fbpx

Սիրո մասին

Քեզ եմ սպասում

Քեզ եմ սպասում
Ու չեմ լսում շուրջս ոչինչ,
Ու տեսնում եմ երազներում
Աչքերդ ջինջ։

Քեզ եմ սպասում
Ու հիշում եմ ժպիտդ լալ,
Որ ստիպում էր
Ակամայից ինձ էլ ժպտալ։

Քեզ եմ սպասում
Ու տենչում եմ կրկին խեղդվել
Քո վարսերի
Մեղմ ու զուլալ ալիքներում։

Դիպչել մաշկիդ,
Համբուրելով շուրթերդ աղի՝
Կրկին ասել,
Որ ես հավերժ քեզ եմ սպասել։

Պատրանք

Սպասում էի, բայց չեկավ,
Մրսում էի փողոցում,
Երգում էի քթիս տակ,
Քամուն նվագակցում։

Նայում էի անդադար
Դատարկ խաչմերուկին,
Փնտրում անիրական,
Մտացածին մեկին։

Հեքիաթ էի հնարում,
Պատրանքներ անիրավ
Մի աղջկա մասին,
Որ այդպես էլ չեկավ։

Քնած ես

Քնած ես արդեն մանկան պես,
Մութ է, տխուր քո սենյակում,
Միայն տատիկից մնացած
Զարդատուփն է դեռ նվագում։

Մահճակալիդ անկյունում
Կատուդ է անհոգ քնած,
Որ քիչ առաջ թաթերով
Քո վերմակն էր քաշում ցած։

Վարագույրը մետաքսե
Քամին է լուռ ծածանում,
Երազներդ, թվում է,
Շատ հեռու են քեզ տանում։

Ծաղկամանում երեկվա
Ծաղիկներն են դեռ թոշնած...
Շուտով լույսը կբացվի՝
Պատուհանից իջնեմ ցած։

Հանդիպում

Իմ լալագին տողերին
Պատասխան գրող փերի,
Սպասում եմ, մինչև ճամփան
Քեզ նորից ինձ մոտ բերի։

Որ կոպերիս տակ սառած
Կաթիլներն անգույն, աղի
Ցամաքեն իսկույն՝ զգալով
Ջերմությունը ծիծաղիդ։

Ու ծածկվի հոգիս թեթև
Հանգստության շղարշով,
Որի հանդարտ ստվերի տակ
Դժոխքն անգամ թվա զով։

Քո հանկարծահաս գոյությունը մեղկ

Ես շոշափում եմ աչքերս փակած
Քո հանկարծահաս գոյությունը մեղկ,
Ու լուսացնում են իմ փողոցների
Մթությունը քոռ լապտերներդ շեկ։

Դեռ թմրությունն է իր զգացնել տալիս
Ներկայությանդ վերջին ասեղը,
Երանի աշխարհը մի պահ լռեր
Ու թողներ լսեի սրտիդ բասերը։

Անիծեի, արդեն որերորդ անգամ,
Հոգիս տրտմեցրած մենությունս կենտ,
Եվ հանգիստ խղճով, առանց ծամելու
Քո տեղը կուլ տայի ամոթի թիքեդ։

Կես բերան

Կես բերան շուլուլիր մորմոքս,
Պատռվել է, սառում եմ, ցուրտ է,
Մրսացրել եմ հենց էն մի թոքս,
Որով կյանքն էի շնչում ես թեթև։

Կես բերան աչքերիս թոզ փչիր՝
Ավելի լուսավոր է խավարը,
Թող որ ես չիմանամ, թե ինչին,
Սակայն մեկ է սկսեմ աղոթել։

Կես բերան ներարկիր հավատը,
Թե հատվում են երկու զուգահեռ,
Ես մտքում դառնամ մեր կավատը,
Չի լինում, բայց ասեմ. «Ի՞սկ եթե…»։

Թող երեսդ ինձ

Թող երեսդ ինձ, ես խոստանում եմ աստառդ չուզել,
Ու թող ինձ քո կյանք, ես խոստանում եմ գնալ վաղ թե ուշ,
Թող նայեմ միայն քո ցուցափեղկին, չմտնեմ խանութ,
Չդառնամ երբեք անիմաստ, անպետք փեշիդ կպած փուշ։

Դեգերեմ մենակ, բայց թող ինձ երբեք գրկած չտանես,
Թող քերեմ հոգուս պատերին կպած խոսքերը վերջին,
Բայց հարկադրաբար չլսես հանկարծ, լուռ ականջ չանես,
Թող շատ չլինեմ երբեք քեզ համար, թող լինեմ «ոչինչ»…

Մի հունվար էլ առանց ինձ

Մի հունվար էլ առանց ինձ
Ու քեզ նորից կթվա,
Թե ես եմ ձյունել շեմին։

Թե այդ ես եմ օրորում
Սառած ճյուղերը անձայն,
Պատուհանիդ նկարում
Դյութիչ պատկերներ ձմռան։

Կթվա, որ անկրակ,
Դու ինձանից ես մրսում
Ու բրդյա ձեռնոցներով
Իմ փաթիլներն ես որսում։

Կտխրես, անշուշտ, գիտեմ,
Ինձ ամենուր կփնտրես,
Ինչպես ես եմ ամեն օր
Պարզ իրերում գտնում քեզ։

Դու այնտեղ, մի տեղ ես

Դու այնտեղ, մի տեղ ես` հեռվում,
Ուր ծաղիկները անուշ սգերգով
Թաղում են իրար,
Ես այստեղ նրանց օղորմի եմ տալիս։

Դու այնտեղ ես, որտեղ
Քո ժանեկագործ անձրևանոցին
Տերևե անձրևներ են լալիս,
Որտեղ դու թեթև հպումով ճիտքի
Ոչնչացնում ես
Ասֆալտին նրբին ասեղնագործած
Պատկերն երկնքի։

Դու այնտեղ ես` մեռնող մշուշում,
Աշունում լալկան, Տերյանյան,
Իսկ այստեղ, իմ հոգու աշունում
Սերերս են կանչում իրենց «Տեր ողորմեան»։

Ափիոնե

Չլքես,
Չթողնես ինձ թեկուզ մի պահ,
Ափիոնե
Գոյությանդ դադար չտաս…

Ես ճախրում եմ արդեն պոկվելով երկրից,
Ես ապրում եմ արդեն հաշվելով զանգերդ,
Չզրկես ինձ հանկարծ հուսալու մեղքից,
Որ անվերջ լսելու եմ սրտիդ զարկերը։

Ես ժպտում եմ արդեն գիշերվա դեմքին,
Զզվեցրած անկողնում նկարում պատկերդ,
Եթե չեմ տեսնելու քեզ երբեք կողքիս,
Ինձ կասես նախորոք, որ հանեմ աչքերս։

Ես խառնում եմ արդեն քնել-զարթնելը,
Ճմրթում եմ այսօրս, սպասում եմ վաղվան,
Եթե վաղը չկա, զգուշացրու ինձ, սերս,
Որ սկսեմ հորինել մեղեդին իմ թաղման։

Ես քայլում եմ այնտեղ, որտեղ զգում եմ սերդ,
Ես նայում եմ այնտեղ, ուր նայում ես դու,
Ինքնասպան են լինում միմիայն թույլերը,
Չլքես ինձ հանկարծ՝ ես մանկուց եմ թույլ։

Ափիոնե
Գոյությանդ դադար չտաս,
Չլքես,
Չթողնես ինձ թեկուզ մի պահ…