Կարոտի մասին

Կարոտի թեման առավել հաճախ հանդիպում է 2006-2008թթ․՝ զինվորական ծառայության ընթացքում Դօրիանի գրած ստեղծագործություններում։ Կարոտի մասին առավել հայտնի ստեղծագործությունը հենց Կարոտ վերնագիրը կրող բանաստեղծությունն է, որը լայնորեն տարածվում է համացանցի օգտվողների կողմից՝ հաճախ առանց հեղինակի հիշատակման։

Կարոտ

Երբ մի լուռ գիշեր աչքերդ փակես
Եվ ակամայից թռչես, գաս ինձ մոտ`
Կոչիր դա կարոտ․․․

Կամ եթե մի օր հարազատ մեկի
Անունն իմ անվան հետ դու շփոթես`
Կարոտ կկոչես․․․

Ու եթե տխրես` տեսնելով մեկին
Տողեր գրելիս պատուհանի մոտ,
Նորից ու նորից կոչիր դա կարոտ,
Կանչիր, կլսեմ, թեկուզ հեռու եմ․․․

Ձայնը քո թախծոտ կկոչեմ կարոտ։

Անցիր, ժամանակ

Անցի՜ր, ժամանակ,
Այս պատերից դուրս թռչող, հեռացող
Ագռավների պես թռիր ու անցիր,
Հիմա ես մենակ
Օրերս լափող ու կենսաքայքայ այս կայարանում
Սպասում եմ կրկին
Կրկին ուշացող իմ ճեպընթացին։

Շտապի՜ր, ժամանակ,
Չէ որ դու միակ իմ բարեկամն ես,
Ում դանդաղելը բնավ չի սազում…
Էլ այս կայարան
Մի բեր ինձ այնքան սիրելի մարդկանց,
Այլ ինձ թևանցուկ տար հարազատ տուն։

Մինչև կարոտեմ

Նամակներս աղբը նետիր,
Նկարներս՝ կրակը,
Էլ մի զանգիր ու մի փնտրիր,
Որ իմանամ մենակ եմ։

Իմ նվիրած նվերները
Ընկերներից բաժանիր,
Տուր նրանց, ովքեր թոոր դրանց
Ավելի են արժանի։

… Մի դուրս արի ուրիշի հետ,
Ախր գիտես՝ խանդոտ եմ,
Փակվիր միայն քո սենյակում,
Սպասիր, մինչև կարոտեմ։

Պանդուխտ եմ

Ես հիմա ոչ մեկի որդին,
Ես հիմա ոչ մեկին եղբայր,
Ինչպե՞ս պիտի ինձ անվանեմ,
Ասա, ինչպես, Աստվածամայր։

Իմ հարազատ տանը կարոտ,
Ես ի՞նչ պիտի հիմի ուխտեմ,
Ես առանց սիրուն Երևան,
Մի՞թե, Տիրամայր, պանդուխտ եմ։

Թե՞ ճամփորդ եմ, որովհետև
Թափառելու տեղ ունեմ,
Եվ է՞լ ինչպես, ասա տեսնեմ,
Ինձ է՞լ ինչպես անվանեմ։

Ես հիմա ոչ մեկի որդին,
Ես հիմա ոչ մեկին եղբայր,
Ոչ օտար եմ, ոչ՝ յուրային,
Ո՞վ եմ ասա, Աստվածամայր։

Կրկին արթուն եմ, ընկեր

Ես կրկին արթուն եմ, ընկեր,
Ես անքուն եմ կրկին, սիրելիս,
Ու նորից քո հայացքն եմ հիշել,
Քո հայացքն՝ այստեղից գնալիս։

Ու դարձել եմ դատարկ կաղապար,
Ու լացում է մի բան իմ ներսում,
Իմ սենյակն է կարգին ջեռուցվում,
Իսկ ես միայնակ՝ մրսում։

Մեր օրերն եմ հիշում երջանիկ,
Այդ օրերն եմ հիմա կարոտում,
Ու սպասում՝ հուսալով, այն ժամին,
Երբ պիտի դառնաս նորից տուն։