Չափածո

Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։

Տերևներ

Դու մթնշաղ երկնքի մեջ
Տերևներ ես լուռ հաշվում,
Ես տխրում եմ կողքիդ անվեջ
Եվ մենությունից տանջվում։

Մենք կշրջենք դեռ երեքով՝
Մենության հետ, քաղաքում,
Չեմ էլ անցնում ես քո մտքով,
Տերևներ ես հավաքում…

Ու կիսում են զգացմունքներս
Տերևները սավառնող,
Պատմում եմ քեզ տխուր սերս
Տերևների հետ մեռնող։

Չակերտից չակերտ

Արդեն չորրորդ նամակը քո
Անպատասխան կմնա,
Տխրության ծափերի ներքո
Սիրտս այն կմոռանա։

Հոգնած աչքերս սահել են
Արդեն քանի-քանի թերթ,
Կյանքս կարճ է դարձել ասես՝
Չակերտից մինչև չակերտ։

Հոգիդ ծրարի մեջ դրած
Ինձ ես կրկին նվիրում,
Էլ չգիտեմ ինչպես վարվել,
Ի՞նչ անեմ, որ չեմ սիրում։

Խելագար

Չմտածված շատ արարքներ
Թույլ տվեցի քեզ համար,
Իսկ դու միայն մեղմ ժպտալով,
Շշնջացիր՝ խելագար։

Քեզ փնտրելով չթողեցի
Ոչ մի օտար ճանապարհ,
Երբ ինձ տեսար, լոկ ժպտացիր
Ու ասացիր՝ խելագար։

Երբ հեռացար հեռու-հեռու,
Իմ սիրտը քեզ հետ տարար,
Ես նայեցի հայելու մեջ,
Նկատեցի՝ խելագար։

Կյանք չկրակես

Կյանք, չկրակես, ախր անզեն եմ,
Կյանք, գուցե խաղա՞ս խղճիդ դեբյուտը,
Հարբում ես, ախր, երբ շատ ես խմում,
Երակներիս մեջ հոսող էս հյութը։

Համառ ես հաստատ, ինձնից էլ համառ՝
Չես ուզում փոխել քո հին դրվածքը,
Ու, ցուցադրաբար՝ մոմած պարանիդ,
Կախում ես հոգուս խոնավ լվացքը։

Ինչու՞ ես կապտած տեղերիս խփում,
Ինչու՞ ես բացում նոր փակված վերքը,
Կյանք, ընկածներին չեն խփում, ախր,
Կյանք, ընկածներին մեկնում են ձեռքը։

Մի ուրիշ

Երնեկ թե մտնես թևս՝
Թևիս մեջ թև ըլնի,
Ասես մածունը սև ա՝
Մածունը սև ըլնի,
Իմ ներսի մարդը դև ա,
Դրա դեմ դև ըլնի,
Ու էս բռնածս ձևը
Բաց թողած ձև ըլնի։

Կարթ չգցած՝ կպնեն ձկներս,
Դեռ չկպած՝ ծալես ծնկներս։
Քո բալնիքով բացես աշխարհս,
Դեռ չբացած՝ լուծես խաչբառս։

Երնեկ թե նստես կողս,
Կողիս մոտ կող ըլնի,
Դադարի էս անտեր դողը,
Մի ուրիշ դող ըլնի։

Լալե՜յ

Լալե՜յ,
Ճարել ես ինձանից սիրուն, ջահել,
Պահել մտքումդ նրա սին խոսքերը,
Շարե՜լ
Իմ նվիրած փայլուն թելին
Ալյ սերերիդ սև ուլունքները։

Լալե՜յ,
Ես միևնույն է դեռ սիրում եմ խենթ պարել,
Թեկուզ ինձ հետ հիմա պարում է սոսկ քո ստվերը,
Պարե՜լ,
Ու անիմաստ կրկնել լալե՜յ, լալե՜յ,
Որ միայն ինքս հասկանամ երգիս խոսքերը։

Լալե՜յ,
Միայնությունը ինձ մանկուց դեռ վախեցրել է,
Իսկ դու ճարել ես ինձանից սիրուն, ջահել,
Լալե՜յ,
Ես այս գիշեր կմոռանամ կողպել դռներս,
Ներս կթողնեմ անցորդներին բոլոր, լալե՜յ, լալե՜յ։

Քո աչքերն էի փնտրում

Մեր շաբաթն ուներ յոթը ժամ,
Մեր տարին՝ տասներկու օր,
Վաղահաս կարոտն իմ անսանձ
Քո աչքերն էր փնտրում դիլխոր։

Մեր աշունը անցավ արդեն
Եվ գարունը կարծես պիտի գար,
Ես հոգիս հառելով ճամփիդ՝
Քո աչքերն էի փնտրում անջիգյար։

Քո աչքերն էի փնտրում անտարբեր,
Քո աչքերն էի փնտրում ցրված,
Եվ, պարապ մնալով, ընտրում
Քեզ համար խոսքեր չգրված։

Մեր անհունն ուներ մի սահման,
Մի թաղման մեղեդի տխուր՝
Ես աչքերդ էի փնտրում սիրահար,
Բայց գտնում էի աչքերդ անհուր։

Տեղի-անտեղի, պատեհ-անպատեհ

Տեղին-անտեղի, պատեհ-անպատեհ
Սիրտս մի տեսակ թախիծ է պատել։
Սկսել է թվալ, թե աշխարհը ողջ
Գլխիս փուլ կգա։

Սկսել է թվալ,
Թե մայրս հեռվից զանգում է հիմա,
Իսկ ես լռում եմ օտար անտունում,
Ու հոգիս՝ նրան վաղուց կարոտած,
Բջջայինի զուր այդքան տեղացող
Ճառագայթներն է արդեն ընդունում։

Սկսել է թվալ,
Թե կարիքի մեջ քույրս է նեղվում,
Մտածմունքներից դաղվում եմ, մաղվում,
Կենդանի թաղվում սեփական խելքից,
Սեփական երգից տառապում անգամ։

Սկսել է թվալ,
Թե խաղալիքով իմ պատահական
Ուրիշն է խաղում, վրաս ծիծաղում․․․
Ու թվում է, թե երազներս ջինջ
Երես են թեքել արդեն ինձանից։

Ինքս ինձ անգամ սկսում եմ ատել
Տեղին-անտեղի, պատեհ-անպատեհ։

Ներեք

Ներեք։
Ներեք ինձ ողջ իմ կյանքը,
Ներեք ապրելս ու չապրելս,
Ու ճողոպրելս ապրելուց,
Ներեք ինձ ուղղորդող հոսանքը,
Ներեք այն թանկը,
Որը ստիպել եմ վճարել,
Ներեք այն զանգը,
Որ ոչ մի բան էլ չէր գուժում,
Ու մշուշում
Անգիտակից գիտակցության
Արնաշշուկ խաշոցի մեջ
Լսեք իմ ճիչը,
Թողե՜ք իմ խիղճը
Իմ խղճին,
Թող ինձ կրող փակ արգանդից
Այն կողմ, անդին
Ես չտեսնեմ,
Ու արբեցնեմ հոգիս
Պղտոր պտղաջրով մեկի ներսի։
Հազա՜ր մերսի
Ինձ հոգեկուլ ստով մի օր փաթաթողին
Ու էս դողիս,
Էս հուզմունքիս հեղինակին։

Ներեք։
Ներեք ինձ հեռանալս
Աշխարհներից ու մարդկանցից
Ու այն անձից,
Որին որդի ու կամ եղբայր էիք համարում
Ու խավարում
Կենսանման ձեր դժոխքի
Դուք բացառեք իմ մի խավարը՝
Այն ինձ համար է։

Ներեք։
Մետաստազները լինելուս
Ձեր գոյության վրա անխղճորեն իմ տարածելը,
Ու մտածելս
Միայն իմ սեփական շահի մասին։
Ներեք ինձ նաև այն, որ չարեցի,
Ու ճարեցիք
Ինձ համար միշտ փոխարինող,
Ներեք իմ նոր
Ու ձեր համար օտար իմ դերը
Ու մա՜յր, թոռներդ,
Որոնք հազիվ թե ունենաս,
Ինձանից խերը
Երբ, հը՞, էդ երբ ես դու տեսել՝
Ու միշտ քեզ հետ
Պահել ես բարուրած խելառությունս։
Ներեք էն քունը,
Որ փախցրել եմ չուզելով,
Ներեք էն հունը,
Որ թույլատրել եմ ինձ տանի,
Ու կենդանի
Թաղել եմ ինքս իմ ջահելությունը։
Ներեք էն թույնը,
Որը ստիպեց կորցնել իմ գինը,
Ներե՜ք իմ հինը,
Նաև պատրաստ եղեք ներել
Ամբո՜ղջ իմ նորը՝
Ես չեմ փոխվի…

Մերժիր

Մերժիր, ներս մի թող ինձ, մեղքիս մեջլիս՝
Հույսին միշտ հաջորդում է տառապելը,
Հուշիր, փորձիր հուշել, թե որն է ճիշտ,
Իմ ցավը վախ չափե՞լ, թե՞ խաչ կապելը։

Մերժիր, ու չդառնաս դո՛ւ էլ կավատ,
Ու չդառնաս վշտի ու իմ քավորը,
Ասա ինձ, ավելի սնահավատ
Արճիճ թափո՞ղն է, թե՞ սքեմավորը։

Մերժիր ու հեռացրու քեզնից, քանի
Հիմարի պես դեռ չեմ կապվել ես հետդ,
Ես վախենում եմ, գիժ Մումթազ Մահալ,
Գերեզմանիդ սարքել իմ մինարեթը։

Մերժիր, որ ես երբեք էլ չաղոթեմ,
Որ չխնդրեմ Աստծուց իմ փայ ղսմաթը,
Օգնի՜ր, դու հին տականք ես, դու գիտես,
Որ կորցնելուց ցավոտ է զուր հավատը։