Խենթությունս, էս ու՞ր ես, քամ բեք,
Ես չեմպիոն եմ միայն իմ ոճում,
Երբ չկաս, ես երգում եմ այլ երգ,
Գայլերի օրորոցն եմ ճոճում։
Երբ չկաս, ես դառնում եմ տերև՝
Ինձ տանում են խալխի հովերը,
Ես սկսում եմ քիչ-քիչ հավանել
Ուրիշի կրակին ինձ բովելը։
Խենթությունս, էս ու՞ր ես, քամ բեք,
Ես փորձել եմ արդեն շատ դերեր,
Բայց ուզում եմ նորից բոլորին
Տանել ծովը, ծարավ հետ բերել։
Չափածո
Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։
Սիրտ անբարեկամ
Աչքերս են թաց, շուրթերս են դողում՝
Սիրտ իմ, քեզ նորից ցավով են բարձել,
Բանաստեղծության ամեն մի տողում
Արցունքի խեղդող կաթիլ է սառցե։
Սիրտ իմ մոլորված, սիրտ անբարեկամ,
Իմ կրծքում կռած վշտերի սրվակ,
Դժբախտ լինելու համար քեզ, ցավոք,
Պետք չէ այլևս հարմար պատրվակ։
Սոլո
Վարագույրի վարսերն է շոյում քամին, Մելոդիկ իր վալսում տանում-բերում, Ես մենակ եմ ու ես եմ իմ թշնամին՝ Մնացել եմ նորից իմ հին դերում: Մոռացել են մարդիկ իմ հասցեն արդեն, Ոչ ոք դուռն իմ այլևս չի թակում, Ես ազատ եմ դատարկ խոսքերից, դեմքերից, Ես ազատ եմ, միայն թե իմ վանդակում: Ուր ամեն ինչ ծանոթ է ու անծանոթ, Ուր անգամ հարազատն էլ ինձ խորթ է, Որտեղ ես քամու հետ վարագույրն եմ շոյում Ու սպասում եմ՝ ու՞ր է իմ երկրորդը:
Պապարացի
Հավատա, քեզ չի փրկի խաբելը, Ստելը ինձ, Ես կխառնեմ իմ բոլոր կապերը, Կպարզեմ ամեն ինչ։ Ես կծել էի իմ ստորին շրթունքը, Դրանից հեքիաթ էր դուրս ծորացել, Ի պատասխան տեսա արտասուքդ… Որքա՜ն էի ստորացել։ Իմ խաբեբա, իմ սուտասան մուսան Նստել էր իմ վզին, Իմ ճակատին այժմ արյունոտ մի սպի կա, Որը նա չի լիզի։ Բայց և այնպես դու ինձ նույն դրամով Խնդրում եմ, մի հատուցիր, Ես կպարզեմ՝ իմ մեջ ապրում է մի թաքուն Պապարացի։
Ես զանգեցի, ես հանգեցի
Ես զանգեցի, ես հանգեցի, Ասացիր․ «Խի՞ չգնացիր», Փոխարեն ինձ դու հարցնեիր, Թե խի չեկա։ Բայց դու այնտեղ էիր, ուր գալիս էի, Ա՜խ, մի՞թե չես սպասում դու ինձ էլ, Թե՞ ես տեսնում եմ մոռացում, Իսկ այն չկա։ Ես խորացա իմ կասկածում, Ես վախեցա` կմոլորվեմ, Սովոր չեմ ես երկար ու ձիգ ճամփաների, Ես, ինչպես հին մի հեքիաթում, Հաց փշրեցի մտքիս ճամփին՝ Մտածելով, թե դա ինձ ետ պիտի բերի։ *** Ա՜խ, դու կորցնում ես քո թևերը, Թափվում ես վայր փետուր-փետուր, Դու արդեն անիմաստանում ես, Օտարանում ես դու, կամ դուք…