Տխուր բանաստեղծություններ

Ժամանակակից հայ գրող Դօրիանի տխուր բանաստեղծությունների թվին են դասվում մի քանի տասնյակ բանաստեղծություններ՝ սիրո, բաժանումի, կարոտի և այլ թեմաներով։

Պանդուխտ եմ

Ես հիմա ոչ մեկի որդին,
Ես հիմա ոչ մեկին եղբայր,
Ինչպե՞ս պիտի ինձ անվանեմ,
Ասա, ինչպես, Աստվածամայր։

Իմ հարազատ տանը կարոտ,
Ես ի՞նչ պիտի հիմի ուխտեմ,
Ես առանց սիրուն Երևան,
Մի՞թե, Տիրամայր, պանդուխտ եմ։

Թե՞ ճամփորդ եմ, որովհետև
Թափառելու տեղ ունեմ,
Եվ է՞լ ինչպես, ասա տեսնեմ,
Ինձ է՞լ ինչպես անվանեմ։

Ես հիմա ոչ մեկի որդին,
Ես հիմա ոչ մեկին եղբայր,
Ոչ օտար եմ, ոչ՝ յուրային,
Ո՞վ եմ ասա, Աստվածամայր։

Կրկին արթուն եմ, ընկեր

Ես կրկին արթուն եմ, ընկեր,
Ես անքուն եմ կրկին, սիրելիս,
Ու նորից քո հայացքն եմ հիշել,
Քո հայացքն՝ այստեղից գնալիս։

Ու դարձել եմ դատարկ կաղապար,
Ու լացում է մի բան իմ ներսում,
Իմ սենյակն է կարգին ջեռուցվում,
Իսկ ես միայնակ՝ մրսում։

Մեր օրերն եմ հիշում երջանիկ,
Այդ օրերն եմ հիմա կարոտում,
Ու սպասում՝ հուսալով, այն ժամին,
Երբ պիտի դառնաս նորից տուն։

Հեռացող կյանքը

Ես զգում եմ ինձնից դանդաղ ծորացող,
Հեռացող կյանքը՝
Տառապանքների
Անսահման հեռու
Հանգուցալուծում։

Եվ հանգստության իմ հին տենչանքը
Իրականություն դառանալու անգամ
Հույս չի ներշնչում։

Ա՜խ, երբ հաճախ են
Չար, բութ խոսքերով մարդիկ հարվածում,
Ուզում եմ արա՛գ գոլորշիանա
Անոթներումս լալագին հոսող
Եռացող կյանքը,
Հեռացող կյանքը։

Ծաղրածու

Ծաղրածու, ցրտերը վրա հասան, 
Կրկեսը փակվեց ու մենակ ես,
Կյանքը թատրոն էր, դու` դերասան,
Իսկ ո՞վ էր, ասա, հեղինակը։

Երբ ներկերն էիր մաքրում դեմքիցդ,
Վերքերդ էիր լվում, քեզ թվաց,
Ու, ահա, մաքրվեց և ժպիտը,
Թախծոտ քո դեմքիդ նկարված։

Հիմարի պես, էլի մի անգամ,
Չարեցիր փրկվելու ոչ մի ճիգ…
Սեփական ձեռքերով` ինքնակամ,
Կտրեցիր թելերդ, խամաճիկ։

Ինչ երջանկություն

Ինչ երջանկություն.
Ես արդեն չկամ՝ միայն շնչում եմ,
Ու ընկալում եմ ինձ շրջապատող
Ոչ այնքան շատ բարդ,
Որքան անիմաստ սիլուետները։

Պատուհանից դուրս ոռնում է մի շուն,
Ես էլ նրա հետ, անկախ ինձանից ոռնում եմ, հաչում,
Եվ արկղիկի մեջ ընկած քննաբերն
Ինձ խոստանում է, որ կվերացնի
Ճամփիս պատահած բոլոր անհնար
Ու հնարավոր անջրպետները։

Եվ եթե նույնիսկ, առանց զգուշացում,
Թշվառ իմ հոգին խոցել են սիրո,
Կամ դրա նման հիմար ու սիրուն
Որևէ բանի անխիղճ նետերը`
Ինչ-որ մեկն արդեն հանել է դրանք,
Միայն նախորոք ցավազրկողի
Փրկարար դոզա ինձ ներարկելով`
Ոչինչ չեմ զգացել։

Երեկ այն տաղտուկ սիլուետներից
Մեկը ինձ ասաց, որ խոտ եմ դարձել,
Դե, բաջարեղեն…
Բան չհասկացա։

Եթե այդպես է, ինչո՞ւ այդ սոված
Բորենիները ինձ դեռ չեն կերել…
Ախ հա՜, քանի որ բորենիները
Բույսեր չեն ուտում։

Ինչ երջանկություն։