fbpx

Սիրո մասին

Քեզ քանդեի, կառուցեի կողքիս

Տունը իմ դատարկ է արդեն,
Քունը իմ ոչ մեկինն է, հոգիս,
Երանի թե ռեալ լիներ
Քեզ քանդել, կառուցել իմ կողքին:

Տանը իմ լռություն է միշտ,
Կարոտում եմ քո աղմուկները,
Երանի թե ուժեղ լինեի՝
Կտրեի քեզ պահող արմունկները:

Քեզ քանդեի, կառուցեի կողքիս,
Քեզ թողնեի կոտրել իմ պատյանը,
Քեզ պոկեի երկաթե թոկից
Ու բերեի, սոսնձեի մենությանս:

Չսիրես էլ ինձ պեսին

Ու եթե հանկարծ սիրես էլ՝ չսիրես էլ ինձ պեսին,
Սիրելը սիրելու կեսն է, դու սպասիր հաջորդ կեսին,
Ուր ամեն վայրկյան մի հարց է, տե՜ս, հանկարծ չասես «եսիմ»՝
Սիրելը սիրելու կեսն է, կես սիրելը՝ սոսկ տեսիլք:

Մեր սերերը երկու

Ինձ խեղդում են տողերդ դարձյալ,
«Չես գալիս, բայց սիրում ես, էդ ո՞նց է»,
Հա, սիրում եմ անշուշտ, անպատճառ,
Փող չունեմ, որ գնեմ ուղետոմսը:

Չեմ գալիս, բայց հառում եմ հոգիս,
Չեմ գալիս, բայց մեկնում եմ իմ երգը,
Դու կզգաս՝ աստղերից Երևան
Ընդամենը մի փուչ տիեզերք է:

Կիմանաս, որ համարը նստել,
Որ հասնես քո սրտից մինչ իմ սիրտ,
Կտեսնես դատարկ կայարանս,
Որ սպասում է վաղուց գնացքիդ:

Եվ կանցնեն՝ կոտրելով ժամանակը,
Մեր առաջ լղոզած էս ուղին,
Տենչացող, բայց իրար չդիպչող
Մեր սերերը՝ երկու լեսբուհի:

SOS, նա չկա

երկօրյա տագնապ
ու չկամ
մտքերում եմ աննորմալ հուղարկավորած
անսեր ու անկիրք
ուղեծիրս բարձիդ տակ կորցրած՝
գլորվում եմ երկինք
ու լրացնում եմ դատարկն անկողնուս
խաչբառի պես՝
պատասխաններով հարցերի,
որոնք ծագում են,
բայց մայր չեն մտնում
ու հոլ եմ կապկում իմ վերմակի հետ,
անորոշության տրոտիլաթույնից թունավորվելով՝
կուլ տալով հազար խորանարդ վայրկյան
դեռ ոչ մի անգամ չգերազանցված
ու ռեկորդային չափաբաժինով
S.O.S.
նրան կովկասյան արևները ցնդեցրին,
նրան վերացրեցին օրենքով գողերը,
նրան արտահանեցին արևմուտք,
նրան փախցրեցին այլմոլորակայինները,
նրան գերի հանձնեցին Ադրբեջան,
նրան գործուղեցին, որպես բարի կամքի դեսպան,
նրան որդեգրեցին Փիթն ու Ջոլին,
նրան կերան ինչ-որ վայրենիներ,
նրան իր աղջկա հարսանիքին ոմն օլիգարխ է տարել նվեր,
նրան դոկտորները քայքայեցին սոցիումի լուծույթում

S.O.S.

նա չկա
ես նրան եմ փնտրում

եթե ինչ-որ տեղ տեսել եք նրան, խնդրում եմ, արձագանքեք
իմ էլփոստի հասցեն է [email protected]

Ինձ լքիր

Ես ներքուստ միշտ անհաշտ եմ քեզ հետ,
Քո բերքից ծանրացնում եմ հոգիս,
Խոր վերքից ինձ դարձնում երկու կես,
Սիրելի իմ, փրկիր ինձ` լքիր:

Ես բնավ չգիտեմ քեզ սիրել
Էն սիրով, որ սիրում ես դու ինձ,
Երազում եմ մեկին նվիրվել
Փոխադարձ․․․ դե օգնիր ինձ` լքիր:

Ես փնտրում եմ քո մեջ Ուրիշին,
Ու փորձում քեզ Ուրիշը դարձնել,
Չփոխվես, էս խոսքերս հիշիր,
Ինձ լքիր, քեզ գտիր ուրիշ սեր:

Ես ուժեղ եմ, դու էլ` ինձ լքիր,
Ժամանակն իր դանդաղ կրակին
Սերը մեր այրելով կսպառի,
Սաղ կանցնի։ Ինձ լքիր, ինձ լքիր։

Թե ինձ սիրես

Թե ինձ սիրես,
Ես կթաղեմ հին սերերս,
Ես կթարգեմ միշտ ներելս
Ու կփակեմ ներվածներին
Մոռացության կատակոմբում,
Ես կբացեմ նեղ գետնանցում
Իմ հույզերի նորագոյաց,
Խեղդող տրոմբում,
Որ ներս թողնեմ գոյությունդ:
Ու կվառեմ մթում կերոն,
Որ իմ հոգին սոմնամբուլիստ
Սիրի քեզ միշտ բաց աչքերով:
Ես կխաղամ աչքկապոցի չարերի հետ,
Ես կպոկեմ կյանքից մի մեծ բախտի թիքա,
Ես կընդունեմ լինելությունդ հոգեմետ
Ու աշխարհում էլ ոչ մի ցավ աչքիս չի գա:
Թե ինձ սիրես,
Ես կգտնեմ նորից
Վաղուց կորցրած քունս,
Ես կնայեմ առանց էկրան
Իմ դժբախտ երջանկությունը,
Ես կդառնամ խելառ դուալիստ,
Ես կպաշտեմ չարքերն ու քեզ,
Ինքս իմ պարծանքին վերածված
Կսավառնե՜մ,
Թե ինձ սիրես:

Գրկում

գրկումդ ուզում եմ անընդհատ համբուրել ուսդ
գրկումդ մոռանում եմ թարմացնել ֆեյսբուքիս ստատուսը
գրկումդ ուզում եմ դադարեն բոլոր զանգերը
գրկումդ փորձում եմ չգրկումը իսպառ թարգելը
գրկումդ ուզում եմ մի թեթև ցավեցնի գրկումդ
գրկումդ հիշում եմ, որ նաև սիրտ կա կրծքումս

Գրկո՜ւմդ,
Անունս մոռանում եմ գրկումդ,
Աստծուց եմ գրկումդ յան տալիս՝
Ու գտնում եմ փրկումս։

գրկումդ ուզում եմ գրել գրկմանդ մասին երգը
գրկումդ ակամա մոռանում եմ, որ մերկ եմ
գրկումդ ուզում եմ լռել ու լսել սրտիդ զարկերը
գրկումդ փորձում եմ շոշափելով չափել բոլոր ծալքերդ
գրկումդ չգրկածդ ամեն ինչ ջնջում եմ մտքումս
գրկումդ ամեն ինչ կորցնում ու գտնում եմ գրկումդ

Գրկո՜ւմդ,
Անունս մոռանում եմ գրկումդ,
Աստծուց եմ գրկումդ յան տալիս՝
Ու գտնում եմ փրկումս։

գրկումդ ուզում եմ հավերժ գրկված մնալ մոտդ
գրկումդ սկսում եմ անգիր անել մարմնիդ հոտը
գրկումդ ուզում եմ սիրո մասին անվերջ խոսել
գրկումդ սկսում եմ աչքերս բաց երազել
գրկումդ գրկում եմ գրկմանդ մասին իմ մտքերը
գրկումդ կրկնում եմ, թե ինչ հաճելի է գրկվելը․․․

Քո պատրանքի շիրայում

Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,
Երազելով՝ վեր նայում,
Թաթախելով միայնակ դառնությունս
Քո պատրանքի շիրայում:

Ու փակվելով խենթի պես՝ հորինված
Իմ օդային ամրոցում,
Խուսափելով օտար աչքերից
Քո լռությունն եմ ծծում:

Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր,
Պետք չէ բուժել էս տենդը,
Թույլ տուր հյուսել համրության հելունով
Քո գոյության լեգենդը: