Categories
Չափածո

Ա․ Է․

Դու գիտես ինձ բուժել,
Ներխուժել խոռոչները հոգուս,
Դու վերքերս նորից պատռված
Ներծծվող թելերով ես կարում:
Սատանա,
Դու հետին մտքերն իմ գիտես
Դպրոցում սովորած երգի պես,
Դարանած, չսպանած մի հրեշ
Դեռ կրակ է շնչում մեր մեջ:
Ինչ զարդեր եմ կրում ես այսօր,
Ինչ շորեր է սրտիս հագին,
Անիծյալ, տառ առ տառ գիտես,
Ամեն ինչ արել ես անգիր:
Պարզ է՝ մինչ դեղն հորինելը,
Պետք է, որ հորինեիր մի ախտ,
Բայց ինչու՞, ինձ ասա, ես դարձա
Միակ փորձարկման առարկադ:
Եվ ինչու՞ քանի կանք, տականք,
Եռակցել են ասես ինձ ու քեզ,
Իմ դաժան, իմ խուժան աստված,
Իմ ամուլ, շնացած երկրորդ ես:

Ամեն ինչ լուրջ է ▶ Telegram-ում, իսկ նորություններ կան ▶ այստեղ