Սևը մեզ մոտ մոդայիկ էր, Ու գլխիս սև էր եկել, Բախտը իմ երկերեսանի Փորձում էր երես թեքել: Ու դառնագույն տագնապս կույր Հայացքն էր ինձանից փախցնում, Կյանքն ինձ, ինչպես գրկի մանկանն, Վշտի կրծքով էր իր սնում: Ու թվում էր լույսը պայթյուն, Անձրևնհեղեղ, քունը վախճան, Ձեռքս ձեռքից բաց չէր թողնում Միայն վախս անդավաճան: Մեկն ինձ համար արճիճ թափեց. «Չեմ նախանձում, սևդ է եկել»: Ես ժպտացի. «Ռեխդ փակիր, Սևն, ախր, շատ մոդայիկ է»:
Չափածո
Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։
Կես բերան
Կես բերան շուլուլիր մորմոքս, Պատռվել է, սառում եմ, ցուրտ է, Մրսացրել եմ հենց էն մի թոքս, Որով կյանքն էի շնչում ես թեթև։ Կես բերան աչքերիս թոզ փչիր՝ Ավելի լուսավոր է խավարը, Թող որ ես չիմանամ, թե ինչին, Սակայն մեկ է սկսեմ աղոթել։ Կես բերան ներարկիր հավատը, Թե հատվում են երկու զուգահեռ, Ես մտքում դառնամ մեր կավատը, Չի լինում, բայց ասեմ. «Ի՞սկ եթե…»։
Թող երեսդ ինձ
Թող երեսդ ինձ, ես խոստանում եմ աստառդ չուզել, Ու թող ինձ քո կյանք, ես խոստանում եմ գնալ վաղ թե ուշ, Թող նայեմ միայն քո ցուցափեղկին, չմտնեմ խանութ, Չդառնամ երբեք անիմաստ, անպետք փեշիդ կպած փուշ։ Դեգերեմ մենակ, բայց թող ինձ երբեք գրկած չտանես, Թող քերեմ հոգուս պատերին կպած խոսքերը վերջին, Բայց հարկադրաբար չլսես հանկարծ, լուռ ականջ չանես, Թող շատ չլինեմ երբեք քեզ համար, թող լինեմ «ոչինչ»…
Դուք լռությունը իմ ներեք
Դուք լռությունը իմ ներեք անաղուհաց, Օտարացրել է երևի մեզ բաժանումը, Ես անցյալի ավերակի տակ ձեզ թողած՝ Իմ ներկայի դղյակներում կորցրել եմ քունս։ Եվ մոռացումը իմ ներեք մանուկ, անհաս, Ա՜խ, գոնե էն սիրուն աչքերիս խաթր… Թե չէ հոգուս, վաղուց ձեզ կորցրած, Թվում է, թե կորցրել է իր ղսմաթը։
Մի հունվար էլ առանց ինձ
Մի հունվար էլ առանց ինձ Ու քեզ նորից կթվա, Թե ես եմ ձյունել շեմին։ Թե այդ ես եմ օրորում Սառած ճյուղերը անձայն, Պատուհանիդ նկարում Դյութիչ պատկերներ ձմռան։ Կթվա, որ անկրակ, Դու ինձանից ես մրսում Ու բրդյա ձեռնոցներով Իմ փաթիլներն ես որսում։ Կտխրես, անշուշտ, գիտեմ, Ինձ ամենուր կփնտրես, Ինչպես ես եմ ամեն օր Պարզ իրերում գտնում քեզ։