fbpx

2009

Թե ինձ սիրես

Թե ինձ սիրես,
Ես կթաղեմ հին սերերս,
Ես կթարգեմ միշտ ներելս
Ու կփակեմ ներվածներին
Մոռացության կատակոմբում,
Ես կբացեմ նեղ գետնանցում
Իմ հույզերի նորագոյաց,
Խեղդող տրոմբում,
Որ ներս թողնեմ գոյությունդ:
Ու կվառեմ մթում կերոն,
Որ իմ հոգին սոմնամբուլիստ
Սիրի քեզ միշտ բաց աչքերով:
Ես կխաղամ աչքկապոցի չարերի հետ,
Ես կպոկեմ կյանքից մի մեծ բախտի թիքա,
Ես կընդունեմ լինելությունդ հոգեմետ
Ու աշխարհում էլ ոչ մի ցավ աչքիս չի գա:
Թե ինձ սիրես,
Ես կգտնեմ նորից
Վաղուց կորցրած քունս,
Ես կնայեմ առանց էկրան
Իմ դժբախտ երջանկությունը,
Ես կդառնամ խելառ դուալիստ,
Ես կպաշտեմ չարքերն ու քեզ,
Ինքս իմ պարծանքին վերածված
Կսավառնե՜մ,
Թե ինձ սիրես:

SOS, նա չկա

երկօրյա տագնապ
ու չկամ
մտքերում եմ աննորմալ հուղարկավորած
անսեր ու անկիրք
ուղեծիրս բարձիդ տակ կորցրած՝
գլորվում եմ երկինք
ու լրացնում եմ դատարկն անկողնուս
խաչբառի պես՝
պատասխաններով հարցերի,
որոնք ծագում են,
բայց մայր չեն մտնում
ու հոլ եմ կապկում իմ վերմակի հետ,
անորոշության տրոտիլաթույնից թունավորվելով՝
կուլ տալով հազար խորանարդ վայրկյան
դեռ ոչ մի անգամ չգերազանցված
ու ռեկորդային չափաբաժինով
S.O.S.
նրան կովկասյան արևները ցնդեցրին,
նրան վերացրեցին օրենքով գողերը,
նրան արտահանեցին արևմուտք,
նրան փախցրեցին այլմոլորակայինները,
նրան գերի հանձնեցին Ադրբեջան,
նրան գործուղեցին, որպես բարի կամքի դեսպան,
նրան որդեգրեցին Փիթն ու Ջոլին,
նրան կերան ինչ-որ վայրենիներ,
նրան իր աղջկա հարսանիքին ոմն օլիգարխ է տարել նվեր,
նրան դոկտորները քայքայեցին սոցիումի լուծույթում

S.O.S.

նա չկա
ես նրան եմ փնտրում

եթե ինչ-որ տեղ տեսել եք նրան, խնդրում եմ, արձագանքեք
իմ էլփոստի հասցեն է [email protected]

Արի, դերձակ

Դերձա՜կ, միտքս ուլունք-ուլունք
Թելիդ շարի,
Մաստս ճարի,
Քեզնից կտրած կարկատանով
Հոգուս պատռվածքը կարի:
Հասի՜, դերձակ,
Դեռ մի ծակը չշուլալած,
Ես բացում եմ մի ուրիշ ծակ,
Թելդ թելի՜…
Երգդ երգի՜,
Կեսդ կիսի՜,
Ինձ նվիրի մեկ քառորդդ,
Խերո՜վ, դերձակ,
Թող իմ ներսում լինի ոտդ՝
Յուղով լվամ
Ու մազերովս այն սրբեմ:
Էլ ո՞վ դերձակ,
Էլ ով պիտի ճարս ճարի,
Կոշկակա՞րը։
Դե լա՜վ դերձակ,
Ես ապրել եմ արդեն քանի
Կյանքից հոգնած բութ կոշկակար,
Մեկը չկար, որ ինձ ապրեր,
Խաբնվել եմ արդեն քանի կոշկակարի,
Մեկը չկար, որ ինձ խաբեր:
Արի՜, դերձակ,
Պարի՜, դերձակ
Դու անցյալիս այրող մոխրին,
Ու գլուխը իմ մկրտչի
Պարիդ դիմաց
Ստացիր սկուտեղի մեջ դրած:
Թքա՜ծ դերձակ,
Միտքս հիմա ուլունք-ուլունք թելիդ շարի,
Արի միայն,
Միայն արի։
Ունայնության թեորեմը
Ես չեմ ուզում ապացուցել,
Մոռացության բանաձևը
Ասե՞ս գուցե։

Քո պատրանքի շիրայում

Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,
Երազելով՝ վեր նայում,
Թաթախելով միայնակ դառնությունս
Քո պատրանքի շիրայում:

Ու փակվելով խենթի պես՝ հորինված
Իմ օդային ամրոցում,
Խուսափելով օտար աչքերից
Քո լռությունն եմ ծծում:

Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր,
Պետք չէ բուժել էս տենդը,
Թույլ տուր հյուսել համրության հելունով
Քո գոյության լեգենդը:

Երգ, որ չեմ երգի

Ծաղկել է վախճանս քո ճյուղերին,
Մարել է մարմանդը իմ խարույկի,
Ասա ինձ, ասա, թե ո՞վ մկրտեց
Ներսինս անսանձ ու ո՞վ կփրկի։

Հառել եմ հայացքս քո երկնքին,
Վառել եմ մանկանը խղճիս գրկի,
Ես չգիտեի դեռ ոչ մի աղոթք,
Երբ քո առաջ էի իջել ծնկի։

Ծխել եմ ցավից ու չեմ ամոքել,
Փախել եմ միշտ էլ ինքս ինձանից,
Ու քո ձայնով լռեցված քնել
Ու արթնացել եմ խղճիս ձայնից։

Ներել եմ հերքելդ լինելը իմ,
Կերել եմ մարմինդ քո իսկ ձեռքից,
Ճանապարհիդ սուտ-հավատ շփել,
Ու տառապել սեփական խելքից։

Շարել եմ ցավերս, դրել հերթի,
Ճարել եմ մահվան լավագույն առիթ,
Ալիքը ընտրել եմ, ասել «թեքիր»
Ու վահանակս կարել ձեռքիդ։

Ծաղկել է վախճանս քո ճյուղերին,
Մարել է մարմանդը իմ խարույկի,
Ես շատ լավ գիտեմ, թե ով մկրտեց
Ներսինս անսանձ, որ էլ չի փրկի։

Հ․Գ․ Սա իմ գրած առաջին ու վերջին
Երգն է, որ ես երբեք չեմ երգի․․․