Սիրո մասին

Իր առաջին գրական փորձերը Դօրիանն արել է 15-16 տարեկանում՝ գրելով սիրո մասին «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» բանաստեղծությունները։ Սիրո մասին են նաև հեղինակի՝ հետագա 15 տարիներին գրված մի քանի տասնյակ բանաստեղծություններ, որոնք ներկայացվում են այս կայքում։

Հոգու մերկապար

Երդման տակ վաղավճիռ ու, կարծում էի, սուտ,
Հոգիս քեզ համար մերկապար էր պարում,
Եվ ամեն սխալ շեշտ
Կամ սխալ հարցադրում,
Կամ սխալ շարադրանքն իմ մտքերի
Մեր բազմագանձ հայերենում
Սկսել է կրել մեկ անուն՝
Երդմնազանցություն։

Եվ նոր եմ սովորում մի հին արվեստ,
Որ յոթնաչափություն են մարդիկ կոչում,
Եվ կիրառում հաճախ
Մեկը կտրելու արվեստից առաջ,
Եվ նոր եմ սովորում ես անկախ ինձանից
Ինձանից զգուշանալ,
Խոսելիս՝ ուշանալ,
Բայց ուշադիր խոսել։

Եվ տալ լեզուս հոգուս, սրտիս
Հավերժ գործածության։

Չկա քո բանալին

Չկա քո բանալին։

Երբեմն թվում է, թե ճանաչում եմ քեզ,
Վաղուց, չափազանց վաղուց,
Սակայն միևնույն է մնում ես դեռ
Չբացված զարդատուփ՝
Լեցուն առեղծվածներով,
Բայց սենտիմենտալ,
Աստվածներով լեցուն,
Բայց աթեիստական,
Ու չափազանց գաղտնի,
Չափազանց բարդ
Իմ սահմանափակ
Երևակայության համար։

Ինձ մնում է հիշել
Միայն «Մալլհոլանդ դրայվ»
Ու հասկանալ մի բան
Որ ես, ով էլ լինեմ,
Որոշ բաներ, ցավոք,
Չեմ կարող հասկանալ։

Դու մի հին վարպետի գլուխգործոց,
Դու այդքան պարզորոշ, բայց անհասկանալի,
Որ ես՝ թվում է փորձառու փականագործ,
Ի զորու չեմ գտնել քո բանալին։

Պրետ-ա-պորտե

Հորինեցի ես ամբողջ մի սոնատ,
Մինչ մեր մեջ ընդամենն ակորդ էր,
Հանձնեցի հանրության դատին
Զգացմունքը մեր պրետ-ա-պորտե։

Եվ դարձանք մենք վարդ ու սոխակ,
Եվ դարձանք մենք Ռոմեո-Ջուլիետ,
Ծաղիկներն ու ծափերն հավաքած
Պահեցինք հորինված սիրո հետ։

Խոսքին, շշուկին նենգամիտ,
Ծաղրանքին ամբոխի անսանձ,
Հաջորդեց միայն վարագույր,
Եվ խոր ռևերանս։

Փորձենք նորից

Սերն այլևս չկա, ես սառել եմ,
Ու տձև պատրանքի կավից,
Որ տվել ես, փորձում եմ ծեփել ինձ
Քեզանից ավելի լավին։

Հավատալ, իբր այս անգամ այլ է,
Իբր չեմ խաբվելու նորից,
Իբր ես չգիտեմ՝ ուր թքում ես,
Խմում ես հենց այն ջրհորից։

Փորձելով մեզ մաշող այս կապանքը
Պահպանել, ձգձգել մի քիչ էլ
(ասես ողջ իմ այս տառապանքը
ինձ հերիք չէ, մի բան էլ դեռ քիչ է)՝

Ասել. «Շատ լավ, փորձենք, համաձայն եմ
Շտկվելու ևս մեկ շանս տալ քեզ,
Ես նորից նվիրվում եմ, ես քոնն եմ,
Հաստատիր, որ խոզի վաստակ ես»։

Աթարին

Ստում է, այ քեզ բան, ստելուց իր թանկ
Կարծես չունի ոչինչ ամբողջ աշխարհում,
Գիտի էլ՝ նկատում եմ, բերանը փակ
Նայում է աչքերիս, խոսքեր չի ճարում։

Ու մեկ է, ես մի կյանք, մի ամբողջ քոռ կյանք,
Մնում եմ էսպեսին դեռ հավատարիմ,
Կողքիս լինեիր, տեսնեիր սա, կասեիր ինձ, տատ՝
Կպնում է սերը, ա՜խ, նաև աթարին։

Խնդիրներդ չլիր

Հյուսվածքներս է նա պատրաստ անել թելիկ–թելիկ,
Ես իմ երկրորդ կեսին գիտեմ հինգ մատիս պես․
Աննան ասաց՝ խնդիրներդ չլիր,
Հետո պիտի ավելի լավ ապրես։

Մղձավանջը օրվա քեզ կթվա թմբիր,
Չես ճանաչի վաղը դու երեկվա գիժ-քեզ
Հիշիր ինչն է ցավում, խնդիրներդ չլիր,
Հետո պիտի ավելի լավ ապրես։

Ներես պիտի մի օր անցածին դավադիր,
Ու մոռանաս պիտի օտարին աներես,
Ցավդ մոտդ պահիր՝ խնդիրներդ չլիր,
Հետո պիտի ավելի լավ ապրես։

Թամար

Ո՞րերորդ օրն ես արթուն լուսացնում,
Կրակը ձեռքիդ՝ սպասելով, Թամար,
Գիտեիր՝ գրելու համար ծնվեցիր,
Պարզվեց՝ ծնվեցիր ներելու համար։

Դու անարժանի դարձին սպասելով՝
Քանի՞ գիշեր է չունես հերթապահ,
Բայց ներողություն կխնդրի՞ արդյոք,
Որքա՞ն կսպասես, մի՞թե մինչ ի մահ։

Ու կարծում ես ե՞րբ կներես իրոք,
Կարծում ես ներես, ու՞մ ետ կստանաս,
Կարծում ես կտա Աստված քեզ մի թոք՝
Թեթև կյանք շնչես ու հանգստանաս։

Կարծում ես հետո չի՞ կարի ստեր
Դերձակդ անվարժ նոր ոճիդ հարմար,
Այսքան ներելուց այդ ո՞վ է խերվել,
Ժայռից նետվելը հե՞շտ չէր, այ Թամար։

Հիշել

Տեր, ինձ սովորեցրու
Նաև նրան ներել,
Ով թիկունքից գալով՝
Ինձ անցյալից զրկեց…

Նրան, ում պատճառով այլևս չեմ կարող
Ես տարիներ հետո, մի լուսնկա գիշեր
Անքնության ձեռքը բռնած պառկել լռիկ
Ու առանց արտասուք «ջահել վախտս» հիշել։

Մազակալ

Նեյլոնե մազակալ է կապում իմ հոգին,
Որ վարսերը չիջնեն ուսերին,
Եվ անվերջ, անդադար մի հին, տխուր ջազ
Շշնջում է հազիվ լսելի։

Եվ հոգուս շշունջից խլացած՝
Մտքերդ իրենց պատեպատ են տալիս,
Խելագար, մոլորված, մոռացված,
Կարոտած հոգեմետ հայացքիս։

Սպասում են դրանք հանդիպման,
Տենչում են հաջորդ ցրտերին,
Հաշվելով, թե քանի նյուտոն կլինի
Բախման ուժը մեր հոգիների։

Թաքցնում են իրենց մերկությունը
Ժպիտի տակ լալ, անհուզելի,
Մինչ մազակալ է կապում իմ հոգին,
Որ վարսերը չիջնեն ուսերին։

Fortnite

Ֆորտնայտը ժլատ է ու չի սիրում կիսվել,
Ես արդեն հաշտվել եմ՝ չես լինելու իմը,
Անխիղճ, թույլ տուր գոնե, որ քեզ սիրեմ հեռվից՝
Եղիր հավերժ օնլայն, շարունակիր սթրիմդ։

Կառուցիր պարիսպներ ու ամրոցներ շքեղ,
Որ տեսնեմ, մտածեմ՝ ինձ համար են հատուկ,
Դեպի վեր սողացող տառերի հոսքի մեջ
Մի քանի սրտիկ էլ ես ուղարկեմ չատում։

Ու կարծեմ՝ կարդում ես խաղալուն զուգահեռ,
Ու ժպտում ես, եթե իմ գրածն ես կարդում,
Շարունակեմ գրել, չդադարեմ գրել՝
Ողջ գիշերը հետդ անցկացնելով արթուն։

Լուսաբացին հոգնած աչքերս տրորեմ՝
Դիմադրելով մի կերպ բաժանմանը խրթին,
Քնեմ մի քանի ժամ, արթնանամ անհամբեր,
Որ միասին նորից տրվենք պարապուրդին։

Սկիզբ
Գրքեր
Էջանիշներ
Իմ էջը