fbpx

Բաց նամակ Լևոն Անանյանին

Նամակն ուղարկվել է մի քանի լրատվականների և այժմ պահպանվել է միայն «Հրապարակ» թերթի կայքում։

Հարգելի պարոն Անանյան, հետաքրքիր էր, թեկուզ հեռակա, հետևել, թե համացանցում իմ հայտնվելուն ինչպես արձագանքեց հայ հասարակությունն ու հատկապես դրա գրական շերտերը։ Վերջիններս, հավանաբար, ի դեմս ինձ տեսնելով լուրջ հակառակորդի, սկսեցին քարկոծել ստեղծագործություններս ու զբաղվել իմ գրականության ժխտմամբ։ Այսպես, օրինակ, վերջին ամիսների ընթացքում «Ճանաչո՞ւմ եք արդյոք Դօրիան անունով հեղինակին» հարցին ամեն անգամ Դուք պատասխանում եք, որ նման անուն երբևէ չեք լսել (փաստորեն, այդքան արագ մոռանու՞մ եք Ձեզ տված հարցերը)։

«Չեք լսել» Դուք նաև այլ գրողների մասին, որոնք Գրողների միության անդամ չեն, իսկ առանց միության միջամտության հրապարակվող գրքերին եւ ամսագրերին թեկուզ ծանոթ եք, բայց հանդիսատեսի ներկայությամբ հրաժարվում եք անուններ նշել` գուցե մտածելով, որ նման կերպ կարդարացնեք վերջերս կայացած հանդիպումներից մեկի ժամանակ ինքներդ Ձեզ շնորհած «Գրականության ղեկավարի» տիտղոսը։ Զարմանալի է, որ այն մարդը, ով պիտի առավել շահագրգռված լինի գրականության ծաղկմամբ, փորձում է արժեզրկել, վատ լույսի ներքո ներկայացնել այն գրականությունը, որն արդեն իսկ ընդունվել ու սիրվել է հասարակության կողմից, փոխարենը, որպես ժամանակակից գրականություն, ընթերցողին առաջարկելով իր «սովետական» ընկերների աշխատանքները։

Մենք գիտենք, թե գրական շրջանակներից դուրս որքան ճանաչված է Ձեր «ղեկավարած գրականությունը», ու որ Գրողների միությունը վաղուց կարելի է մեռած կառույց համարել։ Հակառակ դեպքում այդ կառույցում գոնե մակերեսայնորեն պիտի տեղեկացված լինեին մի հեղինակի մասին, ով ավելի շատ ընթերցող ունի, քան տվյալ կառույցի բոլոր անդամները միասին վերցրած։ Հուսով եմ` այս նամակից հետո Դուք կլրացնեք այդ բացը եւ հաջորդ անգամ «Ճանաչու՞մ եք ինձ, թե՞ ոչ» հարցին կգտնեք այլ պատասխան:

Պատկեր՝ թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Բաց նամակ Լևոն Անանյանին» Հոդված ստեղծագործության էջում։
Նամակը «Հրապարակ» օրաթերթի 2010թ․ հոկտեմբերի 6-ի համարում

Նամակի հրապարակման հաջորդ օրը «Հրապարակ» թերթում լույս է տեսնում Դօրիանին ուղղված պատասխան նամակը։ Դրա հեղինակն հայտնի չէ։

Բաց նամակ Դօրիանին

Հարգելի պարոն կամ տիկին Դօրիան: Կարդացի Ձեր բաց նամակը՝ ուղղված ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանին: Համաձայն լինելով Ձեր շատ որակումների հետ, կարծում եմ, որ Դուք շատ մեղմ եք բնութագրել պարոն Անանյանին՝ նրան անվանելով ինքնակոչ «Գրականության ղեկավար», որովհետեւ Անանյանը, «գրական չինովնիկ» լինելուց զատ, նաև խոշոր «մշակութային օլիգարխ» է, որ ՀԳՄ միջոցները մենաշնորհել ու տզրուկի պես ծծում է, որ չբավարարվելով Ծաղկաձորի և Սևանի հանգստյան տների բերած եկամուտներով, գրականությունը զարգացնելու համար անցկացված հեռուստամարաթոնների արդյունքում հավաքված խոշոր գումարը ծառայեցնում է իր անձի փիառմանը եւ թոշակների տեսքով ընտրակաշառքներ բաժանելուն:

Այդ միջոցներն օգտագործում է որպես իր ջեբի փող, մսխում է դրանք՝ գրականամերժ միջոցառումներ կազմակերպելով կամ յուրացնելով: ՀԳՄ միջանցքներում խոսակցություններ կան, թե այդ փողից արդեն ոչինչ չի մնացել: Ձեր բաց նամակում մի հանգամանք  կա, որի հետ ես չեմ կարող համաձայնել: Դուք հավասարության նշան եք դնում Լևոն Անանյանի, նրան սատարող ստորաքարշ միջակությունների և ՀԳՄ մյուս անդամների միջեւ: Լևոն Անանյանը և նրան սատարող փողասեր մյուս «գրական չինովնիկները»  ամբողջ ՀԳՄ-ն չեն:

Ծանոթ չեմ Ձեր գրածներին, բայց կարծում եմ, որ Դուք մեծամիտ եք գտնվել` Ձեր բաց նամակում գրելով, թե ավելի շատ ընթերցող ունեք, քան թե ՀԳՄ բոլոր անդամները միասին վերցրած: ՀԳՄ անդամ են այնպիսի հանրահայտ գրողներ, ինչպիսիք են Մարինե Պետրոսյանը, Արփի Ոսկանյանը, Վիոլետ Գրիգորյանը, Արմեն Շեկոյանը, Լևոն Ջավախյանը, Լևոն Խեչոյանը և ուրիշներ: Պարոն կամ տիկին Դօրիան, չնայած Ձեր գրած տեքստերի մշտական «գովազդային արշավին» չեմ կարծում, թե Դուք ավելի ընթերցող ունեք, քան թե վերոհիշյալ գրողներից յուրաքանչյուրը: Իսկ եթե նույնիսկ այդպես է, կարծում եմ, որ Ձեր կողմից անհամեստություն է հայտարարել Ձեր ընթերցողների գլխաքանակի մասին:

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։