fbpx

Չափածո

Թե ինձ սիրես

Թե ինձ սիրես,
Ես կթաղեմ հին սերերս,
Ես կթարգեմ միշտ ներելս
Ու կփակեմ ներվածներին
Մոռացության կատակոմբում,
Ես կբացեմ նեղ գետնանցում
Իմ հույզերի նորագոյաց,
Խեղդող տրոմբում,
Որ ներս թողնեմ գոյությունդ:
Ու կվառեմ մթում կերոն,
Որ իմ հոգին սոմնամբուլիստ
Սիրի քեզ միշտ բաց աչքերով:
Ես կխաղամ աչքկապոցի չարերի հետ,
Ես կպոկեմ կյանքից մի մեծ բախտի թիքա,
Ես կընդունեմ լինելությունդ հոգեմետ
Ու աշխարհում էլ ոչ մի ցավ աչքիս չի գա:
Թե ինձ սիրես,
Ես կգտնեմ նորից
Վաղուց կորցրած քունս,
Ես կնայեմ առանց էկրան
Իմ դժբախտ երջանկությունը,
Ես կդառնամ խելառ դուալիստ,
Ես կպաշտեմ չարքերն ու քեզ,
Ինքս իմ պարծանքին վերածված
Կսավառնե՜մ,
Թե ինձ սիրես:

Գրկում

գրկումդ ուզում եմ անընդհատ համբուրել ուսդ
գրկումդ մոռանում եմ թարմացնել ֆեյսբուքիս ստատուսը
գրկումդ ուզում եմ դադարեն բոլոր զանգերը
գրկումդ փորձում եմ չգրկումը իսպառ թարգելը
գրկումդ ուզում եմ մի թեթև ցավեցնի գրկումդ
գրկումդ հիշում եմ, որ նաև սիրտ կա կրծքումս

Գրկո՜ւմդ,
Անունս մոռանում եմ գրկումդ,
Աստծուց եմ գրկումդ յան տալիս՝
Ու գտնում եմ փրկումս։

գրկումդ ուզում եմ գրել գրկմանդ մասին երգը
գրկումդ ակամա մոռանում եմ, որ մերկ եմ
գրկումդ ուզում եմ լռել ու լսել սրտիդ զարկերը
գրկումդ փորձում եմ շոշափելով չափել բոլոր ծալքերդ
գրկումդ չգրկածդ ամեն ինչ ջնջում եմ մտքումս
գրկումդ ամեն ինչ կորցնում ու գտնում եմ գրկումդ

Գրկո՜ւմդ,
Անունս մոռանում եմ գրկումդ,
Աստծուց եմ գրկումդ յան տալիս՝
Ու գտնում եմ փրկումս։

գրկումդ ուզում եմ հավերժ գրկված մնալ մոտդ
գրկումդ սկսում եմ անգիր անել մարմնիդ հոտը
գրկումդ ուզում եմ սիրո մասին անվերջ խոսել
գրկումդ սկսում եմ աչքերս բաց երազել
գրկումդ գրկում եմ գրկմանդ մասին իմ մտքերը
գրկումդ կրկնում եմ, թե ինչ հաճելի է գրկվելը․․․

Տաղ մազոխիստական

Աչքերս կապիր:
Դու միակ մարդն ես,
Ում հետ ուզում եմ
Կույր լինել մի պահ,
Հյուր լինել մի պահ
Սեփական մարմնում,
Ինչպես քահանան
Բորդելում է հյուր,
Ու բացել մի դուռ,
Որ ոչ ոքի հետ
Դեռ որ չեմ բացել․․․
Վախեցել գուցե:
Աչքերս կապիր
Ու եղունգներով
Մարմնիս նկարիր
Արնագույն նախշեր,
Ես կորուստներից
Չեմ փորձում փախչել,
Երբ կորցնել է պետք
Միայն ամոթը։
Թող զգամ քո հոտը,
Այն, որը զգում են,
Երբ մարմինները
Ուզում են իրար,
Ու խենթությունը,
Իմ հոգուն տիրած,
Թող որ խլացնի
Քաղցր ցավերս:
Աչքերս կապիր
Ու կանգնիր հեռու,
Որ ես անհամբեր
Սպասեմ ջերմացնող
Քո հպումներին,
Քնքշանքիդ սպասեմ,
Սակայն ապտակներ
Ստանամ միմիայն,
Ու միմիայն ցավ:
Չէ որ այլ զգացում
Պատճառել բնավ
Դու ընդունակ չես:

Եթե սպասում էիր ու չեկա

Եթե սպասում էիր ու չեկա, ներիր` ճպռոտ էի,
Ների՜ր, ինձ մոտ էին դեսպանները քո իզուր սպասումների,
Օրակարգում էին ընկերներն ու ծխախոտը,
Ու իմ մտքերը տրանսֆորմեր` փոխակերպված ցասումների:

Օրակարգում էին անտեղի ասված խոսքերը,
Շփոթությունը՝ հագուստիս ու սենյակիս հետ ներդաշնակ,
Կասկածներիս վճռաքարերը` սև լույսերս,
Որ խուսափում էի, բայց ստիպված էի, ամենուր հետս քարշ տալ:

Օրակարգում էր անցյալիդ` շրջած գլխարկը,
Ուր ուրիշներ էիր անպատիվ հարստության պես կուտակել,
Ու իմ քյասիբ հպարտության անվերջ մենակը,
Որն այդպիսին էլ կմնար, եթե փեղկերս չթակեիր:

Օրակարգում էր ա՛յս ու ա՛յն, մեկ էլ է՛ն մեկը,
Ես զզվեցնում էի հորանջող դեսպաններին սպասումներիդ,
Բողոքարկում էի միայն քեզ տրված ցերեկը
Ու պահանջում այն միացնել մեր ընդհանուր գիշերներին:

Հրաժարվում էի ընդունել ամենն, ինչ խորթ էր,
Դեսպաններն քո ձեռնունայն ղրկելով ետ դեպի քո տուն,
Եթե սպասում էիր ու չեկա, գիտե՛ս, ճպռոտ էի,
Միայն մնում է իմանաս, թե էդ ինչից են ճպռոտում:

Մեր սերերը երկու

Ինձ խեղդում են տողերդ դարձյալ,
«Չես գալիս, բայց սիրում ես, էդ ո՞նց է»,
Հա, սիրում եմ անշուշտ, անպատճառ,
Փող չունեմ, որ գնեմ ուղետոմսը:

Չեմ գալիս, բայց հառում եմ հոգիս,
Չեմ գալիս, բայց մեկնում եմ իմ երգը,
Դու կզգաս՝ աստղերից Երևան
Ընդամենը մի փուչ տիեզերք է:

Կիմանաս, որ համարը նստել,
Որ հասնես քո սրտից մինչ իմ սիրտ,
Կտեսնես դատարկ կայարանս,
Որ սպասում է վաղուց գնացքիդ:

Եվ կանցնեն՝ կոտրելով ժամանակը,
Մեր առաջ լղոզած էս ուղին,
Տենչացող, բայց իրար չդիպչող
Մեր սերերը՝ երկու լեսբուհի:

U.S.A.

Երեկ տեսա ես մի ցուցակ ու պարզեցի, որ գրող չեմ,
Այդպես կարծում են դիպլոմով մեր գրողները,
Ես երազում եմ սովուքաղց, որ «հանճարները» այդ գաղթեն,
Փրկիր, օգնիր ինձ, U.S.A., ես դրանց մերը:

Նրանք թղթեր են խզմզել, նրանք գրքեր են բզբզել,
Դու կորցնում ես, Քեմերոն, նման կադրերը,
Նրանք միշտ փառք են երազել, արի տար հետդ U.S.A.,
Հաջորդ ֆիլմում թող քո լինեն հայ մուտանտները:

Նրանք ունեն մեծ ճանաչում` իրար շատ լավ են ճանաչում,
Իրար գովել են, գովազդել են ու ցիտել են,
Ո՞ւմ ես սպասում էլ, Բրիթնի Սփիրս, կանչիր նրանց Բեվերլի Հիլզ,
Թող որ հանգիստ նստեն գրեն քո նոր հիթերը:

Նրանք արդեն շատից-քչից տիրապետում են hi-tech-ին,
Նրանք ամեն մեկը ունեն իրենց բլոգները,
Իսկ դու զբաղվում ես, Microsoft, հազար տարի է Windows-ով,
Կանչիր նրանց, թող մշակեն գերնոր prog-ներդ:

Նրանք ծախվում են, անկասկած` նրանց գրքերը չեն ծախվում,
Նրանք ապրում են՝ ուտելով ցամաք գրանտները,
Դե ձեռք մեկնիր նրանց, Բարաք, ընդունիր նոր օրինաքաք,
Որ ամսեգրանտ են ստանալու իմիգրանտները:

Եվ տար` տալով նրանց մի կուտ, Հայաստանիցս Hollywood,
Գտիր, խնդրում եմ, U.S.A., նրանց դերերը,
Թե չէ փորձում են հաստատվել` կազմելով օրը մի ցուցակ,
Որտեղ չկամ ես, փառք Աստծո` ցուցակի մերը:

Ինձ լքիր

Ես ներքուստ միշտ անհաշտ եմ քեզ հետ,
Քո բերքից ծանրացնում եմ հոգիս,
Խոր վերքից ինձ դարձնում երկու կես,
Սիրելի իմ, փրկիր ինձ` լքիր:

Ես բնավ չգիտեմ քեզ սիրել
Էն սիրով, որ սիրում ես դու ինձ,
Երազում եմ մեկին նվիրվել
Փոխադարձ․․․ դե օգնիր ինձ` լքիր:

Ես փնտրում եմ քո մեջ Ուրիշին,
Ու փորձում քեզ Ուրիշը դարձնել,
Չփոխվես, էս խոսքերս հիշիր,
Ինձ լքիր, քեզ գտիր ուրիշ սեր:

Ես ուժեղ եմ, դու էլ` ինձ լքիր,
Ժամանակն իր դանդաղ կրակին
Սերը մեր այրելով կսպառի,
Սաղ կանցնի։ Ինձ լքիր, ինձ լքիր։

Մամ, ինձ չես վիժի

Բաց թողեք ինձ,
Հանգիստ,
Մի փորձեք բուժել,
Ես եղել եմ արդեն`
Կլինեմ ուժեղ,
Ես կանցնեմ անտարբեր,
Ես կանցնեմ անհամբեր
Էն կողքով շշի,
Էն կողքով, հիշի՜ր,
Մամ, որ դու անցար
Ու ինձ չես վիժել,
Ու էլ չես վիժի,
Ու էլ չես վիժի:
Բաց թողեք ինձ,
Հանգիստ,
Մի փորձեք կապել,
Ես չափել եմ արդեն,
Թույլ տվեք չափել
Ինք՛ս իմ ջերմությունը
Սեփական իմ ճնշումը,
Որ բացի ինձանից
Մեկին չի ճնշել
Ու հազիվ ճնշի,
Մամ, դրա՛ համար,
Դու ինձ չես վիժել,
Ու էլ չես վիժի,
Ու էլ չես վիժի:
Բաց թողեք ինձ,
Հանգիստ,
Թույլ տվեք ապրել,
Ես ապրել եմ արդեն,
Կուզեմ` մի փոքր էլ,
Որ գտնեմ կորցրած քունս,
Որ գտնեմ փրկությունս`
Չլսեմ ինչպես
Նյարդերի միջից
Մամ, կասես մի օր,
Թե իզուր վախտին
Դու ինձ չես վիժել
Ու, ցավոք, արդեն
Երբեք չես վիժի,
Երբեք չես վիժի:

Արի, դերձակ

Դերձա՜կ, միտքս ուլունք-ուլունք
Թելիդ շարի,
Մաստս ճարի,
Քեզնից կտրած կարկատանով
Հոգուս պատռվածքը կարի:
Հասի՜, դերձակ,
Դեռ մի ծակը չշուլալած,
Ես բացում եմ մի ուրիշ ծակ,
Թելդ թելի՜…
Երգդ երգի՜,
Կեսդ կիսի՜,
Ինձ նվիրի մեկ քառորդդ,
Խերո՜վ, դերձակ,
Թող իմ ներսում լինի ոտդ՝
Յուղով լվամ
Ու մազերովս այն սրբեմ:
Էլ ո՞վ դերձակ,
Էլ ով պիտի ճարս ճարի,
Կոշկակա՞րը։
Դե լա՜վ դերձակ,
Ես ապրել եմ արդեն քանի
Կյանքից հոգնած բութ կոշկակար,
Մեկը չկար, որ ինձ ապրեր,
Խաբնվել եմ արդեն քանի կոշկակարի,
Մեկը չկար, որ ինձ խաբեր:
Արի՜, դերձակ,
Պարի՜, դերձակ
Դու անցյալիս այրող մոխրին,
Ու գլուխը իմ մկրտչի
Պարիդ դիմաց
Ստացիր սկուտեղի մեջ դրած:
Թքա՜ծ դերձակ,
Միտքս հիմա ուլունք-ուլունք թելիդ շարի,
Արի միայն,
Միայն արի։
Ունայնության թեորեմը
Ես չեմ ուզում ապացուցել,
Մոռացության բանաձևը
Ասե՞ս գուցե։

Վանեսա Պարադին

Նա գիտի մի անչափ ձանձրալի մեղեդի,
Որ սիրում է երգել քթի տակ,
Նա, ինչպես մի ֆիլմում Վանեսա՛ Պարադին,
Պարոնի է սիրում ծերացած:

Ձևացնում է մեկ-մեկ, թե ոչինչ չի լսել,
Երբ խոսում է պարոնն ուրիշից,
Հացից շատ է ուտում շաքարով թթվասեր,
Որ նյարդերը հանի իր միջից:

Նա ունի 24 ժամ անվճար ինտերնետ
Եվ ամեն օր մի նոր սկավառակ,
Նա միայն երազում իրական մարդու հետ
Սավառնում է՝ ասես թև առած:

Լրացնում է խեղդող տաղտկությունն օրերի
Սերիալով, գրքերով, զանգելով,
Ողորմի է տալիս իր նախկին սերերին՝
Ներկայից դեպի ետ ցատկելով:

Նա ուզում է սիրվել, նա հոգնել է արդեն՝
Զարկելով իր պատիվը գետին,
Թե ինչպե՞ս էր ապրում մի նման մարդու հետ
Իր ֆիլմում Վանեսա՛ Պարադին…