Սատանան

Այնտեղ, ուր սիրում էինք մենք,
Ուր մեր սիրտն էր մեզ տանում,
Բիրտ սատանան էր ապրում
Ու սատանիկներ ծնում։

Մինչ մենք լողում էինք անմեղ
Մեր երազների ձորում,
Չարը հալչում էր սարում
Ու դեպի գետակ ծորում։

Ու մի օր էլ բույն դրեց
Քո հախճապակե սրտում,
Դարձար սառցե արձանիկ
Իմ արևոտ դրախտում։

Դարձար անսիրտ, անզգացմունք,
Բայց չկորցրի հույսս ես,
Է՛լ ավելի սիրեցի,
Եվ չարն հուսահատ հանձնվեց։

Պատռեց կաշին, քայքայվեց,
Դարձավ անմարմին, անդեմք,
Լքեց վայրերը գողտրիկ,
Ուր իրար սիրում էինք մենք։
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է գրող Դօրիանը։ Ստեղծագործությունը տարածելիս՝ պարտադիր պետք է նշել նաև հեղինակի անունը։ Դօրիանի գրքերը կարող եք գտնել 👉այստեղ։