fbpx

Օփրա

Ու նստեց մի օր, մտածեց Օփրան,
Որ դարձրել է արդեն կյանքը շոու,
Որ դարձել է արդեն նյարդերի տոպրակ,
Ու սպանում է իրեն մտքի սովը:

Սեփական լկտի բարքերից հոգնած,
Սեփական սրտի զարկերից հոգնած,
Պարտքերից հոգնած,
Հարկերից հոգնած,
Կարգերից հոգնած
Պառավել է:

Ու էնքան է խոսել, որ արդեն սպառվել է,
Որ արդեն սպանվել է հազար կողմից,
Որ որքան ճղվել է, այնքան կարվել է,
Այնքան կախվել է մի կոճ թելից:

Սեփական տխուր երգերից հոգնած,
Սեփական խղճի վերքերից հոգնած,
Զենքերից հոգնած,
Շենքերից հոգնած,
Դեմքերից հոգնած
Ծարավել է:

Ու էնքան է դժգոհ, որ արդեն ձախ թև է,
Որ արդեն ծախվել է հազար ձեռքից,
Որ որքան ծնվել է, այնքան թաղվել է,
Այքան դաղվել է մի կում ձեթից:

Սեփական դատարկ top-երից հոգնած,
Սեփական մռայլ կոպերից հոգնած,
Րոպեից հոգնած,
Շոպենից հոգնած,
Շոն Փենից հոգնած,
Թառամել է:

Ու էնքան է խաբել, որ արդեն հասցրել է
Աշխարհին չկապած` աշխարհից պոկված,
Աճուրդի բարձրացնել իր հոգու հասցեն էլ,
Մտածեց ու գլխից դեն նետեց Օփրան:
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։