Տխուր բանաստեղծություններ

Ժամանակակից հայ գրող Դօրիանի տխուր բանաստեղծությունների թվին են դասվում մի քանի տասնյակ բանաստեղծություններ՝ սիրո, բաժանումի, կարոտի և այլ թեմաներով։

Օրը փոխել

Ես օրը, ափսոս, փոխել չգիտեմ՝
Ոչ ձգել, ոչ էլ կարճացնել՝ անցնի,
Մի կախարդական տող էլ չգիտեմ,
Թե վատ օրերը լավ օրեր դարձնի։

Ինձ հայտնի է սոսկ հաջորդությունը՝
Օր ուրախության և օր սգալու,
Ու որ սև դառած, արցունքով թրջած
Օրվանից հետո լավ օր է գալու։

Ես սև

Հենց այսօր էլ հարմար է, ձմեռ,
Քեզ սպասում եմ, թրմել եմ ցավս,
Արի հետս նստիր, լռենք,
Ես դեռ նույն եմ, դու՞ ոնց ես, լա՞վ ես։

Դու դեռ ցու՞րտ ես, դեռ չո՞ր ես, սպիտա՞կ ես,
Ոնց գիտես՝ ես մնում եմ սև,
Շփոթված դեռ սգում ու սիրում եմ,
Ու հղկում եմ տողերս տձև։

Ամենքին դեռ էլի հավատում եմ,
Նվիրվում եմ դյուրին ամենքին,
Ամենքի մեջ դարձյալ որոնում եմ
Ամենքից տարբեր այն մեկին։

Ոչ ցավից անցյալի խրատվում եմ,
Ոչ փորձում եմ փախչել անցյալից,
Անցորդով առաջին փարատում եմ
Մենությունս՝ դեռ ան-ցանկալի։

Ու դեռ սիրտը հազիվ եմ սանձում իմ,
Դեռ կորցնում եմ թիկունք ու թև,
Երանի տալիս քեզ, որ սպիտակ ես,
Ու մնում եմ, ինչպես միշտ, սև։

Անցիր, ժամանակ

Անցի՜ր, ժամանակ,
Այս պատերից դուրս թռչող, հեռացող
Ագռավների պես թռիր ու անցիր,
Հիմա ես մենակ
Օրերս լափող ու կենսաքայքայ այս կայարանում
Սպասում եմ կրկին
Կրկին ուշացող իմ ճեպընթացին։

Շտապի՜ր, ժամանակ,
Չէ որ դու միակ իմ բարեկամն ես,
Ում դանդաղելը բնավ չի սազում…
Էլ այս կայարան
Մի բեր ինձ այնքան սիրելի մարդկանց,
Այլ ինձ թևանցուկ տար հարազատ տուն։

Աշխարհի առաջ

Ես արցունքները ամբողջ մարդկության
Հատիկ առ հատիկ հաշվել գիտեմ,
Ուրիշի ցավից ու տառապանքից
Լուռ, ինքնամոռաց մաշվել գիտեմ,
Եվ ամեն մեկին սրբության նման
Հեզ, խոնարհվելով պաշտել գիտեմ…

Հոգիս պատռելով՝ դուրս եմ գալիս ես աշխարհի առաջ,
Աշխարհը՝ իմ դեմ։

Երկիրը կառնի

Գլխիս տատասկե պսակ է,
Ոտքերիս տակ՝ այրվող ածուխ,
Հոգիս անդունդ է՝ դատարկ է։

Շուրջ բոլորս դաժանություն․
Ապրելն իսկ ինձ համար լավ է,
Իսկ լավ ապրելը՝ ճոխություն։

Վայկյաններն են անգամ անվերջ․
Հիմա կյանքս ձեռքիս մեջ է,
Ձեռքերս՝ կապանքների մեջ։

Տեղ չկա՝ հոգիս սավառնի․
Որքան երկինքը կյանք տվեց,
Նույնքան երկիրը այս կառնի։