Չափածո

Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։

Առավոտն այնքան կրակոտ էր

Առավոտն այնքան կրակոտ էր,
Իսկ մտքերս, ավաղ, իմպոտենտ,
Գիշերվա քաշած քթախոտը
Խառնվել էր օդի հոտի հետ:

Շշում էր անտեր գլխացավը,
Իսկ շշում մի կաթիլ էլ չկար,
Առաստաղի հայելու մեջ
Ինձ ժպտում էր մի ծաղրանկար:

Խշշոցներ էի լսում անդադար,
Քամինե՞ր են, գուցե, շրջում տանը,
Կիսաքուն մեկի մեջքն էի ծածկում՝
Չմրսի, էգուց քննության է:

Անքեզ

Անքեզ՝ առանց մանրէաչափ սիրահյուլե,
Դառնում եմ ես ցավեսպառվող կործանամարդ,
Խառնում եմ ես մտամիջում քրտնաթթուդ
Իմ թքի հետ ու կուլ տալիս սպասումնահատ։

Ցանում եմ իմ հոգեհողում սերմնահոգի՛դ,
Ցատկում եմ ետ, մինչև նախորդ սիրագիշեր,
Լռավրձնով սկսում ցավող աչքերիս տակ
Արցունքների կարոտագիծ աղենշել։

Ու նախատում հնգօրեկան մշտարթունիս՝
Ներաշխարհից միշտ ուշացած հուզանետող,
Հրաժեշտի նենգապահին լույսի պես լուռ
Ու սենց անզուսպ բանահորդող լույսից հետո։

Ա․ Է․

Դու գիտես ինձ բուժել,
Ներխուժել խոռոչները հոգուս,
Դու վերքերս նորից պատռված
Ներծծվող թելերով ես կարում:
Սատանա,
Դու հետին մտքերն իմ գիտես
Դպրոցում սովորած երգի պես,
Դարանած, չսպանած մի հրեշ
Դեռ կրակ է շնչում մեր մեջ:
Ինչ զարդեր եմ կրում ես այսօր,
Ինչ շորեր է սրտիս հագին,
Անիծյալ, տառ առ տառ գիտես,
Ամեն ինչ արել ես անգիր:
Պարզ է՝ մինչ դեղն հորինելը,
Պետք է, որ հորինեիր մի ախտ,
Բայց ինչու՞, ինձ ասա, ես դարձա
Միակ փորձարկման առարկադ:
Եվ ինչու՞ քանի կանք, տականք,
Եռակցել են ասես ինձ ու քեզ,
Իմ դաժան, իմ խուժան աստված,
Իմ ամուլ, շնացած երկրորդ ես:

Ներսոլոգ

Ներսս ցավում ա, իմ ներսոլոգ,
Ո՞րն ա դեղս,
Քայքայվել եմ,
Չարորակ ուռուցք ա բուսնել տեղս:

Բախտի տվածը էլ չեմ ուզում,
Բախտից խլածն ա ինձ պետք,
Սիրուն յառլիկովը քեզ ըլնի,
Խալխի չլածն ա ինձ պետք:

Քոքը տվել եմ, իմ փայտահատ,
Հոգուս կեսի,
Դրսից ջահել,
Ալևոր եմ արդեն դառել ներսից:

Ճակատիս գրածն էլ չեմ ուզում,
Ջրի բերածն ա ինձ պետք,
Ինձ սիրող մարդու սերը սպանի,
Ուրիշի սիրածն ա ինձ պետք:

Մեղքս գալիս եմ, իմ խղճաբույժ,
Վերքս փակի,
Ձեռքս կոտրել եմ,
Դու քո ձեռքով թույնս սարքի:

Երազ էր

Մի գիշեր եկար,
Մտար իմ սենյակ,
Եվ տեսար, որ ես
Քնած եմ մենակ,
Նստեցիր կողքիս
Սկսեցիր երգել,
Իսկ երբ քեզ ետսա
Ուզեցի գրկել,
Չքվեցիր հանկարծ
Ու ես հասկացա,
Որ երազ էր դա,
Իսկույն արթնացա
Եվ տեսա, որ դու
Նստած ես կողքիս,
Ուզեցի գրկել…

Երազ էր կրկին։