Ստի մասին

Սպասել, մինչև

Իմ անարմատ երազներում
Թևերդ ես թափահարում,
Թռչում, մինչև աղոտ հեռուն
Անվերադարձ կորում… կորում։

Ու որքան էլ ճամփիդ նետվեմ,
Որքան կրակ վառեմ ափին,
Միևնույն է չես դառնալու՝
Խառնվելու ես տարափին։

Թռչել քեզ մոտ ես չեմ կարող՝
Փետուրներ չունեմ թևերիս,
Բայց կարող եմ ափին սպասել,
Մինչև ցած ընկնես վերևից։

Պապարացի

Հավատա, քեզ չի փրկի խաբելը,
Ստելը ինձ,
Ես կխառնեմ իմ բոլոր կապերը,
Կպարզեմ ամեն ինչ։

Ես կծել էի իմ ստորին շրթունքը,
Դրանից հեքիաթ էր դուրս ծորացել,
Ի պատասխան տեսա արտասուքդ…
Որքա՜ն էի ստորացել։

Իմ խաբեբա, իմ սուտասան մուսան
Նստել էր իմ վզին,
Իմ ճակատին այժմ արյունոտ մի սպի կա,
Որը նա չի լիզի։

Բայց և այնպես դու ինձ նույն դրամով
Խնդրում եմ, մի հատուցիր,
Ես կպարզեմ՝ իմ մեջ ապրում է մի թաքուն
Պապարացի։

Փորձենք նորից

Սերն այլևս չկա, ես սառել եմ,
Ու տձև պատրանքի կավից,
Որ տվել ես, փորձում եմ ծեփել ինձ
Քեզանից ավելի լավին։

Հավատալ, իբր այս անգամ այլ է,
Իբր չեմ խաբվելու նորից,
Իբր ես չգիտեմ՝ ուր թքում ես,
Խմում ես հենց այն ջրհորից։

Փորձելով մեզ մաշող այս կապանքը
Պահպանել, ձգձգել մի քիչ էլ
(ասես ողջ իմ այս տառապանքը
ինձ հերիք չէ, մի բան էլ դեռ քիչ է)՝

Ասել. «Շատ լավ, փորձենք, համաձայն եմ
Շտկվելու ևս մեկ շանս տալ քեզ,
Ես նորից նվիրվում եմ, ես քոնն եմ,
Հաստատիր, որ խոզի վաստակ ես»։