Սիրո մասին

Իր առաջին գրական փորձերը Դօրիանն արել է 15-16 տարեկանում՝ գրելով սիրո մասին «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» բանաստեղծությունները։ Սիրո մասին են նաև հեղինակի՝ հետագա 15 տարիներին գրված մի քանի տասնյակ բանաստեղծություններ, որոնք ներկայացվում են այս կայքում։

Քեզ եմ սպասում

Քեզ եմ սպասում
Ու չեմ լսում շուրջս ոչինչ,
Ու տեսնում եմ երազներում
Աչքերդ ջինջ։

Քեզ եմ սպասում
Ու հիշում եմ ժպիտդ լալ,
Որ ստիպում էր
Ակամայից ինձ էլ ժպտալ։

Քեզ եմ սպասում
Ու տենչում եմ կրկին խեղդվել
Քո վարսերի
Մեղմ ու զուլալ ալիքներում։

Դիպչել մաշկիդ,
Համբուրելով շուրթերդ աղի՝
Կրկին ասել,
Որ ես հավերժ քեզ եմ սպասել։

Պատրանք

Սպասում էի, բայց չեկավ,
Մրսում էի փողոցում,
Երգում էի քթիս տակ՝
Քամուն նվագակցում։

Նայում էի անդադար
Դատարկ խաչմերուկին,
Փնտրում անիրական,
Մտացածին մեկին։

Հեքիաթ էի հնարում,
Պատրանքներ անիրավ
Մի աղջկա մասին,
Որ այդպես էլ չեկավ։

Քնած ես

Քնած ես արդեն մանկան պես,
Մութ է, տխուր քո սենյակում,
Միայն տատիկից մնացած
Զարդատուփն է դեռ նվագում։

Մահճակալիդ անկյունում
Կատուդ է անհոգ քնած,
Որ քիչ առաջ թաթերով
Քո վերմակն էր քաշում ցած։

Վարագույրը մետաքսե
Քամին է լուռ ծածանում,
Երազներդ, թվում է,
Շատ հեռու են քեզ տանում։

Ծաղկամանում երեկվա
Ծաղիկներն են դեռ թոշնած…
Շուտով լույսը կբացվի՝
Պատուհանից իջնեմ ցած։

Հանդիպում

Իմ լալագին տողերին
Պատասխան գրող փերի,
Սպասում եմ, մինչև ճամփան
Քեզ նորից ինձ մոտ բերի։

Որ կոպերիս տակ սառած
Կաթիլներն անգույն, աղի
Ցամաքեն իսկույն՝ զգալով
Ջերմությունը ծիծաղիդ։

Ու ծածկվի հոգիս թեթև
Հանգստության շղարշով,
Որի հանդարտ ստվերի տակ
Դժոխքն անգամ թվա զով։

Քո հանկարծահաս գոյությունը մեղկ

Ես շոշափում եմ՝ աչքերս փակած,
Քո հանկարծահաս գոյությունը մեղկ,
Ու լուսացնում են իմ փողոցների
Մթությունը քոռ լապտերներդ շեկ։

Դեռ թմրությունն է իր զգացնել տալիս
Ներկայությանդ վերջին ասեղը,
Երանի աշխարհը մի պահ լռեր
Ու թողներ լսեի սրտիդ բասերը։

Անիծեի արդեն որերորդ անգամ
Հոգիս տրտմեցրած մենությունս կենտ,
Եվ հանգիստ խղճով, առանց ծամելու
Քո տեղը կուլ տայի ամոթի թիքեդ։