Կենսագրություն

Դօրիանը ժամանակակից հայ բանաստեղծ և արձակագիր է։ Նա երկու վեպերի, տասնյակ պատմվածքների և շուրջ 300 բանաստեղծությունների հեղինակ է։ Մինչև 2011 թվականն իր ստեղծագործությունները հրապարակել է՝ թաքնվելով կեղծանվան տակ և չբացահայտելով դեմքը։ Այնուհետև բացահայտվել է իր առաջին հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում։ Դօրիանի առավել հայտնի ստեղծագործություններն են 2011 թվականին տպագրված «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպը և «Սատանան մայրամուտին» վիպակը, որի համար արժանացել է «Ինքնագիր» գրական մրցանակի։

Հեղինակի մանրամասն կենսագրությանը կարող եք ծանոթանալ ստորև

Մինչև Դօրիանը

Դօրիանի իրական անունն է Գրիգոր Մուրադյան։ Ծնվել է 1988 թվականին, Երևանում, որտեղ բնակվում է մինչ օրս։ Սովորել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցում։ Տասնվեց տարեկանում գրված իր առաջին բանաստեղծությունները՝ «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» տպագրել է դպրոցական թերթում։ 2006-2008 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ծառայության ընթացքում գրել է իր առաջին վեպերը՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» և «Ադհյատման», իսկ «Կարոտ» և «Գարուններն էլ են ձյուներով գալիս» բանաստեղծությունները տպագրվել են «Զինվոր» թերթում։ Այդ տարիներին են գրվել նաև հեղինակի մի քանի տասնյակ այլ բանաստեղծություններ։

Հոգու մերկապար

2009 թվականից սկսել է հրապարակել ստեղծագործությունները համացանցում Դօրիան կեղծանվան տակ իր «Հոգու մերկապար» կայքում, որտեղ տեղ էր գտել նաև հեղինակի առաջին բլոգը։ Կայքի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ «Կայքի մասին» էջում։

Ստեղծագործություններ

Դօրիանը երկու վեպի, տասնյակ պատմվածքների, պիեսների, հարյուրավոր բանաստեղծությունների հեղինակ է։ Նրա առաջին արձակ ստեղծագործություններն են «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» և «Ադհյատման» վեպերը, որոնք գրել է 17-19 տարեկան հասակում։ 2011 թվականին լույս է տեսել «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպի տպագիր տարբերակը։ «Սատանան մայրամուտին», «Թոքախտավոր սուտը» վիպակները և շուրջ մեկ տասնյակ պատմվածքներ գրել է 20 տարեկանում։ «Սատանան մայրամուտին» վիպակի համար արժանացել է «Ինքնագիր» գրական մրցանակի։ Այնուհետև գրել է «Ես Մերիլ Սթրիփն եմ», «Իմ երկու հայրը» պատմվածքները, հրապարակել 4 պատմվածքից բաղկացած «Հիմարների տներն ավելի մեծ են» էլեկտրոնային ժողովածուն (ժողովածուի պատմվածքներն այս կայքում հրապարակված են առանձին-առանձին)։

2016 թվականից հետո ներկայացրել է «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպի և «Սատանան մայրամուտին» վիպակի երկրորդ հեղինակային խմբագրությունները։

Տպագիր աշխատանքներ

Դօրիանի առաջին տպագիր գիրքն է «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպը։ Այն հրատարակվել է 2011 թվականին։ Հեղինակի մի քանի այլ աշխատանքներ տպագրվել են տարբեր ամսագրերում։ 2009 թվականին «Yes!» ամսագրում տպագրվել է «Լեռներից այն կողմ» հեքիաթը։ 2010 թվականին «Ինքնագիր» գրական հանդեսում տպագրվել է «Սատանան մայրամուտին» պատմվածքը, իսկ «Ներսոլոգ», «Օփրան» և «Եթե սպասում էիր ու չեկա» բանաստեղծությունները տպագրվել են 2012 թվականին Newmag ամսագրում։ 2020 թվականին լույս է տեսել հեղինակի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Եվան»։

Սատանան մայրամուտին

2009 թվականի մայիսի 13-ին «Հոգու մերկապարում» հրապարակվում է «Սատանան մայրամուտին» վիպակը: Հայ միասեռականների մասին պատմող ստեղծագործությունն արագ տարածվում է համացանցում՝ դառնալով Դօրիանի՝ հանրային լայն քննարկման արժանացած առաջին աշխատանքը: Այն առցանց ընթերցումների ռեկորդներ է սահմանում՝ դարձնելով «Հոգու մերկապարն» հայկական ամենահաճախվող անձնական կայքերից մեկը: Նույն թվականի օգոստոսի 7-ին վիպակը դառնում է «Ինքնագիր» գրական մրցանակի առաջին դափնեկիրը:

«Ինքնագիր» ակումբի անդամներից ոմանք վիպակի մասին իրենց կարծիքն արտահայտել են «Անկախ» թերթում տպագրված «Դօրիան․ հանելու՞կ, թե՞ իրական անձ» հոդվածում։

Հեղինակի հաղթանակի մասին, ինչպես նաև նշված աշխատանքից մի հատված տպագրվում է «Անկախ» շաբաթաթերթի 13-րդ համարում: Ինքը՝ Դօրիանը, մարցանակը ստանալու չի ներկայանում: Այն ստանում է հեղինակի ներկայացուցիչը:

Մրցանակաբաշխությունից մեկ օր անց «Իրավունք» թերթը քննադատական հոդված է հրապարակում հաղթած պատմվածքի և մրցանակը շնորհողների մասին:

Պատկեր՝ Դօրիան թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Կենսագրություն» Չափածո ստեղծագործության էջում։
«Իրավունք» թերթի 2009թ․ թիվ 60 համարը

2010 թվականի վերջին լույս է տեսնում «Ինքնագիր» գրական հանդեսի 6-րդ համարը, որտեղ հրապարակվում է նաև Դօրիանի «Սատանան մայրամուտին» վիպակը: Այն կրկին անգամ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում:

Սկանդալային Դօրիանի նույնքան սկանդալային «Սատանան մայրամուտին» պատմվածքը նոյեմբերի 23-ին տպագրվել է «Ինքնագիր» գրական հանդեսում: Այն պատմում է Հայաստանում ապրող միասեռական տղամարդկանց սիրո մասին: Առաջին անգամ պատմվածքն ընթերցողի դատին է հանձնվել նախորդ տարվա գարնանը՝ հեղինակի անձնական կայքում: Նույն տարվա օգոստոսին այն արժանացել է «Անկախ» պարբերականի սահմանած գրական մրցանակին, ինչն էլ հասարակությունում հուզական մեկնաբանությունների առիթ դարձավ: «Հիշում եմ, թե ինչպես էին ինձ հետապնդում այդ պատմվածքի համար՝… ազգայնական մի կազմակերպություն օրինապահ մարմինների ուշադրությունն էր հրավիրում վրաս՝ ինձ համարելով լուրջ վտանգ հասարակության համար: Մարդիկ էլ կային, որ որոշել էին անձամբ «զբաղվել» ինձնով: Երեւի գրականությունը Հայաստանում այնքան մոդայիկ չէր, որքան միասեռականությունը, այդ պատճառով էլ ոմանք չզգացին, որ «Սատանան մայրամուտին» տեքստ է, ոչ թե սեքս: Համոզված եմ, որ այժմ իրավիճակը փոքր-ինչ այլ է»,- ասում է Դօրիանը: Պատմվածքի հետ մեկտեղ ամսագրում հրապարակվել է նաև հեղինակի ինքնակենսագրությունը, որտեղ վերջինս առաջին անգամ պատմում է իր ծանր մանկության մասին՝ հիշատակելով, որ 10 տարեկանից դպրոց հաճախելու փոխարեն սևագործությամբ եւ մանր գողություններով է զբաղվել:

«Առավոտ» օրաթերթ

Պիեսներ

Դօրիանի ստեղծագործությունների հիման վրա են բեմադրվել «Կապտուկներ հոգուն» և «Արհեսատական արբանյակը» ներկայացումները։

Կապտուկներ հոգուն

«Կապտուկներ հոգուն» ներկայացումը ցուցադրվել է 2009 թվականի նոյեմբերի 25-ին Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի բեմին։ Ներկայացման մուտքն ազատ էր։

Պատկեր՝ Դօրիան թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Կենսագրություն» Չափածո ստեղծագործության էջում։
«Կապտուկներ հոգուն» ներկայացման մարքեթինգային նյութերից

«Կապտուկներ հոգուն» ներկայացումը, որ մինչեւ պրեմիերան հասցրել է ինտերնետային ֆորումների թեժ թեմա դառնալ, իրականություն է դարձել թատերական ինստիտուտի ուսանողների ջանքերով:

«Ազատություն», 20 նոյեմբերի 2009

Կազմակերպիչների տարածած մամլո հաղորդագրության մեջ ներկայացման սյուժեի մասին ասվում էր հետևյալը՝ «Կապտուկներ հոգուն» ներկայացումը պատմում է երիտասարդ ամուսինների մասին: Նինան ապրում է անցյալի ծանր հիշողությունները սրտում, Ալեքն ի զորու չէ հասկանալ նրան, տեսնել այն կապտուկները, որ մնացել են կնոջ հոգուն: Հատակից վեր կենալու միակ ճանապարհը անուշադրության ու անտարբերության մատնված կնոջ համար թվում է միայն հեռանալը։

Ինչպես «Սատանան մայրամուտին» և «Թոքախտավոր սուտը» պատմվածքներում՝ «Կապտուկներ հոգուն» ներկայացման գլխավոր հերոսը նույնպես կրում էր Ալեք անունը։

«Կինը և քաղաքականությունը» (ռուսերեն) թերթի 2009թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համարում լույս է տեսնում ներկայացման մասին պատմող՝ «Սպիտակ ժապավեններ հոգու կապտուկներին» հոդվածը։

«Կապուտուկներ հոգուն» – այսպիսին է նոյեմբերի 25-ին, կանանց հանդեպ կիրառվող բռնության դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում ցուցադրված ներկայացման վերնագիրը։ Ներկայացման մեջ ներգրավված էին Երևանի Թատերական ինստիտուտի ուսանողները և «տուժած» կանանց երեխաները։ Չգիտեմ, թե այստեղ որքանով էր օրինաչափ երեխաների ընտրությունը, բայց դահլիճի ընդհանուր տրամադրվածությունը՝ դերասանների խաղը և երեխաների ելույթը բուռն ծափահարություններով և հիցմունքի ճիչերով ընդհատող, մասամբ արդարացնում էր նախաձեռնությունը։ Բեմադրման հիմնական հեղինակային հույզը կարեկցանքն էր գլխավոր հերոսուհու՝ Նինայի հանդեպ, ով հայտնվելով ամուսնու տանը չի կարողանում ազատվել իրեն տանջող միայնության զգացումից՝ մասամբ սկեսուրի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկություն չունենալու պատճառով, մասամբ էլ մանկական հիշողությունների, որտեղից ծնունդ է առնում նրա գրեթե ֆիզիոլոգիական վախը՝ հայտնվել դստեր աչքի առաջ հոր կողմից դաժան ֆիզիկական բռնության ենթարկվող մոր տեղում։ Նինայի իրավիճակը նոր տանն էլ ավելի է բարդանում, երբ նա կորցնում է երեխային, ինչպես նաև թաքուն լսում է ամուսնու և սկեսուրի խոսակցությունը, երբ վերջինս խորհուրդ է տալիս որդուն՝ իրեն սիրուհի գտնել։ Կարճ ասած՝ ամեն ինչ իր դեմ է և իրեն ոչինչ չի մնում, բացի ամուսնու տանից հեռանալուց։ Վերջաբանն ավելի քան տխուր է՝ նա կարոտում է ամուսնուն, հասկանում է, որ չի կարող ապրել առանց նրա և նրա զանգին է սպասում։ Բայց լսելով ամուսնու անտարբեր և «օտար» ձայնը, հասկանում է, որ ամեն ինչ ավարտված է… Ներկայացումն ավարտվեց։ Լեփ-լեցուն դահլիճը հուզված էր, կանանցից ոմանք թաքուն սրբում էին արցունքները… Սրահում մարդիկ էին կուտակվում, ոչ ոք չէր ուզում հեռանալ։ Եվ ես որոշեցի զրուցել մարդկանց հետ ներկայացման մասին։

– հոդվածի հեղինակ՝ Կարի Ամիրխանյան

Անկեղծ ասած, սպասելիքներս ավելին էին: Ախր էնքան մեծ շուխուռ էր բարձրացել էդ առիթով: Իսկ ներկայացումը դիտելիս կյանքիս մեջ առաջին անգամ տղամարդու կողմն էի բռնել և ինչ-որ տեղ խղճում էի նրան: Ի՞նչ կար այնտեղ: Ընտանիքում բռնություններ տեսնելու հետևանքով հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ կին, որն ամուսնու գլխին պատուհաս էր դարձել, իսկ նրա մտքով չանցավ, որ կինը հոգեբույժի կարիք ունի, թափով ամուսնալուծվեց:

Գրում է «Զառանցապատում» բլոգը վարող հանդիսատեսը

Արհեստական արբանյակը

Դօրիանի առաջին կոմերցիոն ներկայացումը՝ «Արհեստական արբանյակը» ցուցադրվել է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնի բեմում 2010 թվականի նոյեմբերի 24-ին։

Իրադարձությունների կենտրոնում երևանաբնակ Լիլիթն ու Գլենդելից հայրենիք վերադարձած Արսենն էին, որոնցից յուրաքանչյուրը նոր բնակարան էր ձեռք բերել: Սակայն հաջորդ իսկ առավոտյան երիտասարդներն հայտնաբերում են, որ բնակվում են միևնույն հարկի տակ: Այդտեղից էլ սկսվում էր տարօրինակ իրադրություններով և դինամիկ շրջադարձերով ուղեկցվող պատմությունը, որն անսպասելի հանգուցալուծում էր գտնում:

Պատկեր՝ Դօրիան թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Կենսագրություն» Չափածո ստեղծագործության էջում։
«Արհեստական արբայակը» ներկայացման պաստառը

Նոյեմբերի 24-ին դրամատիկական թատրոնի բեմում սպասվում է երիտասարդական մի ներկայացման պրեմիերա: «Արհեստական արբանյակ» ռոմանտիկ կատակերգության ստեղծագործական խմբի անդամները թատերական ինստիտուտի ուսանողներ են, ովքեր արդեն ներկայացում բեմադրելու փորձ ունեն: Պիեսի հիմքում պատմություն է երկար տարիներ հանրակացարանում ապրած Լիլիթի մասին, ով վերջապես սեփական բնակարան է գնել. «երջանկության համար նրան միայն շան, կամ գոնե տղամարդու ներկայությունն է պակասում»: Միեւնույն ժամանակ իր նոր բնակարան է տեղափոխվել Գլենդելից Հայաստան ժամանած Արսենը, ով նույնպես «լիակատար երջանկության հասնելու համար երազում է միայն հավաքարարուհու կամ գոնե կնոջ մասին»: Երկու գլխավոր հերոսները պիտի դառնան միմյանց «արհեստական արբանյակը»:

«Ազատություն» ռադիոկայան, 19.11.2010

Նոյեմբերի 24-ին Երևանի պետական դրամատիկական թատրոնում կայացավ ժամանակակից հայ գրող Դօրիանի «Արհեստական արբանյակը» պիեսի պրեմիերան: Ինչպես և հեղինակի նախորդ պիեսի բեմադրության ժամանակ, այս անգամ նույնպես դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսը վերջապես բացահայտեց, թե ով և ինչու է վաճառել Գլենդելից Հայաստան վերադարձած Արսենին և երևանաբնակ Լիլիթին միևնույն բնակարանը:

Hetq.am, 25.11.2010

Աննա Պապյան

Դօրիանի բանաստեղծություններից մի քանիսը հիմք են դարձել հեղինակ-կատարող Աննա Պապյանի երգերի համար։ 2016 թվականին գրվել է «Լալեյ» երգը։ Այնուհետև երգչուհու կողմից երգերի են վերածվել «Ջրեմարդը» և «Մի հունվար էլ առանց ինձ» բանաստեղծությունները։

Մեդիա

Շուրջ երեք տարի իր դեմքը թաքցնելուց հետո, 2011 թվականի դեկտեմբերի 11-ին Դօրիանը բացահայտվում է իրեն նվիրված «ՓՈՓ հանրագիտարան» հեռուստահաղորդման ընթացքում, այնուհետև՝ դեկտեմբերի 12-ին դառնում «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուի էքսկլյուզիվ (միայն մեկ հյուր ունեցող) թողարկման հերոսը։ Հեղինակը նաև տասնյակ հարցազրույցներ է տվել հայաստանյան տպագիր և առցանց մամուլին։

Տեխնոլոգիաներ

Իր գրականության առաջխաղացման համար Դօրիանը լայնորեն կիարառում էր նորագույն տեխնոլոգիաները։ Նրա «Հոգու մերկապար» կայքը հայկական առաջին դինամիկ գրական կայքերից մեկն էր, այն իր գոյության ողջ ընթացքում բարձր դիրքեր էր զբաղեցնում այդ ժամանակ գործող Circle կայքերի վարկանիշային ցուցակում։ Այդ մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Կայքի մասին» բաժնում։
Դօրիանը միակ գրողն էր, ով հայկական «Հայլենդ» սոցիալական ցանցում (ներկայումս փակված) գրանցված էր աստղերի ցուցակում։ Համաձայն «Առավոտ» թերթի, նրա էջը այդ սոցիալական ցանցում ավելի հայտնի էր, քան այնտեղ գրանցված մյուս հայ հայտնիների էջերը։

Դօրիանը Hayland սոցիալական ցանցի ամենահայտնի բնակիչն է: Նման տեղեկություններ է տրամադրում Populometer կայքը, որի տվյալները կազմվում են Google-ի Page Rank-ի և Alexa-ի վարկանիշի հիման վրա: Այսպիսով՝ 2009 թվականից հայկական ամենախոշոր սոցիալական ցանցում հայ աստղերի շարքը համալրած միակ գրողը և բլոգերը վարկանիշով առաջ է անցնում սոցիալական ցանցում գրանցված այնպիսի աստղերից, ինչպիսիք են Սիրուշոն, էմմին, Ինգա և Անուշ Արշակյանները։ Ամենահայտնի Hayland-ցիների ցուցակում են նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

– Առավոտ, 231/3833, 3 դեկտեմբերի, 2010թ.

Դօրիանը առաջին հայ հեղինակն է, ով հաստատված հեղինակի էջ է ստացել GoodReads գրքասերների սոցիալական ցանցում։ 2011 թվականից Դօրիանի էլեկտրոնային գրքերը թողարկվում են ներկայումս ստանդարտ համարվող .epub ֆորմատով։ 2016 թվականին Դօրիանը դառնում է նաև էլեկտրոնային գրքերի ընթերցանության համար նախատեսված Bookmate կայքում գրանցված առաջին հայ հեղինակը։
2009 թվականից Դօրիանն իր ստեղծագործությունների առաջխաղացման համար օգտագործում է Facebook սոցիալական ցանցը։ Նրա առաջին հանրային էջը այդ սոցիալական ցանցում բացվում է 2009 թվականին, անմիջապես Facebook-ի «Բիզնես էջեր» հնարավորության թողարկումից հետո։ Էջը, սակայն, «Սատանան մայրամուտին» վիպակի հետ կապված բազմաթիվ գանգատների պատճառով փակվում է։ Հեղինակի այժմյան էջը, որն ունի գրեթե 14000 հետևող, բացվել է 2010 թվականի ապրիլի 25-ին։ Այն հայալեզու առաջին ակտիվ բիզնես էջերից մեկն էր։
Դօրիանը նաև 2010 թվականին ստեղծված «uci.img» տեխնոբլոգի հիմնադիրն էր։

Սկանդալներ

Պոռնկությունը մոդա է

2009 թվականի օգոստոսի 4-ին, «Հրապարակ» օրաթերթի 354-րդ համարում լույս է տեսնում Դօրիանի մասին առաջին հրապարակումը: «Պոռնկությունը մոդա է» հոդվածի հեղինակ Մանե Հակոբյանը քննադատում է համացանցում՝ Դօրիանի ունեցած փառքը, մեղադրում անբարոյականություն քարոզելու մեջ, հիշատակում «Սատանան մայրամուտին» վիպակը, «Աշխարհ, հանվել եմ, լից մեջս» և «Ո՞վ եմ ես, Աստված» բանաստեղծությունները: Հոդվածի հրապարակումից հետո Դօրիանն իր «Հոգու մերկապար» բլոգում անդրադառնում է տպագրված հոդվածին՝ հայհոյելով դրա հեղինակին։

«Իրավունք» թերթի 2009թ․ թիվ 60 համարում թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը կոչ է անում գտնել և պատասխանատվության ենթարկել Դօրիանին՝ լրագրողին հայհոյելու համար։

(Դօրիանը) հասցրել է իր կայքերում փողոցային հայհոյանքներ զետեղել իր գործունեության մասին գրած լրագրողների հասցեին, ինչը, թերևս, արդեն իրավապահ մարմինների համար պետք է բավարար առիթ համարել, որպեսզի սկսեն այդ գարշանքի հայտնաբերման ու քրեական հետապնդման աշխատանքները: Բայց, ավաղ, ինչպես միշտ…

Ավելի ուշ Դօրիանը խոստովանում է, որ Մանե Հակոբյանն ինքն էր։

Առաջին լուսանկարը

Պատկեր՝ Դօրիան թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Կենսագրություն» Չափածո ստեղծագործության էջում։

Մեկ տարուց ավել թաքնվելուց հետո, 2010 թվականի մայիս ամսին Դօրիանը խոստանում է հունիսի 1-ին հրապարակել իր առաջին լուսանկարը։ Նշված օրը հրապարակվում է հեղինակի մանկական լուսանկարը՝ սև շրջանակով և «Դօրիան 3» գրառմամբ։ Հեղինակն իր այդ քայլը մեկնաբանում է, իբրև երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ արված ժեստ։

Գրողների միությունը

2010 թվականին Դօրիանը երկու անգամ հանդես է գալիս գրողների միության այդ ժամանակվա նախագահ Լևոն Անանյանի հասցեին հնչեցված քննադատությամբ։ Իր «Բաց նամակ Լևոն Անանյանին» և «Լևոն Անանյանն օգտագործում է Գրողների միությունը սեփական շահերի համար» հրապարակումներում հեղինակը մեղադրում է միության նախագահին կողմնակալության և միության ֆինանսական միջոցները վատնելու մեջ։

Դաժանաբար ծեծված

2010 թվականի մարտի 16-ին «Հրապարակ» օրաթերթի 502-րդ համարի շապիկին հրապարակվեց «Դօրիանին դաժանաբար ծեծել են» վերնագրով նյութը, որտեղ խոսվում էր Թատերական ինստիտուտում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, որի արդյունքում ինստիտուտի ուսանողներից մեկն հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Հրապարակման մեջ նշվում էր, թե ծեծված տղան հենց ինքը՝ Դօրիանն է: Նյութն արագ տարածվում է մամուլում ու բլոգներում: Այն հրապարակում են նաև ԱՊՀ պետությունների և ռուսական լրատվամիջոցները՝ հիշատակելով «Սատանան մայրամուտին» վիպակը և տեղի ունեցածը բնութագրելով իբրև պայքար հոմոսեքսուալիզմի դեմ: Մինչ սոցիալական ցանցերն ու ֆորումներն հեղեղվում են ծեծի մասին մեկնաբանություններով, Դօրիանն իր Facebook-յան էջում հայտնում է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, և որ ինքը տեղի ունեցած ծեծկռտուքի հետ որևէ առնչություն չունի:
Տարիներ անց «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի շրջանակում, Դօրիանը խոստովանում է, որ ծեծի մասին լուրն անձամբ էր տարածել։ Նա ներողություն է խնդրում ծեծված տղայից և նրա հարազատներից՝ նրանց այդ պատմության մեջ ներքաշելու համար և բացատրում, որ ծեծի մասին լուրն իր անվան հետ կապելով է տարածել՝ իմանալով, որ Թատերական ինստիտուտի ղեկավարությունը պատրաստվում էր կոծկել միջադեպը։