fbpx

Չափածո

Հիշել

Տեր, ինձ սովորեցրու
Նաև նրան ներել,
Ով թիկունքից գալով՝
Ինձ անցյալից զրկեց…

Նրան, ում պատճառով այլևս չեմ կարող
Ես տարիներ հետո, մի լուսնկա գիշեր
Անքնության ձեռքը բռնած պառկել լռիկ
Ու առանց արտասուք «ջահել վախտս» հիշել։

Մազակալ

Նեյլոնե մազակալ է կապում իմ հոգին,
Որ վարսերը չիջնեն ուսերին,
Եվ անվերջ, անդադար, մի հին, տխուր ջազ
Շշնջում է հազիվ լսելի։

Եվ հոգուս շշունջից խլացած՝
Մտքերդ իրենց պատեպատ են տալիս,
Խելագար, մոլորված, մոռացված,
Կարոտած հոգեմետ հայացքիս։

Սպասում են դրանք հանդիպման,
Տենչում են հաջորդ ցրտերին,
Հաշվելով, թե քանի նյուտոն կլինի
Բախման ուժը մեր հոգիների։

Թաքցնում են իրենց մերկությունը
Ժպիտի տակ լալ, անհուզելի,
Մինչ մազակալ է կապում իմ հոգին,
Որ վարսերը չիջնեն ուսերին։

Թե խի եմ լացում

Հերիք նայես միայն, ի սեր քո Աստծո,
Ինձ կամ խմիչք տուր, կամ էլ հանգստացնող,
Կանգնիր կողքիս ու վարդագույն հովհարով
Ցրիր հիմար մտքերս։

Ու չհարցնես հանկարծ, թե խի եմ լացում,
Ես կարդացել եմ վաղու՜ց մի հոդվածում,
Որ չհարցնելը քսան մարդուց քսանմեկին
Գլխացավից փրկել է։

Երբ մութ է դեռ մինչև տասն անց քառասուն,
Ու կեսօրից արդեն ոչինչ չես սպասում,
Նյարդերդ ի զորու չեն հանգստացնել
Ո՛չ սուրճը, ո՛չ գրկվելը։

Այդ երկնքում նստած է գիժ, աննորմալ՝
Ես պատրաստվել էի լուսավոր մի օրվա,
Գուցե ոտքով մեկի տուն հյուր կգնայի,
Կամ հյուր կգար ընկերս։

Կամ զբոսնեի մինչև «էն մեծ շան» փողոց,
Կարճ թևքերով ու առանց անձևանոց,
Ապրիլը մի՞թե այն մտքով չեն ստեղծել,
Որ մրսեցնես ձեռքերդ։

Որ խառնվես եռուզեռին քաղաքի,
Ու համտեսես սիրածդ պաղպաղակից՝
Միակ դեղից, որ ի զորու է բուժել
Անտանելի ձմեռը։

Մեկ էլ ընկճախտը՝ Սարդ-մարդի պես հզոր,
Բացի քեզնից՝ կարծես մեկին չհուզող,
Որ լցվելով մռայլությանդ հետ տուն՝
Քիչ-քիչ դարձել է տերդ։

Հերիք նայես միայն, կարծես չես լսում,
Ես քեզանից խնդրեմ, իսկ դու՛ քո Աստծուց,
Մինչ գարնան գալը՝ վարդագույն հովհարով
Ցրել հիմար մտքերս։

Fortnite

Ֆորտնայտը ժլատ է ու չի սիրում կիսվել,
Ես արդեն հաշտվել եմ` չես լինելու իմը,
Անխիղճ, թույլ տուր գոնե, որ քեզ սիրեմ հեռվից՝
Եղիր հավերժ օնլայն, շարունակիր սթրիմդ։

Կառուցիր պարիսպներ ու ամրոցներ շքեղ,
Որ տեսնեմ, մտածեմ՝ ինձ համար են հատուկ,
Դեպի վեր սողացող տառերի հոսքի մեջ
Մի քանի սրտիկ էլ ես ուղարկեմ չատում։

Ու կարծեմ՝ կարդում ես խաղալուն զուգահեռ,
Ու ժպտում ես, եթե իմ գրածն ես կարդում,
Շարունակեմ գրել, չդադարեմ գրել՝
Ողջ գիշերը հետդ անցկացնելով արթուն։

Լուսաբացին հոգնած աչքերս տրորեմ՝
Դիմադրելով մի կերպ բաժանմանը խրթին,
Քնեմ մի քանի ժամ, արթնանամ անհամբեր,
Որ միասին նորից տրվենք պարապուրդին։

Խմոր

Ձեռքս սիրիր, հարս իմ՝ խմոր,
Քեզ գնդեմ, գրտնակեմ նորից,
Գուրգուրելով՝ ջանիդ քսեմ
Ջեմ, մուրաբա, անուշ խորիզ։

Տամ կրակին՝ գալուդ սպասեմ,
Պատուհանիս փեղկը բանամ,
Ամեն ծանոթ ու անծանոթ
Հոտդ առնեն, տեղդ իմանան։

Բարև տան ու, Աստծո բարիք,
Քեզ անելով բաժին֊բաժին՝
Մի բաժինը հետս կիսեն,
Մեկը տան պառավին, ճժին։

Ուտեն ու գոհ գլուխ ճոճեն․
«Քաղցր էիր, համա ծարավ թողիր»,
Շիրեդ մատներից լպստեն,
Օրհնեն հա՛մ քեզ, հա՛մ թխողիդ։

Որդուս

Դու կաս ու գիտեմ ես, թե խի ես կամ՝
Որ ծածկեմ քո վրա, երբ բացում ես մեջքդ,
Որ, հեռու քեզանից, երբ հանկարծ ընկար,
Ափդ իմ ափի մեջ ուղեկցեմ վայրէջքդ։

Դու կաս ու գիտեմ ես, թե խի ես կամ,
Որ մի բան չունենաս` քոռանան աչքերս,
Որ քայլեմ, ուր քայլես, ստվերը քո գրկած՝
Արծաթե խաչերով քշելով չարքերը:

Դու կաս ու գիտեմ ես, թե խի ես կամ՝
Որ թաքուն արտասվեմ, երբ ցավի մի տեղդ,
Որ լարած մկան պես դես ու դեն ընկած
Որոնեմ հարբուխի կամ ականջիդ դեղը։

Դու կաս ու գիտեմ ես, թե խի ես կամ՝
Որ օրերդ հաշվելով՝ շատացնեմ օրերս,
Որ թեկուզ ուշացած, հասցնեմ սակայն,
Հասկանալ նաև, թե ինչու կա մերս։

Բարի հոգին

Աչքերս բացեմ՝ տեսնեմ լուսացել է,
Ու կողքիս նստել է բարի հոգին,
Ու տուփից հանել է իմ սիրած խաղը,
Շարել գոգին։

Նայում է, ժպտում է․ «Բարլու՜ս քեզ, ծիտս,
Տես, էլի հաղթել ես, չունես դուշման,
Խաղը քո խախանդ է, դու էլ խախանդ ես
Խաղիդ նման։

Նախշուն կավիճով գծել է սահմանը
Խալխն՝ իր տանը տվել է տարբեր անուն,
Տունը քո դեռ սերն է, իսկ սերը, սերս,
Չեն սահմանում։

Տունը քո թռչում է, երբ լույս է դուրսը,
Այն չունի ոչ դուռ, ոչ անգամ տանիք,
Ու ներսում երգում է քեզ հետ, թռչունս,
Հազար քամի։

Մանկան պես ամենքը լսում աղոթքդ,
Կրկնում է, ինչպես հին շուտասելուկ՝
Իբրև զենք՝ բարձի տակ պահած ասեղը
Աստծով թելում։

Վրեժին կարում է ներումն իր, հարսս,
Ու ցավին անուշ բալասան կարում,
Իր թոշնած բոլոր փեշերին կարում է
Սիրուն գարուն։

Մի մոմից մյուսը վառում է մարդը՝
Լույսդ ակամա թշնամուդ տանում,
Աչքերը չռած հետևում է Չարը,
Օտարանում։

Ու թողնում մենակ քեզ բարեկամիդ հետ,
Հետքն իր վերացնում է՝ կարծես չկար,
Անկողնուցդ վեր կաց, ու դուրս եկ, ծիտս,
Մարդկանց աշխարհ»։

Նժույգները պատրաստ են վազքի

Նժույգները պատրաստ են վազքի,
Ու լծված են սայլերը արդեն,
Ես սպասում եմ մթին ընթացքին,
Պիտ հասնել մինչև լուսադեմ։

Ինձ էնտեղ ապրել չի սազում,
Որտեղ կյանքն ապրելու տնազ է,
Իսկ հեռվում գագաթներ են սպասում,
Հուպ տուր, սայլապան, վռազ եմ։

Իմ հոգին կրակներ է ուզում,
Խարույկը մարած` քամի,
Ոտքդ կախ չգցես, ծերուկ,
Հասցրու ինձ իմ հին մեհյանին։

Մյուսները, գուցե, ձև բռնած
Մտածեն, թե ոնց կնայվեն,
Եկ շարժվենք դեռ չսափրված,
Ետևում թողնենք էդ թայֆեն։

Ես գիտեմ, սայլապան, ես տեսա
Սև սքեմ հագած էն մարդուն,
Նա խոսում է չարի անունից,
Խոսում է, թեև, իմաստուն։

Ներշնչում էր նա ինձ, թե, յանըմ,
Ճակատիս է գրած իմ բախտը,
- Մի շտապիր, հասնելու ես, ջանըմ,
Ամեն ինչ ունի իր վախտը։

Եկ վախտին չսպասենք, սայլապան,
Պոկիր դու տեղից քո սայլը,
Ես ուզում եմ շտապել, հուսալ,
Մուսաներ է ծնում հուսալը։

Համարդ կամ աշխարհդ

Կամ համարդ է փոխվել, կամ աշխարհդ,
Կամ կողքինդ է փոխվել, կամ հոգիդ,
Ինձ թվում էր, այնքան դժվար է
Կորցնել մեկին։

Կամ գնացքդ ես փոխել, կամ հայացքդ,
Կամ հավատդ ես փոխել, կամ ճամփադ,
Ցրտերից հեռացող երամում
Ես տեսա, որ չվում եմ մենակ։