Լռությունն իր կտրուկ շեշտը դրել է, Լցրել սենյակս երգերով իր լալ, Բայց, Տեր իմ, ինչ հեշտ է գրքեր գրելը, Ու որքան դժվար է կենտրոնանալ։ Երբ հոգսն է հոգած, ու ժամն է պարապ, Ու միտքդ խառնող էլ ոչինչ չկա, Ծնվում է կարծես մի նո՛ր գործ չարած, Չի գործում ինչ-որ հյուսվածք կամ մկան։ Սկսում է ասես միլիոն միջատ Երգեր տարաձայն բզզալ քո ներսում, Աստծո շալակից՝ աստղերից իջած, Ինքդ քեզանից տող ես աղերսում։ Ու գլխիդ տալիս, ախր քիչ առաջ Թվաց՝ ուշագրավ բան եկավ մտքիս… Որոշում թողնել գրողի տարած Քաղաքն ու փախչել հեռու աղմուկից։ Հեռու պահանջից ու կատարումից, Ու արարումից հեռու ամենայն, Ու շնչավորից, որ կապում է ինձ Սարերից։ Դեպի հեռուն ամենա։ Հուսալով՝ գուցե մենության գրկում, Հաջողվի ցրված մտքի վերջը տալ, Ազատվել հազար խոհից կողմնակի, Եվ կենտրոնանալ, և կենտրոնանալ։
Չափածո
Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։
Քաղաք
Չեկար, արդեն գնում եմ, սպառել եմ սև-հեղուկս, Գիտեմ, մի օր ասել ես՝ հասնեմ, գրեմ նամակ, Չեկար, դե խոստանում եմ ջնջել մտքիցս անունդ, Չեկար ու արժանի չես, խալխի հովի քաղաք։ Նեղված քեզ անիծում եմ, կորցնում նյարդերից քունս, Երնեկ լիներ անեծքս՝ մնայիր դու անզավակ, Շրջեիր այգուց այգի ու փնտրեիր օտար որդոց մեջ Կորցրած հարազատին քո, ծեր ու մենակ քաղաք։
Կարոտ
Երբ մի լուռ գիշեր աչքերդ փակես Եվ ակամայից թռչես, գաս ինձ մոտ` Կոչիր դա կարոտ․․․ Կամ եթե մի օր հարազատ մեկի Անունն իմ անվան հետ դու շփոթես` Կարոտ կկոչես․․․ Ու եթե տխրես` տեսնելով մեկին Տողեր գրելիս պատուհանի մոտ, Նորից ու նորից կոչիր դա կարոտ, Կանչիր, կլսեմ, թեկուզ հեռու եմ․․․ Ձայնը քո թախծոտ կկոչեմ կարոտ։
Հեռացիր
Ինձ ասա, էլ ինչի՞ն ես սպասում, Երբ խոսքերդ արդեն չեն սփոփում, Հեռացի՛ր, մոռացի՛ր, չտանջես, Խնայիր նուրբ լարերը հոգուս։ Քեզ հետ օրը թվում է տարի, Օրը բարդ է թվում, անխնա, Թե ինչու ես այդքան անարի Հավաքիր քեզ, խնդրում եմ, գնա։ Երբ մեղքերդ արդեն չես քավի, Ընդունիր, ձախողվել ես, ուստի, Ես այսքան դիմացել եմ ցավին, Դիմանամ գուցե և կորուստիդ։ Գուցե երբ չավիրես ամեն ինչ, Քեզանից գոնե հուշ կփրկվի, Կմնա ջերմություն ինչ-որ ջինջ, Հավաքիր քեզ, միայն թե, չքվիր։ Հրաշքի ես արդեն չեմ սպասում, Ու խոսքերդ արդեն չեն սփոփում, Հեռացի՛ր, մոռացի՛ր, չտանջես, Խնայիր նուրբ լարերը հոգուս։
Օրը փոխել
Ես օրը, ափսոս, փոխել չգիտեմ՝ Ոչ ձգել, ոչ էլ կարճացնել՝ անցնի, Մի կախարդական տող էլ չգիտեմ, Թե վատ օրերը լավ օրեր դարձնի։ Ինձ հայտնի է սոսկ հաջորդությունը՝ Օր ուրախության և օր սգալու, Ու որ սև դառած, արցունքով թրջած Օրվանից հետո լավ օր է գալու։