Թոքախտավոր սուտը

Գրված՝ 2009թ․, խմբագրված՝ 2018թ․

Մաս Ա

Սենյակ մտա, ու քանի որ ձեռքերս զբաղված էին, ոտքով ծածկեցի դուռը։ Դռան ձայնից Ալեքն արթնացավ ու շուռ եկավ անկողնու մեջ։ Ապա աչքերն հազիվ բացելով՝ շշնջաց.
– Էկա՞ր։
Չպատասխանեցի։ Նա, միևնույն է, չէր լսելու։ Երբ քունը գլխին է, խոսում է, բայց չի լսում։ Տոպրակները շպրտեցի սեղանին ու նստեցի բազկաթոռին, որպեսզի հանեմ կոշիկներս։ Ալեքը վրայից գցեց վերմակը, բարձն հենեց մահճակալի թիկնակին ու նստեց։ Փաստորեն քնած չէր։
– Վրեդ ծածկի։
– Կարա՞ս, ասենք՝ ձևի համար, ուրիշ բան ասես։ Օրինակ, թե ինչ թարմ, գեղեցիկ տեսք ունեմ։
– Թարմ ու գեղեցիկ տեսք չունես։ Ծածկի վրեդ։
– Շան տղա։
Ձևացրեցի, թե չեմ լսել․ վեր կացա ու սկսեցի փորփրել տոպրակները։
– Բուլկի եմ առել։ Չգիտեի, որ մեր փռում բուլկի էլ են թխում։ Դու բուլկի սիրում ես, չէ՞։
Ինքն իր ասածի համար փոշմանեց։ Մի քանի վայրկյան լուռ նայեց վրաս, ապա կարողացավ հավաքել իրեն։
– Դու շան տղա չես։ Էղա՞վ։
– Էղավ, կհիշեմ։ Ծածկի վրեդ։ Ուզում եմ պատուհանը բացեմ՝ դեղի հոտ ա գալիս։
Դժգոհությամբ քաշեց վրան վերմակը, գիշերազգեստի գրպանից հանեց թաշկինակը և մոտեցնելով բերանին՝ հազաց։
– Տեսա՞ր։
– Ես միշտ էլ հազում եմ։ Ասա, հնարավո՞ր ա վառել այրվող տունը։
– Հնարավոր ա, բայց պետք չի։
– Դե, հա։ Ես ուրիշ բան էի ուզում ասեի։ Դրա համար պիտի պատասխանեիր, որ հնարավոր չի։
– Ես հասկացա, թե ինչ էիր ուզում ասեիր։ Եթե քեզ չհետևես…
– Շու՞տ կսատկեմ։
– Ասա՝ ոնց ուզում ես։ Ավելի շուտ կդադարի ֆիզիկական գոյությունդ։
– Պա՜հ։ Սրան մի տեսեք։ Էս ի՜նչ փիլիսոփա ա։
– Չայ կխմե՞ս։ Ես խմում եմ։
Այնպես ճոճեց գլուխն, ասես այլ ճար չուներ։ Երբ մատուցեցի թեյը, խորհրդավոր ժպտաց։
– Դանիել։
– Հա՞։
– Վերցրու տետրը ու կարդա։ Դե, նենց, ոնց որ դու կարում ես։ Ցույց տուր տաղանդդ։ Ուզում եմ նայեմ։
Բացեցի տետրը։ Հերթական բանաստեղծությունն էր։ Պեսսիմիստական, մելանխոլիկ, գորշ։ Կարդացի այնպես, ինչպես կարող եմ։
– Բրավո՜, բրավո՜, պարոն։ Ես ձեզ պաշտում եմ։ Սիրում եմ։
Իմ միակ հանդիսատեսը։ Իմ միակ երկրպագուն։ Միակն, ով ինձ ծափահարում էր, միակն, ով հավատում էր, թե կարող եմ ինչ-որ բանի հասնել։ Միակը, ով փորձեց ուղղորդել ու առաջնորդել ինձ։
– Շնորհակալ եմ, Ալեք։
– Վերցրու։ Այն նույնպես քոնն է, պարոն Դորիան։
Դա չզարմացրեց ինձ։ Այդպես էր որոշված։ Դա մեր խաղի չգրված կանոնն էր։ Նա ստեղծում էր արվեստ ու այն անվերադարձ հանձնում ինձ։ «Ես կնվիրեմ քեզ այն, ինչ ունեին Հիսուսն ու Ջեքսոնը», օրերից մի օր ասեց ինձ ու սկսեց նվիրել։ Գիտեի, որ Ջեքսոնը ստեղծագործում էր, բայց որ Հիսուսն էլ… Այն ժամանակ ես կարծում էի, թե այդ խզբզած թղթերն էին նրա նվերը։ Թղթեր, որ կդեղնեն իմ դարակում ու նրա մահից հետո անտեղի արցունքներ կքամեն ինձանից։ Կամ տեղին, եթե ես չարանամ։ Սակայն նվերը, որ պատրաստում էր ինձ համար Ալեքը, այլ էր։
– Մի բան պատմի՝ ես խոսելու հավես չունեմ։
– Ի՞նչ։
– Թե խի քո անունը Դանիել դրեցին, օրինակ։ Ես մինչև հիմա զարմանում եմ։
– Անունս պիտի Վահագ դնեին՝ օղորմածիկ պապիս անունով։ Բայց ծնվելուս օրը տատիս երազում Դանիել հրեշտակապետն ա երևում ու ասում, որ պապս չի ուզում նորածնին իր անունով կնքեն։ «Բա ու՞մ անունը դնենք», զարմացած հարցնում ա տատս։ «Ու՞մ, ու՞մ՝ իմ», ասում ա Դանիել հրեշտակապետը։ Միամիտ տատուս թվում ա, թե լուրջ ասեց։ Տենց էլ, երկու օր անց, իմ անունը Դանիել են դնում։
– Իսկ շատ տարիներ անց ես կոչում եմ քեզ Դորիան։
– Դե, հա։ Էդ անունն ինձ ավելի շատ ա դուր գալիս։
Ալեքը փորձեց ինչ-որ բան ասել, սակայն հազը լռեցրեց նրան։ Կարծեցի, թե բաց թողած պատուհանն էր պատճառը։ Չէի կարողանում հաշտվել նրա հիվանդության հետ։ Երբ ծածկեցի փեղկը ու, ետ շրջվելով, տեսա նրա արհամարական հայացքը, նոր հիշեցի, որ այրվող տունն այլևս անհնար է այրել։ Նա ճոճեց գլուխը․
– Պետք չի, ջահել, պետք չի։
– Մոռանում եմ, ոչ թե չեմ ուզում հավատամ։
Լռեց մի պահ, իմի բերեց մտքերը, ապա միանգամից առույգացավ։
– Էհ, այ անտաղանդ շուն, հլը մի շորերս ցույց տուր։ Պահարանի մեջ են։
– Ի՞նչ ա փչել խելքիդ։
– Ման գալու եմ գնում։ Մի հիմար, անուղեղ ու անհետաքրքիր լակոտի հետ, որին շատ եմ սիրում։
Ես բաց արեցի պահարանը, նայեցի հագուստին՝ մեծ մասը նոր էր, չէր էլ հասցրել հագնել։ Ու չի էլ հագնի։
– Բանաստեղծություններիդ փոխարեն չե՞ս կարա ինձ էս շորերիցդ նվիրես։
Նա նորից փորձեց ծիծաղել։
– Դու իմ շորերի մեջ ամուսնացած պարսկուհու նման կլնես, այ կախիչ։ Նախ թիկունք գցի, մկաններ, մի քիչ չաղացի, տղամարդու նմանվի։
Շարունակ վիրավորում էր։ Ու ես ամեն անգամ չէի վիրավորվում։ Երբեմն ցանկություն էր առաջանում պատասխանել, վիճել հետը, թողնել ու դուրս գալ տնից, որտեղ միշտ անտանելի դեղահոտ էր։ «Ավելի լավ է կենդանի կախիչ լինել, քան մեռած տղամարդ», ցանկացա ասել ու լռեցի։
– Այ, էս սիրուն ա, — նրա կողմ պարզեցի մի շալվար։
Ինձ անգիր գիտեր։ Միանգամից հասկանում էր, երբ սրտիս էր կպնում, ու փորձում էր յուրովի ուղղել իր սխալը։ Թերևս՝ նրա հենց այդ հատկությունն էր, որ թույլ չէր տալիս ինձ գրողի ծոցն ուղարկել իրեն։
– Քո վրա իսկականից մեծ կլինեն, թե չէ կտայի։ Ինչի՞ս են պետք։
Ես ընտրեցի հարմար շալվար ու վերնաշապիկ և դրեցի նրա վերմակի վրա։
Նա դուրս գալու ուժ չուներ։ Ինքնամխիթարանք էր գուցե այդ ցանկությունը, ինքնախաբեություն։ Չգիտեմ։ Ես անում էի այն ամենն, ինչ ասում էր՝ թող սրտով լիներ։ Մնացածն էական չէր։ Երբ փորձեցի մաքուր շապիկ հանել դարակից, ձեռքս պատահմամբ կոշտ բանի դիպավ՝ հագուստի տակ ատրճանակ էր և մեկ փամփուշտ։ Խնամքով դրված էին կողք–կողքի՝ հոլիվուդյան ֆիլմերի կանոններով։
Հայացքս սկսեց լողալ պահարանով մեկ։ Օծանելիքն իր տեղում չէր, թաշկինակները պակասել էին և խառնած էին լուսանկարների ալբոմները։ Վեր էր կացել։
«Տեր իմ` Քրիստոս, – մտածեցի, – Նա որոշել է մեռնել»։

Մաս Բ

Ուր որ է, մտածում էի, ուր որ է կհնչի կրակոցն ու հավերժ կտանի իմ կյանքից Ալեքին։ Վերևի հարկում էր ապրում։ Ինձ մանուկ հասակից ճանաչում էր ու երևի դեռ այն ժամանակ մտերմանայինք, եթե… դե… մանուկ չլինեի։ Բայց ես մանուկ էի, ու միայն հեռից էի նայում մեր շենք մտնող Ալեքին՝ իմ տեսած միակ մարդուն, ով իր տան մեջ միայնակ էր ապրում։ «Բա ծնողներն ու՞ր են», հարցնում էի մորս, ու նա ամեն անգամ տարբեր պատասխաններ էր տալիս։ Որտեղի՞ց իմանար, թե ուր են։ Ինքնապարփակ երիտասարդին հարևաններն հազվադեպ էին տեսնում։ Միայն լսել էին, որ «էն գրողների ֆակուլտետը ո՞րն ա», դրանում էր սովորում, ու մեկ էլ, որ Երևանցի չի՝ «տեսքից արտասահմանցի ա», բայց, ինչպես տարիներ հետո պարզեցի, մարզից էր։
Իսկ այժմ ես իմ անկողնոմ պառկած շուռ ու մուռ էի գալիս՝ վախենալով, որ էն «գրողների ֆակուլտետն ավարտած տեսքից արտասահմանցին» հագել է իմ ընտրած շորերը, պառկել իր նախընտիր դիրքով, մոտեցրել ատրճանակը ճակատին ու, մինչ ձգանը սեղմելը, վերհիշում է իր կյանքի բոլոր լուսավոր օրերը։ Տեսնես՝ ես քանի՞ օրվա մեջ կամ։ Երևի ոչ մի՝ ես հիվանդությունից հետո նրա կյանք եկա։
Ու հիշում էի, թե ինչպես առաջին անգամ պատշգամբից ձայն տվեց.
– Դանիե՜լ։
Ու ես վերև նայեցի՝ զարմացած, որ հարևանը գիտեր իմ անունը։
– Եթե փող տամ, նեղություն չե՞ս քաշի հաց բերել։
Սարսափելի տեսք ուներ։ «Երևի ջերմում է», մտածեցի։
– Ես կբերեմ, հետո կտաք։ Ո՞ր հացից եք ուզում։
– Մեկ ա։
Հետագայում միայն հասկացա, որ Ալեքի այդ անտարբերությունն համատարած էր։ Իր համար միևնույն էր, թե ինչ հաց կուտի, կամ կուտի, թե՝ ոչ։ Երևի, եթե սովը չխանգարեր հեռուստացույց դիտելուն, չէր էլ հիշի ուտելու մասին։ Ցամաք հաց էր ուտում։
– Սիրում եմ էս կինոն։ Ֆելլինին ա ռեժիսորը։ Ջուլիետտա Մազինան ա էդ ցիրկի աղջիկը՝ Ֆելլինիի կինը։
Ու նա ժպտաց՝ սեղմելով Pause կոճակը, որ բաց չթողնի ոչ մի դրվագ։
– Լավ էլ բոլորին ճանաչում ես։
Հացը դրեցի սեղանին ու պատրաստվում էի դուրս գալ։
– Չե՞ս ուզում նայել մինչև վերջ։
– Տեսել եմ։
– Ուրիշը կնայենք՝ դարակում մի միլիոն հատ դիսկ կա։
Ես DVD չունեի։ Հեռուստացույցով էի միայն ֆիլմեր դիտում, դրանք էլ միշտ կրկնվում էին։ Հետաքրքրությունից մեռնում էի՝ բացելու նրա այդ դարակն ու տեսնելու, թե ինչ ֆիլմեր ունի։ Այդ պահին ես դեռ չգիտեի, որ նրա հետ միասին դիտելու եմ բոլոր «մեկ միլիոն» ֆիլմերը։
«Չէ, — մտածում էի, — վեր կենամ, հողաթափերս հագնեմ, բարձրանամ տեսնելու, թե ինչ է անում՝ միևնույն է քնել արդեն չի լինի»։
Միջանցքի լույսը որոշեցի չվառել՝ հորս սենյակից կերևար։ Մթության մեջ մի կերպ դարակումս գտա Ալեքի դռան բանալին, հագա հողաթափերն ու հնարավորինս լուռ բարձրացա վերև, բաց արեցի դուռն ու նրա ննջասենյակ գնացի։ Հանգիստ պառկած էր։ Լուսնի լույսի տակ հազիվ էր երևում։ Մի քանի վայրկյան անշարժ կանգնեցի, ուշադիր զննելով՝ արդյոք շնչում է։ Շնչում էր։ Երևի մտքին էլ չկար այսօր ինքնասպան լինել։ Բայց և այնպես նստեցի բազկաթոռին, հենվեցի մի կողմ, ոտքերս գցեցի աջ թիկնակին ու, չգիտես ինչպես, քնեցի։
– Պահո՜, — արթնացրեց տղամարդու ձայնը, — Է՜ս ի՞նչ էր։
– Էս ես եմ, — պատասխանեցի քնաթաթախ։
Փորձեց ծիծաղել, բայց էլի սկսվեց հազը։
– Հո դու հիվանդ չե՞ս, — զայրացած ինձ դիմեց։
– Ը՜, չէ։ Դու՛ ես հիվանդ։
Կասկածամտորեն նայեց ինձ։ Երևի մտածեց, թե ինչ-որ բան եմ կռահել, կամ անգամ տեսել եմ ատրճանակը։
– Ա՜յ, լածիրակ, քիչ հաչա, երեկ հիվա՞նդ չէի։ Ինչի՞ ստեղ չէիր քնել։
– Վրովդ երազ եմ տեսել։
Սկսեց ծիծաղել ճիշտ այնպես, ինչպես ֆիլմերի չարագործները։ Հետո նորից հազը սկսվեց, արյունոտ թաշկինակը մոտեցրեց բերանին, հազաց ու այն նորից բարձի տակ մտցրեց։
– Թաշկինակը շպրտի, հեսա թազեն կտամ։
– Չասեցիր, թե խի էիր մռփել իմ տանը։
– Երեկվանից լիմոն ա մնացել։ Հիմա չայ սարքեմ ու մեկ էլ…
– Խի՞ էիր քնել իմ տանը, — բառերն իրարից անջատելով ու վանակատելով՝ արտասանեց նա։
– Դեղերը տուփի մեջ կենտ են՝ չե՞ս խմել էրեկ։
Իհարկե չէի ստուգել սրվակը՝ ստեցի, որպեսզի իրեն ստուգեմ։ Զգաց, որ պարզապես փորձում եմ փոխել խոսակցության թեման ու այնպես բղավեց, որ հանկարծակիի գալով՝ վեր թռա։
– Այ շան լակոտ, հարցիս պատասխանիր։
– Հորս հետ կռվեցի ու ստեղ էկա։
– Հա՜։
Վեր կացա բազկաթոռից ու խոհանոց գնացի։
– Դանիե՜լ, — ձայն տվեց հետևիցս, — Դու շան լակոտ չես։

Մաս Գ

Չգիտեմ անգամ, թե ինչպես՝ դանդաղ դարձա հարևանի ընկերը, սկսեցի մտքիս եկածը պատմել նրան ու հանգստիս միակ վայրը դարձրեցի չորրորդ հարկում գտնվող՝ նրա տունը, որտեղ մշտապես լավ կինո, ադի-բուդի ու ընկերակցող կար՝ այն ամենն, ինչ հնարավոր չէր գտնել մեկ հարկ ներքև։ Ավելի զվարճալի էր, գուցե, համակարգչով սրա-նրա հետ ողջ գիշեր զրուցելը, կամ ժամանակն ընկերների հետ բակում անցկացնելը, բայց իմ ներսում ասես դատարկություն կար, որը կարող էր լրացնել միայն հարևան պարոնը, ու ձանձրույթ, որը ցրվում էր՝ նրա բնակարան մտնելիս։
– Կյանքում չեմ հասկացել էս միջին տարիքի կանանց, — դժգոհ օրորեցի գլուխս ու, որպես անհամաձայնության նշան, բռիս միջի ադի-բուդին լցրեցի այն թասի մեջ, որտեղից վերցրել էի։
– Միջին տարիքի քանի՞ կին ա եղել քո կյանքում, այ տղա։
– Ոչ մի։ Ոչ միջին, ոչ սովորական, ոչ էլ էն ամենափոքրերից։ Ոչ մի կին էլ չի եղել։
– Բա ի՞նչ ես մեծ-մեծ փրթում։
– Եթե Քլինթ Իսթվուդը ակնհայտ սիրահետում ա քեզ՝ Մերիլ Սթրիփը լինես, թե թագուհի Եղիսաբեթը, իննը, թե իննսուն տարեկան, պիտի գիրկը նետվես, կախվես վզից ու համբուրվե՜ս, համբուվե՜ս, ոչ թե հետույք խաղացնես։
– Նա ամուսնացած կին ա։ Կարծում ես, որ պտի առաջին պատահածի հետ դավաճանի՞ ամուսնուն։
– Ախր, դու նրա դեմքին նայիր, Ալեք, ակնհայտ ա, որ ուզում ա։
– Դրա համար բարոյական, մարդկային արժեքներ կան, տղա, մի բան, որը քեզ պակասում ա։ Եթե նրա տեղը մերդ լիներ, ի՞նչ խորհուրդ կտայիր։
– Կարող ա և եղել ա, որ հիմա բաժանված են։
Լռեց։ Չգիտեր, հավանաբար, որ ծնողներս բաժանված են։ Դա ինձ առանձնապես չէր հուզում, բայց երբեմն այդ հուզմունքը մեզ պարտադրում են՝ մեր փոխարեն հուզվելով։ Նա այդպես էլ արեց։ Այնպիսի խղճահարությամբ նայեց ինձ, որ սկսեցի ինքս էլ ինձ խղճալ։ Կարծում էի, թե կսկսի ինչ-որ ճառ կարդալ այն մասին, որ ամեն ինչ անցողիկ է ու փոփոխական, բայց նա չարեց դա։
– Դրա համար էլ անդաստիարակ ես՝ անհաշտության մեջ ես մեծացել։ Դրա համար էլ չգիտես ենթարկվել։ Չես ենթարկվել ծնողներիդ, քանի որ նկատել ես նրանց սխալներն ու կարծել, թե միշտ են սխալվում։ Հիմա էլ, ըհը, չգրված օրենքներին չես ենթարկվում։ Դարձել ես այ սենց լածիրակ։
Բերանս բաց լսում էի։ Առաջին մարդն էր, ով ծնողներիս ապահարզանի մասին տեղեկանալով՝ նման կերպ էր արձագանքում։ Կամ գուցե առաջին մարդն էր, ով համարձակվեց ասել այն, ինչ մտածում էր։
– Պտի ինձ վա՞տ զգամ, — միամտություն խաղալով՝ հարցրեցի ես։
– Զոռ մի տուր քեզ, դու դա անել չգիտես։ Լավն էլ էդ ա։
Այն օրվանից, ինչ միասին նայեցինք առաջին կինոն, միասին խմեցինք առաջին բաժակ թեյը, որը դեռ ինքն էր պատրաստում, ու այն օրվանից, երբ զրույցի ընթացքում ստացավ իմ մասին իր բոլոր հարցերի պատասխանները, սկսեց իրեն տարօրինակ պահել։ Հիցմունքով էր նայում ինձ այն պահերին, երբ կարելի էր նախատել՝ երբ ոտքերս սեղանին էի դնում, բերանս բաց ծամոն ծամում, խմում ընդհանուր շշից կամ վիճում հետը։ Միայն գոհ նայում էր վրաս, ու ոչ այն է խենթի, ոչ այն է հանդիսատեսի ժպիտով ժպտում։

Մաս Դ

Թերթերն ու ամսագրերը սեղանին լցրած՝ կարդում էի ու կտրում, պահում հավանածս հոդվածները։ Ալեքը շատ փող էր ծախսում դրանց վրա․ ևս մի բան, որ ինքս ինձ չէի կարող թույլ տալ։ Նրան դուր էր գալիս, երբ կարդում էի։ Երբ իմ «կոշտ սկավառակի ազատ մեգաբայթերը Մարիա Թերեզային ու Սանթոսին տրամադրելու փոխարեն, տամադրում էի նորություններին ու գրքերին»։ Կարդալու հետ մեծ սեր չունեի ու կարդում էի միայն մոդայիկ գրքեր։ Հաճախ էր ուշադրությունս կարդացածս հեղինակների հռչակի վրա սևեռում։ «Տեսնու՞մ ես, — ասում էր, — Կարծես թե գրողն իրավունք չունի հայտնի դառնալ, բայց արի ու տես… Դու էստեղ՝ էս աղբանոցում, իմանում ես, թե ինչ են անում նրանք իրենց ԱՄՆ-ում, կամ Բրազիլիայում։ Չէի՞ր ուզենա իմանալ, թե ինչում է գաղտնիքը։ Էդ ինչպե՞ս են իրենք իրենց տանը զբաղվում, գուցե, նրանով, ինչ դու, բայց հասնում մինչև Հայաստան ու էլ ավելի հեռու»։ Այնքան էր կրկնել այդ հարցը, որ այն ինձ արդեն հանգիստ չէր տալիս։ «Այդ ինչպե՞ս է», մտածում էի ամեն անգամ, երբ լսում էի հանրաճանաչ մեկի անունը։ Այդ օրն էլ, թերթերից մեկում տեսնելով հայտնի մի գրողի նկար, մտովի թռա նրա տուն, ուր նա էլ, ինձ պես, թերթերից հոդվածներ էր կտրատում, պահում։
– Հմմ։
– Ի՞նչ ես մտածում, — մի կողմ դրեց այն ամսագիրը, որն արդեն քրքրել ու իրեն էի զիջել։
– Մտածում եմ, թե խի՞ են էս մեր հայ երգիչները ցմփոր, իսկ երգչուհիները գռեհիկ։
– Նշանակում ա՝ լավ են վաստակում, Դանիել։ Քեզ թվում ա, թե փողը միայն մարդու հոգի՞ն ա տգեղացնում։ Է՜հ։ Երբ այն չես կիսում, սկսում ա տգեղացնել նաև մարմինդ, տղա, ականջիդ օղ արա։
– Հերս չլիներ, շուտվանից էի ականջիս օղ արել։ Մի քանի հատ էլ տատու։
Գոհ ժպտաց ու շարունակեց կարդալ։ Էլի նույն ժպիտը։ Ալեքը կարծես Սատանան լիներ, ով ինձ գայթակղում էր ամեն տեսակ մեղքեր գործելու։
– Դեբիլնե՜ր, — գոռաց, — Եքա էշ են՝ իբր լրագրող, բայց չգիտեն, որ Քուվեյթի ղեկավարը նախագահը չի՝ էմիրն ա։
– Ես էլ չգիտեի։
– Դու ոչ լրագրող ես, ոչ էլ եքա։ Օմանում գիտե՞ս, թե ոնց են ասում պետության ղեկավարին։
– Սուլթան։
– Ճապոնիայու՞մ։
– Կայսր։
– Շրի-լանկայու՞մ, — խորհրդավոր ժպտաց, մտածելով, որ չեմ ասի։
– Պրեզիդենդ։
– Ի՞սկ Գերմանիայում։
– Իսկ Գերմանիայում՝ կանցլեր։
Նորից իր չարագործի ծիծաղով բռնկվեց։
– Ցլեր Հայաստանում էլ կան, տղա, բայց ի՞նչ է պետք։
Ու նա նորից ընկղմվեց ընթերցանության մեջ՝ թողնելով ինձ մենակ այն մտքերի հետ, թե ինչպես է հեռվում մեկն իր համար ամսագրեր կտրատում ու առանց տեղից վեր կենալու գալիս, թաքուն խուժում մեր տներ։ Տեսնես ո՞րն է նրա գաղտնիքը։ Չգիտես ինչու, ինձ թվում էր, թե Ալեքն այն գիտի։

Մաս Ե

Հեռախոսը զանգեց, երբ չաթում «նստած» էինք։ Իմ նիկը գրում էր մեկ ուրիշի նիկին, թե ինչ լավ ֆիլմ է դիտել հարևանի հետ։ Ուրիշի նիկը պատմում էր, թե քանի միջոցառման է մասնակցել, որքան բան է հասցրել, մինչ ես հարևանի հետ վատնում էի ժամանակս։ Իհարկե, նա ժամանակը վատնելու մասին ոչինչ չէր գրում, բայց քանի որ մարդիկ տարբեր լեզուներով են խոսում, նա ասում էր մի բան՝ ես մեկ այլ բան էի հասկանում։
Ուշ գիշեր էր։ Մոտավորապես այն ժամը, երբ հայրս պիտի բղավեր. «Այ տղա, հերի՞ք չի։ Քնի»։ Զանգահարեց հեռախոսը։ Ալեքն էր։
– Կարա՞ս վերև բարձրանաս։
– Ֆիզիկապես հնարավոր ա։
– Այ լակոտ, կարաս, թե՞ չէ։
Դրեցի խոսափողը՝ առանց որևէ պատասխան տալու։ Անշշուկ լքեցի «հսկվող» տարածքն ու բարձրացա վերև։ Կողապահարանի վրայի լամպը վառել էր ու պառկել անկողնու մեջ։ Ինչ-որ գիրք էր դրված կողքին, վրան էլ՝ ակնոցները։ Չգիտեի, որ ակնոց է կրում, երբեք նրան ակնոցով չէի տեսել։
– Մենակ թե չասես, որ կանչել ես էդ գիրքը պատմելու։
– Վերցրու կարդա։
– Զգում էի, որ ամեն ինչ վատ ա, բայց որ էսքա՜ն։ Բոլոր նորմալ մարդիկ էս ժամին համակարգչի առաջ են, իսկ ես քո տանը գիրք պիտի կարդամ։
– Բոլոր նորմալ մարդիկ էս ժամին քնած են։ Իսկ դու, քանի որ արթուն ես, կարաս ավելացնես օգտակար գործութնեության գործակիցդ։
Դժգոհ նայեցի դեմքին։ Դա, թերևս, արդեն ոչինչ չէր նշանակում։ Իհարկե, կարող էի թողնել ու իմ տուն իջնել, բայց մեծ ջանք պետք չէր իր այդ գիրքը կարդալու համար։ Միևնույն է, չորսն անց կես քունս սկսելու էր տանել ու այդ ժամանակ նա ինքն էր խնդրելու, որ լռեմ։ Վերցրեցի գիրքն ու ապշած դրա մեջ նայեցի։ Ամենևին էլ գիրք չէր։ Այն հաստափոր օրագրերից էր, որոնցից ունենում էին հին կինոների հերոսները։ Մի տարբերությամբ միայն՝ այնտեղ որևէ մեկի կյանքի պատմությունը չէր։ Բանաստեղծություններ էին, էլի ինչ-որ խզբզանք, ջնջումներով լրացրած էջեր, որոնցից այդպես էլ բան չհասկացա։
– Ես գիտեմ գաղտնիքը, — այնպիսի խորհրդավոր ձայնով ասաց, որ անգամ մարմինս փշաքաղվեց, — Բան հասկանու՞մ ես։
– Տեղ-տեղ կարդացվում ա, — զարմացած՝ նրան էի նայում։
– Կապ չունի, թե ինչ ա գրված ըտեղ։ Շարունակելով մնալ քո ձեռքում՝ դա մի օր կարա Բրազիլիայում հայտնվի, ԱՄՆ–ում, ուր ասես։ Ու մինչ դու էստեղ նստած թերթեր կտրատես, մեկը կտա քո անունը։ Ինձ քիչ ա մնացել ապրել, Դանիել, ես ուզում եմ քեզ տալ դա ու բացել գաղտնիքը։
Ու նա բացեց գաղտնիքն այդ գիշեր։ Այն այնքան սովորական էր, որ անգամ չէր անցնում մարդու մտքով։ Թերևս հենց այդ պատճառով են միլիոնավոր մարդիկ լռում իրենց քառակուսի մետրերից դուրս։ Ու միայն նրանք, ովքեր հասել են այդ մտքին՝ տարածվում են՝ շարունակելով մնալ ամբողջական, սփռվում՝ իրենց ծածկի տակ առնելով ողջ աշխարհը, ու ինչ-որ տեղ նմանվում Աստծուն։
Նա, ով փնտրում է միլիոններ, հազվադեպ է գտնում դրանք, իսկ նա, ով չի փնտրում՝ չի գտնում երբեք, ասել էր ինչ-որ մեկը։ Ու Ալեքը պատմեց ինձ իմ ու իր «միլիոնների» մասին։ Գուցե դա հիվանդ մարդու սևեռուն գաղափարներն էին, հրաշքի սպասումը, որը բնորոշ է այն ժամանակ, երբ ուրիշ ոչ մի սպասում չկա, չգիտեմ։ Բայց մտքերն այդ դուր էին գալիս ինձ, կլանում էին իրենց գեղեցկությամբ։ Ու բառերը, որոնց կախարդանքի մասին հետո իմացա, մոգելով ինձ վերածում էին Ալեքի հորինած հեքիաթի մի մասին՝ հավերժության, լույսի, լեգենդի։
Քունը, որին չորսն անց կեսին էի սպասում, այդպես էլ չեկավ։ Իսկ առավոտյան սուրճը սպանեց իմ վերջին սպասումները։ Ու մինչ հայրս բարկացած քայլում էր մեր տանը՝ զննելով իմ հարդարված անկողինը, ես ու Ալեքը շարունակում էինք մեր զրույցը, որը, կարծես, կարող էր անվերջ ձգվել՝ խլելով իմ ջահելությունն ու երկարացնելով նրա կյանքը։

Մաս Զ

«Նա լույսի ասպետ էր։ Նա հավատում էր լուսավորին ու իր ետևից դեպի այն տանում մարդկանց։ Նա ճառագող էր։ Մարդ-լապտեր։ Մարդ, որ ի զորու էր բժշկել խոսքով, հավատ սփռել այնտեղ, ուր դրա պակասը կա ու խլել այդ հավատն այնտեղից, որտեղ այն նախապաշարմունքի էր վերածվում։ Նա հազվագյուտ այն մարդկանցից մեկն էր, ում տրված էր բացահայտել լեգենդների գաղտնիքը։ Նա մի անձնական առասպել ուներ։ Ալեք Արտեմի Արսենյանը՝ Կանտի ու Դալիի այդ խարնուրդը, Աստծո, հավերժականի ու անարժան հավերժացվածի հետ պայքարի մեջ կարողացավ կառուցել այն, ինչ փորձում էին կառուցել դեռ Բաբելոնացիները։ Որպես մերօրյա Լյուցիֆեր, նա հավակնեց այն գահին, որն ինքը, չգիտես ինչու, թափուր էր համարում։ Մարդ-հանճար, մարդ-հավերժություն, մարդ-լույս։ Լույս, որը նա պատրաստ էր տալ մերձավորին, եթե անգամ պահանջվեր, Գորկիի Դանկոյի պես, հանել սիրտն իր կրծքից։ Լույս, որը մենք չենք ծածկի մեր մի բուռ հողով։ Ու այսօր՝ հրաժեշտ տալով մեր հարազատին, մեր սիրելիին կամ բարեկամին, մենք մեր ներսում ենք պահում նրա այդ լույսը։ Հանգստություն մաղթենք նրա հոգուն ու հավերժ պահենք հիշատակը մեր հոգիներում։ Ամեն»։
–Բրավո՜, բրավո՜, — ծափահարեց Ալեքը, — Չէի էլ սպասում նման արդյունքի։ Կանտ, Դանկո, Լյուցիֆեր։ Երբ խնդրեցի որևէ բան գրել, չէի էլ պատկերացնում, որ դու գրիչը բռնել գիտես, բայց արի ու տես…
– Արի ու տես, որ բռնել գիտեմ։
– Արի ու տես, որ լավ էլ գրել ես։ Ես զգում էի, որ չեմ սխալվել քո հաշվով, Դանիել։ Դու էն ես, ինչ ինձ պետք ա։ Ավելի ճիշտ դու էն ես, ինչ աշխարհի՛ն ա պետք։
Երբեմն հավատում էի նրա այդ խոսքերին։ Ոգևորությամբ էի լցվում ու ասես պատրաստ էի, պայքարելով հրեշների ու ուրվականների դեմ, հասնել այնտեղ, ուր փորձում էր հասցնել ինձ Ալեքը։ Բայց երբեմն էլ հույզերս սաստում էին մտքերն այն մասին, թե այդ երազանքն անիրականանալի է, ու գաղտնիքն այդ՝ բարբաջանք։ Որ դրանք հիվանդ մարդու նմանապես հիվանդ երևակայության արդյունքն են։ Ու միայն Ալեքին չվիրավորելու, նրա հավատը չսպանելու համար՝ լռում էի։
– Ալեք, մի հատ ինձ նայի, — այնուամենայնիվ փորձեցի երկիր իջեցնել նրան, — Ես ոչնչով աչքի չընկնող, երես առած լակոտ եմ, ոնց որ ինքդ ես ասում։ Ծնվել եմ էս ծակում, որտեղ ծնվում են արդեն իսկ անահաջողության դատապարտված։
– Հիսուսը քարանձավում ծնվեց։
– Ոչ կրթություն ունեմ, ոչ էլ կրթություն ունենալու մեծ ցանկություն…
– Բանիմացն ու կրթվածը տարբեր բաներ են։ Առաջինն ունես, երկրորդը՝ գրողի ծոցը։
– Ես չեմ կարծում, որ պատրաստ եմ հասնել աստղերին։
Միանգամից փոխեց դեքի արտահայտությունն ու հուսահատ հոգոց հանեց։
– Դու ճի՜շտ ես, Դանիել, դու անհաջողակ ես։ Դու երբեք ոչ մի բանի չես հասնի կյանքում։ Հիմար լակոտ ես, որ միայն աջ ու ձախ լեզուն շաղ տալ գիտի։ Հա՜, ուշադրության պակասից դու քեզ անդաստիարակ քածի պես ես պահում։ Բայց դրանով դու գայթակղիչ փաթեթով քաքի ես նման։ Ժապավենով կապած անպետքություն։
Ալեքի՝ նման պահվածքից վիրավորվելը նույնն էր, թե նա՛ վիրավորվեր, երբ ես ինչ-որ բան ծամելով էի հետը խոսում։ Ցանկանում էի լռել, ոչինչ չասել ու կուլ տալով լսածս՝ հեռանալ, վերջակետ դնելով նրա այն հիմար մտահաղացմանը, որն իրականում ինձ ոչինչ չէր խոստանում։ Սակայն ճի՞շտ էր արդյոք լուռ հեռանալը։ Արդյո՞ք չպիտի ասեի նրան այն ամենն, ինչ մտածում եմ ու նոր լքեի։ Դեռ չէի կողմնորոշվել, երբ Ալեքը ժպտաց։
– Մտածում ես շշպռե՞ս ինձ, թե՝ չէ՞։
– Ահանց, — զարմացած՝ խոստովանեցի ես։
Սկսեց ծիծաղել՝ միաժամանակ նաև հազալով․ ծիծաղելիս՝ ամեն անգամ հազը բռնում էր։
– Ահա՜նց, — բերանը ծռելով՝ նմանակեց ինձ, — Դե շշպռի, այ լակոտ, եթե էդքան պլոճիկով տղա ես։
– Քեզ սուտ են ասել, որ դու դեմք ես, Ալեք։ Ասողին խլեշ ա հասնում։
Ափերը դրեց դեմքին ու սկսեց ավելի ուժգին ծիծաղել՝ արտասանելով բառեր, որոնք հևոցների ու ծիծաղի պատճառով չէին հասկացվում։
– Անհաջողակի մեկն ես։ Հաշմանդամ ես, որ ուրիշին վազքի մրցույթի ա տանում՝ հուսալով, որ երազած գավաթը կստանա։ Ես միամիտ չեմ։ Ինչի՞դ էր պետք ինձ մարդ սարքելը։ Քո մասին ես մտածում, ոչ թե իմ։
Լրջացավ։ Մի պահ անգամ թվաց, թե առանց այն էլ գունատ մաշկն ավելի գունատվեց։
– Չես հավատում, չէ՞, որ լավ մարդիկ էլ են լինում։ Երևի հերդ հարբեցող ա, մերդ ման էկող, դու էլ քածիկ էիր, դասարանցիներդ կյանքդ ուտում էին ու տենց էլ նորմալ վերաբերմունք չտեսար, չհավատացիր ոչ մեկին ու հիմա…, — ճոճեց գլուխն ու քմծիծաղ տվեց, — Սիկտիր էղի։
Եթե հիվանդ չլիներ, չխճայի, հաստատ կխփեի նրան։ Բայց նա հիվանդ էր։ Նրան ներսի՛ց խփող կար։ Պարզապես թողեցի ու դուրս եկա։ Այդ պահին մտածում էի, որ էլ երբեք ոտք չեմ դնի նրա բնակարան։

Մաս Է

Ստվերոտ էր։ Նրա սենյակում միշտ ստվերոտ էր, երբ լուսավոր էր դրսում։ Վարագույրի նեղ բացվածքից լույսը խուժում էր սենյակ ու լուսավորում պատի հենց այն մասը, որտեղ Ալեքի հանգուցյալ մոր նկարն էր կախված։ Գեղեցկությամբ մորն էր նմանվել։ Վերջերս էր անբնական նիհարել ու գունատվել, ոսկրոտել էր ու արտաքնապես այլևս գրավիչ չէր։ Բայց տեսել էի հին լուսանկարաները։ Գեղեցիկ երիտասարդ էր։ Տատս կասեր. «Ափսոս էդ տղեն»։ Ու աչքերիս առաջ, օր առ օր, հյուծվում, վերանում էր Ալեքը։ Նրանից պակասած յուրաքանչյուր գրամ ասես լցվում էր իմ հոգու ու հուշերի մեջ՝ այնտեղ, որտեղից երբեք չի կորչի։
– Վախեցա՞ր։
– Ինձ թվաց, թե մեռել ես։
– Էս ցավից լուռ չեն մեռնում, տղա, ոռնալով խեղդվում են։
– Ես ուզում եմ, որ լուռ մեռնես։
– Տեսնենք։ Եթե քեզ խելոք պահեցիր, խոստանում եմ սուս ու փուս մեռնել։
Բազկաթոռին նստած քնել էր։ Ու միակ բանը, որ անցավ մտքովս, երբ սենյակ մտա, այն էր, թե մեռել է։ Էլ ինչու՞ պիտի այդ դիրքում նստեր։ Ու թեև փոքրուց վախենում էի մեռելներից, մոտեցա ու շոշափեցի զարկերակը։ Դրանից էլ արթնացավ։
– Նոր բան իմացա, Ալեք։
– Հը՞։
– Հարազատների դիակները վախենալու չեն։
– Շան տղա, — աչքերը լցրեց, — Եթե սիրում ես, ո՞նց կվախենաս։
Ինչ լավ էր, որ նա հենց այդ դիրքում էր քնել, ու որ կարծեցի, թե մեռել է։ Այլապես, գուցե, չհաշտվեինք։ Գրպանիցս հանեցի M&Ms-ի կիսատ տուփը ու, նստելով հատակին՝ գորգի վրա, սկսեցի ուտել։
– Չուզես, — դիմեցի Ալեքին, — Չեմ տալու՝ դու քեզ խելոք չես պահում։
– Ես քո համար մի կիլո էլ կառնեմ, որ ուտես ու չտաս ինձ՝ արժանի եմ։
Քթիս տակ ժպտալով՝ նայեցի նրան ու իր կողմ մեկնեցի տուփը։
– Մենակ թե մոխրագույնները չվերցնես՝ դրանք ավելի համով են, թող ես ուտեմ։
Ու նա, ծիծաղելով, մի քանի կոնֆետ վերցրեց։
– Ես ամեն ինչ կանեմ նենց, ոնց որ ուզում ես, Ալեք։ Դու մենակ ասա, թե ինչ ա պետք անել։
Լուռ նայեց աչքերիս մեջ՝ այնքան երկար, որքան նայելուց սկսում ես լարվել՝ աչքերդ չթարթելու համար ու, թարսի պես, սկսում ես ավելի հաճախ թարթել։
– Ուղղակի պիտի դադարես քեզ մենակ քոնն համարել ու կիսվես քեզանով մյուսների հետ։ Հիշու՞մ ես գաղտնիքը։
– Հիշում եմ։
– Պիտի լինես էն, ինչ կաս ու երբեք չփոխվես։ Անկեղծ լինես, պատրաստ հոգուդ թաքունը բաժանել, տալ առաջին պատահածին։ Քեզ տիեզերքում ապրող մարդ զգաս, ոչ թե քառակուսի մետրերի մեջ։ Քեզ կսիրեն։ Քեզ կխլեն քեզանից ու կպահեն իրենց։ Ինքդ քեզ չպիտի ափսոսաս։
Այդ օրը կնքվեց մեր դաշինքը։ Վերջնականապես կնքվեց։ Իմ ու Ալեքի հավերժ դաշինքը, որ պիտի գործեր այնքան ժամանակ, քանի դեռ նա կենդանի էր։ Նա պիտի շարունակեր գրել ու տալ ինձ իր աշխատանքները։ Ես պարտավոր էի տարածել դրանք, բաժանել, տալ առաջին պատահածին, անել ինչ ուզում եմ։ Կար միայն մեկ պայման՝ չմոռանալ հեղինակին։ Իսկ հեղինակը ոչ այն է ինքն էր, ոչ այն է` ես։ Հեղինակը լեգենդ էր, որ ծնվել էր նրա երևակայության մեջ, որին հասունացրել էինք միասին ու որին կնքել էինք այն անունով, որն ընդհանրացնում էր մեզ։ Ինձ՝ դեռահասին, ով աննպատակ վատնում էր իր կյանքի օրերը՝ պատուհաս դառնալով ընտանիքի համար ու քննարկման առարկա՝ հարևանների, ու նրան՝ կյանքից այլևս ոչինչ չսպասող տաղանդավոր մարդուն, ով պատրաստ էր իր վերջին օրերի աշխատանքը նվիրել ուրիշին, սպառվել նրա փոխարեն, ծերանալ՝ այդպիսով վճարելով վերջինիս հավերժություն գինը։ Ալեք Արսենյանն իմ դիմանկարն էր։

Մաս Ը

Հանգիստ էր թվում, ու չէի սպասում, թե մեկ վայրկյանի ընթացքում կբռնկվի, վրա կտա ինձ, մեղադրանքների տարափ կհեղի։ Դանդաղ մոտեցավ բազմոցին, նստեց, մի քանի վայրկյան նայեց վրաս ու ձեռքն այնքան ուժգին հարվածեց սեղանին, որ վեր թռա։
– Բոզի ծնունդ, — առաջին անգամ հայհոյեց ինձ ու կատաղության արցունքներով լի աչքերում սառեցրեց հայացքը։
Ոչինչ չէի խոսում։
– Խի՞ ես զանգել էդ տղուն։ Մոռացե՞լ ես խաղի կանոնները, պայմանավորվածությունը։
– Ի՞նչ ես խոսում, — հազիվ ինձ հավաքելով՝ պատասխանեցի։
– Նորից եմ կրկնում, խի՞ ես զանգել էդ տղուն։ Չփորձես միամիտ ձևանալ, կարդացել եմ հաղորդագրությունները։ Ապուշ չեմ։ Զանգելու մասին էիք գրել։
– Ալեք։
– Ու հաճա՞խ ա սա կրկնվում։
– Առաջին անգամն էր։
– Մոռացել էիր ջնջեիր, հա՞։
– Մտքովս էլ չէր անցնում։ Քեզանից թաքցնելու բան չունեմ։
– Չունե՞ս։ Բա համարը որտեղի՞ց իմացար, եթե մինչև էդ չէիր գրել, եթե նա՛ էլ չէր գրել մինչև էդ։ Էդ ե՞րբ հասցրեց տալ։ Ուրեմն մեկ հաղորդագրություն ջնջել ես։ Իսկ եթե մեկը ջնջել ես՝ էլի ջնջած կլինես։ Ինչի՞դ էր պետք զանգել դրան։ Դուրդ գալիս ա, հա՞, Դորիան լինելը։ Պայմանավորվել էինք՝ չզանգել, լեզուն շաղ չտալ, չհանդիպել, իսկ դու արել ես առաջին երկուսը ու, չեմ կասկածում, երրորդն էլ։ Չե՞ս հասկանում, որ տենց ոչ մի բանի չես հասնի, որ տենց ջուրը կգցես իմ ու քո տանջանքը։
– Բայց ինքը… խոստացավ ժուռնալում տպագրել։ Լրջո՜վ, տպագրելու ա։
– Շան լակոտ։ Սուտ ես ասում։ Էդ չէր պատճառը։ Դու թքած ունես իմ պլանների վրա, քո պետքը չի, թե հանուն ինչի ենք անում էս ամեն ինչը։ Դու պատրաստ ես հանձնվել առաջին պատահածին, ում ժպիտը կարա խաբի քեզ։ Թքած ունեմ, թե դրա հետ ինչ գործեր ունես, թքած ունեմ իր վրա էլ, իրա ժուռնալի վրա էլ, հասկացա՞ր։ Գիտեի, թե հասուն մարդ ես, թե հասկանում ես գործի իմաստը, թե արյունով կպայքարես հանուն հաղթանակի, բայց փսլնքո՜տ…
Շուրթերս իրար սեղմած լսում էի, թե ինչպես է վիրավորում ինձ, ցածրացնում, մեղադրում մի արարքի համար, որն արժանի չէր մեղադրանքի։ Նրան երբեք այդպիսին չէի տեսել։ Նման հրեշային, նման կատաղի, պատրաստ անգամ սպանել ինձ մի զրույցի համար։
– Էդ մի անգամ չի էղել, — ասես մտքերս լսելով՝ շարունակեց նա, — Ես քեզ լավ գիտեմ։ Զանգել ես, թուլացել հեռախոսին, պատմել սաղ իմացած-չիմացածդ, կես ժամ հետո հետդ ինչ-որ սրճարան քարշ տվել ու քո անուղեղությամբ միանգամից վարակել նրան էն աստիճան, որ լավագույն ընկերների պես եք բաժանվել։ Համենայն դեպս քեզ տենց ա թվացել, քանի որ դու դյուրահավատ ես։ Իսկ նա՞։ Երևի աֆերի՞ստ։
– Աֆերիստ չի ու չեմ հանդիպել։ Զանգել եմ մենակ։ Դե, ու ինքն ա մի անգամ զանգել։ Անգամ քո էդ գարշելի պիտակով չի դիմել ինձ։
– Ահա՜, — միանգամից բղավեց, — Ապրես, ապրես, անունդ էլ ես հասցրել ասել։ Խոսքեր չունեմ։
Չէի ասել անունս, բայց այնպես էի արել, որ իմանա։ Ուզում էի, որ իմանար։ Հակառակ Ալեքի հորինած կանոնների, առաջին անգամ փորձել էի «ավելորդ» քայլ անել, ընկերանալ մեկի հետ։
– Ոչ քո ստեղծագործություններից ենք խոսել, ոչ էլ քո ստեղծած լեգենդի կյանքից։ Պարզապես մարդկանց պես ենք խոսել, Ալեք, դու գիտե՞ս, թե էդ ոնց ա լինում։ Դե, առանց պայմանականությունների, սովորական…
– Դու սովորական չես, — ավելի բարձրացրեց ձայնը, — Մխիր էդ անտեր գլխիդ, որ դու սովորական չես։ Դու վաղվա մարդ ես, Դանիել, դու լեգենդ ես, դու մեծություն ես։ Ո՞նց չես հասկանում էդ։ Մի՞թե էդ լածիրակի հետ սիլի-բիլի անելն ավելի կարևոր էր, քան… հավերժությունը…
Անբացատրելի խաղաղություն իջավ վրան։ Լռեց, խոնարհեց գլուխը ու, եթե սենյակում չլինեի, լացեր գուցե։ Հավերժությու՜ն։ Նրան թվում էր, թե հավերժության պայքար է մղում ինձ համար, իսկ ես ընդամենը խաղում էի։ Ես ծախսում էի իր պայքարով վաստակածը։ Եթե միայն իմանար, թե որքան ուժ էր ինձանից պահանջվել իր արգելքը խախտելու ու զանգելու համար։ Եթե միայն իմանար։ Անմտածված քայլ էի արել, գուցե՝ դրա համար կախաղան չեն հանում։ Պիտի հասկանար։
– Քարտդ հանի ու կոտրի, — նորից բարձրացրեց գլուխը։
– Պետք չի։ Ընկերոջս հեռախոսով եմ զանգել ու մեկ էլ էն մյուս համարով։
Ճոճեց գլուխը՝ միաժամանակ հուսահատության ու համաձայնության նշան ցույց տալով։
– Խղճուկ։ Սեփական դեմքով փորձիր քեզ ընկերներ ճարել, ոչ թե օգտագործի իմ ստեղծած լեգենդը՝ վերջին բանը, որ մնալու ա ինձանից հետո, էն, ինչ կարծում էի, թե քո հագով ա ու սխալվեցի։ Գնա ստեղից ու էլ չբարձրանաս վերև։ Ընկերներիդ էլ կասես, որ էլ ոչինչ անել պետք չի։ Հեքիաթը պրծավ։ Դորիանին հենց նոր թաղեցին։ Մեռավ։ Ու եթե կուզենաս էլի զանգես ժուռնալի տղուն, կինոյի աղջկան, շան քածին, կամ ում ուզում ես, տուր սեփական անունդ ու տես, որ չեն էլ թքի վրադ։ Անպետքություն։
Երբեք նման կերպ չէր վիրավորել։ Դա հայհոյանքից էլ ուժեղ էր, քանի որ իրականության էր նման՝ սեփական անձի մասին ունեցած իմ կարծիքին։ Սակայն խոսքի տակ մնալ չէի պատրաստվում։ Ուզում էի համարժեք վիրավորանք հասցնել նրան, նուրբ լարերին դիպչել ու նոր հեռանալ, որ հավասարապես տանջվենք։
– Քո էդ լեգենդը սիրողներն ինձ են սիրում, Ալեք, ոչ թե քեզ։ Երևի թքած էլ ունեն, թե ինչ ես գրում։ Նրանք իմ կյանքն են կարդում, իմ օրերը, իմ ապրումները։ Ճանաչում են ինձ, թեկուզ չգիտեն անուն ու հասցե։ Որովհետև ես անկեղծանում եմ, կիսվում եմ, ծիծաղում եմ իմ վրա ու հասկանում ուրիշին։ Հենց դրա համար էլ հիմա ստեղ եմ՝ դեղահոտով վարակված էս բնում՝ քո հետ։ Թափում եմ կեղտոտ թաշկինակներդ ու քեզ ամեն օր ճաշ սարքում, թեկուզ կարայի իմ գործին գնայի, շփվեի հասակակիցներիս հետ ու ամեն անգամ չարժանանայի հորս դժգոհությանը հարևանի հետ չափից ավելի մոտիկ լինելու համար։ Նրանից ա, որ ես մարդ եմ, Ալեք, ես մարդկային եմ՝ նման չեմ քեզ։ Քո հիվանդությունը թոքախտը չի։ Էն, ինչ քեզ վաղուց սպանել ա՝ անմարդկայնությունն ա։ Հա, ես զանգել եմ՝ էդ էլ ա մարդկային։ Իմ սիրտն հո քոնից չի։ Ճիշտ էիր ասում, թե պրծած մարդ ես։ Ուրեմն մեռի մենակության մեջ։ Կարևորը, որ էդ մենակությունն իրոք վաստակած ա։

Մաս Թ

Չէի հավատում, թե կկարողանա մինչև Կայարան քայլել։ Քայլեց մինչև Դրամատիկական թատրոն։ Հետո սկսեց հևալ ու առաջարկեց նստել հարևան պուրակի նստարաններից մեկին։ Լռեց մի քանի րոպե։
– Է՜հ, մի ժամանակ մի աղջիկ կար, բերեցի «Դոն Ժուան» նայելու։ Ո՞վ ա հիմա Դոն Ժուան խաղում։
– Խաչատրյանը, — չգիտես ինչու ձայնս ցածրացնելով արտասանեցի ես։
– Դու մեղավոր չես, — շարունակեց խոսել՝ հևալով, — Էն ժամանակ դեռ էս թիթիզությունները չկային՝ էս պուրակը նկատի ունեմ։ Շաքար բամբակ կուզե՞ս։
Առանց մտածելու խոսում էր՝ ձևացնելով, թե չի հոգնել։ «Տեսեք, տեսեք, ես ոչ միայն այստեղ հասնելու ուժ ունեցա, այլ նաև շաքար բամբակի մասին կարող եմ մտածել։ Ես զվարճանու՜մ եմ։ Ես ուժե՜ղ եմ»։
– Արի հետ գնանք, Ալեք, ման էկար ինչքան պետք ա։
– Նայի, նայի, — մատնացույց արեց մի երիտասարդի, — Նա ինձ հաստատ կճանաչեր, եթե կես դիակ չլինեի։ Կարող ա ճանաչում էլ ա։ Հլը մոտեցի, հարցրու՝ գիտի Դորիանին։
– Որտեղի՞ց պտի իմանա, վեր կաց, հա։
– Գնա հարցրու, ասեցի։
– Ալեք։
– Գնա, գրողը քեզ տանի։ Դժվա՞ր բան եմ խնդրում։
Մի քանի վայրկյան իրար երես նայեցիք։ Ես՝ նրան մտափոխելու համար, նա՝ իրենը պնդելու։ Հաղթեց։ Վեր կացա ու երիտասարդին մոտեցա։ Ուզում էի ժամը հարցնել, բայց վախեցա, որ բջջայինին կնայի ու Ալեքը կզգա խաբեությունը։
– Չե՞ս հիշում ինձ, թատերականում էի սովորում։
Զարմացած նայեց դեմքիս, զննեց, փորձեց հիշել։ Ըհը, մտածեցի, անգամ լավագույն դերասանը նման գերազանց խաղ չէր կարող ցույց տալ։ Տղայի դեմքին նայելով՝ կարելի էր միանգամից կռահել, որ ինչ-որ բան հիշելու փորձ է անում։ Ճոճեց գլուխը։
– Չէ, կներես, չեմ հիշում։
– Ո՞նց։ Հրաչ, դու՞ չես, — թատրոնի շենքին նայելով՝ տվեցի մտաբերածս առաջին անունը։
– Չէ, ապեր — ծիծաղեց, — Շփոթել ես։
Վերադարձա ու նստեցի Ալեքի կողքին։
– Չպատմես, — դժգոհ ինձ դիմեց, — Դու հլը դրա շալվարին նայի։ Ո՞ր օրվա կարդացողն ա։
– Ահանց, — ստելու անհրաժեշտությունից խուսափելով՝ պատասխանեցի ես։
– Այ, կտեսնես, Դանիել, մի օր դու նենց կանես, որ սաղ կկարդան, անկախ տարիք ու սեռ, հարուստ կամ աղքատ լինելու, անգամ անկախ նրա, թե ինչ շալվար են հագնում։ Սրանք է՜շ են, տղա։ Սրանք հավ են։ Սրանց կուտը տալ ա պետք։ Սրանք հիվանդ էրեխու պես են, որ վիզ դրած չեն ուզում դեղ խմեն։ Բայց դու խելացի մոր պես կլնես, Դանիել, դու դեղն իրանց սիրած ճաշի մեջ կլցնես։
Հետո էլի սկսեց հազալ, բերանին մոտեցրեց թաշկինակը ու կարմիր լաքաներով պատեց այն։ Ինձ մեծ գրող դարձնելու հույս ուներ ու ես չէի դիմադրում։
– Ինձ նայի, — շարունակեց, երբ դադարեց հազը, — Ո՞վ եմ ես։ Պրծած մարդ, երգած երգ։ Ես կենդանության օրոք էլ էի նույնը։
– Դու դեռ կենդանի ես։
– Իբր։ Միշտ էլ նույնն եմ էղել՝ խելոք, համեստ… սողուն։ Ոչ մի բանով աչքի չընկնող։ Իմ նմաններին սրանք լավագույն դեպքում անտեսում են։ Իսկ դու, — ժպտաց, — քեզանից մի բան չես ներկայացնում, բայց Մովսեսից էլ լավ ծովը բացում ես ու անցնում միջով, դեռ հետևիցդ էլ մարդ տանում։ Մովսեսին գիտես, չէ՞։
– Մուլտն եմ տեսել։
– Հերի՜ք ա։ Ավելի շատ պետք էլ չի։ Այ, էն մեկը, — մատնացույց արեց միևնույն երիտասարդին, — էդքանն էլ չգիտի։
Ետդարձի ճանապարհին հիշեց ամեն մի փողոց, ամեն մի պուրակ ու ծառուղի։ Թե ոնց էր զբոսնում իր այն ընկերուհու հետ, որին «Դոն Ժուան» նայելու բերեց, ոնց էին դասերից հետո սրճելու գնում ու ոնց էր… ապրում։ Ու ես հասկացա, թե ինչու էր նա իր մասին անցյալ ժամանակով խոսում։
Հետաքրքիր օր էր։ Լավագույն օրը մեռնելու համար։ Կարծում եմ՝ մեռնելուց առաջ բոլորն էլ տարօրինակ են լինում։ Բոլորն էլ ասես գիտեն, թե երբ պիտի մեռնեն։ Կարծես՝ ամեն մարդ ինքնասպան է լինում։ Մեկը՝ զենքով, մյուսը՝ անջատելով սիրտը կամ ուղեղը։ Ալեքն առաջին տարբերակն էր ընտրել ու ես համոզված էի, որ այդ գիշեր կրառելու էր այն։ Իզուր չէր խնդրել առանձնացնել լավագույն հագուստը ու զբոսնելու դուրս եկել։ Սա հրաժեշտ էր քաղաքի հետ, մարդկանց հետ, երկնքի, ասֆալտի, ծառուղիների, երեխաների, կավիճով նկարազարդած պատերի, լուսամփոփների, վաճառասեղանների ու մեքենաների հետ, որոնք էլ երբեք չէր տեսնելու։

Մաս Ժ

Միասին անցկացրած մեր օրերն էի հիշում։ Տեսարան առ տեսարան։ Այն ամենն, ինչ հիշվել էր։ Մոտավորապես այնպես, ինչպես պատմեցի։ Միասին դիտած առաջին կինոն, մեր զրույցները, վեճերը ու այն, թե ոնց էր ինձ «այ լակոտ» անվանում։
Դեռ մանկուց սիրել եմ սերիալներ։ Դրանք միշտ միանման են ավարտվում, նկատե՞լ եք։ Մեկը վերջում հիշում է անցյալը՝ իր թախիծն ու կարոտը էկրանից տարածելով հեռուստադիտողի վրա։ «Ի՜նչ օրեր ենք մենք միասին ապրել», ասես փորձեն հասցնել մեզ։ Ու ակամա սկսում ես ցանկանալ, որ սերիալն այդ շարունակվի, որ այն չունենա ավարտ։ Հետաքրքիր է՝ դու դա միայն վերջին մասի ժամանակ ես զգում։
Ու մինչ հիշողություններն ինձ օրոր էին երգում, դանդաղ կանչելով քունը, մեկ հարկ վերև կյանքին հրաժեշտ էր տալու այն մարդը, ով ստեղծեց ինձ, ով փրկեց ինքնապարփակման քաոսից ու բացեց աչքերս։ Այն մարդկանցից մեկն, ում կողքին ուզում ես հավերժ մնալ։ Այդ մարդ-լապտերը, ով դեպի իրեն կանչեց ինձ՝ ցեցիս։ Ուզում էի վեր կենալ, բարձրանալ վերև ու, եթե անգամ չկարողանայի մտափոխել նրան, գոնե ասեի, որ սիրում եմ իրեն, գոնե ասեի, որ թանկ է ինձ համար, գոնե բացատրեի, որ եթե մեկ օր էլ ավել ապրի, ես երջանիկ կլինեմ։ Լացեցի։ Ու արցունքների հետ ասես ամբողջ աշխարհի պատճառած վիրավորանքն ու ցավը դուրս գար ներսիցս։ Ասես Ալեք Արսենյանը դներ ձեռքը մարմնիս ու շշնջար. «Վեր կաց ու գնա, դու բժշկված ես»։ Ու միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչու են ասում, որ սերն ամեն ինչ սրբում է։
– Ալե՞ք, — դիմեցի անկողնուն անշարժ պառկած տղամարդուն։
Չէի էլ զգացել, թե ոնց էի քնել ու, հավանաբար, բաց թողել կրակոցի ձայնը։ Արթնացել էի ու միանգամից վերև բարձրացել։
– Ալե՞ք, — կրկնեցի նորից՝ համոզվելու համար, որ մեռել է։ Ո՞վ գիտի, գուցե չէր լսում։
Մոտեցա փոքր ինչ։
– Ալեք։
Ու արցունքները նորից հավաքվեցին աչքերիս մեջ։
Վեր կացավ ու նստեց՝ հենվելով բարձին։ Երջանկությունից, թե զարմանքից, չգիտեմ, սկսեցի հիմարի պես՝ շունչս պահած ժպտալ ու լացել։ Նայեց երեսիս ու նույնպես լցրեց աչքերը։ Վազեցի անկողնու մոտ ու գրկեցի նրան։
– Չմեռնես, լա՞վ։
Թափ տվեց ուսերը, գլուխը աջ ու ձախ անելով։
– Խոսք չեմ տալիս։ Մարդ էս՝ Աստված պապիկդ յամա՜ն բեմուրազն ա։
Բաց թողեցի նրան ու սկսեցի մտածել, թե ինչպես ասեմ ատրճանակի մասին, թե ինչպես հասկացնեմ, որ գիտեմ։
– Այ լակո՜տ, — արտասանեց իր ձևով, — Ռադ եմ արել, գնացել ա, էլ մի տենց նայի։ Արժի թողնել, որ բախտը կայացնի էդ որոշումը։ Թեկուզ մենակ քո էս քածիկ-մածիկ բաների խաթր։
Ու ինձ թվաց, թե ձեռքս դրեցի նրա մարմնին ու ասեցի. «Վեր կաց ու գնա, դու բժշկված ես»։ Երկու թվացյալ մեռել ասես կենդանություն առան այդ օրը։ Եթե միայն ամեն մեկը մի պահ իր հարազատի պահարանում պատկերացներ այդ ատրճանակն ու փոմփուշտը, մտածեցի, խնամքով իրար կողքի դրված՝ հոլիվուդյան ֆիլմերի կանոններով, գուցե էլ ավելի շատ լինեին սիրով սրբվածները։ Չգիտեմ։ Ես դեռ նոր եմ սովորում փոխել աշխարհը։ Գուցե մի օր…
– Ու երբ Հիսուսը ծնվեց, երկնքում հայտնվեց Բեթլեհեմի աստղը։ Ու մոգերը, տեսնելով այն՝ հասկացան նշանը։ Ծնվել էր նա, ով փոխելու է աշխարհը։
– Ես չեմ հավատում։ Տիեզերքը կապ չունի Երկրի հետ։ Աստղն էլ չէր կարող հանկարծակի ծնվել։
– Գիտեմ, — պատասխանեց Ալեքը, — Մոգերը, երևի, հորինեցին այն։ Ուղղակի շատ էին ուզում, որ ինչ-որ մեկը փոխեր աշխարհը։ Հավատացին։ Ու քարանձավում ծնված սովորական մանուկը մի օր, մնալով իր քառակուսի մետրերի մեջ, տարածվեց՝ սփռվելով աշխարհի վրա ու փոխեց այն։ Նա գիտեր գաղտնիքը։

%d bloggers like this: