Հեշտ չեն գտնում մուսաներին՝ Կորցնում են դյուրին, Խեղդում մտքերի հորձանքում Շքեղ féerie-ն։ Ապրում կենարար ներշնչման Արբեցնող պահեր, Որոնք, պարզ է դառնում շուտով, Չէինք կարող պահել։ Գուցե մերն է սխալը հենց, Մենք ենք մեր գերին, Որ ստեղծում ենք մեր նմանից Մեր մուսաներին։
2007
Պանդուխտ եմ
Ես հիմա ոչ մեկի որդին, Ես հիմա ոչ մեկին եղբայր, Ինչպե՞ս պիտի ինձ անվանեմ, Ասա, ինչպես, Աստվածամայր։ Իմ հարազատ տանը կարոտ, Ես ի՞նչ պիտի հիմի ուխտեմ, Ես առանց սիրուն Երևան, Մի՞թե, Տիրամայր, պանդուխտ եմ։ Թե՞ ճամփորդ եմ, որովհետև Թափառելու տեղ ունեմ, Եվ է՞լ ինչպես, ասա տեսնեմ, Ինձ է՞լ ինչպես անվանեմ։ Ես հիմա ոչ մեկի որդին, Ես հիմա ոչ մեկին եղբայր, Ոչ օտար եմ, ոչ՝ յուրային, Ո՞վ եմ ասա, Աստվածամայր։
Հեռացող կյանքը
Ես զգում եմ ինձնից դանդաղ ծորացող, Հեռացող կյանքը՝ Տառապանքների Անսահման հեռու Հանգուցալուծում։ Եվ հանգստության իմ հին տենչանքը Իրականություն դառանալու անգամ Հույս չի ներշնչում։ Ա՜խ, երբ հաճախ են Չար, բութ խոսքերով մարդիկ հարվածում, Ուզում եմ արա՛գ գոլորշիանա Անոթներումս լալագին հոսող Եռացող կյանքը, Հեռացող կյանքը։
Մի ձեռք
Մենք ապրում ենք վաղուց,
Բայց չենք էլ ապրում դեռ,
Երբ չգտած մեկին
Շտապում ենք բաց թողնել։
Եվ ձեռնունայն, մենակ
Հետադարձ հայացքով
Նայել ճամփաներին,
Որոնք մենք դեռ երեկ
Անցնում էինք երկուսով,
Ու չտեսնել ոչինչ
Լապտերներից բացի,
Սիրուն, բայց մշտանինջ։
Աղոտ հիշել մեկի
Ձեռքն հոգատար ու ջերմ,
Որ ուղեկցում էր մեզ,
Ու որ կարծում էինք, թե
Միշտ պիտի ուղեկցեր։
Հիշել ու չգնել
Մեր կողքին ոչ ոքի,
Խորհել ու չստանալ
Մի հարցի պատասխան`
Մե՞նք ձեռքն այդ բաց թողինք,
Թե ամենքն է մեզ պես
Նախընտրում հեռանալ։
Մենք վաղուց ենք ապրում,
Բայց չենք կարող ապրել,
Երբ հսկա ճամփեքին
Մեզնից բացի միայն
Շարունակենք տեսնել
Լապտերներ անկենդան,
Ու կարոտել մի ձեռք։
Ես, գիտե՞ս, գիտեմ
Ես, գիտե՞ս, գիտեմ
Կուրորեն հավատալ մեկին՝
Չմոռանալով կասկածները իմ։
Ես, գիտե՞ս, գիտեմ
Արժանիքներից շինել պատվանդան,
Բայց աններելի թերությունների համար
Անդունդը նետել։
Ես, գիտե՞ս, գիտեմ
Սիրելիների պատկերի առաջ
Ծնկած աղոթել,
Բայց ոճիրների համար նույն սիրով
Բանտարկել գիտեմ, շանթարկել գիտեմ։
Գիտեմ քողարկել իմ իմացածը
Եվ մեծարելով մեծարել միայն՝
Տեսնելով և այն,
Որ մեծարանքի արժանիք չկա։
Չգիտեմ միայն, թերևս, մի բան՝
Քեզ դատել, ատել,
Թերություններդ անգամ նկատել։
Ա՜խ, ես չգիտեմ քեզ հետ իմանալ
Ողջ իմացածս՝
Նորս, անցածս…
Դառնում են կողքիդ
Հարցի պատասխան
«Արդյո՞ք»-ն ու «մի՞թե»-ն,
Քեզ հետ ես
Հաստա՛տ
Ոչինչ չգիտեմ։