fbpx
Հայ գրող Դօրիանի dorian.am անձնական կայքը գործում է 2009 թվականից։ Կայքի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ «Կայքի մասին» բաժնում։ Կայքի նորությունները կարող եք տեսնել՝ սեղմելով այստեղ

Սատանան մայրամուտին

Գրված՝ 2009թ․, խմբագրված՝ 2017թ․

1. Կարիք

Գլխացավն անուշադրության էր մատնած․ Դավիթն արդեն սովոր էր դրա մշտական ներկայությանը՝ հատկապես անքուն գիշերվանից հետո: Այսօր սովորականից ավելի հոգնած էր վերադարձել: Գիշերը գործը շատ էր եղել, ու եթե մյուս օրերին հաջողացնում էր մի տեղ աչք կպցնել, այսօր դա էլ չէր հաջողվել: Անգամ ալարեց հագուստը հանել: Տուն չմտած՝ պառկեց բազմոցին ու փորձեց քնել: Հաջող փորձ էր:
Արթնացավ, երբ Վիգենը պատրաստվում էր հեռանալ: Այցի էր եկել ընկերոջը, բայց, իմանալով, թե ինչ վիճակում է նա տուն եկել, որոշել էր չարթնացնել՝ թողնել, որպեսզի կարգին հանգստանա:
— Վիգեն, – կիսաքուն ձայն տվեց Դավիթը, – զարթնել եմ, էստեղ արի:
— Է, ախպերս, էշից ընկած ես, – սենյակ մտավ Վիգենը:
— Էն խոսքը չի, – պատասխանեց Դավիթը, ապա այս ու այն կողմ նայեց` ինչ-որ բան փնտրելով, և կանչեց, – Մա՞մ:
— Հա ջան, – խոհանոցից լսվեց տիկին Սաթենիկի ձայնը:
— Ինձ ու Վիգենին կոֆե կդնե՞ս:
— Ո՞նց չեմ դնի, – բղավեց տիկին Սաթենիկը և, ամենայն հավանականությամբ, թողնելով բոլոր գործերը, ձեռնամուխ եղավ որդու պատվերը կատարելուն:
Դավիթը վեր կացավ բազմոցից և Վիգենի հետ իր ննջասենյակ գնաց: Հազիվ էր ոտքի վրա կանգնում, և Վիգենն անմիջապես նկատեց դա:
— Կարգին չլել են քեզ, Դավ: Հիվանդ պառավի պես ես քայլում:
— Ոռի օր էր, Վիգ: Ամբողջ գիշեր ստեղ վազի, ընդեղ վազի: Կզցրին իրենց պատվերներով: Էս համար էն զիբիլը տար, մյուսին մի ուրիշ զիբիլ: Չգիտե՞ս:
Վիգենը կարեկցանքով նայեց ընկերոջը: Ի՞նչ աներ: Ոչնչով չէր կարող օգնել, չնայած ավելի ապահովված էր, քան նա:
Անհայր տղա էր Դավիթը: Կարիքի մեջ էին ապրում նա ու մայրը: Տիկին Սաթենիկը կար ու ձև էր անում, մի քանի լավ պատվիրատու ուներ: Կարողանում էր օրվա հացը վաստակել: Յոլլա էր տանում: Երկու տարի էր մնում, որ Դավիթն ավարտեր համալսարանը: Մինչ այդ պիտի մի կերպ ծերը-ծերին հասցներ Սաթենիկը, տղան ամբողջ վաստակածով իր ուսման վարձն էր տալիս և դեռևս չէր օգնում նրան: Դավիթը սովորող էր, խելացի, գեղեցիկ: Բակի գրեթե բոլոր աղջիկների ուշադրության առարկան: Ինչպես Սաթենիկն էր ասում՝ Աստված տվել, չէր խնայել:
Տարուց ավել էր, ինչ փոքրիկ հյուրանոցում էր աշխատում: Նրանցից մեկում, ուր հարուստները տանում են իրենց սիրուհիներին, իսկ ջահել տղաները՝ պոռնիկների: Չնայած դրան, հյուրանոցը լավ համբավ էր վայելում քաղաքում: Իր ռեստորանն ուներ, շքեղ խոհանոցը, որտեղ նաև կերակուրի պատվերներ էին ընդունում: Սաթենիկը միշտ հպարտությամբ էր նշում, թե որտեղ է աշխատում որդին: Քչերին էր հայտնի, թե ինչ է կատարվում լավ համբավ վայելող այդ հյուրանոցի տանիքի տակ:
Ժամանակ առ ժամանակ Դավիթն էլ էր չարաշահում իր աշխատանքային դիրքը և Վիգենի հետ հյուրանոց տանում մարմնավաճառուհիների: Աշխատակիցները սովոր էին երիտասարդ աշխատողների նման պահվածքին և հումորով էին վերաբերվում դրան՝ չդարձնելով բամբասանքների պատճառ: «Շյուղեր» կոչվող փոքրիկ հյուրանոցը փոխել էր ամբողջ իր անձնակազմի մտածելակերպը: Այնտեղ ամեն ինչ պարզ էր, ակնհայտ ու սովորական: Դավիթն իրեն լավ էր զգում «Շյուղերում»: Իհարկե, չէր կարող ասել, թե հաճույքով է աշխատում, բայց մինչև վերջերս ոչ էլ բողոքում էր: Միայն մեկ ամիս առաջ սկսվեց անտանելի այս գլխացավը: Երբեմն, երբ միանգամից ստվերից լուսավոր վայր էր դուրս գալիս, աչքերի առաջ սևանում էր, ու ցավն անտանելի ուժգնությամբ հարվածում էր ծոծրակին: Դժվար էր արթնանում: Արթնանալուց հետո էլ մի որոշ ժամանակ հազիվ էր կառավարում մարմինը: Երբեմն կասկածում էր, որ արթնացել է՝ փորձում էր ավելի ուշադիր զննել շուրջբոլորը, համոզվել, որ ամեն ինչ իրական է, որ տիրապետում է իրեն, նորմալ է ընկալում տեղի ունեցողը:
— Էս էլ ձեր կոֆեն, – սենյակ մտավ տիկին Սաթենիկը` բերելով սուրճի բաժակները, – Ծանր օր էր, հա՞, Դավիթ ջան:
— Չէ, մամ ջան, ուղղակի քունս էր շատ տանում:
— Լրիվ քունդ կորցրել ես, այ բալա: Գոնե ցերեկն առնես:
— Առել եմ մամ ջան, առել եմ:
— Շատ քնելը լավ չի, Սաթիկ տոտա, – փորձեց ցրել Սաթենիկի մտքերը Վիգենը, – Բա ջահել տղեն կյանքի կեսը քնա՞ծ կանցկացնի:
— Հիմա եք էդպես ասում, այ բալա, վաղը-մյուս օրը կփոշմանեք` արդեն ուշ կլինի: Մի առողջություն ունեք, գոնե էդ պահպանեք:
Ու Սաթենիկը դուրս եկավ սենյակից` առանց սպասելու երիտասարդների պատասխանին: Դավիթն ուշադիր նայեց Վիգենի աչքերի մեջ:
— Վի՞գ:
— Հա՞:
— Գիշերը մի տղամարդ մոտեցավ, ասեց, որ ավելի լավ գործ կարա առաջարկի ինձ:
— Ի՞նչ տղամարդ:
— Ինչ-որ հաճախորդ էր: Կաստյում-շալվարով, գալստուկով… Սալիդնի մարդ էր երևում:
— Չասե՞ց, թե ինչ գործ:
— Չասեց: Համար տվեց, «համբալաշորի» գրպանում թողեցի: Վռազում էր, չէր կարա բացատրեր:
— Վաղը որ գործի գնաս, զանգի: Բալքի մի կարգին բան ա առաջարկում: Սենց հո չի լինի, այ ախպեր, զոմբի ես դառել:
Դավիթը մտածմունքի մեջ ընկավ: Ինքն էլ որոշել էր զանգել, բայց կասկածում էր: Ախր ոչ մի բան անել չգիտեր, ոչ դիպլոմ ուներ, ոչ էլ, գոնե, վկայական: Ի՞նչ գործ պիտի առաջարկեին իրեն: Կամ ինքն իրեն ինչպե՞ս պիտի ներկայացներ: Թերևս, եթե այդ մարդուն հետաքրքրեին իր դիպլոմները, նա նախ այդ մասին կհարցներ: Եթե չի հարցրել, ուրեմն կարելի է փորձել:

2. «Շյուղեր»

Երկուշաբթին «Շյուղերում» սովորաբար հանգիստ էր լինում: Այստեղ, առհասարակ, հանգիստ էր: Դավիթն աշխատանքի եկավ փոքր-ինչ շուտ: Վաղ ժամանումը ծրագրված չէր՝ պարզապես այդպես ստացվեց: Ամբողջ նախորդ օրը մտածում էր նոր աշխատանքի մասին, մտովի հաշվում վաստակած գումարը: Պարոնն այնպիսի վստահությամբ դիմեց իրեն, որ կարելի էր ենթադրել՝ քիչ փող չի տալու: Ավելի փոքր վարձատրություն նախատեսած մարդը պիտի որ ավելի անվստահ մոտեցում ցուցաբերեր: Իսկ նա վճռական էր, խիստ: Գործընկերներին բարևելով` Դավիթը հանդերձարան շտապեց, որպեսզի համազգեստի գրպանից վերցնի իրեն աշխատանք առաջարկած պարոնի հեռախոսահամարը:
— Յա, – Դավիթին այդքան վաղ հանդերձարանում տեսնելով զարմացավ Արմենը, – Էս էսօր սմենչիկներով որոշել ենք շուտ գանք, հա՞:
— Ոնց որ, – ծիծաղեց Դավիթն ու ձեռքով բարևեց Արմենին:
— Խեր ըլնի, էս ի՞նչ խաբար ա:
— Եսիմ։ Սովորական ժամին դուրս եկա, բայց շուտ տեղ հասա:
— Էսօր գազան օր ա սպասվում: Տենաս, թե ախպերդ ինչ ծիտիկ ա բերում: Արդեն խոսացած ա: Տասներկուսն անց կես ստեղ ա: Մարգո-մուրգո զգուշացնում ենք ու մեր կայֆերով:
— Ա՞րմ…
— Ի՛, – զարմացած Դավիթին նայեց Արմենը, – Լսար` ի՞նչ ասի:
— Լսեցի: Բայց ուզում էի ուրիշ բան հարցնեի: Անցած սմենին քեզ մա՞րդ չի մոտեցել:
— Ի՞նչ մարդ:
— Աշխատանք չե՞ն առաջարկել:
— Ու՞ր էր ինձ տենց բախտ: Բայց դժգոհել-մժգոհել չկա: Էսօր մեր օրն ա: Շեֆը ախպոր հետ Դուբայ ա գնացել: Իսկը վախտն ա: Ռուբոյին էլ մի շիշ արաղ ենք տալիս, ձենը կտրում ա:
Ու Արմենը՝ հագնելով համազգեստը, դուրս եկավ հանդերձարանից: Դավիթը դրան էլ սպասում էր: Չէր ուզում Արմենի մոտ խոսել: Հարկ չկար նախօրոք ասել հեռանալու իր մտադրության մասին: Նախ հարկավոր էր ամեն ինչ ճշտել, համոզվել, որ այն պարոնը կընդունի իրեն, հետո նոր հաշիվները մաքրել «Շյուղերում»:
Նա համազգեստի գրպանից հանեց հեռախոսահամարով թերթիկը և բջջայինի վրա հավաքեց համարը:
— Ալո, – պատասխանեց ծանոթ ձայնը:
— Բարև ձեզ: Դավիթն է: Դուք ինձ «Շյուղերում» տեսաք և աշխատանք առաջարկեցիք:
— Հա, հա, – միանգամից բացականչեց տղամարդը, – Եվ ի՞նչ: Համաձա՞յն եք:
— Դուք չեք ասել ինձ, թե ինչ աշխատանք եք առաջարկում: Նախ կուզենայի այդ մասին զրուցել:
— Շատ լավ: Մեկ-երկու ժամից էդտեղ կլինեմ: Հերթապա՞հ ես:
— Հա։
Տղամարդն անջատեց հեռախոսը, ու Դավիթը մտքերով ընկավ: Այդ ի՞նչ աշխատանք պիտի լիներ, որ հանուն իրեն կարևոր պարոնը «Շյուղեր» էր գալիս: Մի՞թե իր աշխատանքն այդքան անհրաժեշտ էր: Նա անմիջապես հիշեց իր տեսած Հոլիվուդյան ֆիլմերը, որտեղ նարկոբիզնեսի աշխատակիցները գործի մեջ էին մտցնում իր նման երիտասարդ տղաների, որոնց օգնությամբ կատարում էին իրենց կեղտոտ գործարքները: Ի՞սկ եթե: Եթե նույնիսկ այդպես էր, նա որոշեց համաձայնվել: Մեկ-երկու անգամը վտանգի տակ չէր դնի իրեն: Նարկոբիզնեսում մեծ փողեր են պտտվում: Մի քանի գործարքից հետո նա կունենար ոչ միայն մնացած երկու տարիների ուսման վարձը, այլև գումար ամեն ավելորդության համար: Վերջապես կկարողանար նոր հագուստ գնել իր և մոր համար, տունը վերանորոգել, իր համար նոր հեռախոս գնել, եթե փող մնար, նաև հեռուստացույց ու մոր համար լվացքի մեքենա` խեղճի ձեռքերը ճաքչքում էին լվացքից: Ո՞վ գիտե, գուցե Սաթենիկն էլ ստիպված չլիներ աշխատել և մյուս հարևանուհիների պես ամբողջ օրը սերիալ նայեր ու վայելեր կյանքը:
Դավիթը երազանքների գիրկն ընկած մտավ խոհանոց, ուր Արմենն ու մենեջեր տիկին Մարգոն վիճում էին:
— Այ չուզող, – Մարգոյին դիմեց Արմենը ու լեզու հանեց:
— Ի՞նչ ուզեի ոռ: Видишь ли, պիտի ուզեի, ոռ իմ հեռտապահության ժամանակ ես շատ չգիտեմ, թե ինչով զբաղվես, да не за что:
— Խի՞ չգիտես, որ: Լավ էլ գիտես: Աղջիկ եմ շինելու:
— Յա, – բարկացավ Մարգոն, – Այ տղա, մոռդ տայն եմ, խոսքեռդ ճափավոռի, кретин:
— Դե լավ, սեռական հարաբերությունների մեջ եմ մտնելու մի կնոջ հետ:
Մարգոն սեղանի վրայից վերցրեց դատարկ թավան:
— Գլխիդ էկավ, հա:
— Դու գլխիս եկար, դու: Ի՞նչ իսան ես, Մարգո: Թե ասա խի՞ եմ քեզ զգուշացնում: Կբերեի ծիխարի կմտցնեի, գործս կանեի, կուղարկեի հետ: Ո՞վ էր իմանալու:
— Դու հլը սռան նայի, սռա մտքեռը: Եռևում է ձեռ թոկեռը շատ ենք բաց թողել, контроль-ի տակից դուռս եք եկել: Հլը թող շեֆը գա:
— Ծակվելու՞ ես, այ դայաղչի:
Մարգոն թեև ժպտաց, բայց փորձեց ձևացնել, թե բարկացած է:
Մի տեսակ ընկերական սեր կար այս երկուսի միջև, որը նկատում էին բոլորը, բացի իրենցից:
— Անպետք, – թավան սեղանին դրեց Մարգոն, – Իմ էշ խելքն ասա, ոռ քեզ շուտ չհեռացռեցի, сама виновата:
— Դավ, – Դավիթի կողմը շրջվեց Արմենը, – Ես սրա հետ էլ չեմ կարում: Մի բան ասա:
— Դու քիչ էիռ, հիմա էլ նա: Ոչ մի բան էլ կառաք չասեք: Довольно, սա առդեն ոռեռորդ դեպքն ա:
— Հը՞, կոշկել են, տղեք, – խոհանոց մտավ երիտասարդ մի աղջիկ, որի հագին նույնպես համազգեստ էր:
— Տո սրանք պայմանավորվել են, – բերանը ձռմռեց Արմենը:
— Դավիթ, – գոռաց Մարգոն, բայց Դավիթը չարձագանքեց:
Երիտասարդ աղջիկը մոտեցավ և ձեռքը սկսեց շարժել նրա աչքերի առաջ: Դավիթը սթափվեց:
— Այ տղա, քեզ ի՞նչ եղավ, – դիմեց նրան Մարգոն:
— Սեքսի պակաս ա, – միջամտեց Արմենը, – Տղեն մեռնում ա, էլ չի դիմանում: Իսկ դու` Մարգո աղջիկ, վերջին հնարավորությունից ես զրկում:
— Սասդ կտռի, է, – բարկացավ Մարգոն, – Թող տեսնեմ, թե ինչ ա էղել:
— Բան էլ չի էղել, – պատասխանեց Դավիթը, – Մտքերով էի ընկել:
— Էս վերջերս շուտ-շուտ ես անջատվում, – ավելացրեց ջահել աղջիկը, – Կարո՞ղ ա իսկականից Արմենի ասածից ա:
— Ի՞նչ եմ ասել, – քմծիծաղ տալով նրան դիմեց Արմենը:
— Հի, հի, հի, – գլուխն օրորեց աղջիկը, – Շատ ծիծաղալու ա:
Անտանելի մի աղմուկ սկսվեց Դավիթի ականջներում: Նա չլսեց էլ, թե ինչ են խոսում գործընկերները: Մի պահ թվաց, թե ուր որ է կխլանա, կընկնի գետին: Շտապ հանգստի սենյակ գնաց ու նստեց բազկաթոռին, քանի դեռ վայր չի ընկել: Սակայն ոչինչ չպատահեց: Մի քանի վայրկյան անց ամեն ինչ իր տեղն ընկավ: Խոհանոցից լսվում էին Մարգոյի բղավոցն ու Արմենի հայհոյախառն արտահայտությունները: «Դե, Դավիթ, նորից բարի գալուստ աշխարհ»,- ասաց մտքի մեջ ու նորից սկսեց իր ու պարոնի հանդիպման մասին մտածել: Որոշում էր, թե ինչպես պիտի վարվի` միանգամից համաձայնվի, թե նախ չեմ ու չում անի:

3. 100 եվրո

Տասնմեկն անց կես էր, երբ պարոնը «Շյուղեր» մտավ: Նկատելով նրան` Դավիթը առաջ գնաց, որպեսզի ողջունի: Արդեն ուզում էր ձեռքը մեկնել, երբ պարոնը, առանց իր վրա նայելու, կարգադրեց.
— Ինձ համար այն նույն համարը պատրաստեք, ինչ անցած անգամ:
Դավիթը ապշած էր: Չէր կարծում, որ խոսակցությունն այսպիսի ընթացք կունենար:
— Միայնա՞կ եք գիշերելու:
— Այո:
Եվ պարոնը բառի կողմ գնաց:
Դավիթը վերցրեց 16-րդ համարի բանալին և բարձրացավ երկրորդ հարկ, որտեղ էլ գտնվում էր սենյակների մեծամասնությունը: Բացեց դուռը, ստուգեց սենյակի մաքրությունն ու հիգիենայի միջոցների առկայությունը: Ամեն ինչ աչքի անցկացրեց և ուզում էր դուրս գալ, բայց մի պահ մեջը կասկած առաջացավ: Եթե պարոնը նարկոբիզնեսով է զբաղվում, նա, բնականաբար, պիտի խուսափեր օտար աչքերից: Հենց դրա համար էր ամբողջ այս թատրոնը: Իսկ ի՞նչ, եթե նա դիտմամբ է վերև ուղարկել իրեն: Դավիթը որոշեց սենյակում սպասել պարոնին: Քսան րոպե, կես ժամ, քառասուն րոպե, բայց պարոնը չկար: Ի վերջո, երիտասարդը որոշեց դուրս գալ: Նոր էր դուռը բաց արել, երբ իր առաջ դուրս եկավ Ռուբիկը: Հարբած։ Հազիվ էր ոտքերի վրա կանգնում:
— Այ Դավիթ, էս ո՞նց վախացրիր:
— Ի՞նչ ա եղել, Ռուբիկ:
Ռուբիկը ցուցամատը շուրթերին մոտեցրեց:
— Շշշ: Վերևում մարդ կա՞:
— Չկա, բայց գալու ա:
— Ձենդ, Դավիթ, ձենդ… Շատ ապասնի գործ ենք ֆռցընում: Բայց ես Ռուբիկը չըլնեմ, եթե էս գործը գլուխ չհանեմ: Այ, կտենաս: Ասա, էղե՞լ ա էսքան վախտ, որ մի բան ասեմ ու չանեմ: Դու ասա:
— Չէ, Ռուբիկ, չի եղել: Արի ներքև իջնենք: Հիմա հաճախորդ ա բարձրանալու:
— Արա, Դավիթ: Արա, քաշու՞մ ես, արա: Արա, չեմ ջոգում, արա, դու իմ վա՞տն ես ուզում, արա: Է՞դ ենք էղել:
— Չէ, Ռուբիկ: Քո մասին եմ մտածում, դրա համար էլ ասում եմ: Արի ներքև իջնենք:
— Չե՞ս զգում:
— Ի՞նչ:
— Որ ստեղ մի բան պտի կատարվի, Դավիթ:
Դավիթի սիրտը կասկած ընկավ: Մինչ այս կարծում էր, թե Ռուբիկի փոխարեն օղին է խոսում: Բայց տարօրինակ զգացում ունեցավ՝ մարմնով սարսուռ անցավ, աչքերի առաջ ասես ամպ լիներ: Ձեռքը հենեց պատին, որպեսզի վայր չընկնի:
— Ջան, ջան, – սկսեց աղմկել Ռուբիկը, – Էկան նորապսակները: Տղեք, մի հատ շախո՜վ:
— Ձենդ, Ռուբիկ, – մի կնոջ թևանցուկ արած մոտեցավ Արմենը, – Փոխանակ ծածկես, շուխու՞ռ ես անում:
— Վայ, մեռնեմ հոգուդ, հորս արև, թե ուզելով եմ արել: Չուզելով արեցի:
— Լավ, լավ, ներքև իջի, ապրես: Դավ, հելանք:
Դավիթը նոր-նոր էր սկսել հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջը: Մտքերը բոլորովին այլ կողմ էին, մի պահ չցանկացավ հավատալ, որ Ռուբիկը Արմենի արարքի մասին էր խոսում: Կարծում էր, թե որևէ գերբնական բան պիտի տեղի ունենար: Բայց արի ու տես, որ ոչ:
— Դավիթ, – կանչեց Արմենը, որն իր ուղեկցորդուհուն արդեն մտցրել էր համարներից մեկը, – Դե արի, հո տաս ժամ չե՞նք սպասելու:
Դավիթը գնաց այն սենյակ, որտեղ իրեն էին սպասում Արմենն ու մարմնավաճառուհին:
— Առաջինը ես եմ, – աչքով արեց Արմենը, – Նայու՞մ ես, թե՞…
— Գնամ լվացվեմ:
Դավիթը լոգարան մտավ: Հայելու մեջ նայեց իրեն: Աչքերի մեջ արյուն էր հավաքվել: Առաջին անգամ մտքով անցավ, որ, հնարավոր է` հիվանդ է: Ամեն ինչ դրա մասին էր խոսում: Չէր ցանկանում հավատալ: Նա չպիտի հիվանդանար: Նյարդերից շնչառությունն արագացավ: Անհնար էր ժխտել, որ իր հետ մի բան այն չէր: Վատ էր ու գնալով ավելի էր ծանրանում վիճակը: Գլուխը ջրի սառը շթի տակ պահեց: Կարծես միայն այդ պահին ուշքի եկավ: Չգիտեր, թե ինչքան ժամանակ էր, ինչ լոգարանում էր: Ասես այնտեղ քնած լիներ: Պատահմամբ հիշեց իրեն սպասող պարոնի մասին: Նույն րոպեին դուռը բաց արեց Արմենը: Մերկ էր ու քրտնած:
— Թռար ստուց, – դիմեց նա Դավիթին, – Պտի լողանամ ու ներքև իջնեմ: Թե չէ` Մարգոն կջոկի: Պահպանակն էդ քածին տվեցի, կվերցնես:
Դավիթը թողեց Արմենին և դուրս եկավ: Կինը նստած էր անկողնու վրա: Դավիթը մոլորված սեղանին մոտեցավ:
— Է՜ – կանչեց նրան կինը և երբ երիտասարդն իր կողմ շրջվեց, ցույց տվեց նրան ձեռքի պահպանակը, – Արի, իմ մոտ ա:
Դավիթը մոտեցավ կնոջը և սկսեց արձակել տաբատը: Այդ ժամանակ միայն հասկացավ, որ ոչինչ չէր զգում: Մտածեց, թե կինն այնքան էլ համակրելի չէր ու սկսեց վերհիշել տեսած բոլոր պոռնոֆիլմերը ու իր նախորդ անգամները, բայց ոչինչ չէր ստացվում: Լարված էր: Մտքերը շեղվում էին: Չէ, անհնար էր: Առաջին անգամ կյանքում նման խնդրի առաջ կանգնեց: Նա կոճկեց տաբատն ու դուրս եկավ սենյակից:
Միջանցքում էր, երբ պարոնի սենյակում շարժ լսեց: Մոտեցավ և թակեց դուռը:
— Մտեք, – ներսից ձայն տվեց պարոնը:
Դավիթը երկմտանքով ներս մտավ: Պարոնը նստած էր բազկաթոռին և ինչ-որ հեռուստածրագիր էր նայում:
— Փակեք դուռը, խնդրում եմ:
Դավիթը փակեց դուռը և հարցական հայացքով նայեց պարոնին: Պարոնը լուռ էր:
— Դուք ինձ չասեցիք, թե ինչ աշխատանք է:
Տղամարդը նայեց նրան ու ժպտաց:
— Հանիր վերնաշապիկդ:
— Ի՞նչ, – զարմացավ Դավիթը:
— Երիտասարդ, ես ասեցի հանիր վերնաշապիկդ:
— Ինչի՞ համար:
— Տղա չե՞ս: Ի՞նչ ես ամաչում:
Դավիթը որոշեց չշարունակել հարց ու փորձը: Վատ բան չկար նրանում, որ իրեն խնդրում էին հանել վերնաշապիկը: Հեղինակության վրա դրանից բիծ չէր լինի: Ճիշտ է, դա տարօրինակ խնդրանք էր, բայց քանզի պարոնը ոչինչ չէր բացատրում… Ո՞վ գիտե, գուցե իրեն էր փորձում: Տղան հանեց վերնաշապիկը և մոտակա աթոռի վրա դրեց: Պարոնը գրպանից հանեց դրամապանակը, փորփրեց այն և 50 եվրո դրեց սեղանի վրա:
— Շապիկդ էլ հանիր:
Դավիթը ոչինչ չէր հասկանում: Մի՞թե հիսուն եվրոն իրենն էր: Ինչի՞ համար: Միայն նրա՞, որ հանեց վերնաշապիկը: Նա շտապ մի կողմ նետեց շապիկը: Պարոնը դրամապանակից ևս հիսուն եվրո հանեց ու դրեց մյուսի վրա:
— Վերցրու: Կարող ես հագնվել և գնալ:

4. Երջանիկ կիրակի

Տիկին Սաթենիկը հալվա էր պատրաստել․ որդին շատ էր սիրում: Ուզում էր, որ գոնե կիրակի օրը մի յուրահատուկ բան ունենային տանը: Բացի այդ, Դավիթը վատ էր սնվում, իրեն բոլորովին չէր հետևում: Սաթենիկը նկատում էր, թե ինչպես է աչքերի առաջ նիհարում որդին: «Պիտի ամուսնանա»,- պնդում էին հարևանուհիները և առաջարկում իրենց աղջիկների թեկնածությունը: Իհարկե: Ոչ միայն համակրելի տղա էր, այլ նաև սովորող ու պիտի որ լավ ապագա ունենար: Բոլոր նրանց համար, ովքեր հարուստ փեսաների հույս չունեին, Դավիթը լավագույն տարբերակն էր: Սաթենիկն ինքն էլ էր արդեն եկել այն համոզմանը, որ որդուն հարսնացու է պետք: Երբ հարևանների տուն էր գնում, կամ բակում նստած էր, աչքի տակ էր առնում ջահել աղջիկներին ու փորձում պարզել, թե ինչ ընտանիքից են, ով են, ծնողներն ովքեր են: Հարկավոր էր հնարավորինս շուտ հարս գտնել, այլապես որդին լրիվ հյուծվում էր: Ուր որ է քսան տարեկան էր դառնալու: Հարևան Վարսիկն ասում էր, եթե տղամարդն այդ տարիքում չսկսի սեռական կյանք վարել, հետագայում լուրջ հիվանդություններ ձեռք կբերի: Ու Սաթենիկի սիրտը վախ էր ընկել: Իր որդին հո այն անդաստիարակներից մեկը չէր, ով քարշ է գալիս մարմնավաճառուհիների հետ ու խաբում ջահել աղջիկներին: Նրան օրինական կին էր հարկավոր:
Լսվեց դռան ձայնը: Սաթենիկը առաջ գնաց և տեսավ որդուն` ձեռքին տոպրակներ:
— Էս ի՞նչ ա, Դավիթ:
— Մեր համար հագուստ եմ առել, մամ: Ինչքա՞ն պտի էս հին քրջերով ման գանք:
Դավիթը տոպրակները բազմոցի վրա դատարկեց ու սկսեց ցույց տալ, թե ինչ է գնել:
— Ճիշտ ա, մամ, թանկանոց շորեր չեն, բայց վատն էլ չեն: Նայի, թե ինձ ինչ վերնաշապիկ եմ առել: Սազում ա, չէ՞:
Սաթենիկն ապշած էր: Վաղուց է, ինչ նոր շորեր չուներ: Չէր էլ մտածում այդ մասին: Ի՞նչ էր անում տարատեսակ հագուստը: Ախր, հարևանի տանից այն կողմ չէր գնում: Ինչի՞ն էր պետք: Նա զարմացած ուսումնասիրում էր որդու գնումները, իսկ մտքում միայն մի հարց էր` «Որտեղի՞ց»:
— Բա փողը որտեղի՞ց, այ բալա, – վերջապես իրեն հավաքելով, հարցրեց Սաթենիկը:
— Մի հատ մարդ տվեց: Մնացել էր մեր հյուրանոցում, առավոտը գնալուց հարյուր եվրո էր թողել սեղանի վրա: Բախտս բերեց ե՛ս մտա սենյակը նայելու, ոչ թե Արմենը:
— Այ Դավիթ ջան, մոռացած կլինի: Էդքան մեծ գումարը ո՞վ կթողներ: Ով գիտի արդեն ետ ա եկել, որ ման գա: Իզուր ես վերցրել:
— Չէ, մամ, չէ, առխային: Շատ հարուստ մարդ էր: Առաջին անգամ չի նման բան անում:
Միայն այդ խոսքերից հետո Սաթենիկը կռացավ և բազմոցի վրայից վերցրեց իր համար գնված հագուստը:
— Ղսմաթ ա տղես, ղսմաթ ա: Բայց իզուր ես սենց ծախսել: Պահեիր, համալսարանի վարձի վրա դնեիր: Կարող ա շուտ հավաքեիր փողը ու կարենայիր գոնե էրկու օրը մեկ աշխատել:
— Է, մամ: Ի՞նչ ես ասում: Ջրի բերածը ջուրն էլ տանում ա: Փոխանակ ուրախանաս…
— Վայ, չէ, ուրախ եմ, Դավիթ ջան, ապրես բալես: Հպարտ եմ քեզանով, տղես:
Վաղուց մորն այդքան անկեղծ ժպտալիս չէր տեսել: Ու եթե մինչ այս կասկածում էր` ճիշտ էր ծախսել գումարը, թե` ոչ, հիմա համոզված էր, որ ճիշտ է վարվել:
Դեռ չէր հասցրել մարսել կատարվածը: Մի պահ, ու նա 100 եվրո ունի: Կարծում էր, թե այդպես միայն կինոներում է լինում: Իրեն լիարժեք էր զգում այժմ, ասես 100 եվրոն անսպառ էր: Միայն երբ առանձնացավ իր սենյակում, զգաց, որ, առաջվա պես, ոչինչ չունի: Ու եթե նա երեկ սովորական աղքատ էր, այսօր` գեղեցիկ հագուստներով աղքատ:
Մեծ գումար` ընդամենը վերնաշապիկն հանելու դիմաց: Գրողը տանի, նա պատրաստ էր երկու հարյուր անգամ հանել այդ անիծյալ վերնաշապիկը, միայն թե նորից վճարեին: Հետաքրքիր էր` այդ մարդը կրկին կզանգեր, թե՝ ոչ: Նա կարող էր միայն երազել այդ մասին: Արդեն որոշել էր` հաջորդ անգամ հաստատ հեռուստացույց էր գնելու: «Շյուղերի» աշխատակիցներն ու հարևանները հաստատ նախանձասրտությամբ էին նայելու իրեն: Սկսելու էին փսփսալ, թե որտեղից այդ խղճուկին այդքան փող: Չնայած, նրանք այժմ էլ սկսելու էին փսփսալ` տեսնելով իր նոր հագուստները: Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե Դավիթը միայն նեղություն էր մոր համար, կիմանան, թե իրականում ինչ լավ որդի է: «Չէ, բայց ես իրոք բախտավոր եմ, – մտածեց Դավիթը, – ամեն մեկի հետ չի նման բան պատահում»: Ժպտաց: Թող մտածեն, ինչ ուզում են, այժմ նա էլ ունի իր փոքրիկ գաղտնիքը:

5. Համար 16-ի հաճախորդը

«Շյուղերը» երբեք այդքան ձանձրալի չէր թվացել Դավիթին: Նախկինում, կարծես չէր տեսնում, թե ինչ միօրինակ ու տաղտուկ է այնտեղ: Ու միայն այսօր նկատեց դա: Դեռ նոր էր հանդերձարան մտել և արդեն Արմենի ու Մարգոյի հերթական վեճի ականատեսը դարձավ: Երիտասարդը փակվել էր հանդերձախցում, իսկ համառ Մարգոն համարյա կոտրում էր դրա դուռը:
— Բարև Մարգո, – ժպտաց Դավիթը ռուսախոս մենեջերին:
— Բարև, – մի վայրկյանով շեղվեց Մարգոն իր գործից, ապա նույն եռանդով սկսեց բախել հանդերձախցի դուռը:
— Դու հլը դուռս առի, Առմեն տղա, все лицо выцарапаю.
— Ի՞նչ կանես, – ներսից գոռաց Արմենը:
— Դուռս առի կտենաս:
— Յա… Չի՞ ըլնի դու ներս գաս իրար հետ ստեղ տենանք:
— Кретин, – բղավեց Մարգոն ու ոտքով հարվածեց դռանը, – Վաղ թե ուշ դուռս ես գալու: Вот тогда посмотрим.
— Յա, Մարգո: Բա որ իմանայի սաղ-սաղ ուզում ես նայես, շուտ դուրս կգայի:
— Հլա սռան:
Դավիթը ժպիտը դեմքին հետևում էր «մարտի» ընթացքին: Վերջապես Արմենը բացեց դուռը: Հագին միայն ներքնազգեստ էր ու ապուշի պես ժպտում էր:
— Առ, նայի:
— Урод, – բղավեց Մարգոն ու ձեռքի տակ ընկած համազգեստը շպրտեց Արմենի վրա, – Դու համառի, թե առդեն уволен:
Երբ Մարգոն լքեց «մարտադաշտը», Արմենը սկսեց անկուշտ ծիծաղել:
— Բայց դու դրա դեմքը տեսա՞ր, Դավ:
— Հա, – ի պատասխան ծիծաղեց Դավիթը:
Արմենն հանկարծակի լրջացավ: Կարծես նոր-նոր էր տեսնում, որ իր առջև Դավիթն է: Դավիթը միանգամից որսաց նրա տարօրինակ հայացքը: «Աստված իմ, – մտածեց նա, – մի՞թե գիտի, թե ինչ է կատարվել անցած հերթապահության ժամանակ»:
— Դավիթ, ես գիտեմ, թե ինչ ա էղել էն գիշեր:
Քրտինքը խփեց Դավիթի ճակատին: Նրան չէր թվում, թե ինչ-որ ամոթալի բան է տեղի ունեցել, սակայն չէր էլ ուզում, որ իմանային, թե որտեղից էր այդքան փող ճարել: Ո՞վ կմտածեր, որ իրեն վճարել էին միայն վերնաշապիկը հանելու դիմաց: Կկարծեին, թե որևէ կեղտոտ գործով է զբաղվում` թմրանյութեր է վաճառում կամ ինչ-որ սադրանքի մասնակցում: Ո՞վ կհավատար իրականությանը: Իհարկե, Արմենը չգիտեր, թե ինչ է կատարվել այն սենյակում, նա, հավանաբար, միայն հետևություններ է արել: Դավիթին սարսափեցնում էին հենց այդ հետևությունները:
— Լսի, Դավ, – շարունակեց Արմենը, – Գիտեմ, որ անցած գիշեր… դե, ո՞նց ասեմ… չես կարացել: Ինձ էն քածն ասեց: Ես զգում էի, որ ինչ-որ խնդիր ունես: Կուզե՞ս` հետդ բժշկի գամ: Անպայման ստուգվի:
Ասես քար ընկավ Դավիթի ուսերից: Փաստորեն Արմենն ամենևին էլ տեղյակ չէր հարուստ պարոնի առաջարկած «աշխատանքի» մասին: Ամեն ինչ անցել-գնացել էր: Հիմա միայն մնում էր փակել նրա բացած այս տհաճ խոսակցությունը:
— Ամեն ինչ կարգին ա, Արմ: Ապրես, որ անհանգստանում ես: Գլխացավի պատճառով էր՝ սպանում էր, չէի կենտրոնանում: Աչքերիս առաջ մթնում էր:
Արմենը կասկածամիտ հայացքով նայեց գործընկերոջ վրա:
— Դավ, դրանից հետո կանգնե՞լ ա:
— Հա, – ծիծաղեց Դավիթը, – Ի՞նչ հիմար հարցեր ես տալիս:
— Դե, չէր դզի էլի, որ ընգերս իմպոտենտ լիներ: Հասկանում ես, էլի:
— Չհասկացա, – հանդերձարան մտավ Մարգոն, – Один еще в трусах стоит, другой вообще не переоделся… 16 համառը պիտի սպասառկեք, շուշուտ:
— Հլը ճիշտն ասա, Մարգո, – մենեջերին դիմեց Արմենը, – Կուզեիր, չէ՞, որ «ադնավո սավսեմ նե բիլո, դրուգոյ բիլ վաբշե բեզ տռուսով»:
— Гусак, – արհամարհական շպրտեց Մարգոն և դուրս եկավ:
— 16 համառը պիտի սըպասառկեք, – փորձեց Մարգոյի տնազն անել Արմենը:
— Ես կսպասարկեմ, – անմիջապես արձագանքեց Դավիթը:
Ծածուկ հույսն էր ստիպում Դավիթին նորից այդ սենյակ գնալ: Սպասում էր էլի այն հարուստ պարոնին տեսնել: Չէր հասկանում, թե ինչ է նրա ուզածը: Իսկ երբ հիշում էր իրեն վճարված գումարը, չէր էլ փորձում հասկանալ: Հիմա կարևոր էր մի բան՝ որ այն պարոնը կրկին սենյակում լիներ:
Երբ բաց արեց 16-րդ համարի դուռը, ոգևորության ալիքն անմիջապես հարվածեց ճակատին: Զգաց այն հոսանքը, որը բնորոշ է զգալ երջանիկ մարդկանց: Պարոնն այնտեղ էր, նստած նույն բազկաթոռին և, տեսնելով իրեն, համաձայնության նշան ցույց տվեց` փոքր-ինչ խոնարհելով գլուխը: Դավիթը ներս մտավ ու ետևից փակեց դուռը: Չգիտեր, թե ինչից սկսեր, ինչ ասեր: Միայն նայում էր պարոնի աչքերի մեջ ու սպասում կարգադրություններին:
— Լավ ա, որ դու եկար, – վերջապես խոսեց պարոնը:
— Չէի սպասում ձեզ էստեղ տեսնել:
— Դե… Ես, ամեն դեպքում, էստեղ եմ: Կուզե՞ս էլի փող աշխատել:
Դավիթը մի պահ ուզեց «ոչ» ասել, պարզապես իր կարիքը զգացնել չտալու համար, բայց կարծեց, որ այդպես կարող է կորցնել հարստանալու միակ հնարավորությունը:
— Իհարկե, կուզեմ:
— Դե՞, – այնպիսի տոնով արտասանեց պարոնը, որն հավանաբար նշանակում էր. «Ինչի՞ ես սպասում»:
Երիտասարդն արձակեց վերնաշապիկի կոճակները: Համոզված չէր, որ պարոնի ուզածը դա է, բայց քանի որ նա լռում էր, շարունակեց: Հանեց վերնաշապիկն ու աթոռի վրա գցեց: Ապա սպասեց, մինչև պարոնը կհանի դրամապանակը: Բայց, ի զարմանս իրեն, այս ամգամ 50 եվրոյի փոխարեն սեղանին տեսավ ընդամենը 10-ը: Նախ որոշեց կանգ առնել: Հետո մտածեց, որ չեղած տեղից քսան եվրոն էլ փող է: Նա շտապ հանեց շապիկը և վերնաշապիկի վրա շպրտեց: Պարոնը ժպտաց և ևս 20 եվրո ավելացրեց: Դավիթին դա ոգևորեց: Նա մոտեցավ, որպեսզի վերցնի գումարը:
— Սպասիր, սպասիր, – կանգնեցրեց նրան պարոնը, – Տաբատդ հանիր:
— Ի՞նչ, – զարմացավ Դավիթը:
Պարոնն այնպես նայեց, որ ամեն ինչ պարզ էր: Դավիթը լուռ հանեց կոշիկներն ու տաբատը: Եվս 50 եվրո սեղանին հայտնվեց: Արդեն 80:
— Լողազգեստը, – ժպտաց պարոնը:
Թեկուզ ներքին մի ուժ վիճում էր Դավիթի հետ, այն միտքը, որ վայրկյաններ անց ամեն ինչ ավարտվելու է՝ թողնելով միայն 100 եվրո, ստիպեց նրան շարունակել: Հանեց լողազգեստը և հատակին նետեց:
Պարոնն անկուշտ հայացքով սկսեց ուսումնասիրել Դավիթին: Միայն այդ ժամանակ երիտասարդն հասկացավ, թե ինչ է կատարվում: Նա մի քանի վայրկյան էլ մերկ կանգնեց պարոնի առաջ` սպասելով վերջնական գումարին: Հաստատ որոշեց այլևս ոչ մի անգամ չկատարել խելագարի քմահաճույքները, սկսեց մեղադրել իրեն, որ 100 եվրոյի համար այսքան ցածրանում է: Պարոնը դրամապանակից 120 եվրո հանեց և դրեց մնացած գումարի վրա:
— Կարող ես հագնվել և գնալ:
Դավիթն իրեն նվաստացած էր զգում, ցածր: Այդ պահին ատում էր իրեն ու փողը: Շտապ հագավ շորերը ու, գումարը գրպանը դնելով՝ դուրս եկավ սենյակից: Միջանցքում արդեն ճնշող զգացումները լքեցին նրան: Միայն այն էր պարզ, որ գրպանում 200 եվրո կա: Հենց վաղը առավոտյան կգնա խանութ ու հեռուստացույց կգնի: Ամենալավ հեռուստացույցը:

6. Բացթողնված զանգեր

Տիկին Սաթենիկն ուշադիր զննեց հեռուստացույցի էկրանի ներքևում գրված երեք տառը, որոնք ոչ այն է հայերեն էին, ոչ այն է՝ ռուսերեն, ու զարմանքով նկատեց.
— Վարսիկենց տելեվիզրից ա:
Ու Դավիթն ավելի մեծ հպարտությամբ լցվեց այն պատճառով, որ մոր կարծիքով՝ իրենց տանն էլ փողոցի ամենահարուստ մարդն համարվող Արտաշի` Վարսիկի ամուսնու հեռուստացույցից է դրված: Սաթենիկը մի պահ մոռացավ հարցերը, որոնք գուցե կտար ցանկացած մայր օրական 3000 դրամ վաստակող որդուն, ով որևէ թանկարժեք իր է տուն բերում: Նրան, իհարկե, հետաքրքիր էր, թե այս անգամ փողը որտեղի՞ց, ո՞վ է տվել, ինչի՞ համար: Աստված մի արասցե, որդին ճիշտ ճանապարհից շեղված լինի, խախտած մարդու կամ Աստծո կողմից գրված օրենքները: Բայց` սթափվելով, հասկացավ, որ ինչ հարց էլ տար, խաբված էր դուրս գալու: Եթե որդին շեղվել էր ճանապարհից, ոչ մի դեպքում չէր ընդունի դա: Սաթենիկը որոշեց թաքուն հետևել:
Տասը րոպե չկար, ինչ միացրել էին իրենց նոր ձեռքբերումը, երբ անտանելի գլխացավը նորից սկսեց տանջել Դավիթին: Աչքերն արցունքոտվում էին, ու արցունքների մեջից անհնար էր դառնում որևէ բան տեսնել: Նա մի քանի վայրկյան նյարդային թարթում էր կոպերը, արցունքները ցրվում էին ու աչքերի առաջ նորից ինչ-որ պատկերներ էին գալիս: Որոշեց վեր կենալ ու սենյակ գնալ, պառկել: Գուցե հոգնածությունն էր պատճառը, անքնությունը:
Սաթենիկը նկատեց, թե ինչպես է Դավիթը ճոճվում ոտքի վրա:
— Բալա, տե՞ղ է ցավում:
Ցավոք, Դավիթը ոչինչ չլսեց: Այժմ նա միայն խշշոցներ էր լսում, ինչպիսիք լինում են ջրի տակ: Համաչափ խշշոցներ, որոնք խլացնում էին մնացած ամեն ինչը:
— Դավիթ, – բղավեց Սաթենիկը` որդու հետ խոսելու վերջին ճիգն անելով:
Ու Դավիթն ընկավ հատակին: Սաթենիկը վեր թռավ տեղից ու դեպի որդին վազեց՝ չհասցնելով անգամ լաց լինել:
Երբ Դավիթը բացեց աչքերը, մայրն ու Վիգենը կողքին էին: Սաթենիկն արդեն հոգնել էր արցունքներից, Վիգենը` նրան սփոփելուց: Երկուսն էլ լուռ էին:
— Ի՞նչ է եղել, – հարցրեց Դավիթը, կարծելով, թե քնած էր:
Վիգենը խիստ հայացքով նայեց նրա վրա:
— Ե՞րբ ես վերջին անգամ հաց կերել:
Դավիթը լռեց: Վաղուց է, ինչ համարյա ոչինչ չէր ուտում: Օրերն այնքան արագ էին անցնում, նա չէր էլ հասցնում նկատել: Արդեն, անգամ, ուտելու կարիք չէր զգում: Մի պատառ հացն հերիք էր, որպեսզի կշտացած զգա իրեն, հագեցած: Թերևս, այդ զգացումին էլ խաբնվում ու օրերով ոչինչ չէր ուտում: Ինչ սկսել էին իր առողջական խնդիրները, չէր էլ կասկածում, որ դրանք մեկը մյուսի հետ կարող են կապ ունենալ: Վերջիվերջո, նա երբեք սոված չէր մնում, ինչպե՞ս դա կարող էր ազդել վրան: Սակայն Վիգենի այս հարցը, կարծես, իր բոլոր կասկածների պատասխանը դարձավ:
— Ի՞նչ հիմար հարց ա, Վիգ: Առավոտն եմ հաց կերել՝ գործի տեղը:
— Սուտ ես ասում: Մենք բժիշկ էինք կանչել:
— Ո՞նց, – զարմացավ Դավիթը, – Ո՞վ վճարեց: Շալվարիս գրպանում փող կա, մամ, տուր Վիգենին:
— Պրծի: Մի փախիր խոսակցությունից: Խելքդ հացի հե՞տ ես կերել… Վայ չէ, պիտի հաց ուտեիր, որ խելքդ էլ հետն ուտեիր։ Դու ինչո՞վ ես մտածում:
— Լավ էլի, Վիգ, մնում էր, որ դու գլխիս քարոզ կարդայիր:
— Որ ճիշտ բան ա ասում, ուրեմն քարո՞զ ա կարդում, այ բալա: Էս ի՞նչ ես քո հետ անում:
Ու Սաթենիկը նորից թրջեց աչքերը:
— Սաթիկ տոտա, մի քանի րոպեով դուրս կգաս, – դիմեց նրան Վիգենը, – Ես Դավիթի հետ պտի առանձին խոսամ:
Սաթենիկը ոչինչ չասաց: Վերկացավ ու դուրս եկավ` նույն խոհեմությամբ կատարելով Վիգենի խնդրանքը, ինչպիսի խոհեմությամբ կատարում էր ցանկացած խնդրանք:
— Բայց դու ինչ եզ դուրս եկար՝ մորդ էլ չես խղճում, – բարկացած՝ Դավիթին դիմեց ընկերը, երբ Սաթենիկն արդեն դուրս էր եկել ու իր հետևից փակել դուռը:
Դավիթը ոչինչ չպատասխանեց:
— Եթե պրոբլեմներ ունես, ասա: Մինիստր չենք, բայց էդքան էլ հավայի դեմքեր չենք, որ չկարանանք լուծենք: Էսքան վախտ մի հարց էղե՞լ ա, որ չենք լուծել: Մեղքս գալիս ես: Լուրջ եմ ասում, խղճում եմ քեզ: Չեմ հասկանում, թե խի՞, էլի: Վաբշե գլխումս տեղ չի անում: Պատճառը ո՞րն ա:
— Պատճառ չկա, Վիգեն: Ես էլ չեմ նկատել, թե ինչ եմ անում, չեմ հասկացել: Էս վերջերս էի ինձ վատ զգում, բայց չէի մտածում, որ քիչ ուտելուց․․․
— Չուտելուց, Դավիթ, ոչ թե քիչ ուտելուց: Հասկանու՞մ ես, որ էդ արդեն հիվանդություն ա: Արա, էրեխա էլ չես է, որ զոռենք, գլուխդ բան մտցնենք, գոռանք վրեդ: Եքա մարդ ես, խելքդ էլ գլուխդ ա, կարգին էլ հասկացող ես: Դավ, ինչ-որ բան էն չի՞:
— Վիգ, քո արև, թե ինչ-որ խնդիր կա:
Վիգենը նստեց բազկաթոռին, հայացքն առաստաղին ուղղեց ու խորը շունչ քաշեց:
— Ի՞նչ անեմ ես քո հետ:
— Ոչ մի բան էլ պետք չի անել: Խոստանում եմ, որ ամեն ինչ լավ կլնի:
— Գոնե գիտես, թե ինչքա՞ն դեղ ա նշանակել: Որտեղի՞ց իմանաս:
— Դեղ-մեղ չկա։
— Կա, էն էլ ոնց կա: Արդեն էնքան էս քեզ քայքայել, որ մենակ բթվելը չի օգնի: Հինգշաբթի օրն էլ ստուգման ես: Դե հաշվի, թե ինչքան ա վրեդ նստելու:
— Ես մի քիչ փող ունեմ: Բացի էդ կարելի ա հեռուստացույցը ծախել:
— Պրծի: Քանի կկարողանամ, ես կտամ փող: Որ չի լինի, նոր արա, ինչ ուզում ես: Հա, ու ոչ մի գիշերային աշխատանք: Էսօրվանից սկսած գիշերները քնելու համար են:
Վիգենը Դավիթի տաբատի գրպանից հանեց բջջային հեռախոսը ու նետեց նրա կողմ:
— Առ, զանգի զգուշացրու, որ էլ չես կարա աշխատես:
Դավիթը վերցրեց հեռախոսը ու կամուկացով միացրեց այն: Երեք բացթողնված զանգ: Երեքն էլ նույն համարից: Այն պարոնի համարն էր:

7. Երրորդը

Հեռուստացույցով երեկոյան սերիալների կրկնությունն էր: Դավիթը, թեկուզ դրանք չէր սիրում, բայց գիշերվա այդ ուշ ժամին այլընտրանք չկար` դիտում էր: Սաթենիկը վաղուց քնած էր: Մեկ ժամ առաջ արթնացել էր, հյուրասենյակ եկել ու նախատել որդուն չքնելու համար: Սակայն Դավիթն արդեն սովոր էր այդ ռեժիմին: Հանգցրել էր լույսը, հուսալով, որ գոնե այդպես քունը կտանի, բայց ապարդյուն: Նայում էր հեռուստացույցին ու ոչինչ չէր ընկալում: Մտքերը ցաքուցրիվ էին՝ ինչ-որ տեղ անցյալում: Մարմնավաճառուհու հետ ունեցած անհաջողությունը, հարուստ պարոնի վիրավորական պահանջների կատարումը, կորցրած աշխատանքը, հիվանդությունը: Կարծես թե ոչ մի լավ բան: Թերևս բացի այն նույն պարոնի զանգերից: Տեսնես ի՞նչ էր ասելու: Հավանաբար նորից «աշխատանք» էր առաջարկելու: Ամեն անգամ` հիշելով 16-րդ համարում կատարվածը, Դավիթը նվաստացած էր զգում իրեն, ցածր: Բայց այժմ ամեն ինչ փոխվել էր: Նրան մեծ գումար էր հարկավոր, իսկ աշխատանք չկար: Կասկածներն իրենց «այո»-ներն ու «ոչ»-երն էին հաշվում Դավիթի գիտակցության մեջ և շուտով «այո»-ի վրա կանգ առան: Երիտասարդը վերցրեց բջջայինն ու հավաքեց պարոնի համարը: Չնայած ուշ ժամին` պարոնը շուտ պատասխանեց:
— Քնած չէի՞ք:
— Ո՞վ է:
— Դավիթն է։
— Հա: Ինչպե՞ս ես:
— Ոչինչ: Ինչի՞ համար էիք զանգել:
— Ուզում էի հանդիպել հետդ:
— Հանդիպե՞լ: Ես էլ «Շյուղերում» չեմ աշխատում:
— Ի՞նչ է, ուրիշ տեղ չենք կարող հանդիպել:
Դավիթը երկար լռեց` մտածելով, թե ինչ պիտի պատասխանի:
— Դավիթ, – կանչեց պարոնը, որին զարմացրեց երիտասարդի հանկարծակի լռությունը:
— Հա:
— Ի՞նչ կասես:
— Կարող ենք հանդիպել: Ասեք հասցեն:
— Դու ասա հասցեդ:
— Էստեղ անհնար ա:
— Չէ, – քմծիծաղ տվեց պարոնը, – Ես քո ետևից կգամ:
Դավիթը թելադրեց հասցեն, անջատեց հեռախոսն ու սկսեց հաջորդ վարձատրման մասին մտածել: Պատկերացնում էր, թե ինչպես հապճեպ կկատարի պարոնի տհաճ կարգադրությունները, կվերցնի փողն ու նորից մարդ կզգա իրեն:
«Մոռացիր տհաճ զգացումները, Դավիթ, – կրկնում էր մտքում, – դրանք ընդամենը մի քանի րոպե են տևում: Ոչ ոք չի իմանում այդ խայտառակության մասին, միայն դու: Ոչ ոք քեզ չի կարող մեղադրել: Բացի այդ` ի՞նչ է արածդ: Հազարավոր մարդիկ են գումար վաստակում ստրիպտիզ պարելով ու, ինչն ավելի վատ է, մարմնավաճառությամբ: Իսկ դու ընդամենը մի մարդու, այն էլ տղամարդու մոտ հանվում ես: Մի՞թե դա կարող է ազդել մարդկային արժեքներիդ վրա: Քավ լիցի: Մտերիմների համար դու մնում ես նույն Դավիթը: Դու չես փոխվում: 10 րոպեի նվաստացումը քեզ մի ամբողջ կյանք է տալիս, օգնում, որ ավելի կարևոր լինես, ավելի լիարժեք, պետքական: Ոչինչ ձրի չէ»:
Նա մտքերով ընկած քնեց և արթնացավ Սաթենիկի ձայնից:
— Դավիթ, Դավիթ, վեր կաց:
Դավիթը դժվարությամբ բաց արեց աչքերը:
— Մամ, ի՞նչ ա եղել:
— Մի մարդ ա եկել: Շատ թանկ ավտոյով: Քեզ ա հարցնում, բալա, հել տես` ի՞նչ ա ուզում:
Դավիթն անհամբեր վեր թռավ տեղից ու պատուհանի մոտ վազեց: Բակում կանգնած էր մի շքեղ մեքենա, որի նմանները ինքն ու Վիգենը տեսնում էին ամսագրերում ու երազում, թե ինչպես են նստելու ղեկին: Դավիթի դեմքին ակամայից ժպիտ հայտնվեց: Երբ շրջվեց, պարոնն արդեն ներսում էր:
— Ի՞նչ եք անում ստեղ, – հանկարծակիի գալով` նրան դիմեց երիտասարդը:
— Դավիթ, – զարմանքով ու նախատիքով որդուն դիմեց տիկին Սաթենիկը:
— Բարև, Դավիթ: Եկա, որ միասին քննարկենք մեր աշխատանքը: Դուք խոստումնալից երիտասարդ եք և մեծ հեռանկար ունեք: Մեր կազմակերպության համար կարևոր է ձեզ նման աշխատակից ունենալը:
Դավիթն ապշած էր: Իհարկե, հասկանում էր, որ այդ ամենը մոր համար նախատեսված գեղեցիկ սուտ էր, բայց, ամեն դեպքում, մի տեսակ հպարտ զգաց իրեն, ու ցանկություն առաջացավ երախտագիտություն հայտնել պարոնին: Ժպտաց նրան: Պարոնը ժպտաց` ի պատասխան:
— Գնա փոխվիր, պիտի զրուցենք քո պայմանագրի մասին:
Դավիթը խորամանկ հայացքով պարոնին նայեց ու սենյակ գնաց: Սաթենիկը շտապեց օգտվել որդու բացակայությունից և հարցուփորձ անել պարոնին, զգուշացնել որդու խնդիրների մասին:
— Գիտեք, պարոն, Դավիթս հիվանդ է, չի կարող գիշերներն աշխատել:
— Հիվա՞նդ է, – վախեցած հարցրեց պարոնը:
— Հա: Երեկ ուշագնաց եղավ: Շատ թույլ է, հաց չի ուտում, չի քնում: Էդ ի՞նչ աշխատանք եք առաջարկում նրան:
— Անհանգստանալու կարիք չկա: Դավիթը հարմարավետ գրասենյակում է աշխատելու, ցերեկային ժամերին: Ես ձեզ խոստանում եմ ընդմիջումներին նրա հետ մեկ սեղանի շուրջ նստել և հետևել, որպեսզի լավ սնվի:
— Ախ, – հանգստացած հոգոց հանեց Սաթենիկը, – Փառք Աստծո, որ Ձեզ պես լավ մարդիկ էլ կան:
— Ի՞նչ եք ասում: Ես էլ հայր եմ ու գիտեմ, թե ինչ է նշանակում անհանգստանալ զավակի համար:
Այդ խոսքերի վրա սենյակ մտավ Դավիթը: Զարմացած էր: Կարծեց, թե պարոնը ստում է, որ հայր է: Ինչպե՞ս կարող են նրա նմաններն ամուսնանալ և երեխաներ ունենալ: Այդ պատմությունն էլ, երևի, իր մորն հանգստացնելու համար էր:
— Գնա՞նք, պարոն:
— Գնանք, Դավիթ:
Պարոնը ցտեսություն ասաց տիկին Սաթենիկին և դուրս եկավ: Մինչ Դավիթը հրաժեշտ կտար մորը, պարոնն ինչ-որ տեղ զանգեց և նստեց մեքենան: Դավիթը հետևեց նրան:
Մեքենան կանգ առավ շքեղ հյուրանոցի դիմաց, ուր աշխատանքի ակնկալիքով մի քանի ամիս առաջ դիմել էր Դավիթը և մերժում ստացել: Իսկ հիմա, ահա, նա այստեղ է որպես հյուր: Ի զարմանս Դավիթի` պարոնը չբարձրացավ համարներից մեկը, այլ ուղեկցեց իրեն հյուրանոցի ռեստորան և լավագույն սեղանի մոտ հրավիրեց («Շյուղերում» ունեցած փորձը բավական էր, որպեսզի Դավիթը հաշվեր սեղանի արժեքը):
— Ի՞նչ կպատվիրես:
— Դուք պատվիրեք:
Պարոնն արհամարհեց ճաշացանկը և մատուցողին խնդրեց շամպայն ու թխվածք բերել: Դավիթը տարակուսանքի մեջ էր: Նախքան այստեղ հասնելը մի բանի մասին էր միայն մտածում` թե երբ է ավարտվելու հանդիպումը և երբ է ստանալու բաղձալի վճարը: Բայց հանդիպումը, կարծես, ձգձգվելու էր:
— Սովորում ես, չէ՞:
— Հա, պարոն…
— Ալեք` Արսենյան Ալեք` «Ակապելլա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը:
— Հա, պարոն Ալեք, սովորում եմ:
Ալեքը ժպտաց Դավիթի անմեղ «պարոնի» համար: Դավիթն հասկացավ, թե ինչու է նա ժպտում:
— Ալեք, – շփոթված ինքն իրեն ուղղեց նա, – Ապագա տնտեսագետ եմ:
— Փաստորեն խելքը գլխին տղա ես: Ո՞նց ընկար էդ աղբանոցը։ «Շյուղերը» նկատի ունեմ:
— Աշխատանք էր պետք: «Շյուղերում» չէ, թող ուրիշ տեղ լիներ, թեկուզ ինչ-որ փախած մոթելում: Պիտի վճարեի՞ ուսման վարձը, թե` չէ: Էն էլ սենց ստացվեց` փողոցում հայտնվեցի:
— Հոգ մի արա, – պարոնը ցանկանում էր շարունակել, սակայն ինչ-որ մեկին նկատեց և ձեռքը նրա կողմը պարզեց: Դավիթը շրջվեց. լուրջ տեսքով մի տղամարդ էր` կոստյումով, սպիտակ մազերով, գործնական: Տղամարդը մոտեցավ նրանց, ձեռքով բարևեց երկուսին էլ և նստեց սեղանի առաջ:
— Նա՞ է, – դիմեց անծանոթն Ալեքին:
— Հա, ինքը, – պատասխանեց Ալեքը:
Քրտինքը Դավիթի ճակատին խփեց: Փաստորեն իրեն ներկայացնում են ինչպես Աստված գիտե, թե ում: Այլևս անհնարին էր փախչելը: Նա հարուստ տղամարդկանց խամաճիկին էր վերածվել, նրանց նոր զվարճալիքին: Եվ ինչպե՞ս նա չէր կռահում, որ պարոնը կանգ չէր առնելու իրեն մերկացնելով միայն: Ինչպե՞ս չէր կռահում, որ պահանջները գնալով ավելի ծանր ու վիրավորական էին դառնալու: Ուզում էր վերկենալ սեղանի առջևից, թքել այդ երկուսի վրա և հեռանալ: Բայց ներքին անհանգստությունը, անհարմարության զգացումն ասես գամել էին երիտասարդին աթոռին, կորցրել մտքերի մեջ, հեռացրել էին իրականությունից ու պահում էին այդտեղ՝ հյուրանոցի ռեստորանում:
— Դավիթ, պարոն Գաբրիելյանն իմ ընկերն ա, – դիմեց երիտասարդին Ալեքը:
Դավիթը խիստ հայացք նետեց Գաբրիելյանի վրա ու ոչինչ չասաց: Ալեքը զարմացած նրան նայեց:
— Ուրախ եմ, – առաջին քայլն արեց Գաբրիելյանը:
Դավիթը շարունակում էր լռել:
— Ես ուզում եմ, – նկատելով երիտասարդի ընկճվածությունը, շարունակեց Ալեքը, – Որպեսզի դու ստուգվես նրա մոտ: Մայրդ ինձ պատմեց, որ խնդիրներ ունես առողջության հետ:
Թեթևության զգացումը կամ, գուցե, Ալեքի հանդեպ անարդար գտնվելու միտքը ավելի ընկճեց Դավիթին: Արցունքներն հավաքվեցին աչքերի մեջ: Եթե միայն նա չլիներ այդքան անվճռական, կգրկեր Ալեքին, կլացեր ու ներողություն կխնդրեր այն բանի համար, որ տականք է, այն բանի համար, որ կորցրել է հավատն առ մարդկանց: Նա հազիվ կուլ տվեց թուքը:
— Շնորհակալ եմ, Ալեք:
— Դե: Պարոն Գաբրիելյանը կուղեկցի քեզ իր ընդունարան: Իսկ ես շտապում եմ:
Ալեքը գրպանից 20000 դրամ հանեց, թողեց սեղանին, ապա վերկացավ և թեթև խփելով Դավիթի ուսին, նշան արեց, որպեսզի նա էլ մեկ վայրկյանով հեռանա սեղանից, ցտեսություն ասաց Գաբրիելյանին ու սեղանից փոքր ինչ հեռու Դավիթին սպասեց: Դավիթը հետևեց նրան: Ալեքը ժպտաց:
— Վրադ գույն չկար, մտածեցի՞ր․․․
— Կներեք, պարոն։
— Լավ: Անցած լինի: Դու ինձ չես ճանաչում` իրավունք ունես: Անպայման գնա բժշկի հետ, ստուգվիր, քեզ բոլոր անհրաժեշտ դեղերը կտա ու ոչ մի դրամ չի պահանջի:
Ապա պարոնը դրամապանակից մի թղթադրամ հանեց և զգույշ` օտար հայացքներից խուսափելով, Դավիթի գրպանը դրեց:
— Տաքսիով տուն կգնաս:
— Ինչի՞ համար, պարոն:
— Չունենալը մեռնելու պատճառ չի, Դավիթ: Իսկ օգնելը․․․ Իսկ օգնելն ընդհանրապես պատճառներ չունի: Համենայն դեպս՝ իմ համար:
Ալեքը ձեռքով հրաժեշտ տվեց ու հեռացավ: Դավիթը չգիտեր, թե ինչ մտածեր: Ամեն ինչ չափազանց բարդ էր:

8. Վերջին հանդիպումը

Տիկին Սաթենիկին զարմացրեց, որ Դավիթը լիքը-լիքը տոպրակներով եկավ: Լավ տեսք ուներ որդին ու, կարծես թե, գոհ էր կայացած հանդիպումից: Փաստորեն ամեն ինչ ստացվել է և պարոնն աշխատանք է տվել նրան: Դավիթը տոպրակները սեղանին դրեց, համբուրեց մորը, ապա, չսպասելով նրա հարցերին, որոշեց կանխավ որևէ սուտ հորինել:
— Պարոնն ինձ կանխավճար տվեց: Ստուգվեցի բժշկի մոտ, մամ, տենում ես, դեղեր էլ եմ առել: Շատ թանկ էին, բայց ի՞նչ անեմ, պտի շուտ դզվեմ, որ կարանամ աշխատեմ:
— Աստված պահի էդ մարդու զավակին: Անունն ի՞նչ էր: Չհասցրեցի էլ հարցնեմ:
— Վարդգես, – ստեց Դավիթը, կարծելով, թե այդպես ավելի հեռու կպահի իրեն այդ մարդուց:
Մինչ ոտքով տուն էր գալիս, որպեսզի տաքսու համար հատկացված գումարով առևտուր անի, շատ էր խորհել: Որոշել էր վերջ դնել ամեն ինչին: Հարկավոր էր շնորհակալություն հայտնել Ալեքին այն ամենի համար, ինչ արել է ու ընդմիշտ հրաժեշտ տալ նրան: Այդ մարդն անառողջ հետաքրքրություն էր ցուցաբերում իր հանդեպ` դա պարզից էլ պարզ էր: Եվ, ո՞վ գիտե, թե հետո ինչ կարող էր պահանջել` արված լավության դիմաց: Հարկավոր էր ամեն ինչ իր տեղը դնել, քանի դեռ շուտ էր: Նա հիշում էր հասցեն` «Ակապելլա»: Որոշել էր այնտեղ գնալ, ամեն ինչ ասել Ալեքին, բացատրել, որ այլևս չի կարող կատարել նրա պահանջները, որ շնորհակալ է ու պարտական նրան, բայց պիտի էլ երբեք չհանդիպեն: Վատ մարդ չէր Ալեքը, Դավիթը դա զգում էր ու, անկախ ամեն ինչից, չէր ուզում ցավ պատճառել նրան: Ինքն իր աչքին ծիծաղելի էր երևում: Վախենում էր անգամ մտքում արտասանել այդ բառը` արվամոլ: Գրողը տանի, Ալեքն արավամոլ էր: Դեռ երեկ նա կարծում էր, թե պատրաստ է սպանել ցանկացած արվամոլի, իսկ այսօր․․․ Այսօր այդ արվամոլն անուն ունի` Ալեք: Հրաշալի մարդ, բարեսիրտ ու հոգատար, զգույշ ու ըմբռնող: Միակ ելքը հրաժեշտն էր: Այլ վերջաբան այս պատմությունը չէր կարող ունենալ:
Երկու ժամ անց արդեն «Ակապելլայում» էր: Հարմարավետ ու շքեղ գրասենյակ էր, ուր հաճախ կարելի էր հանդիպել որևէ հայտնի մարդու: Կենտրոնը մեծ հեղինակություն էր վայելում քաղաքում, իսկ նրա տնօրենին` Ալեքին հարգում ու վստահում էին գրեթե բոլոր հռչակավոր մարդիկ: Դավիթն այդ մասին չգիտեր, իհարկե: Նրա համար Ալեքը սովորական մի պարոն էր մնում, ով մի օր իրեն աշխատանք առաջարկեց, ով լավ վճարեց իրեն, ով իրականում վատ մարդ չէ ու ով․․․ արվամոլ է:
Ալեքին զարմացրեց Դավիթի այցը: Չնայած դրան` նա անկարող էր թաքցնել, որ երիտասարդի ներկայությունն հաճելի է իրեն:
— Ինչ-որ բա՞ն ա եղել, Դավիթ:
— Հա, պարոն․․․ Ալեք․․․
Ալեքն անհանգստացած վերկացավ տեղից:
— Ասա, տեսնեմ:
— Եկել եմ Ձեզ հրաժեշտ տալու:
Դավիթը մի պահ լռեց: Ալեքն ուշադրությունը սևեռեց երիտասարդի վրա:
— Հասկանում եք, Ալեք, ես չեմ կարող: Դա վիրավորական ա ինձ համար: Ես էդպիսին չեմ: Դե…
— Հերիք ա, Դավիթ: Ես քեզ հասկացա, – ժպտաց Ալեքը, – Դու ոչ մի բան պարտավոր չես բացատրել: Շնորհակալ եմ, որ ըմբռնումով մոտեցար հարցին: Քո փոխարեն մեկ ուրիշը կարար մատներ ինձ:
— Չէ, ես երախտապարտ եմ ձեզ։
— Էս ընդամենը խաղ ա, Դավիթ: Ես օգնեցի քեզ` առանց որևէ ակնկալիքի: Էդ կապ չունի նրա հետ, ինչ տեղի ունեցավ նախորդ գիշերները: Հասկանու՞մ ես: Առավոտը ես մաքրում եմ իմ կյանքից էն ամենն, ինչ տեղի ա ունենում գիշերը: Ոչ ոք դա չի տեսել, չի լսել դրա մասին: Ու ես շարունակում եմ մնալ պրոդյուսեր Ալեք Արսենյանը, ում բոլորը հարգում են ու սիրում: Ես հաճույք եմ ստանում կյանքիս մութ կողմով, իսկ դու դրանով ստանում էիր եկամուտ: Էդ կապ չունի նրա հետ, ինչ տեղի ա ունենում ցերեկը: Ես քեզ ընդունում եմ, որպես ընկեր ու լավ մարդ: Հարգում եմ քեզ։ Մարմնավաճառ չեմ համարում։
— Բա խիղճը, պարոն, չի՞ տանջում։
— Սկզբում տանջում էր: Հետո հասկացա ու ընդունեցի իմ էությունը: Ես էնպիսին եմ, ինչպիսին որ կամ: Որևէ մեկը չի կարող մեղադրել ինձ: Ու քեզ էլ, Դավիթ, եթե գիշերվա դեպքերը ցերեկ չտանես:
Պարոնը մոտեցավ դռանը և կողպեց այն, ապա քայլեց Դավիթի կողմ:
— Սա խաղ ա, երիտասարդ: Եթե ես հիմա քեզ վիրավորեմ, քեզ նվաստացնեմ, կամ նվաստանամ քո առաջ, չի նշանակում, որ վաղը ես ինձ վատ եմ զգալու, որ վաղը խիղճս տանջելու ա: Ես ամեն ինչ հանուն ինձ եմ արել: Որովհետև ես սիրում եմ ինձ: Ես ուզում եմ ունենալ ամեն ինչ ու թքած ունեմ, դա կարելի ա, թե՝ չէ: Ես թքած ունեմ, թե ինչ կասեն մարդիկ, որովհետև ես իմ կյանքն եմ ապրում՝ իմ համար, Դավիթ, ոչ թե ինչ-որ մեկին գոհացնելու: Մենակ շներն են վազում փայտիկների հետևից, որ ինչ-որ մեկը շոյի գլուխները: Ես չեմ սողում հայացքների տակ, չեմ ենթարկվում: Սխա՞լ ա: Իսկ ո՞վ որոշեց: Աստվա՞ծ, թե՞ մարդիկ: Հենց նույն Աստվա՞ծ չորոշեց, որ մայրդ ապրի կարիքի մեջ, որ ստիպված լինի մինչև օր ծերություն քրտինք թափել: Աստվա՞ծ չորոշեց, որ հայրդ մեռնի` թողնելով ձեզ մենակ` բախտի քմահաճույքին: Իսկ հիմա ասա` սիրու՞մ ա քեզ Աստված, թե` չէ: Ի՞նքը չէր, որ քեզ կյանքի անդունդը շպրտեց, անելանելի դրության մեջ: Իրա պատճառո՞վ չէր, որ դիմեցիր էն քայլերին, որոնց չպիտի դիմեիր: Ի՞նքն ա ամեն ինչ որոշում: Ուրեմն խի՞ ա քո համար սխալ որոշում ընդունում: Քո՝ նորմալ մարդկանց զավակի, խելացի ու զուսպ մարդու, ով իրա կյանքում, երևի, ճանճ էլ չի սպանել, ով էկել ա ստեղ մարդավարի հրաժեշտ տալու նրան, ով վիրավորել ա իր ինքնասիրությունը` չնայած կարար թքեր իմ նմանի վրա: Ու գիտե՞ս, թե ում ա նախապատվություն տալիս քո էդ Աստված: Իմ նմանին: Հարբեցող վայրենու տղուն, ով ամբողջ կյանքում ատել ա ծնողներին ու նրանց մահն ա երազել: Ով չի հետևել պատվիրաններին, ով շնացել ա, ստել ա, չի սիրել մերձավորին, չի պատվել իրա Տեր Աստծուն։ Որ հիմա էլ նույն իրա Աստծո դեմ ա խոսում: Բա ու՞ր ա իմ պատիժը: Ես հանգիստ եմ, երիտասարդ, որովհետև, եթե ձեր այդ Աստված կա էլ, նա անմեղի հախից ա գալու, թույլին ա խփելու, որովհետև ինքն էլ ա թույլ: Աղքատից եղածն էլ վերցնելու ա ու հարուստին տա: Ու՞մ, եթե ոչ քո նմանների հաշվին եմ ես էսօր նստում էս շքեզ զիբիլանոցում, օրական մի մեքենա վարում ու ուզածիս պես ապրում: Ո՞վ տվեց ինձ էս ամեն ինչը: Լավ չի՞, որ չլիներ քո էդ Աստվածը, քան թե սենցը լիներ․․․
Դավիթը լուռ լսում էլ Ալեքին` փախցնելով նրանից հայացքը:
— Դու դրախտի ու դժոխքի մասին կխոսաս, հավիտենական կյանքի․․․ Դու չապացուցված մի բանի համար կզոհես էն, ինչը վաղուց ապացուցված ա` կյանքդ: Դու չգիտես էլ, թե ինչ կա մահից հետո, կամ կա՞ ինչ-որ բան, ու հանուն էդ եղած կամ չեղածի կորցնում ես էն, ինչ ունես: Եթե էսօր ուզում ես սուտ խոսալ, տղա, սուտ խոսա: Դրա համար մարդը չի պատժում: Մենակ մարդու պատժից վախեցի: Աստված անզոր ա արդեն։ Եթե ուզում ես չսիրել ընկերոջդ, չհարգել ծնողիդ` մի հարգի: Մարդը դրա համար էլ չի պատժում: Մարդն ավելի խելացի ա, քան Աստված: Նա արգելում ա սպանել, գողանալ, բռնանալ: Ուրիշ մեղքերի համար չկա իրական պատիժ: Ոչ ոք ինձ չի պատժել նրա համար, թե ով եմ ես, ու չի կարա պատժի: Քեզ էլ որևէ մեկը չի պատժելու նրա համար, ինչ արել ես ու չի էլ կարա, մինչև ինքդ չուզես: Հա, դու փող ես աշխատել ու, ասեմ քեզ, քիչ փող չէ: Հիմա հարևանիդ համաձայնությու՞նը պտի խնդրես, որ մորդ նոր շոր առնես, որ էլ սև գործ չանես, որ օրահաց ու հանգստություն ունենաս, որ օտգվես կյանքի վայելքներից: Թե՞ պտի հարցնես դիմացինիդ: Տղա, մեր մեջ էնքան կյանք կա, մենք կարանք էնքան բարձրանանք, բայց․․․ բայց մեզ կապել են գետնից: Վերջ տուր ենթարկվել կյանքին, հասարակությանը, չապացուցված քո էդ Աստծուն: Ստիպի, որ կյանքն ինքը ենթարկվի քեզ: Որոշի ինքդ քո փոխարեն: Սխալ ես համարում մի բան` ուրեմն սխալ ա, ճիշտ ես համարում` ուրեմն ճիշտ ա: Ճիշտ ա, որովհետև օգնում ա քեզ, որովհետև քեզ դրանից ավելի լավ ա լինում: Ի՞նչ դու կորցրեցիր էն գիշերները: Անու՞նդ, պատի՞վդ, ինքնասիրությու՞նդ, ունեցվա՞ծքդ: Ոչ մի բան: Դու շարունակում ես նույնը մնալ: Դու չես դարձել ավելի վատը: Եթե ինքդ քեզ չմեղադրես, ոչ մեկ չի մեղադրի: Մեղադրի էլ, թքիր բոլորի վրա: Մարդիկ սովոր են անմեղներին էլ մեղադրել: Ավելի լավ չի՞ մեղադրվես նրա մեջ, ինչ արել ես, քան թե պատժվես առանց հանցանքի:
— Չգիտեմ, Ալեք: Բայց էդ սխալ ա, հաճելի չի ինձ:
— Իսկ դու անում ես, որ հաճու՞յք ստանաս: Քեզ, տղա, փող ա պետք: Դու կարաս բանվորություն անես, բայց չե՞ս կարա անես էն, ինչ ես եմ ուզում` իմանալով, որ հետո չեմ մեղադրելու քեզ դրա համար: Թե՞ հյուրանոցում հաճույքի համար ես սպասարկում:
— Ախր, սխալ ա․․․
— Ո՞վ ասեց: Քեզ գումա՞ր ա պետք: Ստանում ես: Թե ոնց, էդ արդեն քո գործն ա ու էլ ոչ մեկի: Թող բարոյականության, ճշտի ու սխալի մասին ճառերն իրանց պահեն: Թող դրանք ուտացնեն իրանց զավակներին, ովքեր մի ամոթանքի պատճառով կարան հրաժարվեն անձնական կյանքից, ովքեր պատրաստ են կուլ գնալ: Մարդիկ պահանջում են, որ մենք ճիշտ ապրենք: Ուզում են, որ մենք պոռնկություն չանենք, որ մենք չլինենք չար, չկամենանք վատը, օգնենք, սիրենք․․․ Բայց զարմանալի ա, որ քեզանից ճիշտ կյանք պահանջող նույն հարևանդ ոչ մի բան չի տալիս փոխարենը: Շնորհակալություն չի ասում, երբ դու արդար քրտինքով ես աշխատում: Որովհետ կենտրոնացած ա մենակ քո սխալները գտնելու վրա: Ու դու դեռ նայում ես, թե ի՞նչ կմտածեն:
— Ես ինքս ինձանից եմ ամաչում…
— Էդ արդեն ուրիշ: Եթե պտի հետո տանջես քեզ, խնդրեմ, գնա: Իսկ եթե կարաս անջատել էդ ապուշ կոճակը, որը մեզ խանգարում ա ապրել ու նախապաշարմունքների զոհ դարձնում` մնա մոտս: Դու էդ կոճակը հեշտ կգտնես: Դրա վրա սխալմամբ գրել ու փակցրել են «ինքնասիրություն»: Բայց, չգիտես խի, հենց էդ կոճակն ա մեզ անհաջողակ դարձնում: Հենց էդ կոճակն ա ասում «սխալ ա», երբ որ հաջողության ճանապարհին ես, երջանկության ճանապարհին, բավարարվածության ճանապարհին: Էդ կոճակն արձագանքում ա նրան, ինչ դու լսել ես ուրիշներից: Էդ կոճակը դու չես ստեղծել, տղա՝ էդ էլ են քեզ ստիպողաբար տվել: Բայց որոշողը դու ես: Կարաս գնաս: Ես քեզ չեմ պահում: Ու կարաս նաև մի քանի հարյուր եվրո աշխատել: Հիմա ես էն մարդը չեմ, որ հոգատար հոր պես քո համար բժիշկ կանչեց: Հիմա ես պատվիրատու եմ: Կեղտոտ արվամոլ, եթե ուզում ես` մարդ, որին պետք ա միայն տեսնել քեզ, հպվել, զգալ մարմնիդ ջերմությունը, ով դա ա ցանկանում ու, եթե մերժես, կստանա դա մեկ ուրիշից:
Ապա Ալեքը մի բաժակ կոնյակ լցրեց իրեն ու սկսեց անթարթ նայել Դավիթին:
— Ինչի՞ ես սպասում: Ես վճարում եմ: 500 եվրո:
Ալեքի խոսքերն համոզել էին Դավիթին: Նա ճիշտ էր, թեկուզ միայն այնքանով, որ ոչ ոք իր փոխարեն չի որոշում ճիշտն ու սխալը, որ մարդիկ, ինչպես չեն խրախուսում իրեն ճշտի համար, նույնպես և սխալի համար պատժելու իրավունք չունեն: Նա ճիշտ էր այնքանով, որ Աստված միայն զրկում էր իրենց և, նույն այն մարդկանց պես, միայն ու միայն պահանջում հետևել իր կանոններին: «Դե, Դավիթ, – մտքի մեջ դիմեց ինքն իրեն, – թքիր ամեն ինչի վրա և սկսիր լավ ապրել էս պարոնի հաշվին: Ունեցիր էն, ինչից Աստված ու մարդիկ զրկել են քեզ: Կյանքը կարճ ա, վայելիր ամեն գնով` անտեսելով մնացած ամեն ինչը»:
Երիտասարդը սկսեց հանվել, իսկ Ալեքն իր «աշխատանքից» գոհ վայելում էր պահը: Նա մոտեցավ ու սկսեց շոշափել Դավիթի հարթ մաշկը: Մարմինը, որին դիպչելու գայթակղությանը օրեր առաջ հազիվ էր դիմանում: Հիմա նա իրենն է: Հիմա ամեն ինչ պարզ էր ու հասարակ: Դերերն ընտրված էին ու սկսված էր խաղը:
Դավիթը հետևում էր, թե ինչպես է Ալեքը դիպչում իրեն, շոյում, համբուրում կուրծքն ու մեջքը: Չէր կարծում, թե դա կարող էր հաճույք պատճառել, բայց դա հաճելի թվաց: Նա հիշեց Արմենի անհանգստության պատճառը, երբ իր մոտ ոչինչ չէր ստացվել ու թեթևացած շունչ քաշեց՝ ինքն իմպոտենտ չէր: Բացի այդ, ինքն արդեն նաև աղքատ չէր: 500 եվրո։ Այս անգամ կվերանորոգի բնակարանը: Համա թե կուրախանա տիկին Սաթենիկը, երբ իմանա: Ու ոնց կնախանձեն հարևանները: Վիգենն էլ, երևի, կզարմանա: Եթե այսպես գնա, կարող է նաև ընկերոջն օգնել: Նա մտքերով էր տարված, երբ զգաց պարոնի շուրթերի հպումն իր շուրթերին: Չհասկացավ, թե ինչու պատասխանեց համբույրին: Ցանկությունը, կիրքը սկսել էին կառավարել իրեն: Բայց նա պարոնի՛ն չէր ցանկանում, նա պարզապես ցանկանում էր։

9. Նոր կյանք

Անցյալում էր երբեմնի աղքատությունը: Դավիթը գիտեր, որ Ալեքի հետ ցանակացած հանդիպում է՛լ ավելի հարուստ է դարձնելու իրեն: Հոգու խորքում նա սպանել էր այն, ինչ նախկինում տանջում էր իրեն՝ արածի մասին մտածելիս: Նա արդարացում էր գտել ամեն ինչին: Ալեքի խոսքերն ազդել էին երիտասարդի վրա, համոզել նրան: Ու երջանկության զգացումն այդ խոսքերի ճշմարիտ ապացույցն էր: Դավիթը զգում էր, որ գնալով ավելի է երջանկանում:
Թվում էր, թե շատ բան չի փոխվել: Վերանորոգում էր սկսել տանը և մի քանի նոր հագուստ առել, բայց իրականում փոխվել էր ամեն ինչ: Նախանձոտ հարևանները սկսել էին մտովի հաշվել իր ծախսերը և էլ ավելի մեծ եռանդով իր մոտ գովազդել իրենց՝ տանը մնացած աղջիկներին: «Դավիթս լավ գործ է ճարել»,- չգիտես` ինչու դրկիցների մոտ արդարանում էր տիկին Սաթենիկը: Հավանաբար, վախենալով, որ որդուն որևէ կեղտոտ գործի մեջ կկասկածեն: Վերացել էր գլխացավը և քիչ-քիչ կարգավորվում էր ինքնազգացողությունը: Ամեն ինչ իր հունի մեջ էր ընկնում: Փոխվել էին հարաբերություններն ընկերների ու բարեկամների հետ: Ու պատճառը հենց իր` Դավիթի մեջ էր: Նա սկսել էր ստել: Ճշմարտությունը չէր կարող վստահել ոչ ոքի: Այժմ նա երկու կյանք ուներ: Ապրում էր մեկով, որպեսզի կարողանա ապրել երկրորդով: Ալեքի հետ մի քանի անգամ էլ էր հանդիպել: Դեպքերը կրկնվել էին: Այլևս չէր խուսափում պարոնի համբույրներից: «Դա արդեն տեղի է ունեցել, Դավիթ, խոնավ մարդը անձրևից վախենալու կարիք չունի: Ի՞նչ տարբերություն մեկ անգամ, թե միլիոն: Դա եղել է ու վերջ: Պատահածը չես կարող ջնջել: Գիծն անցած է: Ուրեմն ինչու՞ ես խուսափում նորից անցնել այն, թեկուզ և միայն հանուն ինձ: Ո՞րն է կորուստդ: Եթե որևէ բան դրանից կորցնեիր էլ` արդեն կորցրած կլինեիր»: Եվ Դավիթը կուլ էր գնում Ալեքի խոսքերին: Նա այնքան համոզիչ էր խոսում, նա օգնում էր այլ կողմից նայել կյանքին, հասկանալ, թե ինչքան կարևոր է ապրել սեփական կանոններով, ապրել ուզածի պես:
Իսկ Սաթենիկը շարունակում էր լուռ ու թաքուն հետևել որդուն: Թեկուզ Ալեքն իր վստահությանն էր արժանացել, Սաթենիկը շարունակում էր անհանգստանալ: «Այ կին, – ինքն իրեն փորձում էր մխիթարել, – քանի նեղության մեջ էր որդիդ, տանջվում էիր, որ չես կարող օգնել, իսկ հիմա, երբ արդեն Աստված բարեհաճ է ձեր հանդեպ, նոր վախ է քեզ համակել: Ի՞նչ է ուզածդ»: Իսկ նրա ուզածը մեկ բան էր, որպեսզի տա հարց և ստանա ճշմարիտ պատասխան: Արդա՞ր էին արդյոք այն փողերը, որ ծախսում է որդին:
— Դավի՞թ, – կամուկացով վերջապես որդուն դիմեց Սաթենիկը:
— Հա, մամ:
— Բալես, ճիշտն ասա, գործիդ անունն ի՞նչ ա: Ամբողջ օրը տանն ես, բայց վճարում են: Տենց լինու՞մ ա:
— Այ մամ, խի՞ ես բողոքում: Բողոքելու տեղ չունես, – փորձեց պատասխանից խուսափել Դավիթը:
Սաթենիկը զգաց, որ այլևս անիմաստ է շարունակելը: Որդու պատասխաններն ավելի ու ավելի էին համոզում կնոջը, որ մի բան այն չէ: Չգիտեր` ինչ անել: Ինչպե՞ս ետ պահել որդուն սխալ քայլերից, ինչպե՞ս օգնել նրան: Միակ հույսը Վիգենն էր: Սաթենիկը երկար ծանր ու թեթև արեց ու որոշեց ամեն ինչ պատմել Վիգենին: Նա պիտի որ օգներ: Կարող էր խոսել Դավիթի հետ: Գուցե որդին նրան վստահեր, պատմեր ամեն ինչ ու լսեր խորհուրդները: Հա, Վիգենը պիտի խոսեր ընկերոջ հետ: Բայց Սաթենիկը դեռ չգիտեր, որ դա ընկերների վերջին խոսակցությունն է լինելու։

10. Ծանոթ անծանոթը

Հերթական հանդիպումը նշանակված էր: Դավիթը մի պահ զարմացավ` լսելով, որ Ալեքի հետ «Շյուղերում» պիտի հանդիպեն: Այնտեղ բոլորը ճանաչում էին իրեն: Դա ծանրագույն խոչընդոտն էր, որին նա կարող էր հանդիպել: Ալեքը սպասում էր իրեն: Որքա՞ն հարցեր են տեղալու հյուրանոցի անձնակազմի կողմից: Ի՞նչ կմտածեն նրանք: Չէ՞ որ քաջատեղյակ են այցելուների բոլոր գործողություններին: Եվ ահա ինքը` Դավիթը որպես հյուր տեղակայվում է նույն համարում, ուր Ալեք Արսենյանն է կանգ առել: Չէ, սրանից լավ հոտ չէր գալիս: Դիտմամբ էր դա արել Ալեքը, թե` ոչ, Դավիթը չգիտեր: Բայց հույս ուներ, որ պարոնը պարզապես անզգույշ է գտնվել, չի մտածել, թե ինչ է անում:

Բարեբախտաբար, Արսենյանը հյուրանոցի ռեստորանում էր սպասում իրեն՝ նախկին գործընկերների հետ դեմ առ դեմ հանդիպումից կարելի էր խուսափել: Դավիթը խորը շունչ քաշեց և քայլեց դեպի Ալեքի սեղանը: Աչքի տակով տեսավ, որ Արմենը նկատել է իրեն և հետևից է գալիս: Արագացրեց քայլերն, հուսալով, որ պարոնի մոտ Արմենը հարցեր չի տա: Ալեքը զգաց յուրօրինակ այդ հետապնդումը: Նա այնպես ժպտաց, ասես հաճույք է ստանում տեսածից: Վերջապես Դավիթը, խույս տալով Արմենից, մոտեցավ Արսենյանի սեղանին և, նստելով նրա դիմաց, սկսեց արագ-արագ խոսել:
— Չէի՞ր հիշում, որ ստեղ եմ աշխատել: Էն տղուն նայի: Հետևիցս ա գալիս: Ի՞նչ եմ ասելու:
Ալեքը նույնպիսի շտապողականությամբ պատասխանեց` ջանալով ավարտել խոսքը նախքան Արմենի մոտենալը:
— Ձևացրու, թե չես ճանաչում: Դու արդեն ուրիշ մարդ ես, Դավիթ: Մի դարձի հայացքների զոհը: Նա քո պոտենցիալ թշնամին ա:
— Նա իմ թշնամին չի:
— Ուրեմն խի՞ էիր փախչում: Կանգնեիր: Ընկերներից բա՞ փախչում են:
— Բարև ձեզ, – սեղանին մոտեցավ Արմենը: Նա ձեռքը պարզեց Դավիթի կողմ, – Դավ, բարև: Ու՞ր ես կորել, կարոտել ենք:
Դավիթը հազիվ կուլ տվեց թուքը: Չգիտեր, թե ինչ պիտի պատասխանի, ինչ պիտի անի: Նա այդպես էլ չպարզեց ձեռքն Արմենին:
— Բարև:
Արմենին մի պահ զարմացրեց ընկերոջ պահվածքը: Ապա նա հայացքը գցեց Դավիթի նոր հագուստին, նրա կեցվածքին ու, կարծես, ամեն ինչ հասկացավ: «Դե իհարկե, – ասաց ինքն իրեն, – հարուստ գործարարի հետ է ճաշում, գործերը լավ են ընթանում, թանկացնում է իրեն»:
— Ի՞նչ կպատվիրեք, – խիստ պաշտոնական ու զզվանք արտահայտող ձայնով դիմեց Արմենը:
— Երկու գարեջուր, – պատասխանեց Ալեքն ու նշան արեց, որպեսզի Արմենն հեռանա:
— Հը, ի՞նչ էղավ, – Արմենի գնալուց հետո անձայն նստած Դավիթին դիմեց Ալեքը:
— Չտեսա՞ր, թե ինչ էղավ: Իմ ընկերն էր:
— Ուրեմն խի՞ տենց խոսեցիր, խի՞ չպատասխանեցիր բարևին:
— Որովհետև հարցեր էր տալու, Ալեք, շատ լավ էլ գիտես: Որովհետև հետաքրքրվելու էր, թե խի եմ քո հետ համար բարձրանում: Մի բան կասկածելու էր: Լավ չի՞, որ հետևիցս խոսի, քանս թե աչքերի մեջ նայելով:
— Դե, եթե քեզ թվում ա, թե ինչ-որ ամոթալի բան ես անում․․․
— Քեզ տենց չի՞ թվում: Դե ուրեմն վեր կաց ու բղավիր, թե ինչով ես զբաղվում: Հայտնի ընտանիքիդ, ընկերներիդ, անծանոթներին: Թող իմանան, որ դու ոչ մի ամոթալի բան չես անում:
— Իսկ ինձ դրանից ի՞նչ օգուտ կլինի: Եթե իմանայի, որ ներքին հպարտություն, հիացմքունք կզգայի` կանեի: Բայց ես ոչ մի բան չեմ զգա:
— Ոչ մի բան չե՞ս զգա, Ալեք: Քեզ զզվելի տականք չե՞ս զգա: Չե՞ս ամաչի նայել մարդկանց աչքերի մեջ:
— Ինչի՞ համար ամաչեմ: Նրա համար, որ վճռակա՞ն եմ: Որ, ի տարբերություն իրանց, անում եմ էն, ինչ ուզում եմ, որ թքած ունեմ իրանց կանոնների ու նախապաշարամունքների վրա: Չէ, գիտես, Դավիթ, ես սխալվեցի։ Կարող ա և հպարտ զգամ ինձ:
Արմենը՝ սկուտեղը ձեռքին, մոտեցավ Դավիթի և Ալեքի սեղանին:
— Շնորհակալ եմ, – դիմեց նրան Ալեքը, – Գիտե՞ք որ ես հոմոսեքսուալ եմ:
Արմենն ապշահար նայեց Ալեքին: Էլ ավելի ապշած էր Դավիթը: Մի վայրկյանի մեջ ասես դժոխքի միջով անցավ: Քրտինքը խփեց ճակատին, բերանը զարմանքից բաց մնաց: Ուզում էր բղավել, վեր կենալ ու հարվածել Ալեքին: Ցանկանում էր հերքել, պաշտպանվել։
— Հը, ի՞նչ կասեք էդ մասին, պարոն մատուցող:
Արմենը շարունակում էր լռել:
— Դե, իհարկե, ոչմի բան էլ չեք կարող ասել: Որովհետև դուք այստեղի մատուցողն եք, սպասարկողը: Իսկ ես Ալեք Արսենյանն եմ, հարուստ և իշխանություն ունեցող մարդ: Դուք ստիպված կլինեք լռել: Գնացեք, ազատ եք:
Արմենն էլ ավելի մեծ նողկանքով նայեց զույգին ու հեռացավ սեղանից: Դավիթը շարունակում էր լռել: Հոգեկան հիվանդի պես հայացքն հառել էր Ալեքին ու ասես նրա միջով ինչ-որ տեղ նայեր:
— Ի՞նչ, Դավիթ: Է՞ս չէիր ուզում:
Դավիթը միայն օրորեց գլուխը:
— Բա՞, – խիստ ձայնով դիմեց Ալեքը:
— Դու իմ բախտի գլխին քար ես գցում, Ալեք: Դու գետնով ես տալիս իմ պատիվը, իմ անունն ու հեղինակությունը: Ո՞վ ես դու էդքանից հետո: Մա՞րդ ես: Խի՞ արեցիր: Խի՞ հենց Արմենին ասեցիր: Խի՞ հենց իմ բախտի հետ խաղացիր, եթե կարայիր սեփականի հետ խաղայիր: Թակարդ ես լարել: Ես թակարդի մեջ եմ, Ալեք: Դու ոչ մի սուրբ բան չունես:
— Հա, Դավիթ: Իրավունք ունես: Քո խոսքերն արդարացված են: Բայց չե՞ս մտածել, թե խի մենք չունենք ազատ ապրելու իրավունք: Չե՞ս մտածել, թե խի մենակ ալեքարսենյանները կարան անեն էն, ինչ ուզում են, իսկ քո նմանները ստիպված են թաքնվել իրանց պատյաններում, գծել իրենց աշխարհների սահմանները, առանձնանալ, խուսափել, ապրել վախի մեջ: Արդա՞ր ա արդյոք, Դավիթ, որ անձնական կյանքդ զոհում ես էս տղայի նմաններին, որոնք պատրաստ են խոնարհվել ալեքների դիմաց ու մենակ քեզպեսների վրա են կարում: Արդա՞ր ա, որ դու վախենում ես նրանցից, նրանց հայացքներից ու խոսքերից, իսկ նույն էդ ժամանակ վերջին տականք Ալեք Արսենյանը գլուխը բարձր քայլում ա, թեկուզ ձեր մեղքերն հավասար են: Արժանի՞ են դրանք, որ կուլ գնաս իրանց կանոններին, եթե իրենց են կուլ տալիս հղփացած, չգիտես, թե ինչ գնով իշխանության հասած արսենյանները: Չէ, Դավիթ, արդար չի: Ու գիտե՞ս` էդ ինչից ա: Որովհետև դու ես խոնարհվում, որովհետև դու ես վատը, ոչ թե պարոն Արսենյանն ա էնքան լավը, որ արժանանում ա հարգանքի: Որովհետև գլուխ խոնարհելով հենց ինքդ ես մատնանշում, որ ամոթալի ինչ-որ բան ես անում, ինքդ ես ստիպում նրանց կենտրոնանալ քո վրա: Չես հարգում քեզ, չունես ինքնասիրություն: Դու ես վատը, Դավիթ: Դու ես վատը, որ թույլ ես տալիս կառավարեն կյանքդ:
Ալեքը վերկացավ տեղից և, հինգ հազար դրամ սեղանին դնելով, դիմեց Դավիթին.
— Մտածիր ինչքան կուզես: Վեր ընկիր էդ աթոռին ու «Տեր, ողորմեա» երգի քո կորցրած պատվի վրա: Արա՝ ինչ ուզում ես: Բայց եթե որոշես բարձրանալ, իմացի որ ես տղամարդու եմ սպասում: Ես սպասում եմ կայացած մարդու, ոչ թե սողունի, որ ավելի ա բարդացնելու կյանքս: Ես սպասում եմ տղամարդու, ով գիտի իրա գինը, ով թույլ չի տալիս ոտնահարել իրա արժանապատվությունը, ով չի պարում ուրիշի դուդուկի տակ: Հակառակ դեպքում` վեր կաց տեղիցդ ու փախուստի դիմի: Փախի նախ էս մատուցողից, հետո հարևանների հայացքներից: Հետնամուտքով մտի սեփական տուն ու սպիտակ կտորով փակի սաղ հայլիները՝ դու դրանց մեջ համ պատվազուրկ արվամոլի ես տեսնելու, համ էլ անողնաշար վախկոտի: Ինքդ որոշի:
Ալեքը թողեց Դավիթին ռեստորանի սեղանի մոտ և բարձրացավ իր համարը: Նրա խոսքերը բավական էին, որպեսզի Դավիթն անհրաժեշտ եզրահանգման գար: Նա այս անգամ էլ ընդունել էր Ալեքի բառերը: Պարոնն անխուսափելիորեն ճիշտ էր: Դահլիճի վերջում կանգնած Արմենն ուշադրությամբ զննում էր միայնակ մնացած Դավիթին: Մի պահ Դավիթը որոշեց վեր կենալ և գնալ տուն, ցույց տալու համար, որ պարզապես զրուցելու էր եկել պարոնի հետ, որ ուրիշ ոչինչ չի կապում իրենց: Բայց հասկացավ, որ խղճահարության է արժանի: Որ էլ ավելի կատի իրեն, եթե ևս մի ձևական քայլ անի, ևս մի արարք ուրիշների համար, ևս մի պատվերով համերգ տա: Նա անձեռոցիկով սրբեց ճակատի քրտինքը, վերկացավ և քայլեց դեպի երկրորդ հարկ: Արմենն աստիճանների մոտ էր: Դավիթն արհամարհական նայեց նրան:
— Խնդրում եմ ոչ մի հարցով չդիմել 16-րդ համար, – դիմեց նախկին ընկերոջը, – եթե ինչ-որ բան անհրաժեշտ լինի, մենք կասենք էդ մասին, չանհանգստացնեք:
Եթե մինչ այդ Արմենը ներքին արդարացումներ էր փնտրում ընկերոջ համար, հիմա արդեն փաստերն անհերքելի էին: Դավիթի խոսքերն ապացուցելու եկան, որ նա խայտառակ կապի մեջ է պարոն Արսենյանի հետ: Արմենը չգիտեր, թե ինչ զգար` հիասթափություն, նողկանք, ատելություն: Չգիտեր, թե ինչն է առավել ցավալի` Դավիթի նույնասեռակա՞ն, թե՞ անշնորհակալ լինելը:

11. Խոստովանություն

— Հը՞, – սենյակի դռան ձայնը լսելով, լոգարանից ձայն տվեց Ալեքը, – Կողմնորոշվեցի՞ր:
— Դու ճիշտ ես, Ալեք: Ես անողնաշարի մեկն եմ: Ուզում էի փախնեի` ձևացնելով, թե մենք գործնական հանդիպման էինք: Ուզում էի փոխեի կյանքիս ընթացքը, մենակ թե Արմենը գլխի չընկներ:
Դավիթը խոսելով լոգարան գնաց: Ալեքը` ջակուզիի մեջ պառկած ծխում էր:
— Ու՞, – դիմեց նա Դավիթին:
— Արմենին ասեցի, որ չանհանգստացնեն մեզ: Դրանով ապացուցեցի, որ քո հետ եմ։
Ալեքը նայեց նրա աչքերի մեջ ու փախցրեց հայացքը: Դավիթը զգաց, որ նա հուզված էր: Երբեք այդպիսին չէր տեսել Ալեքին` այդքան երջանիկ: Ալեքը ջուր ցողեց դեմքին, հավանաբար քողարկելով արցունքները: Դավիթը ժպտաց:
— Հուզվեցի՞ր:
— Հա, – ծիծաղեց Ալեքը, – Ինձ դուր էկավ, որ չամաչեցիր ինձանից:
Ներքին հպարտությունը տիրեց Դավիթին: Գոհ էր իր արարքից: Այդ պահին էլ չէր կարծում, թե որևէ հանցավոր բան է արել, որևէ սխալ թույլ տվել: Անգամ երջանիկ զգաց իրեն:
— Արի ստեղ:
— Հիմա:
Դավիթը հանվեց մինչև լողազգեստը և ջակուզին մտավ:
— Հավես ա:
— Առաջին անգա՞մ ես ջակուզիում լողանում:
— Դե, հա: Ստեղ եմ աշխատել, բայց ոչ մի անգամ ռիսկ չեմ արել լողանամ:
— Ռի՞սկ, – ծիծաղեց Ալեքը:
— Հա, Ալեք: Քո աշխարհում էդ սովորական ա: Դու կարաս քեզ թույլ տաս:
Ալեքը մոտեցավ Դավիթին և ձեռքը դեմքին դրեց:
— Դու էլ կարաս քեզ թույլ տաս: Դու կարաս քեզ թույլ տաս էն ամենն, ինչ որ ես եմ ինձ թույլ տալիս: Բախտը քեզ չտվեց հարստություն, բայց տվեց ինձ: Ոնց որ ինձ չտվեց երջանկություն, բայց քեզ տվեց:
— Դու երջանիկ չե՞ս:
— Քո հետ երջանիկ եմ: Իսկ առհասարակ` չէ: Ես ստի մեջ եմ ապրում, Դավիթ: Ամուսնացած եմ կնոջ հետ, ում չեմ սիրել, չեմ ցանկացել: Ում հետ սեքսով զբաղվելիս տղամարդկանց եմ պատկերացրել: Փորձել եմ պայքարել իմ էության դեմ ու դժբախտացել: Օրերով գործի տեղն էի քնում, որ չտենամ կնոջս դեմքը, ստիպված չլինեմ նորից ինքնախաբեությամբ զբաղվել։ Իրան էլ հետս եմ դժբախտացրել, Դավիթ: Չեմ տվել էն սերը, որին  իրոք արժանի ա: Չեմ կարողացել: Իմ կյանքը մղձավանջ ա եղել: Էն օրվանից, ինչ հասկացել եմ, թե ով եմ, դժոխքում եմ ապրել: Էն Ալեքը, որին տեսնում ես հիմա, ինքն ա իրան ստեղծել: Մի օր ես որոշեցի, որ հերիք ա կյանքս զոհաբերեմ հանուն կնոջս, հանուն տղուս, հանուն նրանց, ում ցավ կպատճառի իմ ով լինելը: Ես հասկացա, որ ամենաշատը ինքս ինձ եմ անհրաժեշտ, որ ամենաշատը ես ունեմ աջակցության, ըմբռնման կարիք, որովհետև դասավորելով ուրիշների կյանքը` փչացրել եմ իմ սեփականը: Ես միշտ խաբել եմ։ Բայց մի օր վերկացա, մոտեցա հայլիին ու բարձրաձայն ասեցի ինձ. «Դու հոմոսեքսուալ ես, Ալեք Արսենյան, ընդունի էդ ու ապրի»: Էնքան երկար էի փախել էդ բառից, էնքան էի խույս տվել էդ մտքերից: Չէի էլ զգացել, թե ոնց էին դրանք ծանրացել խղճիս: Հերիք էր մի քանի բառ ասեի հայլիին ու տարիների նստվածքը ցնդեց, կորավ, քայքայվեց: Սկսեցի առանց վախենալու նայել տղամարդկանց ու մտքիս մեջ ընդունել, որ սիրուն ա, որ ցանկանում եմ նրան: Խոստովանությունն ամենաբարդն ա, Դավիթ: Խոստովանություն ինքդ քո առաջ: Պայքարես, թե չպայքարես, դու էն ես, ինչ կաս: Անհնար ա սաստել զգացմունքներն ու հույզերը: Երբ հասկացա էդ, սովորական անհաջողակը քիչ-քիչ սկսեց վերածվել Ալեք Արսենյանի` հռչակավոր ու հարուստ մարդու: Էն ժամանակ, երբ էլ չկար ներքին պայքար, պայքար ինքս իմ հետ, ես սկսեցի պայքարել կյանքում: Նախկինում ի՞նչ էի ես: Խաղալիք հասարակության ձեռքում, սկսած սեփական կնոջիցս, մինչև աշխատակիցներս: Վախերի մեջ ապրող, սեփական եսի հետ անհաշտ անհաջողակ: Չես պատկերացնի, Դավիթ, թե ինչքան բարդ էր էդ անցումը: Չես պատկերացնի, թե ինչ երջանիկ ու հպարտ ես զգում քեզ, երբ խոստովանում ես ով լինելդ, ընդունում եսդ ու սկսում ապրել նենց, ոնց ուզում ես: Հիմա, ես համարյա երջանիկ եմ:
— Ես առաջի՞նն եմ։
— Չէ: Ուրիշներն էլ կային: Բայց դու ուրիշ ես։ Գիտե՞ս` ինչ, Դավիթ, առաջին անգամ ես փորձում էի զուտ փորձելու, համոզվելու համար: Հետո հաճույքի, իսկ երբ որ հասկացա, որ դա տգեղ ա, որ չեմ կարա տենց կյանքով ապրեմ, սրա-նրա հետ քարշ գամ, երբ որ հասկացա, որ դա ինձ դուր չի գալիս, որ սեքսի կարիքը չի դրդել ինձ էդ լինելուն, սկսեցի փնտրել: Ու գտա քեզ: Սկզբում դու ուղղակի սիրուն տղա էիր, ով ինձ հաճելի էր, ցանկալի, հետո հասկացա, որ խելացի էլ ես ու հանդուրժող: Որ էն մարդկանցից չես, ովքեր պատրաստ են նետել առաջին քարը: Ես քեզ սիրեցի, Դավիթ։ Չգիտեմ, թե ինչ կմտածես, բայց ես քեզ սիրեցի: Հնարավոր ա՝ էդ սխալ ա, հակասում ա բնության կանոններին, բայց ես սիրեցի քեզ: Մի բանաստեղծ կասեր. «Սիրելիներին ինչպե՞ս չսիրել»։ Ես ոչ մի տղամարդու հետ համբուրված չկայի: Չէի մտածում, թե տենց բան կլնի: Ինձ թվում էր, թե էդ անառողջ հետաքրքրությունս մենակ մարմնական հաճույքներով կսահմանափակվի, բայց․․․ Ես էլ չեմ ուզում պայքարեմ իմ դեմ: Եթե սիրել եմ քեզ, թող տենց լինի: Ես շատ լավ հիշում եմ էն անհաջողակին, ում անդունդն էր գլորում ինքն իրա հետ անհաշտ չլինելը: Ես հազիվ եմ ազատվել: Էլ չեմ ուզում հետ գնամ: Եթե սիրել եմ քեզ, թող տենց լինի:
Դավիթը միայն լուռ լսում էր: Նա հավանում էր Ալեքին: Ոչ մի վատ գիծ չուներ այս մարդը: Եթե կար մեկը, ում նա կցանկանար նմանվել` դա Ալեքն էր: Վճռական, նպատակասլաց, հաջողակ: Մարդ, որը սովորել էր ապրել: Սակայն չէր կարողանում հասկանալ նրան, գլխի մեջ չէր տեղավորվում այն միտքը, որ Ալեքը սիրահարվել է իրեն: Ինչպե՞ս, ինչու՞: Նրան թվում էր, թե այն, ինչ տեղի է ունենում իրենց միջև, զուտ մարմինների` կաղապարների խաղ է: Հպումներ ու վարձավճար, ոչինչ ավելին: Բայց արի ու տես, որ Ալեքի համար դա ավելին էր, քան գործարքը: Ալեքը ձեռքերը դրեց Դավիթի այտերին ու սկսեց համբուրել նրան: Դավիթը, որ մեծամասամբ անտարաբեր էր մնում այդ համբույրներին, պատասխանեց Ալեքին: Ալեքն ընկրկեց ու ժպտաց:
— Շնորհակալ եմ, Դավիթ:
— Ինչի՞ համար:
— Գիտեմ, որ իմ հանդեպ չես զգում էն, ինչ քեզ կդրդեր համբույրի: Գիտեմ, որ հանուն ինձ արեցիր էդ, ոչ թե հանուն փողի: Հասկացա, որ քեզ դրան դրդեց իմ անկեղծությունը, բայց պետք չի խաղալ: Ես չեմ ուզում, որ խաբես ինձ, Դավիթ: Եթե չես ուզում, մի պատասխանի: Եթե չուզենաս, չեմ էլ համբուրի քեզ: Էս ընդամենը պայմանավորվածություն ա:
— Մարմնավաճառություն:
— Ոնց կուզես:
Եվ Ալեքը հանկարծ լրջացավ: Փոխեց դեմքի արտահայտությունը, դարձավ առաջվա խիստ ու գործնական մարդը:
— Սենյակ գնանք:
Նրանք ննջասենյակ անցան:
— Հանի լողազգեստդ ու պառկի, – հրամայական տոնով Դավիթին դիմեց Արսենյանը:
Դավիթը լուռ ենթարկվեց: Ալեքը սկսեց շոյել նրա մարմինն ու համբուրել:
— Փակի աչքերդ, Դավիթ, ուզում եմ, որ քեզ հաճելի լինի:
Դավիթը փակեց աչքերը: Ալեքի հպումներն ու համբույրներն իսկապես հաճելի էին: Դավիթի համար էական չէր, թե ով է դա` կին, թե տղամարդ: Նա միայն վայելում էր պահը: Եթե միայն Ալեքը կին լիներ: Բայց՝ ոչ: Դավիթը կարծում էր, թե այդպես էլ չի կարող բավարարել ցանկությունը, որ ամեն ինչ հենց այնպես կավարտվի։ Իսկ Ալեքը շարունակում էր համբուրել իրեն: Նա զգաց, թե ինչպես պարոն Արսենյանի շուրթերն հպվեցին իր առնանդամին:
— Չէ, Ալեք, – բաց արեց աչքերը, – Տենց բան չանես:
— Խի՞:
— Վիրավորական ա, հասկանու՞մ ես։ Ես չեմ կարա հարգեմ քեզ, եթե տենց բան անես:
Ալեքը ժպտաց:
— Շատ լավ մարդ ես, Դավիթ: Ո՞նց կարայի չսիրեի քեզ, երբ անգամ էսքանից հետո փորձում ես հարգես ինձ: Բայց իմ համար միևնույն ա: Ես էդ մենակ քեզ հաճույք պատճառելու համար չեմ անում: Տենց եմ ուզում:
— Զզվելի ա: Խի՞:
— Չգիտեմ։ Ասում են, երբ որ շատ ես սիրում, հիմար բաներ ես ուզում։ Երևի էդ դեպքն ա:
Բայց Ալեք Արսենյանը գիտեր, որ միայն հանուն Դավիթի է անում դա, միայն հանուն նրան հաճույք պատճառելու: Հանուն նրա կիրքը սպառելու: Կիրք, որ հենց ինքն էր ծնել: Դավիթն էլ ոչինչ չասաց: Պարոնն այդպես էր ուզում: Նա նորից փակեց աչքերը և շարունակեց վայելել պահը։

12. Միայնություն

Վիգենն առավոտ ծեգին եկավ: Տունը վերանորոգող բանվորներն աշխատում էին, իսկ տիկին Սաթենիկը փորձում էր ամեն կերպ օգտակար լինել նրանց` սուրճ մատուցել, սրբիչներ տալ: Երբ տեսավ Վիգենին, սիրտը խանդավառությամբ լցվեց: Առաջ գնաց ու գրկեց նրան:

— Բարև, բալա:
— Բարև, Սաթիկ տոտա: Ո՞նց ես:
— Ոչինչ, Վիգեն ջան, ո՞նց պիտի լինեմ։
Սաթենիկն այնպես ցածրացրեց ձայնը, որ Վիգենը միանգամից հասկացավ նրան:
— Դե ասա, տեսնեմ, թե ինչ ա էղել: Ինչո՞վ ա քեզ ջղայինացրել ընկերս:
— Առավոտը եկավ, Վիգեն: Քնած ա: Չեմ հասկանում` էդ ի՞նչ աշխատանք ա, որ ոչ ժամ ունի, ոչ պատարագ: Օրերով չի գնում, մեկ էլ դուրս ա գալիս էդ մարդու հետ, կամ ինչ-որ զանգից հետո: Դեռ սաղ հեչ, այ բալա, փող էլ ա բերում: Շատ փող:
Վիգենին Դավիթի հանկարծակի ի հայտ եկած եկամուտները նույնպես կասկածելի էին թվում, բայց նա չէր հարցնում, թե որտեղից հայտնվեց այդ փողը: Սաթենիկի խոսքերից հետո սակայն, որոշեց զրուցել ընկերոջ հետ, ամեն ինչ պարզել:
Դավիթը պառկած էր անկողնուն ու երաժշտություն էր լսում:
— Բարև, – սենյակ մտավ Վիգենը:
— Բարև, – առանց տեղից վեր կենալու` պատասխանեց Դավիթը:
— Ի՞նչ ա կատարվում հետդ, Դավ։
Դավիթը խոժոռեց դեմքը:
— Ի՞նչ ես ուզում: Եկել ես հարցախեղդ անելու՞:
— Եկել եմ հասկանալու, թե ուզածդ ի՞նչ ա: Էս ո՞նց ես պահում քեզ: Դեռ մի շաբաթ առաջ վերաբերմունքդ ուրիշ էր: Ի՞նչ էղավ հետդ:
— Էղավ էն, Վիգեն, որ ոչ մեկդ չեք հաշտվում իմ վիճակի հետ: Անիմաստ հարցեր եք տալիս, կասկածում ինձ: Ես տենց չեմ կարա, հասկանու՞մ ես: Խի՞ առաջվանը չեք: Որովհետև ես փո՞ղ եմ աշխատում:
— Ո՞նց ես աշխատում:
— Այ, տեսնում ես: Դու տվեցիր էդ հարցը ոչ թե պատասխանը լսելու համար, այլ ինձ վիրավորելու: Հարց չէր, կասկածներ էին:
— Թող տենց լինի: Ո՞ւ․․․
— Ու զուռնա: Ի՞նչ ես ուզում, որ ասեմ: Դակլա՞դ տամ: Չսպասես: Իսկական ընկեր լինեիր, կուրախանայիր իմ հաջողության համար, ոչ թե սխալներս ման կգայիր:
— Կռիվ ես ման գալիս, հա՞:
— Չէ: Ես ընկեր եմ ման գալիս քո մեջ, բայց չեմ գտնում: Ոնց էի սխալվել:
— Հա, – ժպտաց Վիգենը, – քո ընկերն էդ մարդն ա, չէ՞: Էդ պարոն եսիմ ինչը: Ինչ նա հայտնվեց, թքած ունես բոլորի վրա:
— Նա նեղ օրվաս հասավ, Վիգեն, ինձ անդունդից դուրս հանեց: Հասկանու՞մ ես: Էնքան, ինչքան նա արեց իմ համար, ոչ ոք չէր արել:
— Իսկ դու նրա համար ի՞նչ ես անում: Սպանու՞մ ես, թալանու՞մ, շանտա՞ժ անում: Ո՞նց ես վարաձահատույց լինում: Թե թողնում ես, որ հետևիցդ թփացնի:
— Քեզնմաններից հրաժարվելով եմ վարձահատույց լինում, Վիգեն: Էլ չեմ ուզում քեզ տեսնեմ: Սխալվել եմ քո հաշվով: Գնա ու մոռացի էս տան տեղը: Չեմ ուզում տեսնեմ քեզ: Մեր ընկերությունը սուտ էր, մակերեսային, ոչ մի բան չնշանակող: Գնա:
Վիգենը ճոճեց գլուխն ու դուրս եկավ սենյակից: Դավիթը վեր ցատկեց տեղից, կողպեց սենյակի դուռը, նստեց հատակին, հենվեց մահաճակալին ու բռնեց գլուխը: Նա որոշել էր, որ ավելի լավ է ազատվել Վիգենից, քանս թե հետագայում նայել նրա աչքերի մեջ։ Որ Վիգենը կարող է ետ պահել իրեն, ստիպել, որ շարունակի խաղալ, լինել անողնաշար, ինչպես Ալեքն էր ասում: Հա, Վիգենն այն եզակի մարդկանցից մեկն էր, ում հետ նա չէր կարող հաշվի չնստել: Ուրեմն ավելի հեշտ էր հրաժեշտ տալ նրան և անել սրտի ուզածը` առանց խղճի խայթի, առանց ամաչելու, առանց մտածելու, որ Վիգենին դա դուր չի գա: Հիմա արդեն վերջ: Նա չունի ոչ ոք` բացի մորից ու Ալեք Արսենյանից` մարդուց, ով իրեն վճարում է: Չգիտեր, թե որքան էր տևելու Ալեքի հետ կապը, բայց որոշել էր մի օր նրան էլ հրաժեշտ տալ ու սովորական մարդու պես ապրել: Հաստատապես էր որոշել: Ուզում էր միայն փոքր ինչ փող վաստակել, կարգավորել կյանքը: Չէր հասկանում, թե ով է այդ մարդն իր համար` եկամուտի աղբյու՞ր, թե` ավելին: Հարգում էր նրան որպես մարդ, սիրում էր, երբ Ալեքն իր հանդեպ ուշադիր էր, երբ ցույց էր տալիս իր սերը, հաճույք էր զգում, երբ նա համբուրում էր իր մարմինը, բայց աշխատում էր ցանկացած գնով խույս տալ նրա հետ համբուրվելուց: «Դավիթ, – մտածեց, – գուցե դու էլ ես արվամոլ, եթե հավանում ես էն ամենն, ինչ անում ա պարոնը, եթե քեզ դա գրգռում ա»: Այդ միտքը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս նրան: Իսկ եթե․․․ Բայց չէ՞ որ նա չէր ցանկանում պարոնին, խուսափում էր նրան դիպչելուց, համբուրելուց, և փակում էր աչքերը, երբ դա Ալեքն էր անում։ Գուցե ինքն իրոք այդպիսին է և ենթագիտակցաբար արդարացումներ է փնտրում իր համար:
— Դավիթ, բաց արա, – սենյակի դուռը թակեց Սաթենիկը:
— Զահլա չկա, մամ, թող հանգստանամ, գիշերն աշխատել եմ:
— Էդ ի՞նչ ասեցիր Վիգենին, որ տղան վիրավորված գնաց: Այ բալա, ես ի՞նչ ես անում:
— Մամ ուղղակի կռվել ենք: Մի բան չկիսեցինք: Սովորական ա բոլոր ընկերների մոտ` կբարիշենք: Առխային:
Սաթենիկն էլ ոչինչ չասաց: Նա թողեց ու հեռացավ` իր լռությամբ ավելի խճճելով Դավիթին: Դավիթը վերցրեց բջջայինն ու հավաքեց Ալեքի համարը:
— Հա՞, Դավիթ, – անմիջապես պատասխանեց Ալեքը:
— Ալեք, արի տար ինձ: Խճճվել եմ, չգիտեմ: Զրուցելու կարիք ունեմ: Մենակ քո հետ կարամ խոսամ:
— Ի՞նչ ա եղել:
— Արի, կասեմ:
— Կանհանգստանամ: Գոնե կես բառով ասա, թե ինչ հարց կա:
— Ընկերոջս հետ եմ կռվել, կյանքիցս վանում եմ սաղին, Ալեք: Ես վախկոտի մեկն եմ:
— Ամեն ինչ լավ ա Դավիթ: Թեթև տար: Ես գալիս եմ:
«Աստված իմ, – մտածեց Դավիթը, – Ալեքը գալիս է: Նա շուտով այստեղ կլինի, կգրկի ու, ասես կանխագուշակելով, կասի այն խոսքերը, որ ուզում եմ լսել: Ալեքն այստեղ է լինելու, նշանակում է ամեն ինչ լավ է: Նշանակում է հօդս է ցնդելու երևակայական այս միայնությունը: Նշանակում է կողքիդ շնչելու են, Դավիթ: Կողքիդ նորից կյանք է լինելու»:

13. Կորցնելու ոչինչը

Ալեքը գրկեց Դավիթին ու համբուրեց նրան: Այժմ, ինչպես երբեք, Դավիթի մոտ ցանկություն առաջացավ պատասխանել նրա համբույրին: Համբույր, որն հավերժություն տևեց: Նա զգում էր կյանքը Ալեքի հպումների շնորհիվ, զգում էր, որ դեռևս ի վիճակի է զգալ որևէ բան, որ կենդանի է: Անզուսպ ցասումը, կիրքը այդ պահին տիրել էին նրան: Ալեք Արսենյանը`գուցե իր թշնամին, գուցե իրեն վար գլորողը, այդ պահին այնքան անհրաժեշտ էր, այնքան տեղին, այնքան ցանկալի:
— Ուզում եմ քեզ, Դավիթ:
— Ես էլ, Ալեք, ես էլ քեզ եմ ուզում:
— Գնանք ստեղից:
Հանկարծակի դողը պատեց Դավիթին:
— Չգիտեմ, Ալեք: Ի՞նչ ա կատարվում: Ես հրաժարվում եմ սաղ կյանքիցս: Քո պատճառո՞վ, թե՞ քո համար:
— Ո՞ր պատասխանը քեզ ավելի շատ հաճույք կպատճառի:
— Էն, որ մեղավորը դու ես: Ես չեմ ուզում մեղքը կրեմ: Քո պատճառով, Ալեք, էդ ա նախընտրելի պատասխանը: Ուզում եմ, որ քո հրահրմամբ տեղի ունենա էս ամեն ինչը, քո որոշմամբ, քո խարդախության, քո նենգության շնորհիվ, քո լարած թակարդը լինի ջահելի դեմ, ով որ դեռ անփորձ էր: Չեմ ուզում ես լինեմ մեղավորը։
— Մեղավո՞ր ես ման գալիս: Ինչի՞ մեղավորը: Նրա, որ ազատ ես, նրա, որ կարաս անես էն, ինչ ուզում ես: Նրա, որ դու ես քո կյանքի տերը: Բա դա մեղավորնե՞ր ունի: էդ ամենին քո շնորհիվ ես հասել:
— Քո շնորհիվ, Ալեք: Չէ… Քո պատճառով:
— Եթե քո համար ավելի հեշտ կլնի, հա, թող իմ պատճառով լինի: Թող ես լինեմ մեղավորը: Բայց, զգու՞մ ես, որ դու նորից փախուստի ես դիմում: Որ դու նորից խուսափում ես սեփական եսից:
— Հա, զգում եմ, Ալեք: Հենց էդ պատճառով վանեցի Վիգենին: Ինքը չպտի դառնար կեղտոտ կյանքիս ականատեսը:
— Նրա՞ն պաշտպանեցիր։ Չէ, Դավիթ: Դու քեզ էիր նրանից պաշտպանում: Որովհետև թույլ ես:
— Ի՞նչ անեի:
— Չպիտի վիճեիր: Պիտի սիրտդ բացեիր ընկերոջդ: Ասեիր, թե ինչ ես անում: Բա ընկերները դրա համար չե՞ն: Իսկական ընկերը մի՞շտ չի քո կողքին: Իսկական ընկերները մեզ չե՞ն ընդունում նենց, ոնց որ կանք:
— Քո ասած իսկական ընկերներից չկա, Ալեք: Ոչ ոք էս չի ընդունի։ Մարդիկ ընդունում են էն, ինչ ընդունելի ա մյուսների կողմից: Մի փոքրիկ շեղում ու վերջ՝ էլ իսկական ընկեր չունես:
— Սխալվում ես, Դավիթ: Բացառություններ լինում են: Ու եթե դու հրաժարվել ես Վիգենից, վստահ ես եղել, որ էդ բացառությունների մեջ չի մտնում: Որ նա, ով հետդ լեռներ բարձրացավ, հետդ ոչ մի դեպքում անդունդը չի գլորվի:
— Վիգենը չէր գլորվի:
— Ուրեմն ու՞մ ես կորցրել Դավիթ: Ընկերո՞ջդ, թե՞ հերթականին:
— Բայց ինքը պատրաստ էր դժվար պահին կողքս կանգնել, աջակից լինել:
— Տենց պահերին բոլորն էլ պատրաստ են: Բայց դու «ոչ» ասա հայացքներին, դու սևին սպիտակ ասա ու կտեսնես, թե ովքեր են իսկական ընկերները: Էդ նրանք են, Դավիթ, ովքեր քո հետևից կասեն սպիտակ, համոզված լինելով, որ սև ա: Մենակ տենց մարդկանց պահի քո կողքին: Մարդկանց, որ չեն ստիպում խաբել ինքդ քեզ, որ կողքիդ են ոչ թե էն պահին, երբ ուրիշ մարդիկ քեզ մանրադրամ են շպրտում, այլ երբ քար են շպրտում վրեդ, Դավիթ: Տե՞նցն էր Վիգենը:
— Տենցը չէր:
— Ուրեմն դու ընկերոջ չես հրաժեշտ տվել: Դու հրաժեշտ ես տվել «պատահականին» կամ «հերթականին»: Հիմա դու ազատ ես իրանից: Հիմա կարաս նորովի դասավորես կյանքդ: Գտնես նոր մարդկանց, ում խորթ են էդ քաղքենիական հայացքները, ովքեր ապրում են ու թողնում, որ ուրիշներն էլ ապրեն, ովքեր կողքդ են մնում անգամ քարեր նետելու ժամանակ: Որտեղի՞ց քեզ ընկերներ: Մա՞ն ես եկել: Չէ՝ ընտրել ես էղածների մեջ: Ուրեմն ման արի ու կգտնես: Ի՞նչ ունես  կորցնելու:
— Ոչ մի բան։
— Դե, ուրեմն ապրի նենց, ոնց ուզում ես: Ու թող հաջորդ ընկերդ իմանա ով ես, ճանաչի իսկական Դավիթին, նոր ընկերանա, սիրի քեզ նենց, ոնց որ դու կաս:
Դավիթը ժպտաց: Հիմա ոչ ոք քարեր չէր նետում: Քարերը գլորվում էին իր ուսերից: Ալեքը նորից բժշկեց իրեն: Եթե միայն այս մարդն իր կյանքում հայտնվեր մի քանի տարի առաջ, հիմա նա արդեն հաջողակ կլիներ, հարուստ: Նա միայն փողով չէ, որ օգնում էր, այլ նաև ուժ էր տալիս: Ուժ` ապրելու համար, ուժ` պայքարելու համար: Սա բացառիկ մարդ էր, Դավիթը գնալով համոզվում էր դրանում:
Ալեքը նորից համբուրեց նրան: Դավիթը կրկին պատասխանեց: Դա արդեն սովորական էր:
— Դե գնանք ստեղից, Դավիթ, – շարունակեց Ալեքը, – Ուզում եմ սեքսով զբաղվենք:
Դավիթը մոտեցավ դռանը, կողպեց այն և սկսեց հանել հագուստը:
— Ստեղ էլ կարանք:
Ալեքին դա դուր եկավ: Նա քթի տակ ժպտաց և նույնպես սկսեց հանվել:
— Դավիթ, չե՞ս մտածում, որ էս զզվելի ա, կեղտոտ։
— Եթե դու ուզում ես․․․
— Հա, ես ուզում եմ:
Նրանք կրկին համբուրվեցին: Դավիթն առաջվա պես խոսափում էր դիպչել Ալեքին, և Ալեքը զգաց դա:
— Մենակ ճիշտն ասա, ի՞նչ ես որոշել քո համար: Է՞ս ա քո կյանքը, թե՝ չէ: Կարա՞ս հաճույք ստանաս սրանից:
— Հա, կարամ:
Ալեքը բռնեց Դավիթի ձեռքը ու սկսեց տանել իր մարմնի վրայով: Դավիթն այլևս չէր խուսափում դրանից: Ալեք Արսենյանն իր համար արդեն ավելին էր, քան վճարող: Նա ընկեր էր` միակը, ով կողքին է այժմ: Ալեք Արսենյանը սիրելի էր, նա չէր կարող լինել զզվելի, տհաճ: Դավիթը չէր պայքարում իր դեմ: Այլևս կորցնելու բան չկար: Նա կարող էր անել այն, ինչ ուզում է: Նա ազատ է իր արարքներում:
— Ես սիրում եմ քեզ, Դավիթ:
— Ես էլ եմ սիրում քեզ, Ալեք: Հիմա հասկացա, որ սիրում եմ։ Ո՞նց էր էն բանաստեղծդ ասել:
— Սիրելիներին ինչպե՞ս չսիրել։
— Հա, ո՞նց չսիրեմ, եթե դու սիրելի ես: Ես քոնն եմ, Ալեք Արսենյան, ես քոնն եմ, որովհետև դու ես կողքիս, որովհետև մենակ դու որոշեցիր ազատություն տալ ինձ, մենակ դու որոշեցիր տեսնել էն, ինչ իրականում կա Դավիթը ու չփորձել փոխել ինձ: Ես քոնն եմ Ալեք Արսենյան, որովհետև սիրված եմ քո կողմից էնքան, ինչքան ոչ մեկի կողմից չեմ էղել: Ես քոնն եմ, Ալեք, որովհետև դու բացառիկ մարդ ես: Ես քոնն եմ, որովհետև ուզում եմ միշտ լինես իմը ու իմ կողքին:
— Սրանից հետո տենց էլ կլինի, Դավիթ: Հենց վաղը կտեղափոխվեք էս տնից: Կարգին կյանքով կապրեք, առանց կարիքի ու զրկանքների: Եթե կա ինչ-որ մեկը, ում համար իմ քրտինքը, իմ աշխատանքի արդյունքը չեմ ափսոսա, էդ դու ես՝ մարդը, ով որ հանուն ինձ ոչ մի բան չափսոսաց, հրաժարվեց ամեն ինչից:
— Ես էլ կորցնելու ոչ մի բան չունեմ, Ալեք Արսենյան: Ինչ ունեմ, քոնն ա:
Գուցե այդ սենյակում իսկապես սեր էր: Ո՞վ գիտե: Գուցե այդպիսին էր ճակատագիրը ու այդպիսին է կյանքը: Եթե երջանիկ էին երկուսը, ճիշտ էր, գուցե: Բայց դա անզոր էր հասկանալ Սաթենիկը, որ այս դեպքերի թաքուն ունկնդիրը դարձավ: Սուր ծակոց սրտում: Միակ բանը, որ կարող էր զգալ կինը: Ու մտքերի առկայություն: Ի՞նչ մտքերի. նա չհասցրեց հասկանալ: Հազիվ կանգնելով ոտքերի վրա` հասավ խոհանոց, հենվեց սեղանին ու տվեց այն անունը, որ ըստ Ալեք Արսենյանի ոչինչ չէր նշանակում. «Տեր Աստված»: Եվ փակելով աչքերը` ընկավ հատակին:
«Ես էլ կորցնելու ոչ մի բան չունեմ, Ալեք Արսենյան: Ինչ ունեմ, քոնն ա»: