Երբ մի լուռ գիշեր աչքերդ փակես Եվ ակամայից թռչես, գաս ինձ մոտ` Կոչիր դա կարոտ․․․ Կամ եթե մի օր հարազատ մեկի Անունն իմ անվան հետ դու շփոթես` Կարոտ կկոչես․․․ Ու եթե տխրես` տեսնելով մեկին Տողեր գրելիս պատուհանի մոտ, Նորից ու նորից կոչիր դա կարոտ, Կանչիր, կլսեմ, թեկուզ հեռու եմ․․․ Ձայնը քո թախծոտ կկոչեմ կարոտ։
2007
Անցիր, ժամանակ
Անցի՜ր, ժամանակ,
Այս պատերից դուրս թռչող, հեռացող
Ագռավների պես թռիր ու անցիր,
Հիմա ես մենակ
Օրերս լափող ու կենսաքայքայ այս կայարանում
Սպասում եմ կրկին
Կրկին ուշացող իմ ճեպընթացին։
Շտապի՜ր, ժամանակ,
Չէ որ դու միակ իմ բարեկամն ես,
Ում դանդաղելը բնավ չի սազում…
Էլ այս կայարան
Մի բեր ինձ այնքան սիրելի մարդկանց,
Այլ ինձ թևանցուկ տար հարազատ տուն։
Աշխարհի առաջ
Ես արցունքները ամբողջ մարդկության
Հատիկ առ հատիկ հաշվել գիտեմ,
Ուրիշի ցավից ու տառապանքից
Լուռ, ինքնամոռաց մաշվել գիտեմ,
Եվ ամեն մեկին սրբության նման
Հեզ, խոնարհվելով պաշտել գիտեմ…
Հոգիս պատռելով՝ դուրս եմ գալիս ես աշխարհի առաջ,
Աշխարհը՝ իմ դեմ։
Սպասել նորից
Սպասել նորից, Որերորդ անգամ հորինել Տասն օր ապրելու նախագիծ, Հուսահատության տարտարոսը խոր Ծածկել հավատի մաղած ավազով, Բազմիցս մաղած, թաղած հավատի, Հավատի նորից հարություն առած։ Ու հաշվել նորից, Ու մաշվել կրկին, Կանխատեսումներ անելով դատարկ, Սրտիս մեջ անտակ՝ օրեր լցնելով Ու զարմանալով, որ դեռ չի լցվում։ Հպվել շուրթերով նոր նվեր ստացած Խաչելությանը Ու սպասել էլի՝ կրկնելով մտքում Մի գուշակություն նորաձև դառած, Որ խոստանում է տալ պատասխաններ Հարցերից առաջ։
Ոչինչ չի փոխվել
Ոչինչ չի փոխվել։ Պարզապես այժմ ես արցունքներս Պիտի սեփական թևքերով սրբեմ, Այլ ոչ թե սպասեմ Հրեշտակներից Ինձ առաջարկվող թաշկինակներին։ Այժմ, պարզապես, էլ պետք չէ սպասել, Պետք է երազել, Դառնալ սեփական խենթ մտքի գերին, Ու դեմքով դառնալ կողմն հրաշքների՝ Հավատալ թեկուզ, թե անապատում Վարդեր են բուսնում, Թե կյանք կա լուսնում, Միայն չլացել, Չհուսահատվել։ Ոչինչ չի փոխվել։