Չափածո

Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։

Դոնատելլո

Մեղքդ թե նետես, ետ կգա նորից՝
Այն դատարկության պես հավիտյան է,
Բայց դու դադարիր քեզ մաշել, Մարիամ,
Քո Դոնատելլոն գտավ պատյանը։

Աչքդ թողնելով ճամփին, օրդ՝ սև,
Պարտքն իր մարելով՝ ճակատին գրված,
Կախվեց հեռացող առագաստներից՝
Քունդ տանելով ուսերի վրա։

Քեզ վերլուծելով՝ չարը գիտակցեց,
Դևերին տեսավ՝ նենգ ու արնախում,
Իր ծեր ուսուցչի դասը ուրացավ,
Գնաց, առնետին գտավ կոյուղում։

Սիրեց նմանին, եղավ աշակերտ
Իր պես ոխերիմ վրիժառուին,
Հանդիպեց նրա խարխուլ հարկի տակ
Խենթ հանճարներին թշվառ՝ նոր ու հին։

Կարծես քաջացավ, զենք սկսեց սիրել,
Քե՛զ ատեց, սակայն պատժեց թշնամուն,
Անունդ զուր տեղ բերանը չառավ,
Ինքն էլ որոշեց լինել անանուն։

Ու դարձավ ուրիշ՝ լրիվ անծանոթ,
Հանդիպես, հաստատ արդեն չես սիրի,
Էլ ետ մի նայիր, հանդարտվիր, Մարիամ,
Դուրս եկ կորստի խեղդող թմբիրից։

Հեշտ չեն գտնում մուսաներին

Հեշտ չեն գտնում մուսաներին՝
Կորցնում են դյուրին,
Խեղդում մտքերի հորձանքում
Շքեղ féerie-ն։

Ապրում կենարար ներշնչման
Արբեցնող պահեր,
Որոնք, պարզ է դառնում շուտով,
Չէինք կարող պահել։

Գուցե մերն է սխալը հենց,
Մենք ենք մեր գերին,
Որ ստեղծում ենք մեր նմանից
Մեր մուսաներին։

Պանդուխտ եմ

Ես հիմա ոչ մեկի որդին,
Ես հիմա ոչ մեկին եղբայր,
Ինչպե՞ս պիտի ինձ անվանեմ,
Ասա, ինչպես, Աստվածամայր։

Իմ հարազատ տանը կարոտ,
Ես ի՞նչ պիտի հիմի ուխտեմ,
Ես առանց սիրուն Երևան,
Մի՞թե, Տիրամայր, պանդուխտ եմ։

Թե՞ ճամփորդ եմ, որովհետև
Թափառելու տեղ ունեմ,
Եվ է՞լ ինչպես, ասա տեսնեմ,
Ինձ է՞լ ինչպես անվանեմ։

Ես հիմա ոչ մեկի որդին,
Ես հիմա ոչ մեկին եղբայր,
Ոչ օտար եմ, ոչ՝ յուրային,
Ո՞վ եմ ասա, Աստվածամայր։

Կրկին արթուն եմ, ընկեր

Ես կրկին արթուն եմ, ընկեր,
Ես անքուն եմ կրկին, սիրելիս,
Ու նորից քո հայացքն եմ հիշել,
Քո հայացքն՝ այստեղից գնալիս։

Ու դարձել եմ դատարկ կաղապար,
Ու լացում է մի բան իմ ներսում,
Իմ սենյակն է կարգին ջեռուցվում,
Իսկ ես միայնակ՝ մրսում։

Մեր օրերն եմ հիշում երջանիկ,
Այդ օրերն եմ հիմա կարոտում,
Ու սպասում՝ հուսալով, այն ժամին,
Երբ պիտի դառնաս նորից տուն։

Հեռացող կյանքը

Ես զգում եմ ինձնից դանդաղ ծորացող,
Հեռացող կյանքը՝
Տառապանքների
Անսահման հեռու
Հանգուցալուծում։

Եվ հանգստության իմ հին տենչանքը
Իրականություն դառանալու անգամ
Հույս չի ներշնչում։

Ա՜խ, երբ հաճախ են
Չար, բութ խոսքերով մարդիկ հարվածում,
Ուզում եմ արա՛գ գոլորշիանա
Անոթներումս լալագին հոսող
Եռացող կյանքը,
Հեռացող կյանքը։