Տխուր բանաստեղծություններ

Ժամանակակից հայ գրող Դօրիանի տխուր բանաստեղծությունների թվին են դասվում մի քանի տասնյակ բանաստեղծություններ՝ սիրո, բաժանումի, կարոտի և այլ թեմաներով։

Կես բերան

Կես բերան շուլուլիր մորմոքս,
Պատռվել է, սառում եմ, ցուրտ է,
Մրսեցրել եմ հենց էն մի թոքս,
Որով կյանքն էի շնչում ես թեթև։

Կես բերան աչքերիս թոզ փչիր՝
Ավելի լուսավոր է խավարը,
Թող որ ես չիմանամ, թե ինչին,
Սակայն մեկ է սկսեմ աղոթել։

Կես բերան ներարկիր հավատը,
Թե հատվում են երկու զուգահեռ,
Ես մտքում դառնամ մեր կավատը,
Չի լինում, բայց ասեմ. «Ի՞սկ եթե…»։

Ներսոլոգ

Ներսս ցավում ա, իմ ներսոլոգ,
Ո՞րն ա դեղս,
Քայքայվել եմ,
Չարորակ ուռուցք ա բուսնել տեղս։

Բախտի տվածը էլ չեմ ուզում՝
Բախտից խլածն ա ինձ պետք,
Սիրուն «յառլիկովը» քեզ ըլնի,
Խալխի չլածն ա ինձ պետք։

Քոքը տվել եմ, իմ փայտահատ,
Հոգուս կեսի,
Դրսից ջահել,
Ալևոր եմ արդեն դառել ներսից։

Ճակատիս գրածն էլ չեմ ուզում,
Ջրի բերածն ա ինձ պետք,
Ինձ սիրող մարդու սերը սպանի,
Ուրիշի սիրածն ա ինձ պետք։

Մեղքս գալիս եմ, իմ խղճաբույժ,
Վերքս փակիր,
Ձեռքս կոտրել եմ,
Դու քո ձեռքով թույնս սարքիր։

Դադարում եմ երգել

Ես այլևս դադարում եմ երգել,
Սոխակները մեռան իմ հոգում,
Ինչ-որ մեկն ինձանից թաքուն ներկեց
Հոգիս տրտմության գույն։

Եվ արդեն իսկ դադարում եմ սիրել
Սերս ծալում հուսահատ, դնում մի կողմ,
Ինձ վերջերս մի բան է նվիրել՝
Սիրահալած մի հողմ։

Իսկ վաղվանից կդադարեմ ժպտալ,
Կսովորեմ կրել մշտամորմոք թախիծ,
Դրանից հեշտ կարծեմ ոչինչ չկա,
Այդպես է ասել ինձ։

Պարզապես մի օր դադարել ապրել,
Երգել, սիրել, ժպտալ նույնիսկ…
Պատճառները թեև ինքս էլ չգիտեմ,
Ինչ-որ մեկը, սակայն, դա է ուզում ինձնից։

Վերջին մերձավորս

Ինչ ճյուղիցս պոկվեց, ընկավ վերջին մերձավորս,
Չի դիմանում հոգիս տոպրակի մեջ կաշվե,
Հայր մեր, ինձ գոնե մոտավոր ասա մահվան օրս,
Որ սկսեմ անհամբեր ես օրերը հաշվել։

Որ սկսեմ անտարբեր լինել տառապանքիս հանդեպ,
Դադարեմ գուշակել՝ ինձ ինչ է պակասում,
Որ անխուսափելի ազատումին միայն սպասեմ,
Ինչպես, երբ մանուկ էի, Նոր Տարուն էի սպասում…

Ինձ ցավեցնելիս

Ինձ ցավեցնելիս՝ ի՞նչ ես դանդաղում,
Սպիտակ դագաղում լավ է, տեղ կա շատ,
Ստերից քամած հյութը դառնավուն
Չի օգնում, ու չի բուժում անաշան։

Ինձ ցավեցնելիս՝ ի՞նչ ես դանդաղում,
Մաս առ մաս թաղում՝ ոչ ամբողջությամբ,
Արյունս անխիղճ երակով մաղում,
Շունչս վերածում զուտ շնչառության։

Ինձ ցավեցնելիս՝ ի՞նչ ես դանդաղում,
Ու՞մ սերն ես քաղում սիրո իմ գնով,
Ամենակործան, անազնիվ խաղում
Դու՞ ես հաղթելու։ Ասա՛, մեկ էլ ո՞վ։

Ինձ ցավեցնելիս՝ ի՞նչ ես դանդաղում,
Ի՞նչ ես հապաղում, եղի՛ր վճռական,
Լավ է, լայն է իմ սպիտակ դագաղում,
Քեզ է վախեցնում միայն ապագան։

Խնդիրներդ չլիր

Հյուսվածքներս է նա պատրաստ անել թելիկ–թելիկ,
Ես իմ երկրորդ կեսին գիտեմ հինգ մատիս պես․
Աննան ասաց՝ խնդիրներդ չլիր,
Հետո պիտի ավելի լավ ապրես։

Մղձավանջը օրվա քեզ կթվա թմբիր,
Չես ճանաչի վաղը դու երեկվա գիժ-քեզ
Հիշիր ինչն է ցավում, խնդիրներդ չլիր,
Հետո պիտի ավելի լավ ապրես։

Ներես պիտի մի օր անցածին դավադիր,
Ու մոռանաս պիտի օտարին աներես,
Ցավդ մոտդ պահիր՝ խնդիրներդ չլիր,
Հետո պիտի ավելի լավ ապրես։

Թե խի եմ լացում

Հերիք նայես միայն, ի սեր քո Աստծո,
Ինձ կամ խմիչք տուր, կամ էլ՝ հանգստացնող,
Կանգնիր կողքիս ու վարդագույն հովհարով
Ցրիր հիմար մտքերս։

Ու չհարցնես հանկարծ, թե խի եմ լացում,
Ես կարդացել եմ վաղու՜ց մի հոդվածում,
Որ չհարցնելը քսան մարդուց քսանմեկին
Գլխացավից փրկել է։

Երբ մութ է դեռ մինչև տասն անց քառասուն,
Ու կեսօրից արդեն ոչինչ չես սպասում,
Նյարդերդ ի զորու չեն հանգստացնել
Ոչ սուրճը, ոչ գրկվելը։

Այդ երկնքում նստած է գիժ, աննորմալ՝
Ես պատրաստվել էի լուսավոր մի օրվա,
Գուցե ոտքով մեկի տուն հյուր կգնայի,
Կամ հյուր կգար ընկերս։

Կամ զբոսնեի մինչև «էն մեծ շան» փողոց,
Կարճ թևքերով ու առանց անձևանոց,
Ապրիլը մի՞թե այն մտքով չեն ստեղծել,
Որ մրսեցնես ձեռքերդ։

Որ խառնվես եռուզեռին քաղաքի,
Ու համտեսես սիրածդ պաղպաղակից՝
Միակ դեղից, որ ի զորու է բուժել
Անտանելի ձմեռը։

Մեկ էլ ընկճախտը՝ Սարդ-մարդի պես հզոր,
Բացի քեզնից՝ կարծես մեկին չհուզող,
Որ լցվելով մռայլությանդ հետ տուն՝
Քիչ-քիչ դարձել է տերդ։

Հերիք նայես միայն, կարծես չես լսում,
Ես քեզանից խնդրեմ, իսկ դու քո Աստծուց,
Մինչ գարնան գալը՝ վարդագույն հովհարով
Ցրել հիմար մտքերս։

Բարի հոգին

Աչքերս բացեմ՝ տեսնեմ լուսացել է,
Ու կողքիս նստել է բարի հոգին,
Ու տուփից հանել է իմ սիրած խաղը,
Շարել գոգին։

Նայում է, ժպտում է․ «Բարլու՜ս քեզ, ծիտս,
Տես, էլի հաղթել ես, չունես դուշման,
Խաղը քո խախանդ է, դու էլ խախանդ ես
Խաղիդ նման։

Նախշուն կավիճով գծել է սահմանը
Խալխն՝ իր տանը տվել է տարբեր անուն,
Տունը քո դեռ սերն է, իսկ սերը, սերս,
Չեն սահմանում։

Տունը քո թռչում է, երբ լույս է դուրսը,
Այն չունի ոչ դուռ, ոչ անգամ տանիք,
Ու ներսում երգում է քեզ հետ, թռչունս,
Հազար քամի։

Մանկան պես ամենքը լսում աղոթքդ,
Կրկնում, ինչպես հին մի շուտասելուկ՝
Իբրև զենք՝ բարձի տակ պահած ասեղը
Աստծով թելում։

Վրեժին կարում է ներումն իր, հարսս,
Ու ցավին անուշ բալասան կարում,
Իր թոշնած բոլոր փեշերին կարում է
Սիրուն գարուն։

Մի մոմից մյուսը վառում է մարդը՝
Լույսդ ակամա թշնամուդ տանում,
Աչքերը չռած հետևում է Չարը,
Օտարանում։

Ու թողնում մենակ քեզ բարեկամիդ հետ,
Հետքն իր վերացնում է՝ կարծես չկար,
Անկողնուցդ վեր կաց, ու դուրս եկ, ծիտս,
Մարդկանց աշխարհ»։

Համարդ կամ աշխարհդ

Կամ համարդ է փոխվել, կամ՝ աշխարհդ,
Կամ կողքինդ է փոխվել, կամ՝ հոգիդ,
Ինձ թվում էր, այնքան դժվար է
Կորցնել մեկին։

Կամ գնացքդ ես փոխել, կամ՝ հայացքդ,
Կամ հավատդ ես փոխել, կամ՝ ճամփադ,
Ցրտերից հեռացող երամում
Ես տեսա, որ չվում եմ մենակ։

Գարուններն էլ են ձյուներով գալիս

Գարուններն էլ են ձյուներով գալիս,
Ցրտերով մարտյան ու քամիներով,
Ոչ մի ծիծեռնա՜կ, ոչ մի ձնծաղի՜կ,
Ու անձրև միայն, ու ամպեր խոժոռ։

Մի լացիր, ոչինչ, համբերիր մի քիչ,
Չես փոխի ոչինչ իզուր լացելով,
Ես արդեն քանի գարուն եմ տեսել,
Բոլորն էլ եկան ցրտով, ձյուներով։

Սկիզբ
Գրքեր
Էջանիշներ
Իմ էջը