ինձ ու խոսքերը իմ,
Եվ նամակները համեստ,
Ապա խնդրում եմ գրիր:

Նամակ 4

Լիլիթ քեզ տեսա
Երազումս ես,
Նույնքան գեղեցիկ
Ու գայթակղիչ ես,
Եվ կողքիդ չէր այն
Շողոքորթը նենգ,
Որի անունը
Չեմ ուզում նշել:

Հավատի նոր լույս
Ծագեց իմ սրտում,
Որ այդ սատանան
Հանգիստ է թողել
Ինձ ու քեզ արդեն:

Եվ ահա կրկին
Պատրաստ եմ հիմա
Դրվատել, գովել,
Փառաբանել քեզ,
Եվ ինձ պարսավել,
Քանի որ այնքան
Թուլամորթ էի ես,
Նսեմ, փոքրոգի,
Որ քեզ թողեցի
Այդքան հեռանալ։

Եվ եթե հիմա
Դժվար է գրել,
Խնդրում եմ Լիլիթ,
Շուտ վերադարձիր,
Հիշիր, որ այստեղ
Սպասում եմ ես քեզ,
Սիրուն հրեշտակ,
Անմոռաց փերի։

Նամակ 5

Մելամաղձոտ գիշեր
Երևանյան փոքրիկ
Այգիներից մեկում,

Պառկած նստարանին
Քեզ նամակ եմ գրում
Իմ պաշտելի Լիլիթ
Եվ երազում հաջորդ
Նամակներիս վրա
Այլևս չնշել
Ոչ մի անգամ՝ Փարիզ:

Չգիտեմ, թե այդտեղ
Դու ինչպես ես ապրում,
Առանց մի Հայաստան,
Առանց մի ընտանիք,
Առանց շանդ փոքրիկ
Ու նաև առանց ինձ:
Հիշու՞մ ես դու արդյոք
Մեր օրերը պայծառ,
Համբույրները թեթև,
Քնքշանքները այրող,
Թե՞ արդեն մոռացար
Այդ ամենը, ու քեզ

Նվիրեցիր միայն
Այն այլանդակ իժին,
Որին հնարեցի
Ես հատուկ քեզ համար:

Թերևս, ինչ էլ լինի,
Իմ սիրելի Լիլիթ,
Այն կհիշես միայն,
Որ եղար ինձ համար
Մի աղջնակ միամիտ՝
ժպիտով անբասիր,
Աչքերով անարատ
Ու թովիչ հայացքով:

Ու եթե որոշես
Վերադառնալ հանկարծ,
Իմաց տուր անպայման,
Հիշիր, որ սպասում եմ:

Նամակ 6

Ես չեմ կարող հաշտվել
Մենակությանս հետ,
Ես չեմ կարող հաշվել
Իմ օրերը դժբախտ,
Ուղեղումս ոչ մի
Բանաձև չեմ գտնում
Անգութ լռությունդ
Բացատրելու համար:

Գուցե իմ խենթ սերը
Ունի անհայտ արժեք,
Որը դու չգտար...

Կամ թե աբսցիզների
Առանցքում է կախված,
Ու քեզ հետ հաշտվելու
Հույսն է միակ անցնել
Իննսուն աստիճան,
Կամ թե մեր սիրո մեջ X-ը մեծ է Z-ից,
Այլ ոչ թե հավասար,
Կամ էլ գուցե Լիլիթ,
Իմ ու քո զգացմունքի
Ուղիղ անկյան միջով
Կիսորդ անցկացրեցին,
Կիսորդ, որին վաղուց
Բոլորս ենք ծանոթ:

Բայց ինչևէ Լիլիթ,
Երազում եմ ես դեռ,
Որ մեր վեկտորները
Չեն լինի զուգահեռ,
Այլ մի օր կհատվեն:

Նամակ 7

Եվս մի ողջույն, Լիլիթ,
Գուցե և վերջին անգամ,
Պարկեշտությունից դրդված
Որոշել եմ չգրել,
Որպեսզի ամեն շաբաթ,
Քեզ չանհանգստացնեմ:

Երբեք չէի ուզի թվալ
Կամազուրկ կամ փափկամիս,
Բայց, ինչպես տեսար, Լիլիթ,
Հենց այդպիսին թվացի՝
Ամեն շաբաթ գրելով,
Ու քեզնից սեր խնդրելով։

Ինչևէ, այլևս վերջ...
Ես էլ երբեք չեմ գրի,
Եվ եթե մեռնեմ նույնիսկ
Քո կարոտից տանջալի`
Ինձ կփակեմ վանդակում,
Որը հենց նոր ստեղծեցի,
Եվ վշտամեռ թռչնի պես՝
էլ երբևէ չեմ երգի։

Նամակ 8

Թեկուզ երդվել էի Լիլիթ,
Որ էլ երբեք չեմ գրի,
Չկարողացա զսպել
Սիրտս խեղդող կարոտը:

Այսօր տեսա երազում,
Ինչպես էիր այգում վազում,
Ու հետքերից ոտքերիդ
Հողը շուշան էր դառնում,
Ծաղկում, փթթում, բարձրանում,
Իր գրկի մեջ ինձ առնում,
Ու քո պատկերը Լիլիթ,
Փոխում մեկ այլ պատկերի:

Եվ այդժամ, աչքիս առաջ
Բյուր շուշաններ էին վառվում,
Կրակի քուլաները՝
Ծաղկաթերթեր դառնալով,
Այս ու այն կողմ էին թռչում
Ու կրկին կայծեր դառնում:

Չեմ հասկանում, իմ Լիլիթ,
Թե այդ ինչ գիժ երազ էր,
Վախենում եմ, որ գուցե՝
Կկորցնեմ քեզ ես, իմ սեր:

Եվ, թեկուզ, նախորդ անգամ
Վերջին նամակն էի գրում,
Այն անցյալ դարձավ արդեն`
Ես էլի եմ գրելու։

Ու թող որ լինի կողքիդ
Արման, Արթուր, թե Դավիթ,
Այնքան կգրեմ, մինչև
Դու էլ ինձ գրես Լիլիթ:

Նամակ 9

Հիշու՞մ ես երազը իմ,
Որ քեզ պատմեցի Լիլիթ,
Այն շուշանների մասին,
Որ կրակում վառվեցին:

Եվ ահա, ուրեմն հիմա
Այն կդառնա իրական՝
Ես ստեղծեցի ինձ նոր սեր,
Որի անունն է Շուշան:

Բայց դու չտխրես, Լիլիթ,
Քեզ բնավ չմոռացա,
Չնայած ամբողջովին
Շուշանի գերին դարձա:

Նրա ձեռքերը թավշե,
Ու շուրթերը մեղրածոր,
Վարսերը հրակարմիր,
Թովիչ աչքերը թախծոտ
Ինձ ստիպեցին ցնորվել
Ու ինքնամոռաց տրվել
Նրա նրբին դյութանքին:

Քաղցր ու ծորուն խոսքերով,
Ակնահաճո ժպիտով
Մոռացնել տվեց նա քեզ՝
Ինձ իր գիրկը կանչելով։
Ինձ մնում էր ենթարկվել
Նրա կանչին սիրատենչ
Ու հիմա գտել եմ ինձ
Նրա տաքուկ գրկի մեջ:

Դե ինչ, մնաս դու բարյավ,
Գուցե և կրկին գրեմ,
Իսկ գուցե և իմ հաջորդ
Երգն ուրիշին նվիրեմ:

Նամակ 10

Կիզիչ ամառ է
Իմ Երևանում,
Ախ, քանի ամիս
Ես քեզ չէի գրում,
Ու սպասում էի, որ
Գոնե դու գրես՝
Հավատալով, որ
Մոռացել եմ քեզ։

Բայց տեսնում եմ դու
Բնավ չուզեցիր
Ինձ վերադարձնել:

Գիտես, ինձ արդեն
Սկսել է թվալ,
Որ ես սխալ եմ
Պատկերդ ստեղծել:

Որ չեմ տվել քեզ
Որքան որ պետք է
Վճռականություն՝
«Այո» ասելու,
Կամ հակառակը՝
«Ոչ»-ով խեղդելու,
Սպանելու համար:

Սակայն ուշ է շատ,
Որպեսզի փոխեմ
Քեզ ու դարձնեմ
Շուշանի նման
Անբիծ, անբասիր
Ու առաքինի։

Թեկուզև ասեմ,
Սիրելի Լիլիթ,
Որ Շուշան չկա,
Որ հնարել էի
Ձևի պարագա,
Որ նման լիներ
Քո այդ Արմանին,
Ու ինչպես նա՛ ինձ,
Սա՛ էլ քեզ տանջեր։

Բայց պետք է սիրել
Տանջվելու համար,
Իսկ դու չես սիրում...
Այդպես եմ կարծում։

Իմ կսկծահալած
Սիրտը այլևս
Չի հավատալու
Ոչ մի կենդանի,
Ոչ մի անկենդան
(ինչպիսին դու ես)
Կամ մեռած կնոջ…

Նամակ 11

Չգիտեմ, ինչպես սկսեմ
Հերթական նամակս այս,
Մի տեսակ վախ է պատել
Դժբախտ սրտիս սիրահար։

Երեկ, քնելուց առաջ,
Երբ աղոթում էի Աստծուն,
Միտքս ինձանից փախավ
Ու սլացավ շատ հեռու։
Դու չես էլ պատկերացնի,
Թե մի պահ ինչ կարծեցի`
Ինձ թվաց հանկարծ, որ դու
Մահացել ես, իմ Լիլիթ,
Ու թեկուզ պատրանք էր դա,
Հերյուրանք հիմար մտքի,
Հավատացրի ինքս ինձ,
Որ դժբախտ դարձա կրկին:
Նորից հիշեցի ես քո
Կերպարը աստվածային,
Ի՛նքդ էլ գիտես, չասեմ,
Թե է՛լ ինչեր հիշեցի:

Ասել եմ ամենը քեզ
Արդեն միլիարդ անգամ,
Ու դեռ երևի կասեմ,
Եթե ստանամ պատասխան:
Բայց քանի հալածում ես
Ինձ դիվային լռությամբ,
Որոշեցի ինքս էլ
Լռել քեզ ի պատասխան,
Լռել, բայց ոչ չգրել…

Նամակ 12

Քո աչքերը խորունկ,
Վարսերդ կուպրեգույն,
Շուրթերդ վարդաբույր
Երկար եմ հիշելու։
Մարմինդ աստվածակերտ
Քանդակ է մարմարիոն,
Ձեռքերդ` փափուկ թավիշ,
Հայացքդ՝ առավոտ:
Մի խոսքով, իմ Լիլիթ,
Խոնարհվում եմ հիմա
Նրբակիրթ կերպարիդ,
Սրբությանդ առաջ:
Բայց չեմ ուզում, որ դու
Դառնաս, ինչպես այրվող
Աստվածամոր կտավ
Այդ անսիրտ հրեշի,
Ժանտ ու ժպիրհ գայլի
Սոված երախի մեջ:

Այս ամենը հիմա
Չեմ ասում նախանձից,
Եվ թող քեզ չթվամ
Քաղցրախոս, փափկաբան
Եվ խանդոտ սիրահար,
Որ ճարտար ճառերով
Փորձում է գրավել
Քո անտարբեր սիրտը։

Պարզապես ուզում եմ,
Որ լինես երջանիկ,
Եվ եթե տեսնում ես
Քեզ գազանի կողքին,
Թող այդպես էլ լինի,
էլ ոչինչ չեմ ասի:

Միայն թե, խնդրում եմ,
Գեթ մի նամակ գրիր,
Թե չես կարող սիրո,
Գոնե՝ հրաժեշտի…

Նամակ 13

Շնորհակալ եմ սեր իմ,
Վերջապես գրեցիր,
Հուսալքված սրտիս
Իր մոխրից հանելով՝
Նոր կյանք պարգևեցիր,
Ու տվեցիր թևեր,
Հուգուս նուրբ ու թեթև,
Որ հավերժ սավառնի
Նոր հույսի երկնքում։

Ու հիմա սիրում եմ
Քեզ կրկնակի ավել,
Ոչ լոկ թղթի համար,
Ուր տառեր էիր գրել,
Ու ոչ այն ծրարի,
Որ եկել է հեռվից,
Այլ քո անափ հոգու
Ու ջերմ սրտիդ համար,
Որոնք, ցավս զգալով,
Սկսել են այն ողբալ։

Ու թեկուզ նամակում
Չես գրել բաղձալի
Ու սպասելի խոստում,
Որ շուտով ետ կգաս,
Ու նույնիսկ չես նշել
Հիսուն տողից մեկում,
Որ դեռ սիրում ես ինձ,
Ինձ համար այն դարձավ
Նվերը լավագույն
Թաղմանս առիթով։

Ինձ դուր եկավ հենց այն,
Որ դու իմ աճյունին,
Որպես հարկադրված,
Գոյություն չունեցող
Հարգանքների նշան
Ծաղիկներ չդրիր,
Եվ կամ սևավորված
Գերեզմանիս չեկար,
Եվ փղձկալ ու լալով
Սերդ ցույց չտվիր,
Այլ ձեռքդ մեկնեցիր
Հրաշագործ և վեհ,
Ձայնով նրբաշշունջ
Ինձ ասելով՝ «Վեր ել»:

Եվ փրկեցիր ցավի
Հորձանուտից անվերջ՝
Գցելով տանջալի
Տարակուսանքի մեջ՝
Սիրո նշա՞ն էր դա,
Թե խղճահարություն,
Որ տվեցիր մեռած
Իմ հոգուն հարություն։

Ուզում եմ հավատալ,
Որ առաջինն է ճիշտ,
Եվ հուսամ կտեսնեմ
Քո աչքերը վճիտ,
Որոնք առանց ստի
Դեռ ինձ մի օր կասեն.
«էլի, էլի գրիր,
Հավատա, սիրում եմ»:

Բայց, քանի որ հեռու
Փարիզում ես դեռ դու,
Ինձ մնում է ապրել՝
Սպասելով քո գալուն,
Ու հիշել, թե ինչպես,
Փրկելով քաոսից,
Հանեցիր մինչ երկինք
Ձեռքերիդ վրա ինձ:

Նամակ 14

Ես դժբախտ եմ իմ Լիլիթ,
Նամակդ կորցրեցի,
էլ երբեք ինձ չեմ ների,
Որ անզգույշ գտնվեցի:

Եվ կրկին վերածվեցի
Եկեղեցու մի լքված,
Որի ներսում, խորանին
Սրբի պատկեր չի դրված,
Նման դառա մի լուսնի,
Որ արևը կորցրած,
էլ գիշերով չի փայլում,
Այլ տենչում է նետվել ցած,
Եվ առանց սլաքների
Մի ժամացույցի նման
Անպետք, անօգուտ դարձա,
Երբ քեզնից հուշ չմնաց:

Չեմ փնտրում,
Ինչպե՞ս փնտրեմ,
Երբ մեջս ուժ չմնաց,
Ճգնավորի պես նստած
Աղոթում եմ խաչն առած,
Ու վախենում, որ գուցե
Ոչ մի նամակ չի եղել,
Որ այն վերքս բուժելու
Մտացածին մի դեղ էր։

Գիտակցությանս ներսում
Մի անզիջում պայքար է՝
Ե՞ս եմ արդյոք ցնորված,
Թե՞, ցնորք է աշխարհը:

Ինչ էլ լինի իմ Լիլիթ
Կուրորեն կհավատամ,
Թե որ դու ես իրական,
Ես՝ ամենևին չկամ:

Եվ հենց այդ պատճառով է,
Որ նամակները իմ բյուր
Չեն հասել քեզ ու երբեք
Երևի չեն հասնելու:

Թեկուզ, սպասիր, տեսնում եմ
Մի թղթիկ բազմոցի տակ…
Տեսնես ի՞նչ է՝ դեղնած թե՞րթ,
Կամ թե՞ կորցրած նամակ:
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։