fbpx

2009

Քո հանկարծահաս գոյությունը մեղկ

Ես շոշափում եմ աչքերս փակած
Քո հանկարծահաս գոյությունը մեղկ,
Ու լուսացնում են իմ փողոցների
Մթությունը քոռ լապտերներդ շեկ։

Դեռ թմրությունն է իր զգացնել տալիս
Ներկայությանդ վերջին ասեղը,
Երանի աշխարհը մի պահ լռեր
Ու թողներ լսեի սրտիդ բասերը։

Անիծեի, արդեն որերորդ անգամ,
Հոգիս տրտմեցրած մենությունս կենտ,
Եվ հանգիստ խղճով, առանց ծամելու
Քո տեղը կուլ տայի ամոթի թիքեդ։

Փնտրիր ինձ

Երբ հոգիդ ծվատում է դանդաղ
Իմ հանդեպ քո կարոտը տրտում,
Անմոռաց անցյալի ցուցադրած
Պատկերներս փնտրիր քո սրտում։

Երբ օրվա ձանձրույթում մոնոտոն,
Խենթությունն ես կայտառ իմ հիշում,
Լինելուս ուրվականը բաց թող
Եվ սկսիր ինձ փնտրել ուրիշում։

Ու երբ ինձ կրկնել ես ուզում՝
Լուծելով չլուծվող մի խնդիր,
Պոետիկ ու խելառ իմ հոգու
Մերկապարը Google-ում դու փնտրիր։

Հուշերովս հոգիդ մայրացրու,
Թող ծնի աներկունք ինձ նորից,
Ես կողքիդ եմ հոգիս, դու միայն
Մի փորձիր ինձ գտնել՝ փնտրիր ինձ։

Աշխարհ, հանվել եմ, լից մեջս

Իմ շուրթերը վաղուց ցամաքած են
Ու կերածս միայն ցամաք հաց,
Երեկվա իմ անմեղ, կույս մտքերը
Դարձել են անխիղճ բախտի քածը:

Ես գլուխը դեռ իմ չեմ կախել,
Էդ ամենը գրո՜ղ է, հեչ է,
Ես պատրաստ եմ էլի բղավել․
Աշխա՜րհ, հանվել եմ, լի՛ց մեջս:

Երեկվա հարվածածդ տեղերը,
Ձեռքդ դի՛ր, դու զգու՞մ ես, դեռ գոլ են,
Եթե դու էդքան առնական ես,
Ես, ուրեմն, կրքո՛տ արվամոլ եմ:

Ես դռան դեմի անտեր շունն եմ,
Դե զարկի՛ր, իմանամ, ո՜վ է տերը,
Ես սիրում եմ ծեծված էս վիճակը,
Երբ ներսիցս հորդում են տողերը:

Խենթությունս, էս ու՞ր ես

Խենթությունս, էս ու՞ր ես, քամ բեք,
Ես չեմպիոն եմ միայն իմ ոճում,
Երբ չկաս, ես երգում եմ այլ երգ,
Գայլերի օրորոցն եմ ճոճում։

Երբ չկաս, ես դառնում եմ տերև՝
Ինձ տանում են խալխի հովերը,
Ես սկսում եմ քիչ-քիչ հավանել
Ուրիշի կրակին ինձ բովելը։

Խենթությունս, էս ու՞ր ես, քամ բեք,
Ես փորձել եմ արդեն շատ դերեր,
Բայց ուզում եմ նորից բոլորին
Տանել ծովը, ծարավ հետ բերել։

Սոլո

Վարագույրի վարսերն է շոյում քամին,
Մելոդիկ իր վալսում տանում-բերում,
Ես մենակ եմ ու ես եմ իմ թշնամին՝
Մնացել եմ նորից իմ հին դերում:

Մոռացել են մարդիկ իմ հասցեն արդեն,
Ոչ ոք դուռն իմ այլևս չի թակում,
Ես ազատ եմ դատարկ խոսքերից, դեմքերից,
Ես ազատ եմ, միայն թե իմ վանդակում:

Ուր ամեն ինչ ծանոթ է ու անծանոթ,
Ուր անգամ հարազատն էլ ինձ խորթ է,
Որտեղ ես քամու հետ վարագույրն եմ շոյում
Ու սպասում եմ՝ ու՞ր է իմ երկրորդը:

Կես բերան

Կես բերան շուլուլիր մորմոքս,
Պատռվել է, սառում եմ, ցուրտ է,
Մրսացրել եմ հենց էն մի թոքս,
Որով կյանքն էի շնչում ես թեթև։

Կես բերան աչքերիս թոզ փչիր՝
Ավելի լուսավոր է խավարը,
Թող որ ես չիմանամ, թե ինչին,
Սակայն մեկ է սկսեմ աղոթել։

Կես բերան ներարկիր հավատը,
Թե հատվում են երկու զուգահեռ,
Ես մտքում դառնամ մեր կավատը,
Չի լինում, բայց ասեմ. «Ի՞սկ եթե…»։

Դուք լռությունը իմ ներեք

Դուք լռությունը իմ ներեք անաղուհաց,
Օտարացրել է երևի մեզ բաժանումը,
Ես անցյալի ավերակի տակ ձեզ թողած՝
Իմ ներկայի դղյակներում կորցրել եմ քունս։

Եվ մոռացումը իմ ներեք մանուկ, անհաս,
Ա՜խ, գոնե էն սիրուն աչքերիս խաթր…
Թե չէ հոգուս, վաղուց ձեզ կորցրած,
Թվում է, թե կորցրել է իր ղսմաթը։

Առավոտն այնքան կրակոտ էր

Առավոտն այնքան կրակոտ էր,
Իսկ մտքերս, ավաղ, իմպոտենտ,
Գիշերվա քաշած քթախոտը
Խառնվել էր օդի հոտի հետ:

Շշում էր անտեր գլխացավը,
Իսկ շշում մի կաթիլ էլ չկար,
Առաստաղի հայելու մեջ
Ինձ ժպտում էր մի ծաղրանկար:

Խշշոցներ էի լսում անդադար,
Քամինե՞ր են, գուցե, շրջում տանը,
Կիսաքուն մեկի մեջքն էի ծածկում՝
Չմրսի, էգուց քննության է:

Պոռնկությունը մոդա է

«Հրակարակ» օրաթերթ, 4 օգոստոսի 2009թ․, #144 (354)

Հայ գրականության մտահոգիչ ներկայի և երիտասարդության՝ գրականության հանդեպ սիրո պակասի մասին խոսվել է բազմիցս: Բայց արի ու տես, որ նույն այդ երիտասարդթյունը տարօրինակ հետաքրքրություն է ցուցաբերում գրական ասպարեզում հայտնվող նոր անունների հանդեպ: Անունների, որոնք ավելի լավ է՝ երբեք էլ չհայտնվեին: Կարծես «Ինքնագրի» մատուցած՝ զուգարանային տերմիններով և հիմնականում բնական կարիքներրը հոգալուն ձոնված գրականությունը մեզ հերիք չէր, այժմ էլ այդ ասպարեզում սկսել է թևածել պոռնոգրաֆիան ու համասեռամոլությունը քարոզող նոր դեմք։ Ինքն իրեն՝ ոչ այնքան Օսկար Ուայլդի, որքան ինչ-որ գեյ-պոռնոֆիլմի հերոսի պատվին Դորիան անվանող երիտասարդը քիչ-քիչ վերածվում է մեր երիտասարդության եթե ոչ կուռքին, ապա գոնե սիրելիին։ Հայալեզու հնարավոր ու անհնար բոլոր կայքերում ակտիվ քարոզվող, երիտասարդների համար նախատեսված ամսագրերում տպագրվող ու, ինչպես օրեր առաջ պարզեցի, հայ աստղերի շարքին դասվող այս երիտասարդի որդեգրած քաղաքականությունն ավելի քան ակնհայտ է՝ մատուցիր ավելի շատ կեղտ, քան մատուցվել է մինչ այժմ, ու քեզ, եթե չսիրեն էլ, հաստատ ուշադրություն կդարձնեն:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ