Անքեզ՝ առանց մանրէաչափ սիրահյուլե, Դառնում եմ ես ցավեսպառվող կործանամարդ, Խառնում եմ ես մտամիջում քրտնաթթուդ Իմ թքի հետ ու կուլ տալիս սպասումնահատ։ Ցանում եմ իմ հոգեհողում սերմնահոգի՛դ, Ցատկում եմ ետ, մինչև նախորդ սիրագիշեր, Լռավրձնով սկսում ցավող աչքերիս տակ Արցունքների կարոտագիծ աղենշել։ Ու նախատում հնգօրեկան մշտարթունիս՝ Ներաշխարհից միշտ ուշացած հուզանետող, Հրաժեշտի նենգապահին լույսի պես լուռ Ու սենց անզուսպ բանահորդող լույսից հետո։
Սիրո մասին
Իր առաջին գրական փորձերը Դօրիանն արել է 15-16 տարեկանում՝ գրելով սիրո մասին «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» բանաստեղծությունները։ Սիրո մասին են նաև հեղինակի՝ հետագա 15 տարիներին գրված մի քանի տասնյակ բանաստեղծություններ, որոնք ներկայացվում են այս կայքում։
Ներսոլոգ
Ներսս ցավում ա, իմ ներսոլոգ, Ո՞րն ա դեղս, Քայքայվել եմ, Չարորակ ուռուցք ա բուսնել տեղս: Բախտի տվածը էլ չեմ ուզում, Բախտից խլածն ա ինձ պետք, Սիրուն յառլիկովը քեզ ըլնի, Խալխի չլածն ա ինձ պետք: Քոքը տվել եմ, իմ փայտահատ, Հոգուս կեսի, Դրսից ջահել, Ալևոր եմ արդեն դառել ներսից: Ճակատիս գրածն էլ չեմ ուզում, Ջրի բերածն ա ինձ պետք, Ինձ սիրող մարդու սերը սպանի, Ուրիշի սիրածն ա ինձ պետք: Մեղքս գալիս եմ, իմ խղճաբույժ, Վերքս փակի, Ձեռքս կոտրել եմ, Դու քո ձեռքով թույնս սարքի:
Երազ էր
Մի գիշեր եկար,
Մտար իմ սենյակ,
Եվ տեսար, որ ես
Քնած եմ մենակ,
Նստեցիր կողքիս
Սկսեցիր երգել,
Իսկ երբ քեզ ետսա
Ուզեցի գրկել,
Չքվեցիր հանկարծ
Ու ես հասկացա,
Որ երազ էր դա,
Իսկույն արթնացա
Եվ տեսա, որ դու
Նստած ես կողքիս,
Ուզեցի գրկել…
Երազ էր կրկին։
Հեռու ենք անչափ
Մենք ամենից շատ անրջում ենք, երբ
Հեռու ենք անչափ մեր անուրջներից,
Ես կուզեի ձեռքով հպվել քո ձեռքին,
Դա էլ է խրթին։
Ես կուզեի ապրել գիշերները խորթ՝
Երկչոտ գգվելով քո մերկ ուսերին,
Մատներդ քնքուշ զգալ վարդերիս մեջ,
Դա էլ չէ դյուրին։
Ծարավ շուրթերդ ամեն առավոտ
Կուզեի թրջել համբույրով հազար,
Բայց բախտս համառ դա էլ դարձրեց
Այնքան անհնար։
Պրետ-ա-պորտե
Հորինեցի ես ամբողջ մի սոնատ,
Մինչ մեր մեջ ընդամենն ակորդ էր,
Հանձնեցի հանրության դատին
Զգացմունքը մեր պրետ-ա-պորտե։
Եվ դարձանք մենք վարդ ու սոխակ,
Եվ դարձանք մենք Ռոմեո-Ջուլիտ,
Ծաղիկներն ու ծափերն հավաքած
Պահեցինք հորինված սիրո հետ։
Խոսքին, շշուկին նենգամիտ,
Չարակամությանն ամբոխի անսանձ,
Հաջորդեց միայն կարմիր վարագույր,
Եվ խոր ռեվերանս։