Երեկ տեսա ես մի ցուցակ ու պարզեցի, որ գրող չեմ, Այդպես կարծում են դիպլոմով մեր գրողները, Ես երազում եմ սովուքաղց, որ «հանճարները» այդ գաղթեն, Փրկիր, օգնիր ինձ, U.S.A., ես դրանց մերը: Նրանք թղթեր են խզմզել, նրանք գրքեր են բզբզել, Դու կորցնում ես, Քեմերոն, նման կադրերը, Նրանք միշտ փառք են երազել, արի տար հետդ U.S.A., Հաջորդ ֆիլմում թող քո լինեն հայ մուտանտները: Նրանք ունեն մեծ ճանաչում` իրար շատ լավ են ճանաչում, Իրար գովել են, գովազդել են ու ցիտել են, Ո՞ւմ ես սպասում էլ, Բրիթնի Սփիրս, կանչիր նրանց Բեվերլի Հիլզ, Թող որ հանգիստ նստեն գրեն քո նոր հիթերը: Նրանք արդեն շատից-քչից տիրապետում են hi-tech-ին, Նրանք ամեն մեկը ունեն իրենց բլոգները, Իսկ դու զբաղվում ես, Microsoft, հազար տարի է Windows-ով, Կանչիր նրանց, թող մշակեն գերնոր prog-ներդ: Նրանք ծախվում են, անկասկած` նրանց գրքերը չեն ծախվում, Նրանք ապրում են՝ ուտելով ցամաք գրանտները, Դե ձեռք մեկնիր նրանց, Բարաք, ընդունիր նոր օրինաքաք, Որ ամսեգրանտ են ստանալու իմիգրանտները: Եվ տար` տալով նրանց մի կուտ, Հայաստանիցս Hollywood, Գտիր, խնդրում եմ, U.S.A., նրանց դերերը, Թե չէ փորձում են հաստատվել` կազմելով օրը մի ցուցակ, Որտեղ չկամ ես, փառք Աստծո` ցուցակի մերը:
Մեր սերերը երկու
Ինձ խեղդում են տողերդ դարձյալ, «Չես գալիս, բայց սիրում ես, էդ ո՞նց է», Հա, սիրում եմ անշուշտ, անպատճառ, Փող չունեմ, որ գնեմ ուղետոմսը: Չեմ գալիս, բայց հառում եմ հոգիս, Չեմ գալիս, բայց մեկնում եմ իմ երգը, Դու կզգաս՝ աստղերից Երևան Ընդամենը մի փուչ տիեզերք է: Կիմանաս, որ համարը նստել, Որ հասնես քո սրտից մինչ իմ սիրտ, Կտեսնես դատարկ կայարանս, Որ սպասում է վաղուց գնացքիդ: Եվ կանցնեն՝ կոտրելով ժամանակը, Մեր առաջ լղոզած էս ուղին, Տենչացող, բայց իրար չդիպչող Մեր սերերը՝ երկու լեսբուհի:
Եթե սպասում էիր ու չեկա
Եթե սպասում էիր ու չեկա, ներիր` ճպռոտ էի, Ների՜ր, ինձ մոտ էին դեսպանները քո իզուր սպասումների, Օրակարգում էին ընկերներն ու ծխախոտը, Ու իմ մտքերը տրանսֆորմեր` փոխակերպված ցասումների: Օրակարգում էին անտեղի ասված խոսքերը, Շփոթությունը՝ հագուստիս ու սենյակիս հետ ներդաշնակ, Կասկածներիս վճռաքարերը` սև լույսերս, Որ խուսափում էի, բայց ստիպված էի, ամենուր հետս քարշ տալ: Օրակարգում էր անցյալիդ` շրջած գլխարկը, Ուր ուրիշներ էիր անպատիվ հարստության պես կուտակել, Ու իմ քյասիբ հպարտության անվերջ մենակը, Որն այդպիսին էլ կմնար, եթե փեղկերս չթակեիր: Օրակարգում էր ա՛յս ու ա՛յն, մեկ էլ է՛ն մեկը, Ես զզվեցնում էի հորանջող դեսպաններին սպասումներիդ, Բողոքարկում էի միայն քեզ տրված ցերեկը Ու պահանջում այն միացնել մեր ընդհանուր գիշերներին: Հրաժարվում էի ընդունել ամենն, ինչ խորթ էր, Դեսպաններն քո ձեռնունայն ղրկելով ետ դեպի քո տուն, Եթե սպասում էիր ու չեկա, գիտե՛ս, ճպռոտ էի, Միայն մնում է իմանաս, թե էդ ինչից են ճպռոտում:
Տաղ մազոխիստական
Աչքերս կապիր: Դու միակ մարդն ես, Ում հետ ուզում եմ Կույր լինել մի պահ, Հյուր լինել մի պահ Սեփական մարմնում, Ինչպես քահանան Բորդելում է հյուր, Ու բացել մի դուռ, Որ ոչ ոքի հետ Դեռ որ չեմ բացել․․․ Վախեցել գուցե: Աչքերս կապիր Ու եղունգներով Մարմնիս նկարիր Արնագույն նախշեր, Ես կորուստներից Չեմ փորձում փախչել, Երբ կորցնել է պետք Միայն ամոթը։ Թող զգամ քո հոտը, Այն, որը զգում են, Երբ մարմինները Ուզում են իրար, Ու խենթությունը, Իմ հոգուն տիրած, Թող որ խլացնի Քաղցր ցավերս: Աչքերս կապիր Ու կանգնիր հեռու, Որ ես անհամբեր Սպասեմ ջերմացնող Քո հպումներին, Քնքշանքիդ սպասեմ, Սակայն ապտակներ Ստանամ միմիայն, Ու միմիայն ցավ: Չէ որ այլ զգացում Պատճառել բնավ Դու ընդունակ չես:
Գրկում
գրկումդ ուզում եմ անընդհատ համբուրել ուսդ գրկումդ մոռանում եմ թարմացնել ֆեյսբուքիս ստատուսը գրկումդ ուզում եմ դադարեն բոլոր զանգերը գրկումդ փորձում եմ չգրկումը իսպառ թարգելը գրկումդ ուզում եմ մի թեթև ցավեցնի գրկումդ գրկումդ հիշում եմ, որ նաև սիրտ կա կրծքումս Գրկո՜ւմդ, Անունս մոռանում եմ գրկումդ, Աստծուց եմ գրկումդ յան տալիս՝ Ու գտնում եմ փրկումս։ գրկումդ ուզում եմ գրել գրկմանդ մասին երգը գրկումդ ակամա մոռանում եմ, որ մերկ եմ գրկումդ ուզում եմ լռել ու լսել սրտիդ զարկերը գրկումդ փորձում եմ շոշափելով չափել բոլոր ծալքերդ գրկումդ չգրկածդ ամեն ինչ ջնջում եմ մտքումս գրկումդ ամեն ինչ կորցնում ու գտնում եմ գրկումդ Գրկո՜ւմդ, Անունս մոռանում եմ գրկումդ, Աստծուց եմ գրկումդ յան տալիս՝ Ու գտնում եմ փրկումս։ գրկումդ ուզում եմ հավերժ գրկված մնալ մոտդ գրկումդ սկսում եմ անգիր անել մարմնիդ հոտը գրկումդ ուզում եմ սիրո մասին անվերջ խոսել գրկումդ սկսում եմ աչքերս բաց երազել գրկումդ գրկում եմ գրկմանդ մասին իմ մտքերը գրկումդ կրկնում եմ, թե ինչ հաճելի է գրկվելը․․․
Թե ինձ սիրես
Թե ինձ սիրես, Ես կթաղեմ հին սերերս, Ես կթարգեմ միշտ ներելս Ու կփակեմ ներվածներին Մոռացության կատակոմբում, Ես կբացեմ նեղ գետնանցում Իմ հույզերի նորագոյաց, Խեղդող տրոմբում, Որ ներս թողնեմ գոյությունդ: Ու կվառեմ մթում կերոն, Որ իմ հոգին սոմնամբուլիստ Սիրի քեզ միշտ բաց աչքերով: Ես կխաղամ աչքկապոցի չարերի հետ, Ես կպոկեմ կյանքից մի մեծ բախտի թիքա, Ես կընդունեմ լինելությունդ հոգեմետ Ու աշխարհում էլ ոչ մի ցավ աչքիս չի գա: Թե ինձ սիրես, Ես կգտնեմ նորից Վաղուց կորցրած քունս, Ես կնայեմ առանց էկրան Իմ դժբախտ երջանկությունը, Ես կդառնամ խելառ դուալիստ, Ես կպաշտեմ չարքերն ու քեզ, Ինքս իմ պարծանքին վերածված Կսավառնե՜մ, Թե ինձ սիրես:
Ջրեմարդը
Գիշերը իջել՝ ձանձրույթը քիչ էր, բերել է իր հետ վաղեմի դարդս, իմ ու քո միջև մետաքսե լճեր հյուսել է թաքուն իմ ջրեմարդը։ Անիմաստ հարց է, թե խի ես կարծել, որ ես չափազանց խառը ու բարդ եմ, ահերս դարսել, պահերս թարսել, խառնել է, հոսել, իմ ջրեմարդը։ Ինձ նորից քեզ հետ մտքիս մեջ տեսել ճարել է, լարել իր հին թակարդը, անցյալով տանջել, խաբել ինձ կանչել, իր մոտ է տարել իմ ջրեմարդը։ Գիշերը իջել՝ ձանձրույթը քիչ էր, բերել է իր հետ վաղեմի դարդս, էս թուղթուգիր է՝ մեկն էլ ինձ սիրեց, իսկ ես սիրում եմ իմ ջրեմարդը։
Վանեսա Պարադին
Նա գիտի մի անչափ ձանձրալի մեղեդի, Որ սիրում է երգել քթի տակ, Նա, ինչպես մի ֆիլմում Վանեսա՛ Պարադին, Պարոնի է սիրում ծերացած: Ձևացնում է մեկ-մեկ, թե ոչինչ չի լսել, Երբ խոսում է պարոնն ուրիշից, Հացից շատ է ուտում շաքարով թթվասեր, Որ նյարդերը հանի իր միջից: Նա ունի 24 ժամ անվճար ինտերնետ Եվ ամեն օր մի նոր սկավառակ, Նա միայն երազում իրական մարդու հետ Սավառնում է՝ ասես թև առած: Լրացնում է խեղդող տաղտկությունն օրերի Սերիալով, գրքերով, զանգելով, Ողորմի է տալիս իր նախկին սերերին՝ Ներկայից դեպի ետ ցատկելով: Նա ուզում է սիրվել, նա հոգնել է արդեն՝ Զարկելով իր պատիվը գետին, Թե ինչպե՞ս էր ապրում մի նման մարդու հետ Իր ֆիլմում Վանեսա՛ Պարադին…
Օփրա
Ու նստեց մի օր, մտածեց Օփրան, Որ դարձրել է արդեն կյանքը շոու, Որ դարձել է արդեն նյարդերի տոպրակ, Ու սպանում է իրեն մտքի սովը: Սեփական լկտի բարքերից հոգնած, Սեփական սրտի զարկերից հոգնած, Պարտքերից հոգնած, Հարկերից հոգնած, Կարգերից հոգնած Պառավել է: Ու էնքան է խոսել, որ արդեն սպառվել է, Որ արդեն սպանվել է հազար կողմից, Որ որքան ճղվել է, այնքան կարվել է, Այնքան կախվել է մի կոճ թելից: Սեփական տխուր երգերից հոգնած, Սեփական խղճի վերքերից հոգնած, Զենքերից հոգնած, Շենքերից հոգնած, Դեմքերից հոգնած Ծարավել է: Ու էնքան է դժգոհ, որ արդեն ձախ թև է, Որ արդեն ծախվել է հազար ձեռքից, Որ որքան ծնվել է, այնքան թաղվել է, Այքան դաղվել է մի կում ձեթից: Սեփական դատարկ top-երից հոգնած, Սեփական մռայլ կոպերից հոգնած, Րոպեից հոգնած, Շոպենից հոգնած, Շոն Փենից հոգնած, Թառամել է: Ու էնքան է խաբել, որ արդեն հասցրել է Աշխարհին չկապած` աշխարհից պոկված, Աճուրդի բարձրացնել իր հոգու հասցեն էլ, Մտածեց ու գլխից դեն նետեց Օփրան:
Քո պատրանքի շիրայում
Ես չլսած ձայնը քո կարոտում եմ, Երազելով՝ վեր նայում, Թաթախելով միայնակ դառնությունս Քո պատրանքի շիրայում: Ու փակվելով խենթի պես՝ հորինված Իմ օդային ամրոցում, Խուսափելով օտար աչքերից Քո լռությունն եմ ծծում: Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր, Պետք չէ բուժել էս տենդը, Թույլ տուր հյուսել համրության հելունով Քո գոյության լեգենդը:
Երգ, որ չեմ երգի
Ծաղկել է վախճանս քո ճյուղերին, Մարել է մարմանդը իմ խարույկի, Ասա ինձ, ասա, թե ո՞վ մկրտեց Ներսինս անսանձ ու ո՞վ կփրկի։ Հառել եմ հայացքս քո երկնքին, Վառել եմ մանկանը խղճիս գրկի, Ես չգիտեի դեռ ոչ մի աղոթք, Երբ քո առաջ էի իջել ծնկի։ Ծխել եմ ցավից ու չեմ ամոքել, Փախել եմ միշտ էլ ինքս ինձանից, Ու քո ձայնով լռեցված քնել Ու արթնացել եմ խղճիս ձայնից։ Ներել եմ հերքելդ լինելը իմ, Կերել եմ մարմինդ քո իսկ ձեռքից, Ճանապարհիդ սուտ-հավատ շփել, Ու տառապել սեփական խելքից։ Շարել եմ ցավերս, դրել հերթի, Ճարել եմ մահվան լավագույն առիթ, Ալիքը ընտրել եմ, ասել «թեքիր» Ու վահանակս կարել ձեռքիդ։ Ծաղկել է վախճանս քո ճյուղերին, Մարել է մարմանդը իմ խարույկի, Ես շատ լավ գիտեմ, թե ով մկրտեց Ներսինս անսանձ, որ էլ չի փրկի։ Հ․Գ․ Սա իմ գրած առաջին ու վերջին Երգն է, որ ես երբեք չեմ երգի․․․
Նազենի Հովհաննիսյան
Ինձ քայքայում ես, ես պայքարում եմ
Օրերի հետ ու ունայնության,
Ձանձրույթ, մարում ես մատղաշ գարունն իմ
Ու նազենի, ու հովհաննիսյան:
Թոքս թափում ես, հիասթափվում եմ
Շողոքորթող պատերից իմ տան,
Բարձս ու արյունս գրկած պարում եմ
Նե՜նց նազենի, նե՜նց հովհաննիսյան:
Դու նկարում ես, ես դադարում եմ,
Որ մարդն ու չարն հանկարծ ծափ չտան,
Իմ մեղքը ո՞րն է: Որ հա՞մ պոետ եմ,
Հա՞մ նազենի, հա՞մ հովհաննիսյան:
Իմ մեղքը ո՞րն է: Որ ես տկլո՞ր եմ`
Քեզ հետ ստիպված եմ լինել ու կա՛մ
Ու կենտ, ու խենթ, ու արձակ, ու բարձր,
Ու նազենի, ու հովհաննիսյան: