Բաժանման մասին

Փորձենք նորից

Սերն այլևս չկա, ես սառել եմ,
Ու տձև պատրանքի կավից,
Որ տվել ես, փորձում եմ ծեփել ինձ
Քեզանից ավելի լավին։

Հավատալ, իբր այս անգամ այլ է,
Իբր չեմ խաբվելու նորից,
Իբր ես չգիտեմ՝ ուր թքում ես,
Խմում ես հենց այն ջրհորից։

Փորձելով մեզ մաշող այս կապանքը
Պահպանել, ձգձգել մի քիչ էլ
(ասես ողջ իմ այս տառապանքը
ինձ հերիք չէ, մի բան էլ դեռ քիչ է)՝

Ասել. «Շատ լավ, փորձենք, համաձայն եմ
Շտկվելու ևս մեկ շանս տալ քեզ,
Ես նորից նվիրվում եմ, ես քոնն եմ,
Հաստատիր, որ խոզի վաստակ ես։

Թամար

Ո՞րերորդ օրն ես արթուն լուսացնում,
Կրակը ձեռքիդ՝ սպասելով, Թամար,
Գիտեիր գրելու համար ծնվեցիր,
Պարզվեց՝ ծնվեցիր ներելու համար։

Դու անարժանի դարձին սպասելով՝
Քանի՞ գիշեր է չունես հերթապահ,
Բայց ներողություն կխնդրի՞ արդյոք,
Որքա՞ն կսպասես, մի՞թե մինչ ի մահ։

Ու կարծում ես ե՞րբ կներես իրոք,
Կարծում ես ներես, ու՞մ ետ կստանաս,
Կարծում ես կտա՞ Աստված քեզ մի թոք՝
Թեթև կյանք շնչես ու հանգստանաս։

Կարծում ես հետո չի՞ կարի ստեր
Դերձակդ անվարժ նոր ոճիդ հարմար,
Այսքան ներելուց այդ ո՞վ է խերվել,
Ժայռից նետվելը հե՞շտ չէր, այ Թամար։

Հիշել

Տեր, ինձ սովորեցրու
Նաև նրան ներել,
Ով թիկունքից գալով՝
Ինձ անցյալից զրկեց…

Նրան, ում պատճառով այլևս չեմ կարող
Ես տարիներ հետո, մի լուսնկա գիշեր
Անքնության ձեռքը բռնած պառկել լռիկ
Ու առանց արտասուք «ջահել վախտս» հիշել։

Դու կհեռանաս ու քեզնից հետո

Դու կհեռանաս ու քեզնից հետո
Սիրտը կդառնա իմ ցեմենտ-բետոն,
Մինչև պռունկը կլցվի նորից
Աղի հեղուկով ու նորից չի լա։

Դու կհեռանաս` թողնելով, ափսոս,
Միայն ու միայն մտքերի քաոս,
Եվ գուցե դառնաս իմ հավերժահունչ
Կյանքի նվագում կտրված մի լար։

Դու կհեռանաս ու քեզնից հետո
Մեգապոլիսում ինչպես Ռոբինզոն
Ինձ կզգամ, սակայն չեմ օտարանա
Քեզ` իմ անջիգյար։